ԵԿԱՎ ՍԵՐԺՆ, ՈՒ ՎԵՆԵՐԱՆԵՐԸ ԶԱՐԹՆԵՑԻՆ
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
04.11.2005
- Պարոն Գեղամյան, իշխանությունները վստահ են, որ ընդդիմությունը միասնական չէ, և դրա պատճառն այն է, որ դուք ձեր մեծ հավակնությունների մասին հայտարարում եք հենց այն պահին, երբ ընդդիմությունը միասնանալու փորձեր է անում:
- Ձեր հարցից բխում է, թե իբր իշխանությունները ցավում են ընդդիմության համար: Իսկ ո՞ր դեպքում կարող է իշխանությունը նման հոգատարություն դրսևորել ընդդիմության հանդեպ: Միմիայն այն դեպքում, երբ իր կողմից կանխավ մշակված սցենարը խախտվում է: Ահա սա է պատճառը, որ երբ ցանկացած լրատվամիջոց ընթերցում ես, տեսնում ես, որ իրենց բանուգործը թողած՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «այո»-ն իշխանական լրատվամիջոցների պարագայում, կամ «ոչ»-ը՝ ընդդիմադիրների պարագայում, քարոզելու փոխարեն, բոլորը Գեղամյանի հարցն են քննարկում: Ի վերջո, քաղաքականությունը չի ենթադրում, որ քաղաքական ուժերը պետք է Հովհաննես Չեքիջյանի երգչախումբը հիշեցնեն. 17+1 + «Ազգային միաբանություն» + ևս մի քանի քաղաքական ուժեր և այրեր կանգնեն հարթակին ու տարբեր ձայներով, շատ դեպքերում բաղաձայն, «ոչ» վանկարկեն: Քաղաքականությունը ենթադրում է քաղաքական լուրջ պայքար, և նման պայքարում դու պետք է առաջնորդվես քո կուսակցությանը հոգեհարազատ մոտեցումներով և այն ծրագրային հիմնադրույթներով, որոնք հաստատվել են համագումարի կողմից, ինչը և մենք անում ենք: Նաև բարոյական չենք համարում մեր մոտեցումները պարտադրել ընդդիմադիր դաշտի մեր գործընկերներին, ինչպես և իրենք իրավունք չունեն իրենց մարտավարությունը պարտադրելու մեզ: Եւ ընդհանրապես, շատ հետաքրքիր քաղաքական զարգացումների ականատես ենք դառնում վերջին օրերին: Ընդդիմադիր ձևացող անձինք նամակներ են հղում թերթերին և, այդ նամակներում իրենք իրենց հորջորջելով ընդդիմություն, մեջբերումներ են անում պաշտպանության նախարարի խոսքերից: Այսինքն, իրենց ընդդիմադիր ներկայացնող գործիչները հալած յուղի պես են ընդունում Սերժ Սարգսյանի՝ իմ հասցեին հնչեցրած հերյուրանքները: Դա շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս առ այն, որ ընդդիմադիր ձևացող այդ մարդիկ ի սկզբանե գործում են խիստ համահունչ այս իշխանությունների հետ, եթե չասենք՝ վերջիններիս թելադրանքով: Եւ բնական է, որ նման իրավիճակում, ասենք, օրինակ, «Ազգային միաբանությունը» երկու կողմից թիրախ է դառնում «Էմմա Գաբրիելյան» անվան քողի տակ թաքնված տղամարդ ձևացնողների կողմից: Բացի այդ, վերջին մի քանի իրադարձություններն ինձ հիշեցրեցին հռչակավոր նկարիչ Ջորջոնեի հայտնի կտավը՝ «Քնած Վեներան», որտեղ պատկերված է մերկ քնած գեղեցկուհին: Ավելի ուշ Ջորջոնեի աշակերտ Տիցիանը մեկ ուրիշ շեդևր նկարեց՝ «Ուրբինայի Վեներան», որտեղ Վեներան արդեն արթնացել է: Ու երբ վերլուծում ես քաղաքական այս զարգացումները, ակամայից հիշում ես «այո» քարոզող որոշ գործիչների, որոնք իրենց ողջ քաղաքական մերկությամբ մինչև վերջերս քնած վիճակում էին՝ ինչպես Ջորջոնեի Վեներան, մեկ էլ հանկարծ պաշտպանության նախարարը վերադարձավ Ամերիկայից, և մեկեն արթնացան մեր մերկ վեներաները: Բայց եթե առաջին դեպքում գործ ունեինք շեդևրների հետ, ապա ի դեմս Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ամենևին տաղանդավոր գեղանկարիչներ չունենք, առավել ևս՝ մոդելն էլ Վեներան չէ, այլ ընդամենը Խոսրով Հարությունյանը: Ինձ համար նաև զարմանալի է, թե ինչու են սարսափած ասում, որ եթե Գեղամյանը գա իշխանության, ապա իր հակառակորդները կենթարկվեն գիլյոտինի: Օրենքի գերակայության պայմաններում գիլյոտինը իշխանության ձեռքին երբեք չի կարող գործիք դառնալ: Բացի այդ, պատիժը փոխաբերական իմաստով պետք է հասկանալ, որովհետև մի պարագայում գիլյոտինն է ընդունվում պատժագործիք, իսկ մեկ այլ դեպքում՝ քաղաքական պարսավանքը: Դա նույնն է, որ, ասենք, երբ կնոջ բեղիկներն են քաշում, դա ամենևին էլ պատիժ չէ, այլ էպիլյացիա, իսկ եթե տղամարդու բեղիկներն են քաշում, դա արդեն ինքնին պատիժ է: Նայած, թե որ տեսանկյունից մոտենաս. պարոն Հարությունյանը մոտեցել է գիլյոտինի տեսանկյունից, մինչդեռ մենք քաղաքական դաշտը ենթարկելու ենք կոսմետոլոգիական էպիլյացիայի՝ քաջ գիտակցելով, որ վերջինիս համար անպաշտոն մնալը հավասարազոր է գիլյոտինի ենթարկվելուն: Միգուցե ա՞յս երանգն է նա նկատի ունեցել՝ սարսափելով իշխանափոխությունից:
- Սակայն, բացի իշխանությունից, ընդդիմության միասնականության բացակայության համար ցավում է նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը, որն ասում է՝ եթե ընդդիմությունը երեք բևեռով գնա սահմանադրական «ոչ»-ին, ապա կրելու է հերթական պարտությունը:
- Հարգում եմ, բայց չեմ կիսում Ալբերտ Բազեյանի այդ կարծիքը: «Ազգային միաբանությունը» սահմանադրական հանրաքվեն երբեք իր համար չի դիտում իբրև յուրովի քաղաքական Վաթեռլո: Մենք մեր համագումարի ընթացքում ձևակերպել ենք քաղաքական մոտեցումը՝ ասել «ոչ» այս նախագծին: Եւ եթե մենք քարոզարշավ ենք անում և դրա ընթացքում մեր զինանոցում եղած փաստարկներով կոչ ենք անում ասել «ոչ», այստեղ միաբանվելու ի՞նչ խնդիր կա: Անպայման պետք է ինձ հետ լինեն իմ մյուս գործընկերները, որ իմ «ոչ»-ն ավելի համոզի՞չ դառնա: Հակառակը, նույն այդ ընթացքում նրանք գնում են ուրիշ բնակավայրեր, և արդյունքում ընդդիմությունը կկարողանա «ծածկել» ողջ հանրապետությունը: Մեզ համար գերխնդիրն այն է, որ տեղերում չկեղծվեն հանրաքվեի արդյունքներն, ու մենք շեշտը դնելու ենք դրա վրա: Եթե մենք կարողանանք տեղերում պաշտպանել ընտրության արդյունքները, այդ պարագայում պարտադիր չի լինի Երևանում ինչ-որ ակցիաներ անել: Մեր ձեռքի տակ եղած հանրաքվեի իրական արդյունքները ամենաարդյունավետ ձևը կգտնենք ներկայացնելու նախ մեր հանրությանը, ապա միջազգային ատյաններին, որոնք քանիցս հայտարարել են, որ չեն հանդուրժի հանրաքվեի արդյունքների կեղծում: Վերջին հաշվով, «17+1»-ը այնքան հզոր ֆորմատ է, որ, կարծում եմ, նրանք ամենևին «Ազգային միաբանության» կարիքը չեն ունենա, որպեսզի Երևանում մարդաշատ հանրահավաք կազմակերպեն:
- Այսինքն, համաձայն չե՞ք Արամ Զ.Սարգսյանի այն կոչին, որ պետք է նոյեմբերի 27-ին գնալ քվեարկության և գալ Երևան, որովհետև ժողովրդի քվեն պետք է պահվի Երևանում:
- Ես ի գիտություն եմ ընդունում ցանկացած քաղաքական ուժի մոտեցում, սակայն գտնում եմ, որ պակաս կարևոր չէ տեղերում, հանրաքվեի ողջ ընթացքում, առավել ևս դրա արդյունքներն ամփոփելիս իրականացնել խիստ հսկողություն: Ակնհայտ է, որ եթե տեղերում չկեղծվի, ճանապարհին չեն կարողանա կեղծել, որովհետև «բարաթն» արդեն մեր ձեռքին կլինի:
- Եթե տեղերում պահեցիք ժողովրդի «ոչ»-ը, ի՞նչ է հետևելու դրան:
- Եթե տեղերում պահեցինք, և չկարողացան կեղծել, ապա արդեն իսկ միջազգային հանրությունը, որն աչք էր փակել 2003-ի խայտառակ նախագահական և ԱԺ կեղծված ընտրությունների վրա, վերջապես կհասկանա, որ այս իշխանությունները ոչ մի հեղինակություն չեն վայելում ժողովրդի մեջ, ու եթե նրանք հույս են փայփայում, որ այս իշխանության հետ կարող են կարգավորել ԼՂ հարցը, ինչպես իրենց կարողացել են համոզել Ռ.Քոչարյանը և Ս.Սարգսյանը, որն էլ վերջիններիս տարիներ շարունակ պաշտոններին մնալու յուրովի փրկօղակ է հանդիսանում, ապա այդ հույսերը սին են: Մինչդեռ մենք լավ գիտենք, թե ինչ ճակատագրի են արժանանում կոռումպացված իշխանությունները միջազգային կառույցների սկզբունքային և հետևողական դիրքորոշման պայմաններում: Իսկ ԼՂ հարցը կարող է կարգավորել միայն լեգիտիմ, ընտրված իշխանությունը:
- Իսկ եթե կեղծեցին և ապահովեցին «այո»-ն, դրա՞ն ինչ կարող է հետևել:
- Քաղաքականությունը պետք է զերծ պահենք եթե-ներից, որովհետև ցանկացած քաղաքական ակցիա, իսկ կեղծիքը նույնպես քաղաքական ակցիա է, ենթադրում է բազմաբնույթ արձագանքներ: Եթե ես այսօր այդ մոտեցումների մասին սկսեմ վերլուծություններ անել, կնշանակի, որ հաշտվում եմ այն մտքի հետ, թե իրենք կեղծելու են, և ես անզոր եմ դրա առաջն առնել: Մինչդեռ, իշխանություններն այսօր շատ ավելի թուլացած են, քան երկու տարի առաջ էին, որովհետև այս տարիների ընթացքում ժողովուրդը վերջնականապես համոզվեց, որ սրանց պարագայում ոչ մի լավ բան չի սպասվում ո՛չ մարդկանց, ո՛չ պետությանը:
- Համաձա՞յն եք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ, որ ստեղծված իրավիճակից ելքը միայն հեղափոխությունն է, որն ընդդիմությունը պետք է փորձի իրականացնել նոյեմբերի 27-ին:
- Իմաստուն մի քաղաքագետ ասել է՝ եթե քաղաքական գործիչը երիտասարդ է ու հեղափոխական չէ, ապա նա սիրտ չունի: Եթե միջին տարիքի է և պահպանողական չէ, կնշանակի խելք չունի: Բանալին այս իմաստուն խոսքերի մեջ է:
- Պարոն Գեղամյան, իշխանությունն արդեն «այո»-ի իր քարոզչական կարգախոսն ընտրել է՝ գործող Սահմանադրությունը ՀՀՇ-ինն է, և «ոչ»-ի թիկունքից երևում են ՀՀՇ-ի ականջները: Իսկ առաջարկվող փոփոխություններով ունենալու ենք եվրոպական Սահմանադրություն: Մտավախություն չունե՞ք, որ ձեզ և ձեր գործընկերներին կանվանեն ՀՀՇ-ի ականջ սատարողներ:
- Նման մտավախություն չունեմ, որովհետև տվյալ դեպքում կոնկրետ կոալիցիան ասպետական դիրքորոշում չի դրսևորել իր գործընկեր ՀՀԿ-ի հանդեպ: Չէ՞ որ ՀՀԿ-ն 95-ին ՀՀՇ-ի հետ «Հանրապետություն» բլոկի մեջ էր, և գործող Սահմանադրությունն ինչքան ՀՀՇ-ինն է, նույնքան էլ ՀՀԿ-ինն է: Եթե ՀՀԿ-ն այս հարցում համարժեք պատասխան չի տալիս նման պնդման հեղինակներին, կնշանակի զբաղված է ինքնախարազանմամբ: Ավելին. եթե իրենք նկատի ունեն, որ գործող Սահմանադրության մի ականջը ՀՀՇ-ական է, ապա ակնհայտ է, որ մյուսը հանրապետական է: Այնպես որ, իշխանությունները հերթական անգամ «մոլորվել են երեք սոսիների մեջ»:
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ