ՈՐ ՉԱՐԳԵԼԱԿՎԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ, ՀՈԳԵՎՈՐ ԹՌԻՉՔԸ

16.07.2014, Հայոց աշխարհ

Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի, հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, բանաստեղծ ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ համոզված է, որ անհրաժեշտ է ստեղծել մշակույթի բնագավառի տաղանդավոր երեխաներին հովանավորող հիմնադրամ

     -Հայաստանը պատերազմող երկիր է։ Նաեւ դրանով պայմանավորված՝ մեր երկրում կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք չեն կարող միանգամից լուծում ստանալ: Բնական է, որ այդ խնդիրները բացասական ազդեցություն են թողնում նաեւ տաղանդավոր երեխաների վրա, ու հաճախ նրանց վտիտ ուսերին են ծանրանում ընտանիքի հոգսերը, որ կարող են արգելակել այդ երեխաների մտավոր, հոգեւոր թռիչքը:

   -Եվ այդ հարցում նույնիսկ մեկ օր առաջ նրանց օգնելը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

   -Այո, օր առաջ այդ երեխաները պետք է ազատվեն ծանր բեռից: Ինչ վերաբերում է հիմնադրամ ստեղծելուն, ապա գիտության, կրթության առումով դրա օրինակն ունենք: Նկատի ունեմ հանրապետության նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամը, որի միջոցներով 10 երկրների առաջավոր բուհեր են ուղարկվում մեր տաղանդավոր երեխաները, լուծվում են նրանց սոցիալական եւ այլ հարցերը: Ընդ որում, նրանք տարբեր բարձրակարգ բուհերում աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ եւ մեր ժողովրդի ու պետության վաղվա անփոխարինելի հարստությունն են:

   Առաջիկայում տեղի է ունենալու հանրապետության նախագահի հետ հանրային խորհրդի անդամների հերթական հանդիպումը, որի ժամանակ էլ ցանկանում եմ հիմնադրամ ստեղծելու հարցը բարձրացնել:

   Նախագահի աջակցությունն այդ հարցում կլինի վերջնական որոշում, ու մենք կունենանք մշակույթի բնագավառում տաղանդավոր երեխաներին սատարող հիմնադրամ: Այնպիսի երեխաների, ինչպիսին, օրինակ, Նորայր եւ Միքայել Հարությունյան եղբայրներն են:

 Եթե Մալաթիա գնաք ու հարցնեք նրանց մասին, ցանկացած մարդ ցույց կտա հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող նրանց փոքր, համեստ տունը, սիրուն պարտեզը: Այդ ընտանիքի հետ ծանոթացել եմ հինգ տարի առաջ, երբ Նորայրը 13, իսկ Միքայելը 9 տարեկան էր, եւ այս տարիների ընթացքում նրանք այնպիսի ճանաչում ստացան, որ նրանց տունը դարձել է մի յուրահատուկ հավաքատեղի: Նաեւ իմ մասնակցությամբ Հայաստանում արդեն կազմակերպվել է Միքայելի երեք մեծ ցուցահանդես, որին շատ հայտնի մարդիկ, գեղանկարիչներ են մասնակցել:

   -Այսինքն` նման երեխաների բացահայտելու փորձ դուք արդեն ունեք:

   -Երկու եղբայրների ճանաչման գործում կա նաեւ իմ լուման: Միքայելի հաջորդ ցուցահանդեսը, Էդուարդ Սասունի նախաձեռնությամբ, հեղինակի մասնակցությամբ պետք է կազմակերպվի աշնանը` Թայլանդում: Նրան ճանաչում, խորհուրդներ են տալիս թե՛ մեր երկրի, թե՛ այլ երկրների հայտնի նկարիչներ:

   Նորայրը տաղանդավոր երեխա է, արդեն երեք ֆիլմերի երաժշտություն է գրել: Առաջինը Սամվել Թադեւոսյանի` Արցախյան ազատամարտին նվիրված «Միացում» ֆիլմն է, որի ցուցադրման ժամանակ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփլեցուն էր: Ու երբ վերջում ֆիլմի հեղինակներին հրավիրեցին բեմ, բոլորն ապշեցին` տեսնելով պատանի Նորայր Հարությունյանին, ու, անկախ իրենցից, ոտքի կանգնեցին. շատերն սպասում էին մի տարիքով կոմպոզիտորի:

   Երկրորդը Գուժ Թադեւոսյանի «Երբ կրկեսը ժամանեց», երրորդը` պարսիկ ռեժիսոր Աբրահիմ Ադհամ Հադայեղի «Ես սիրում եմ քեզ» կինոնկարի երաժշտությունն է: Ի դեպ, վերջին երկու ֆիլմերն այս տարի ներկայացված են «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:

   -Որքան գիտեմ, ձեր բանաստեղծությունների հիման վրա էլ Նորայրը երգեր է գրել:

   -Այո, Նորայրի համագործակցությամբ արդեն ստեղծել ենք շուրջ 10 երգ: Տարբեր երգչախմբեր աշխատում են «Հայրենիք» եւ «Երեւան» երգերի կատարումների վրա, իսկ դպրոցական երգչախմբերն արդեն կատարում են մեր շատ երգեր: Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության հրատարակած ալբոմում կա 20 երգ, այդ թվում մեր` «Զինվոր ենք մենք» երգը:

   Ընդ որում, չնայած Նորայրը երաժշտական կրթություն չունի, բայց ոչ միայն երաժշտություն է գրում, գերազանց տիրապետում է նոտաներին, այլեւ գործիքավորում է, ինչը շատ բարդ գործ է: Եղեռնին նվիրված իմ «Մանկան ճիչը» ստեղծագործության հիման վրա երաժշտություն է գրում, որ, կարծեմ, Իտալիայում կայանալիք փառատոնին մասնակցի: Ես հիմա պատրաստում եմ բանաստեղծությունների նոր գիրքս ու ցանկացել եմ, որ շապիկին լինի Միքայելի վրձնած իմ դիմանկարը. ես դրանով հպարտանում եմ:

   Միքայելը նկարել է Արցախի զինանշանը, ուղարկել Արցախ, եւ ԼՂՀ պաշտպանության նախարարը նրան հրավիրել է Արցախ, պարգեւատրել ժամացույցով, պատվոգրով: Նրանք նաեւ մեր պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են: Եղբայրներին օգնում են մասնավոր մարդիկ, ինչպես, օրինակ, Ռալֆ Յիրիկյանը, բայց եթե ստեղծվի հիմնադրամը, ամեն ինչ կարվի այդ մակարդակով:

   -Իսկ որքանո՞վ եք համոզված, որ հանրապետության նախագահը կընդառաջի ձեր նախաձեռնությանը:

   -Մենք մշակութային ազգ, ժողովուրդ ենք, եւ դա լավ գիտի նաեւ երկրի այսօրվա ղեկավարությունը: Ազգային միաբանություն կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ Նորայրը նրան նվիրեց իր կատարումներով ձայնասկավառակները, Միքայելն էլ` մի շատ հետաքրքիր նատյուրմորտ: Ու բավական էր միայն տեսնել նախագահի ոգեւորությունը, ուրախությունը:

   Եվ մեկ անգամ չէ, որ թե՛ նախագահը, թե՛ առաջին տիկինը հովանավորում են տարբեր միջոցառումներ, տաղանդավոր մարդկանց: Մի օրինակ բերեմ. այսօր արդեն շատերին հայտնի օպերային երգիչ Հովհաննես Այվազյանը մի քանի տարի առաջ թողել էր ուսումը կոնսերվատորիայում վարձավճարի պատճառով, բայց նախագահի աջակցությամբ ու միջամտությամբ բոլոր հարցերը լուծվեցին, եւ նա ամենահայտնի օպերային երգիչ-երգչուհիների հետ արդեն հասցրել է հանդես գալ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում, կատարել է գլխավոր դերերգեր Պուչինիի, Վերդիի ստեղծագործություններում...

   Իսկ նման տաղանդավոր երգիչներ, երաժիշտներ, նկարիչներ, համոզված եմ, մենք շատ ունենք, եւ հիմնադրամը կարող է մեծ չափով նպաստել նրանց հայտնաբերմանը, միջազգային ասպարեզ դուրս բերելուն, երկրի անունն ու հեղինակությունը բարձրացնելուն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր