«ՎԱԽԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ» ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԶՈՀԸ ՄԻ ԴԵՄՔՈՒՄ
16.05.2006
Սիրելի ընթերցող, Հայաստանում միայն ծույլերը չգիտեն, որ 2001-2003 թթ. սեփականաշնորհման քողի ներքո տեղի էր ունեցել ազգային հարստության ալան-թալան, կողոպուտ, որը շարունակվում է առ այսօր: Ակնհայտ է, որ դա չէր կարող իրականացվել առանց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի բարձր հովանավորության: Սակայն զարմանք է առաջացնում այն, որ այս հարցերը միայն 3-5 տարի անց, այն է՝ 2007 թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էր միայն հանկարծ «զայրացրել» ԱԺ խոսնակին: Չմոռանանք հստակ նշել, որ «միլիոնավոր դոլարների այդ թալանը», որն իրականացվել էր երկյակի բացարձակ իշխանություն ունենալու պայմաններում, չէր խանգարել հարգելի Արթուր Բաղդասարյանին 2003 թ. նախագահական ընտրությունների ժամանակ գյուղից գյուղ, մարզից մարզ գնալով քարոզել իր շեֆի՝ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի օգտին: Սա էր թվացյալ թիվ 1 «հակասությունը»՝ հրաժարականի դրդապատճառը:
Կոալիցիա- «Օրինաց երկիր» մեկ այլ «հակասության» մասին ևս հիշենք: Այն, որ Հայաստանի Հանրապետությունում կոպտորեն կեղծվել են 2003 թ. նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները, 2005 թ. անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, դա նույնպես միայն ծույլերի համար կարող էր գաղտնիք լինել: Անվիճելի է, որ Ընտրական օրենսգրքի համատարած, անպատիժ մնացած խախտումները կարող էին տեղի ունենալ միայն «Օրինաց երկրի» ու նրա կոալիցիոն գործընկերների և Ռ.Քոչարյանի կողմից երաշխավորված շուրջ երկու հազար ընտրական տեղամասերում ընդգրկված ավելի քան 14 հազար հանձնաժողովի անդամների կողմից: Դրա մասին էլ մեր հասարակությունը քաջ տեղեկացված էր: Կասկածից վեր է, որ ընտրությունների և հանրաքվեի արդյունքների կեղծիքները չէին կարող իրականացվել առանց Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան զույգի անմիջական հովանավորությամբ: Սակայն դա էլ, չգիտես ինչու, ԱԺ խոսնակի «վրդովմունքն» առաջացրեց միայն այդ ամենից երեք տարի անց:
Եվ, վերջապես, բոլորի համար ակնհայտ է նաև այն, որ ճիշտ այդ զույգի անմիջական հրահանգով է, որ մի քանի օրվա ընթացքում թղթե տնակի նման փլուզվեց «Օրինաց երկիր» խմբակցությունը:
Տարակուսանք է առաջացնում, որ պարոն Բաղդասարյանն իր և ոչ մի հրապարակային ելույթում, առավել ևս մայիսի 12-ին տված ասուլիսում այդպես էլ խուսափեց հիշատակել պարոններ Քոչարյանի և Սարգսյանի անունները: Մարդիկ, ովքեր երկրի ճակատագրի համար խիստ բացասական, անգամ իսկ կործանարար դերակատարում են ունեցել, որի մասին վերը նշվեց: Թերևս, ասուլիսում պարոն Բաղդասարյանի արտասանած բոցաշունչ ասք-խորաթաներից ճշմարիտ հնչեղություն ունեին միայն Հայաստանում արմատացած «վախի հասարակության» մասին պնդումները: «Վախի հասարակության» գոյության ամենավառ հաստատումն էլ ճիշտ նույն Ա.Բաղդասարյանի ասուլիսն էր, երբ նա այդպես էլ վախեցավ պարզ ասել անօրինականությունների, ալան-թալանի, ըստ էության, հովանավորների, իր իսկ բարերարների՝ Քոչարյան-Սարգսյան զույգի անունները: «Օրինաց երկիր» խմբակցությունը լքածները շատ ավելի անկեղծ էին «վախի հասարակությունը» որպես հայաստանյան իրողություն գործնականորեն ընկալելու հարցում, քան իրենց շեֆը, որը, բոլորից շատ վախեցած լինելով, փորձում էր անգամ իսկ կտրիճ ձևանալ:
Եվ, վերջապես, երբեք ու երբեք պետք չէ մոտալուտ ժամանակ խորտակվող Քոչարյան-Սարգսյան նավից փախուստը հանրությանը փորձել ներկայացնել որպես հերոսություն: Աչքերում սարսափի, վախի զգացում ունեցող ասուլիս տվողին, ինչն էլ բացահայտ երևաց հեռուստաէկրանից, հակացուցված է հասարակությանը որպես հերոս ներկայանալ: Իհարկե, եթե այս դեպքում էլ նախապես ձեռք չի բերվել պայմանավորվածություն զույգի հետ՝ մեր ժողովրդի գլխին հիմա էլ խաղալ մի նոր տրագիկոմեդիա: Կարծում եմ, այս դեպքում էլ 40 օրը բավարար ժամկետ է ճշմարտությունն ակներև դարձնելու համար:
«Ազգային Միաբանություն կուսակցության» պատգամավորները, մասնավորապես ես՝ Արտաշես Գեղամյանս, այս ամենը և ուրիշ շատ ու շատ հանգամանքներ իմանալով է, որ բարեկամաբար խորհուրդ ենք տվել Ա.Բաղդասարյանին անցնել քավարանով: Ծիծաղ ու կարեկցանք է առաջացնում այն, որ ապակե տնակում ապրելով՝ Ռոբերտին ու Սերժին դուր գալու համար, չասենք՝ քաղաքական դաշտում նոր «ընդդիմադիր» դերակատարում ստանձնելու նպատակով, օեկականները «Ազգային Միաբանության» ուղղությամբ քար շպրտելով են սկսել զբաղվել: Անփառունակ վախճան ունեցող պարապ զբաղմունք է դա և անպտուղ մի փորձ՝ ուրիշի «հրթիռի» վրա նստած փորձել հերթական անգամ «դրախտ» ընկնել: Չմոռանանք, թե ինչ պայմաններում և ով էր ստեղծել ՕԵԿ-ը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ