ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԵՑ ԻՐ «ԿԱՐԱՊԻ ՊԱՐԸ »

հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ

18.06.2005

- Պարոն Գեղամյան, ընդառաջ գնալով ժողովրդավարական Սահմանադրություն ունենալու ԵԽ-ի պահանջին՝ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե փակում է սահմանադրական հանրաքվեն իշխանափոխության վերածելու ընդդիմության ճանապարհը:

- Եվրոպային ընդառաջ գնալու Քոչարյանի մտադրությունն ինձ հիշեցնում է խաբեբա հովվի մասին հայտնի առակը, որը պարբերաբար կեղծ աղմուկ էր բարձրացնում, թե իբր գայլերը եկել ու ոչխարներին կերել են: Ու երբ մի օր էլ իրականում գայլերը գալիս ու ողջ հոտն ուտում են, հովվի աղմուկին արձագանքող այլևս չի լինում: Անցած տասը տարիների ընթացքում մենք ականատեսն ենք եղել Քոչարյանի բազմաթիվ խիստ խորհրդակցությունների, որոնց ժամանակ վերջինս խրոխտ ձայնով հաթաթա է տվել իր մերձավորներին, որպեսզի այդ մերձավորները թարգեն կոռուպցիան, ոստիկանությանը բազմիցս հրահանգել է բռնել ընտրակեղծարարների ձեռքն ու այսպես տարիներ շարունակ: Այսինքն, երբ տարիների ընթացքում նա անընդհատ նույն թատրոնն է բեմադրել, իսկ ժողովուրդը տեսել է, որ այդ տրագիկոմեդիաների արդյունքում ոչինչ չի փոխվել, ավելին՝ կոռուպցիայի և օրինախախտումների գծով օլիմպիական չեմպիոնների պաշտոններն են բարձրացվել, ահա այս ամենը նմանվել է հայտնի առակի ստախոս չոբանի հայտնի պատմությանը: Ուստի, մեկ օրում որոշել, որ գերանդիով ու բահով դառնում ես եվրոպացի, և նրանք էլ անմիջապես թասիբ պիտի պահեն՝ անմտություն է: Չեն պահելու. ստախոս չոբանի առակն իրենց էլ է լավ ծանոթ:

- Այդուհանդերձ, եվրոպացիներն օրինապահ քաղաքացիներ են և այնքան էլ լավ չեն տիրապետում «ֆռռացնելու» մեխանիզմներին: Եթե նրանց առջև դրվի Սահմանադրության նորմալ փաստաթուղթ, հանուն ինչի՞ չպիտի պահեն Քոչարյանի թասիբը:

- Տվյալ դեպքում եվրոպացիներն ինձ կհիշեցնեն նույն այն գյուղացիներին, որոնք քանիցս խաբվել են ստախոս հովվի կողմից: ժողովրդավարությունը վաղուց է, որ վտանգված է Հայաստանում, և պետք չէ մտածել, թե եվրոպացիները մեր հարցում նույն միամիտն են մնացել: Բացի այդ, չեմ կարծում, թե արժի ժամանակից շուտ աղմուկ բարձրացնել մի հարցի շուրջ, որի իրավացիության մեջ կհամոզվենք առաջիկա օրերին:

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Քոչարյանը, որը դեռ մեկ շաբաթ առաջ պատրաստ չէր զիջելու «հզոր ղեկավարի» մասին իր պատկերացումները, հանկարծ որոշեց դառնալ ռեֆորմատոր:

- Ամեն ինչ շատ պարզ է դառնում, երբ վերլուծում ես Քոչարյանի աշխատաոճը: Երբ նա իր դիմաց ուժ է տեսնում, շատ լավ էլ նահանջում է՝ մոռանալով, որ վոին է ու միակ տղամարդը:  2000-ի մարտին նա տեսավ Հանրապետականի և ՀԺԿ-ի միասնությունը և Անդրանիկ Մարգարյանին, որը նրա հեռացումն ու դատն էր պահանջում, պիոների պես, շատ սիրուն, նշանակեց վարչապետ: Այժմ էլ, երբ տեսավ, որ այս անգամ նույն Վենետիկի հանձնաժողովը, ինչպես նաև Եվրամիությունը, հետևողական են իրենց սկզբունքներում, այս մի ուժի առաջ ևս ընկրկեց: Այլ ճանապարհ նա չուներ. հակառակ դեպքում, համայն հայությունն անասելի սկանդալային «ո՛չ»  կասեր իր բարեփոխումներին, որը հերթական անգամ ոչ լեգիտիմության դրոշմ կդաջեր նրա դեմքին:

- Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ գնալով զիջումների՝ Քոչարյանն իր դիրքերն ամրապնդեց թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում:

- Ցանկացած ղեկավարի դիրքերի ամուր լինելը պայմանավորված է վստահության այն տոկոսով, որը նա վայելում է իր ժողովրդի շրջանում: Ցավոք, այդպես էլ ո՛չ ինքը ճանաչեց Հայաստանի ժողովրդին որպես իր ժողովուրդ և ո՛չ էլ ժողովուրդը նրան ընդունեց որպես իր նախագահ: Բացի այդ, գործող Սահմանադրությունը չէ պատճառը, որ անօրինականության ճիրաններից երկիրը դուրս չի գալիս, Սահմանադրությունը չէր պատճառը, որ Պապլավոկում բարևի համար մարդ են սպանում, ինչպես նաև՝ սահմանադրությունը չէր պատճառը, որ 2003-ի համապետական ընտրությունները խայտառակ կեղծվեցին: Այս ամենի պատճառը կկվի մեջ է, ոչ թե այն բների, որոնք իրենք փորձում են փոխել, և այն դիմակների, որոնք փորձում են շղարշի պես քաշել իրենց դեմքին: Սակայն դիմակափոխության բոլոր այս շոուներն այլևս խփված խաղաքարտեր են:

- Պարոն Գեղամյան, 2003 թվականից ընդդիմությունը պահանջում է անցկացնել վստահության հանրաքվե: Իշխանություններն այժմ պատասխանում են, թե այդ հանրաքվեն տեղի ունեցավ մայիսի 28-ին Արագածի փեշերին:

- Աղոթում եմ բոլոր այն մարդկանց ճակատագրերի համար, ովքեր պարտադրված էին մասնակցել այդ շուրջպարին, որպեսզի տասնյակ հազավոր գյուղացիների անեծքներն այդ մասնակիցներին չկպնեն: Քանզի Արագածի փեշերին հարող բոլոր արտերի ցանքսն ու տնկիները ոչնչացվել են, էլ չեմ խոսում այն խոզանոցի մասին, որ թողեցին իրենց ետևից: Հայհոյելու տեսակետից, այո, մայիսի 28-ին ժողովուրդը միասնական էր: Եւ եթե իշխանություններին ուղղված միասնական այդ հայհոյանքն իրենց կողմից ընկալվում է վստահության դրսևորում, դա խիստ յուրովի մեկնաբանություն է: Քոչարյանը փորձեց թոզ փչել համայն աշխարհի դեմքին և հերթական անգամ ձախողվեց ու խայտառակ եղավ: Արդյունքում, աշխարհը համոզվեց, որ այս մարդիկ ոչ միայն երկիր ղեկավարել, այլև մի պար կազմակերպել անգամ չեն կարող: Իսկ ընդհանրապես, ես Քոչարյանին խորհուրդ կտայի նայել հանրահայտ «Կարապի պարը», որովհետև շուրջպարի պարային իր կատարումը նրա կարապի պարն էր: Ի դեպ,  հույս ունեմ, որ պարելիս իրեն ոչ մի հանգամանք չի խանգարել:

- Պարոն Գեղամյան, ասացիք, որ Քոչարյանն ընկրկում է միայն ուժի դիմաց: Կարո՞ղ ենք ասել, որ ի դեմս հայաստանյան ընդդիմության, նա չի տեսնում այդ ուժը, ուստիև չի նահանջում:

- Պարոն Քոչարյանն ընդդիմությունից չէ, որ պետք է վախենա: Նա պետք է վախենա, որ 98-ին, իշխանության բռնազավթման դրոշին հայրենասիրական կարգախոսներ գրելով՝ ինքը պղծել է բոլոր այդ կարգախոսները՝ Վարշավայում համաձայնություն տալով ետ վերադարձնել ազատագրված յոթ տարածքները: Նա իր այդ քայլի հատուցումից պետք է վախենա, որովհետև հանուն համատարած թալանի և ընչաքաղցության՝ դավաճանվեց մի ամբողջ ազգի ամենանվիրական պոռթկումներից մեկը:

- Քաղաքական դաշտում վերջերս բավականին հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում: Մասնավորապես, շատ է խոսվում ձեր գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի նորելուկ համերաշխության մասին: Այդ համերաշխությունը կարո՞ղ է վերաճել քաղաքական համագործակցության:

- Ես մասնագիտությամբ էլեկտրոտեխնիկ եմ, և երբ փորձում են տրանսֆորմատորների գործունեությունը տեղափոխել քաղաքական դաշտ, ես կարող եմ ասել, որ դա կարող է առաջացնել միայն Ֆուկոյի հոսանքների էֆեկտը (խոսքը՝ ապարդյուն և կիրառական որևէ նշանակություն չունեցող թափառող հոսանքների մասին է. խմբ.):

- Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանը կարծես թե գործուն քայլի է պատրաստվում. ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ից վերադառնալուն պես վար է դնելու պատգամավորական մանդատն ու դուրս է գալու սահմանադրական ուղու վրա «լռված» «Արդարություն» դաշինքից:

- Արամ Սարգսյանի այդ հայտարարությանը վերաբերում եմ ճիշտ այնպես, ինչպես հենց Արամ Սարգսյանն է վերաբերում իր արած հայտարարությանն, ու վերաբերում եմ ճիշտ նույն կերպ, ինչպես դրան վերաբերում է Ստեփան Դեմիրճյանը:

- Սակայն, ժողովուրդը տեսնում է, որ ընդդիմությունը որևէ քայլ, բացի խոսելուց, չի անում: Եւ պատահական չէր, որ նախօրեին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ևս նկատեց, թե արձակուրդների ու հանգստի գնալով՝ իշխանափոխություն չես անի: Ի՞նչ է անելու ընդդիմությունը:

- Ես հասկանում եմ, որ Հրանտ Մարգարյանի սիրտն անկեղծորեն ցավում է, որ ընդդիմությունը չի կարողանում օր առաջ թոթափել Քոչարյանի ռեժիմը: Հրանտի տված խորհուրդները մենք անպայման հաշվի կառնենք և ամեն ինչ կանենք, որ հաջորդ ասուլիսի ժամանակ Հրանտն ասի, որ ընդդիմադիր իր ընկերները լսեցին իր հորդորը: Որովհետև Հրանտի խոսքերի տողատակում ես հասկանում եմ մի բան՝ տղե՛րք, դուք մի բան արեք, մենք տեր ենք ձեր արածին: Շատ մոտ ապագայում մենք անպայմանորեն կարդարացնենք ընկեր Հրանտի և մնացած բոլորի հույսերը:

- Սակայն ձեր գործընկեր Վազգեն Մանուկյանի, ինչպես նաև Բաբկեն Արարքցյանի կարծիքով, եթե Հայաստանում ցունամիի պես անկանխատեսելի գործընթացներ տեղի չունենան, ապա ընտրությունները լինելու են հերթական: Համաձա՞յն եք այդ կանխատեսումների հետ:

- Որպես պրոգնոզ, ես կարող եմ ընդունել նրանց ասածները, սակայն դրանց հետ ամենևին համաձայն չեմ: Քոչարյանն ինքն ամենածանր պահին, երբ ստիպված է լինելու գործնական քայլեր կատարել՝ Վարշավայում իր կնքած պայմանավորվածությունների ուղղությամբ, կհասկանա, որ իր փրկության եզակի  օղակը օր առաջ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելն է, որից հետո արդեն,  քաղաքական բացարձակ նոր իրավիճակում, տեղի կունենան նախագահական ընտրություններ: Իսկ այդ պահը խիստ մոտ է, ուստի շատ մեծ է հավանականությունը, որ հերթական ընտրությունների մասով Վազգեն Մանուկյանի և Բաբկեն Արարքցյանի արած կանխատեսումները չիրականանան:

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր