ԵՐԱԶԵԼ ԱՐԳԵԼՎԱԾ ՉԷ ՈՉ ՈՔԻ
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
19.04.2005
- Պարոն Գեղամյան, շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ ուսանողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, որը երբևէ որևէ գործչի հասցեին դրական բառ չէր ասել, որոշեց հանկարծ ձեզ գովել: Դուք դրա բացատրությունն ունե՞ք:
- Հավանաբար, պրն Քոչարյանին հայտնի է եղել «Միավորված հայեր» և «Փակագիծ» թերթերի անցկացրած սոցհարցումները, որոնց համաձայն, 812 հարցված քաղաքացիների 38 %-ը ՀՀ նախագահ տեսել են Արտաշես Գեղամյանին, որից հետո եկած քաղաքական գործիչներն իմ վարկանիշին զիջում էին ձայների զգալի տարբերությամբ: Ամենայն հավանականությամբ, Քոչարյանի խորհրդականները կարդացել էին նաև «Ժամանակի Միտք» շաբաթաթերթի սոցհարցումները, որոնց համաձայն էլ 500 հարցվածների 28,4 %-ն է ինձ նախընտրել երկրի նախագահ տեսնել, իսկ միայն 17,6%-ը պարոն Քոչարյանին: Ենթադրում եմ, որ նրան հուշել էին, որ այդ թերթերին, որոնց նախագահականում մատների արանքով են նայել, պետք է ավելի լուրջ վերաբերել: Ակնհայտ է, որ վերջիններս դեռևս օբյեկտիվ լրատվամիջոցի համարում ունեն, ուստիև պարտադրված էին հետևություններ անել այդ հարցումներից՝ դրանից բխող քայլերով: Եվ այս պարագայում արդեն եթե Քոչարյանը ընդդիմության բոլոր գործիչներին նույն հարթակի վրա դներ, ապա մեր երկրում գործող դիվանագիտական առաքելությունները հերթական անգամ կհամոզվեին վերջինիս ոչ անաչառ լինելու մեջ: Երկրորդ պատճառը, ըստ իս, այն է, որ իմ հրապարակային վերլուծական-քննադատական և ոչ մի ելույթ չի հերքվել պաշտոնական որևէ գերատեսչության կողմից: Ու եթե Քոչարյանն իմ հասցեին այդ կեսբերան դրական ակնարկը չաներ, կնշանակեր, որ նա ինձ հնարավորություն էր ընձեռելու պնդել, որ այս իշխանությունները այդպես էլ չհաղթահարեցին սեփական մակերեսայնությունը, չխորացան երկրում առկա բազում խնդիրների թե՛ պատճառների և թե՛ դրանց վերացման ուղիների որոնման մեջ: Ու եթե համադրում ենք այս ամենը, հասկանում ենք, թե ինչո՞ւ Քոչարյանը, ճիշտ է, շատ մեծ դժվարությամբ, սակայն արտաբերեց մեր կուսակցության և նրա նախագահի անունը: Կարծում եմ, կան այլ պատճառներ ևս...
- Սակայն եթե իշխանությունների ամենալուրջ մրցակիցը դուք եք, Քոչարյանը պետք է ձեզ ոչ թե գովազդեր, այլ փնովեր, ինչպես մյուսներին:
- Այստեղ ևս նա դրսևորել է շրջահայացություն, և գովելով՝ իրականում, ըստ էության, դա հարցական է, որովհետև հայտնի է, թե նրա գովազդն ի՞նչ հետևանք կարող է ունենալ ընդդիմադիր ցանկացած գործչի համար: Առավել ևս իմ դեպքում, հաշվի առնելով, որ հավասարաչափ անազնիվ քննադատության թիրախ եմ և՛ այս իշխանությունների, և՛ վերջիններիս դրածո ընդդիմադիրների, և՛ թե նախկին իշխանությունների համար:
- Պարոն Գեղամյան, երբ կազմվում էր «Ազգային Միաբանության» համամասնական ցուցակը, համառ էին լուրերը, որ Հմայակ Հովհաննիսյանը, ձեր գիտությամբ, «ԱՄ» ցուցակ է ներդրվել Սերժ Սարգսյանի կողմից: Հիմա ինչո՞ւ է ձեզ զայրացրել Հմայակ Հովհաննիսյանի հրապարակային վերջին ելույթը, ուր նա նախագահական մոտալուտ ապագա է կանխատեսում Սերժ Սարգսյանի համար:
- «ԱՄ» ցուցակը կազմված էր հաշվի առնելով այն աշխատանքը, որ այս կամ այն անհատը կատարել էր 2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ի պատիվ Հմայակ Հովհաննիսյանի պետք է ասել, որ նա բոլոր հանդիպումների ընթացքում համոզիչ և փաստարկված մերկացնում էր Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի քաղաքականության սնանկ լինելը: Բնականաբար, մենք մեր ֆիլմադարանում պահում ենք Հովհաննիսյանի «դասական» այդ բոլոր ելույթները, որոնք կարելի է համարել այս իշխանությունների հրապարակային դատապարտման գլուխգործոցներ: Եթե «ներդրվածն» այդքան համոզիչ և սպառիչ կերպով ազգաբնակչության առաջ մերկացնում է այդ զույգին և դրա համար են նրան «ներդրել» մեր ցուցակ, կնշանակի դա Սերժ Սարգսյանի կողմից նոր խոսք է քաղաքական ինտրիգների գանձարանում, ինչին կնախանձեին անգամ իսկ այդ գործի վարպետներ Թալեյրանն ու Ֆուշեն: Այս դեպքում ակամայից հիշում ես մի հայտնի կերպարի ևս, դոկտոր Ֆրանկենշտեյնին, երբ վերջինս ծնում է իրեն հոշոտող հրեշին: Եթե դա էր Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նորամուծությունը, ապա ես նրանց շնորհավորում եմ քաղաքական նոր ընտրական տեխնոլոգիա հայտնագործելու մեջ: Ինչ վերաբերում է քաղաքագետի վերջին հայտարարությանը, ապա բրիտանական հայտնի վարչապետի խոսքն է տեղին հիշել՝ չկան մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր: Եվ, ի վերջո, կյանքը շարունակվում է, մարդն իր կարծիքն է հայտնել, ինչո՞ւ եք այդչափ դրամատիզացնում իմ երեք րոպեանոց հեռուստաելույթը: Առավել ևս, մեր խայտաբղետ քաղաքական դաշտում, կարծում եմ, դեռ ոչ ոք բարձրաձայն չի ստանձնել քաղաքական մարգարե լինելու առաքելությունը: Իսկ եթե որևէ մեկը ստանձնել է, դա արդեն մեկ այլ ոլորտից է...
- Դատելով ձեր հրապարակային ելույթներից, Հայաստանում սկիզբ է առել Սերժ Սարգսյանին լոբբինգ անելու գործընթաց, որին մասնակցում են ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև լրատվամիջոցներ: Սակայն այն վերլուծությունները, որ արվում են հայկական մամուլում, այդ ամենի մասին արդեն հայտնել է ամերիկյան «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը: Ձեր կարծիքով, այդ կենտրոնը ե՞ւս զբաղված է Սերժ Սարգսյանի լոբբինգով:
- Զարմանալին այն է, որ վերլուծական կենտրոնի եզրակացությունները խորամանկորեն փորձում են ներկայացնել իբրև ԱՄՆ պետական մարմինների պաշտոնական կարծիքներին մոտ եզրահանգումներ: Պետք չէ այդ աստիճան պարզունակ ընկալել ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության գործողությունները: «Սթրաթֆորի» նյութը, կարծում եմ, լրատվական հատուկ արտահոսք էր՝ Հայաստանի քաղաքական ուժերի արձագանքը ստուգելու համար: Այն, ինչ միտումնավոր կերպով լրատվության այդ արտահոսքում ներկայացրել է ամերիկյան այդ կենտրոնը, բնականաբար, դա այն չէ, ինչ իրականում կա: Ի դեպ, նման աշխատաոճը հատուկ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև դիվանագիտական լուրջ փորձ ունեցող բոլոր երկրներին: «Սթրաթֆորի» այդ վերլուծությունը հնարավորություն տվեց հայկական ընդդիմությանն արտահայտել իր կարծիքը, որ ցանկացած հեղափոխություն, որն իր հաղթարշավն է սկսել հետխորհրդային հանրապետություններում, հաջողությամբ է պսակվել միայն այն պատճառով, որ այդ հեղափոխության դրոշին գրված է եղել ժողովրդավարության հաստատում և պայքար կոռուպցիայի դեմ: Իսկ Սերժ Սարգսյանի պարագայում մենք կունենանք ոչ թե հեղափոխություն, այլ հերթական հակաժողովրդական հեղաշրջում, որի դրոշին, իրավամբ, կարելի կլինի գրել՝ էլ ավելի խորացնել կոռուպցիան Հայաստանում, է՛լ ավելի ճնշել ժողովրդավարությունն, է՛լ ավելի ծավալել անօրինականություններ: Ուստի, Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու իշխանությունների պատրանքը «խփված խաղաքարտ է»: Այլ բան, որ ես չեմ կարող բռնանալ ո՛չ Սերժ Սարգսյանի և ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի ու նրանց երկրպագուների երազանքների վրա: Երազելը որևէ մեկին արգելված չէ: Այնպես որ, թող հանգիստ երազեն, հատկապես, որ նրանց նմանօրինակ երազանքը, որ շարադրվում է մամուլի էջերում, ավելի է խորացնում ժողովրդի ատելությունը այս վարչակազմի ու նրանց արմատավորած ապօրինի բարքերի հանդեպ :
- Իսկ դուք ինչո՞ւ եք բացառում, որ իշխանությունը, գիտակցելով ժողովրդավարական ռեֆորմների անխուսափելիությունը, ինչպես նաև ելնելով սեփական անվտանգությունն ապահովելու մտավախությունից, ինքը չի ստանձնի ռեֆորմներն իրականացնելու ծրագիրը:
- Իշխանություններն իրենք էլ համոզված են, որ իրենց հաշվված շաբաթներ, լավագույն դեպքում՝ հաշվված ամիսներ են մնացել, և պատահական չէ, որ հենց իշխանական կուսակցություններն են սկսել նախընտրական կատաղի պայքար: Բայց սա այն դեպքն է, որ նրանց ցանկացած գործողություն աշխատում է հենց իրենց դեմ: Ի՞նչը և ո՞վ է խանգարում, քաղաքագետի ասած՝ «հզոր գործիչ» Սերժ Սարգսյանին օգտագործել իր իսկ հզորությունը, համատարած կաշառակերության, ստվերային տնտեսության ու օրըստօրե աճող ապօրինությունների առաջն առնելու համար: Գործող իշխանական բուրգում միայն Ռոբերտ Քոչարյանը կարող է խանգարել Սերժ Սարգսյանին պայքարել այդ ամենի դեմ: Տրամաբանական այլ եզրահանգում լրատվամիջոցների հրապարակումներից անել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանը ստանձնի ժողովրդավարական ռեֆորմների իրականացումը, ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ հանձին Սերժ Սարգսյանի մենք հնարավորություն ունենք ստանալու բոլորովին նո՞ր մարդ: Այս դեպքում դա անգամ տեսականորեն հնարավոր չէ, քանզի մարդն ինքն իր սեփական երգի կոկորդին կանգնել չի կարող: Չի կարող ռեֆորմատոր լինել մի մարդ, որի կողմից եթե չհովանավորվեր կոռուպցիան, կաշառակերությունն ու ստվերը, ինչպես բազմիցս նշվել է ընդդիմադիր մամուլում, Ազգային ժողովի ամբիոնից, ապա իշխանական մեծ լծակներ ունեցող շատ պաշտոնյաներ կհայտնվեին մեղադրյալների կարգավիճակում: Եվ, վերջապես, այս համատեքստում հետաքրքիր մերկացումներ են կատարել նաև իշխանական կոալիցիայի մաս կազմող գործիչներ՝ Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը և այլոք, այն էլ Ազգային ժողովի ամբիոնից: Իսկ ովքեր կարող էին այդ գործերը ծածկադմբոց անել, եթե ոչ երկրի փաստացի երկու «տերերը»: Ցավով եմ ուզում ասել, որ վերն ասվածը, ավա¯ղ, ամենևին զգացմունքայնության արդյունք չէ:
Ինչ վերաբերում է նրանց անվտանգությանն ապագայում, ապա ես կարող եմ երաշխավորել, որ այլևս անխուսափելի իշխանափոխությունից հետո, թե՛ նրանց, թե՛ իշխանական բուրգում գտնվող ցանկացած պաշտոնյայի համար կապահովվի պաշտպանվածությունն օրենքով: Եթե իրենց մեջ կլինեն մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ չեն ունենա (իսկ ես համոզված եմ, որ այդպիսիք կան և ապագայում իրենց աշխատանքով պիտանի կլինեն հասարակությանը), ապա իշխանափոխությունից հետո նրանք Հայաստանից հեռանալու պատճառ չեն ունենա: Մնացած ամենը միֆ է՝ ժողովրդի ամենալայն շերտերում արմատավորված համոզմունքը, որ Հայաստանում կոռուպցիայի կնքահայր է համարվում Ձեր հիշատակած «նախագահացուն», չի կարող ընկալվել որպես ժողովրդավարության ռեֆորմատոր:
- Պարոն Գեղամյան, իշխանությունները գոնե երազում են: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. ՀԺԿ-ն հեղափոխություն չի անում, «Հանրապետությունը» դեմոկրատական հեղափոխություն է անում, Արամ Կարապետյանը՝ ազգային հեղափախություն է անում, իսկ Դուք հայտարարում եք, որ ցանկացած հեղափոխության մեջքին կանգնած են կանայք: Ընդդիմադիրների տվայտանքների այս հորձանուտում ո՞ւմ ապավինի ժողովուրդը:
- Ձեր որակավորումն ունեցող արհեստավարժ լրագրողին բնորոշ չէ «Հայլուրի» ապատեղեկատվությունը տիրաժավորել: Այո, ապրիլի 7-ին «Հայլուրի» թղթակցի ինձ տված այն հարցին, թե ո՞վ է լինելու հայկական հեղափոխության Յուլյա Տիմոշենկոն, պատասխանել եմ. մեզ մոտ այդպիսիք երկուսն են՝ «Հայլուրի» թղթակիցը (Տաթևիկ Նալբանդյանը) և Հայկական Ռադիոյի «Մեկ լուրի» թղթակիցը (Անուշ Դաշտենցը): Այնուհետև ասել եմ, որ աշխարհում իրականացված հեղափոխությունների «թիկունքում», իրապես, շատ հաճախ կանգնած են եղել կանայք, և հիշատակել եմ 1789թ. ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ուր հնչեց՝ ֆրանսիական հայտնի արտահայտությունը, այն է՝ «շեղշե լաֆամ»: Ինձ թվում էր, որ հիշատակված թղթակիցները, անտարակույս, կարդացաած կլինեին Ժան Ժորեսի հայտնի վերլուծությունը, երբ նա ֆրանսիական հեղափոխության ոչ վերջին դրդապատճառներից է համարում հասարակ փարիզեցիների ատելությունը Լյուդովիկոս XVI-ի կնոջ՝ Մարիա Անտոանետտայի հանդեպ: Ինչևէ...
Հիմա պատասխանեմ ձեր մյուս հարցադրումներին: Ես կարող եմ ասել, թե ի՞նչ է անելու և ի՞նչ է անում «Ազգային Միաբանությունը»: Այսպես, փետրվարի 19-ին մենք հրավիրեցինք կուսակցական կոնֆերանս, որը մեզ համար յուրատեսակ ստուգատես էր, թե որքանո՞վ են մարտունակ մեր տարածքային կառույցները և որքանո՞վ են պատրաստ իշխանափոխության միջոցով ՀՀ-ում իրականացնել համակարգային փոփոխություններ: Այնուհետև ապրիլի 7-ին տեղի ունեցավ իմ հանդիպումը շուրջ 1600 կանանց հետ, որը կրկին համոզեց, որ մեր կուսակցության կանայք ևս լուրջ պահին կանգ չեն առնի որևէ փորձության առաջ: Մայիսի սկզբին նախատեսված է կուսակցության երիտասարդների հավաքը, որը մեզ հնարավորություն կտա տեսնել, թե երիտասարդնե՞րը որքանով են պատրաստ առաջիկայում մեր ձեռնարկելիք հնարավոր գործողություններին: Ուժերի այս համախմբումից հետո, երբ ակնհայտ կդառնա մեր 100 տոկոսանոց պատրաստ լինելը, կկարողանանք հաշված օրերի ընթացքում մեր դրոշի տակ հավաքել 100 հազարավորների: Իսկ որ սկսված գործընթացներն այլևս անդարձ տանելու են երկրում ժողովրդավարական իշխանափոխության, դա պայմանավորված է ոչ միայն ներքաղաքական, այլ նաև տարածաշրջանային ժողովրդավարացման անխուսափելի զարգացումներով:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ