ԵԼՔԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՆ Է
հարցազրույց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
08.02.2005
- Պարոն Գեղամյան, այսօր «Ազգային Միաբանություն» կուսակցությունը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությանը հասնելու համա՞ր, թե շարունակում է աշնանը որդեգրած նոր մարտավարությունը, ըստ որի՝ վստահություն ունեցող իշխանություններ կարող են ձևավորվել Ռոբերտ Քոչարյանի կողմից ԱԺ-ն լուծարելու և նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում:
- Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որի պահպանման մեջ շահագրգռված են հատկապես իշխանությանը մաս կազմող կուսակցությունները: Նրանք մտածում են՝ որքան մեծ լինեն միջազգային ճնշումները պարոն Քոչարյանի վրա, այնքան՝ նա ժամանակ և հնարավորություն չի ունենա սանձելու հենց այդ նույն ուժերի ֆինանսատնտեսական հենարանը հանդիսացող քրեածին տարրերին: Վերջին երկու տարիների Ազգային ժողովի և կառավարության գործունեությունը այլ կերպ, քան ձախողված՝ չես համարի: Իշխանություններն ընկել են իրենց իսկ լարած թակարդը: Երկրի նախագահի ինչ գործն է՝ ստանձնել գործադիր և իրավապահ մարմինների ամենօրյա աշխատանքների օպերատիվ ղեկավարումը, այդ մարմինների բնականոն գործունեության երաշխավորը դառնալու փոխարեն: Հետևությունը մեկն է. կամ՝ պարոն Քոչարյանն իր այդ գործելակերպով հասկացնում է հանրությանը, որ չի վստահում կառավարությանը, կամ էլ՝ կան այնպիսի ոլորտներ, որոնց վրա գործադիրի վերահսկողությունը արգելված է: Ստեղծված վիճակից ամենադասական ելքը ԱԺ լուծարումն է և ազատ, արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իհարկե՝ այն պայմանով, որ մինչ այդ կպատժվեն նախկին ընտրությունների ընտրակեղծիքների հեղինակները, և Ընտրական օրենսգիրքը այնպիսի փոփոխությունների կենթարկվի, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրությունները կեղծելու գործադիր և իրավապահ մարմինների համակարգված գործունեությունը: Նոր ընտրված ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն, ինչն անասելի կառողջացնի՝ իրավիճակը Հայաստանում: Իսկ դրան էլ կհաջորդեն նախագահական ընտրությունները:
- Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջը այլևս հրատապ չէ:
- Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկությունը հրամայական է, և դա կասկածի տակ չի վերցնում անգամ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա ինձ համար ամենադյուրինը կլիներ, երկրում ստեղծված ծանր իրավիճակից ելնելով, ջախջախիչ քննադատության ենթարկել Ռ.Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, բայց այդ ճանապարհը ընտրելու դեպքում՝ ավելի ենք ամրապնդում, երկարացնում ստեղծված վիճակի համար իրենց հետ հավասար մեղքի բաժին ունեցող կոալիցիայի կյանքը: Շատ զարմանալի ցուգցվանգային վիճակ է ստեղծված. Քոչարյանին չես քննադատում, ասում են՝ ընդհանուր լեզու է գտել հետները: Քոչարյանին, Սարգսյանին քննադատում ես, նրանք էլ հենվում են այս արատավոր մեծամասնության՝ կոալիցիայի վրա: Արատավոր մեծամասնությանն ես քննադատում, արդեն ուրիշ բան են ասում՝ թուլ տեղ է գտել, կոալիցիային է քավության նոխազ սարքում: Սակայն խնդիրն այն է, որ պետք է ամեն ինչ անել, որ շահի պետականությունը, իսկ պետականությունը կշահի ազատ և արդար ընտրությունների կազմակերպման դեպքում: Իսկ ոչ լեգիտիմ կոալիցիան կկարողանա՞ ազատ, արդար և ժողովրդավարական նախագահական արտահերթ ընտրություններ կազմակերպել: Իհարկե՝ չի կարող. ինչ եղանակով ԱԺ են եկել, նույն ձևով էլ կկեղծեն նախագահական ընտրությունները:
- Քաղաքական այլ ուժեր, որպես ստեղծված իրավիճակից ելք, առաջարկում են, նախ, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, ընդունել Սահմանադրության փոփոխությունները, անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդական ընտրություններ, 2007 թվականի խորհրդարանական ընտրություններ, իսկ 2008-ին էլ՝ հերթական նախագահական: Կարդալ ավելին...
ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՄԵԾԵՐՈՎ
հարցազրույց «Ազգային Միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի հետ
- Պարոն Գեղամյան, Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիր էր հետապնդում ավանդների հարցով արտահերթ նստաշրջանի տապալումը:
- Ավանդների հարցը բարձրացնելն ակնհայտ դարձրեց, որ իշխանության մաս կազմող կոալիցիայում կան պատգամավորներ, որոնք համոզված են, որ ավանդները վերադարձնելու գումարներ Հայաստանում կան: Սակայն, այդ գումարները դուրս են բյուջետային համակարգից, որը հնարավոր է ուղղել բյուջեի եկամտային մաս. բայց հերթական անգամ պարզ դարձավ, որ այս կոալիցիան ի վիճակի չէ դա անելու, որովհետև այդ գումարները շրջանառվում են կոալիցիայի հենարան հանդիսացող առանձին օլիգարխների բիզնեսի տիրույթում: Երկրորդ, ակնհայտ դարձավ, որ կոալիցիան վախենում է բաց քննարկումներից, քանզի այդ դեպքում ընդդիմությունն ի ցույց էր դնելու կոռուպցիայի և կաշառակերության այն չափերը, որոնց մեջ թաթախված է այս իշխանությունը: Երրորդ, հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններն անկեղծ չէին, երբ ուղիղ 10 ամիս անընդմեջ ասում էին, թե պատրաստ են ցանկացած հարց քննարկել ընդդիմության հետ: Եւ չորրորդ, Քոչարյանը հերթական անգամ, մի կողմից՝ ՀՀԿ-ին և վարչապետին, մյուս կողմից՝ ՕԵԿ-ին և ԱԺ նախագահին հասկացրեց, որ պետք չէ չափից ավելի ոգևորվել, և որ այս երկրում հարցեր լուծողները միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են՝ իրենց փոքրաթիվ յուրայիններով: Մեզ այս սցենարն ի սկզբանե պարզ էր, քանզի ստորագրողների թվում կային այնպիսի պատգամավորներ, որոնք, անգամ ստամոքսի խանգարման դեպքում, նախագահական աշխատակազմ են զանգ տալիս և արտաքնոց գնալու թույլտվություն խնդրում:
- Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի «ԱՄ»-ի կայացրած որոշումը՝ մասնակցել բյուջեի ավարտական քննարկումներին և քվեարկությանը:
- Մենք, այո, ուրբաթ օրը լինելու ենք խորհրդարանում և մեր պարտքն ենք համարում, մասնակցելով բյուջեի քննարկումներին, ցույց տալ այն ճանապարհները, որոնցով ընթանալով հնարավոր կլինի հավելյալ միլիարդավոր գումարներ բերել բյուջեի եկամտային մաս: Մասնակցելու ենք, որպեսզի հետո որևէ մեկը մեզ չմեղադրի՝ եթե ճանապարհը գիտեիք, ինչո՞ւ չէիք ասում:
- Այդ վերադարձը նշանակո՞ւմ է, որ «ԱՄ»-ն գարնանային նստաշրջանից լինելու է ԱԺ-ում:
- Անշուշտ՝ չի նշանակում: Քանզի եթե մենք մինչև վերջերս փոքր-ինչ պատրանք ունեինք, թե կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները գիտակցում են, որ առանց ընդդիմության մասնակցության օրինաստեղծ աշխատանքը լեգիտիմ լինել չի կարող, ապա ավանդների հարցով ԱԺ արտահերթ նստաշրջանի արհեստական տապալումից հետո այդ պատրանքները հօդս ցնդեցին: Այդուհանդերձ, եթե պետության և ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցեր դրվեն խորհրդարանի քննարկմանը, մենք մասնակցելու ենք:
- Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ՝ ուղին, որով ընթանում է Հայաստանը, ժողովրդավարության առումով տանում է փակուղի: Համաձա՞յն եք այդ գնահատականին: Կարդալ ավելին...
ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ՁԵՌՔՆԵՐՍ ԾԱԼԱԾ ՆՍՏԵԼՈՒ
Արտաշես Գեղամյանի ելույթը Հայերի համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարում
19.03.2003
Մեծարգո տիկնայք և պարոնայք, ավելի քան հիսուն երկրներից ժամանած սիրելի քույրեր և եղբայրներ, պատմական այս համաժողովին մեր բոլորիս մասնակցությունն առաքելություն է, որ պետք է դառնա գործունեության հստակ ծրագիր տեղերում, բոլոր այն երկրներում, որի պատվիրակներն ենք այստեղ: Մենք միասնաբար պիտի կարողանանք այդ երկրների ղեկավարներին, նրանց քաղաքացիներին հասցնել համահայկական այս նոր կազմակերպության շունչն ու ոգին:
Հայրենակիցներ. ազգային խնդիրների լուծումը չի սիրում տարերայնություն: Պատմությունը վկայում է, որ դատապարտված են այն ազգերը, որտեղ այդ խնդիրներին տրվում են իրավիճակային լուծումներ: Ավելին, զարգացման հեռանկարից զուրկ են այն երկրները, որոնք չունեն ազգային գաղափարախոսություն, և որտեղ ազգի շահերը ստորադասվում են պահի թելադրանքին: Չէ՞ որ ազգային գաղափարախոսությունն արժեքների գնահատման և վերագնահատման միակ չափանիշն է ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար: Այն կոչված է համազգային շահերի տեսակետից հետազոտել պատմական իրողությունները, ի հայտ բերել սխալները՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով: Իրավունք ունի՞ հնագույն պատմամշակույթ և կենսափիլիսոփայություն ունեցող մեր ժողովուրդը, որ Աստծո ձեռամբ դրված է բոլոր ժամանակների պատմության խաչմերուկում, զլանալու ձևակերպել իր արտաքին ու ներքին անվտանգության հայեցակարգը: Արդյոք ժամանակը չէ՞, որ գիտակցենք՝ հարկ է ունենալ ազգային գաղափարախոսություն, որը վեր կլինի բոլոր խավերից և կուսակցություններից, մեծ ու փոքր չինովնիկներից ու իշխանիկներից: Անկասկած է, որ այդ գաղափարախոսության առանցքը պետք է լինի նաև համամարդկային արժեքների հաստատումը:
Մոլորակն այսօր փոքր ու խոցելի է, քան երբևէ: Մարդկության ջանքերն ուղղված են նրա վրա այնպիսի կանոններ հաստատելուն, փոխհարաբերությունների այնպիսի որակներ մշակելուն, որ բացառվեն քաղաքակրթությունների հնարավոր բախումները: Այս քառատրոփին ոտնատակ չլինելու համար երկրները համակվում են միասնականության, հանդուրժողականության պաթոսով, հանդես գալիս դիվանագիտական ու քաղաքավարական այնպիսի դրսևորումներով, որ դեռ երեկ դժվար էր անգամ երևակայել: Հենց այս իրավիճակն է պարտադրում մեզ՝ հայերիս, լինել միաբան և շրջահայաց: Ովքե՞ր ենք մենք` հայերս, քաղաքակրթության այս նոր քարտեզի վրա: 21-րդ դարի մարդու ուշադրությունը մեզ վրա սևեռելու համար քաղաքական, տնտեսական, հոգևոր ի՞նչ մշակույթի ենք դավանում` միացյալ ազգերի ընտանիքում արժանապատիվ տեղ գրավելու համար: Կարո՞ղ է մեր մոլորակը իր պտույտը դանդաղեցնել կամ կասեցնել, ինչ է թե՝ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը որոշ երկրների սրտովը չէ կամ էլ առաջադեմ աշխարհը հրաժարվի ժողովրդավարություն հաստատելու իր ձգտումից միայն նրա համար, որ մեր երկրի ներկայիս վարչակազմին խորթ է այդ ժողովրդավարությունը: Իհարկե՝ ոչ: Ցավոք, վերջին իրադարձությունները` Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները, ցույց տվեցին, որ մեծ տերությունները, իրենց բանուգործը թողած, ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկի հանրապետությունում իրական ժողովրդավարություն հաստատելու համար, լավագույն դեպքում կբավարարվեն միայն խրատական-բացատրական սեմինարներ կազմակերպելով: Կարդալ ավելին...
ՆՐԱՆՔ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ
25.09.2002
Երեկ Ազգային Ժողովի ամբիոնից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հանդես է եկել բավական ուշագրավ հայտարարությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը՝ աննշան խմբագրումներով:
«Սիրելի հայրենակիցներ, այսօրվա իմ հայտարարությունը կրելու է չափազանց խաղաղ բնույթ, այն է՝ հանգստացնել թե՛ քոչարյանական, թե՛ տերպետրոսյանական լրատվամիջոցներին, որոնք վերջերս ցնցումների մեջ են հայտնվել: Ցնցումների պատճառը մի կողմից այն է, որ մեր հրապարակած հակաճգնաժամային ծրագիրը արդեն ակնհայտ կդարձնի, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը զարգացել է կուրորեն, երկրին և ժողովրդին հասցվել է մեծագույն վնաս: Հհշական, տերպետրոսյանական լրատվամիջոցներին ուզում եմ դարձյալ հանգստացնել՝ ասելով, որ եթե պայմանավորվածություն կա իմ և Քոչարյանի միջև, դա այն է, որ «Ազգային Միաբանություն» կուսակցությունը վերջինիս հրաժարականի պայմաններում կանի ամեն ինչ, որ ապահովի Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը համաժողովրդական հաշվեհարդարից:
Մինչդեռ պայմանավորվածություններ, իրոք, կան Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Պայմանավորվածություններ կան, որ այդպես էլ չեն դատվի էներգոտեռորի ետևում կանգնած հանցագործները, պայմանավորվածություն կա, որ այդպես էլ չեն բացահայտվի երկրին հարյուրավոր միլիոն դոլարի վնաս հասցրած «ԱրմենՏելի» և Կոնյակի գործով գնացողները: Այն պարզ պատճառով, որ համատեղ է արվել, մեկը սկսել է՝ մյուսն ավարտել: Պայմանավորվածություն կա իրենց միջև, որ այդպես էլ Վանո Սիրադեղյանը դատարանի առջև չի կանգնի, որովհետև վերջինս տղամարդկություն ունեցավ հենց այս ամբիոնից ասելու՝ մտքներովդ չանցնի, որ ինձ քավության նոխազ կդարձնեք: Ահա սրանք են պայմանավորվածությունները: Իսկ ինչու՞ հանկարծ իրենք այսպես դաժանորեն հիշեցին Արտաշես Գեղամյանին. մի պարզ պատճառով, որովհետև սարսափում են, որ ձևավորվում է քաղաքական նոր ուժ, որը և ոչ մի կապ ու առնչություն չունի նախկինում և ներկայում գործված հանցագործությունների հետ, որը բացարձակապես անշահախնդիր կերպով այս ամենը կհանձնի ժողովրդի դատին և կերաշխավորի միայն մի բան՝ անաչառ դատավարություն, որ մենք կարողանանք թոթափել այն ամեն հանցավորը, որի շուրջ իրար հետ պայմանավորվածության են եկել Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ըստ որում, ասեմ ձեզ՝ արդեն իսկ իրենց միջև դարձյալ բանակցություններ են գնում իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին ետ հանձնելու շուրջ, որովհետև ցանկացած երրորդ ուժի գալու դեպքում վերջիններս, ենթադրում եմ, ելույթներ կունենան դատարանի դահլիճում»: