ՉԵՔ ԳՏՆԻ ԳԵԹ ՄԵԿ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

04.07.2014, Հայոց աշխարհ

«Պատկերացրեք՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը ընթանում է Բաքվում, առաջին կոմիտեի նախագահի պաշտոնակատարը ադրբեջանցի Ազայ Գուլիեւն է (նախագահը նշանակվել է Հունաստանի առողջապահության նախարար, ուստի նրա տեղակալ Գուլիեւն էր վարում նիստերը)։ Այս պայմաններում 4 օրում կարողացա ունենալ 5 հիմնարար ելույթ եւ 7 ելույթ էլ՝ կապված ուղղումների հետ. հավատացեք, սա, կարծում եմ, աննախադեպ է։

   Ընդ որում, խնդիրն այն չէր, որ ելույթ ունենայի հանուն ելույթի։ Մենք կարողացանք լուծել հիմնական հարցը՝ դեկլարացիայի համապատասխան կետում մեր առաջարկությամբ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ ամրագրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եւ հետո՝ առաջարկեցինք նաեւ մասնակի ուղղումներ, որոնց մի մասը նույնպես ընդունվեց։

   Նստաշրջանում ընդունված բանաձեւերում դուք գեթ մեկ հակահայկական նախադասություն, ձեւակերպում, առավել եւս՝ դրույթ չեք գտնի։ Եվ սա այն դեպքում, երբ նստաշրջանը Բաքվում էր»,- մեր թղթակցին պատմեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

 

Հարցազրույց ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

     -Ձեր հայտարարությունը, թե՝ Հայաստանը շատ կուզենար, որ Ադրբեջանը նույնպես միանար Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ինտեգրացիոն գործընթացներին, միանշանակ չընդունվեց մեր հանրության կողմից։ Գուցե ադրբեջանական լրատվամիջոցները նենգափոխե՞լ են ձեր ասածը։

    - Իմ հարցազրույցի այդ թեզը իրոք լուրջ անակնկալ էր նախ եւ առաջ ադրբեջանական հանրության համար: Մինչդեռ, ինչպես նկատեցիք, ոչ միանշանակ արձագանքը մեզանում իրապես անակնկալ էր արդեն իսկ ինձ համար: Եվ ասեմ, թե ինչու...

   Սրանից դեռ չորս ամիս առաջ ռուսական REGNUM գործակալությանը տված իմ հարցազրույցում, որը, ի դեպ, տպագրվեց նաեւ «Իրավունք» թերթում եւ վերնագրված էր «Ուկրաինայում մենք դառնում ենք Ջոզեֆ Օվերթոնի ավերման տեխնոլոգիայի գործարկման վկաները», նույն հարցադրումն էլ արվել էր: Ավելին՝ բավական լայն ու դրական արձագանք էր ստացել: Եվ, որքան էլ զարմանալի է, այժմ առանձին բորբոքված ուղեղներում արտառոց ընկալումներ են բույն դրել:

   Եվ դա արվում է այն պարագայում, երբ Հայաստանի պատվիրակությունը Բաքվում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում արձանագրել է բացառիկ հաջողություն: Այն է՝ այդ նստաշրջանի եզրափակիչ դեկլարացիայի 39-րդ հոդվածում հստակ ընդգծվել է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է ընթանա հետեւյալ սկզբունքների պահպանմամբ. սահմանների անխախտելիություն եւ տարածքային ամբողջականություն, վեճերի խաղաղ կարգավորում, ժողովուրդների իրավունքների եւ ինքնորոշման հավասարություն, սկզբունքներ, որոնք ամրագրված են Հելսինկիի եզրափակիչ ակտում:

   Փոխարենը, ոմանց կողմից հղում է արվում իմ հարցազրույցին, որը փոքր-ինչ աղավաղված ներկայացվել է ադրբեջանական մամուլում (չնայած՝ գլխավոր հարցադրմանը, թե ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը դրականորեն կազդի մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, տեր եմ եւ կհիմնավորեմ, թե ինչու): Այնինչ իրենց վարձատրած արեւմտյան աղբյուրներով հայտնի էլեկտրոնային լրատվամիջոցներում քննարկումները տեղափոխվում են իրականության հետ որեւէ առնչություն չունեցող ճղճիմ մեկնաբանությունների դաշտ։

   Ո՞ւմ է դա ձեռնտու։ Նախ եւ առաջ, բնականաբար, ադրբեջանական քարոզչությանը: Այնտեղ, անշուշտ, լավ հասկանում են՝ ինչ է նշանակում ԵԱՀԿ 57 երկրների պատվիրակներին հրավիրել Ադրբեջան, մեծ շուքով ընդունել, նստաշրջանի Բաքվի հռչակագրում, ի շարս այլ խնդիրների, ամրագրել տարածքային ամբողջականության սկզբունքի գերիշխանությունը, եւ մեկ էլ հանկարծ անսպասելիորեն հայտնվել իրենց համար առանցքային այդ դրույթի քվեարկության հետեւանքով տապալման փաստի առջեւ։

   Պատկերացրեք՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը ընթանում է Բաքվում, առաջին կոմիտեի նախագահի պաշտոնակատարը ադրբեջանցի Ազայ Գուլիեւն է (նախագահը նշանակվել է Հունաստանի առողջապահության նախարար, ուստի նրա տեղակալ Գուլիեւն էր վարում նիստերը)։ Այս պայմաններում 4 օրում կարողացա ունենալ 5 հիմնարար ելույթ եւ 7 ելույթ էլ՝ կապված ուղղումների հետ. հավատացեք, սա, կարծում եմ, աննախադեպ է։

   Ընդ որում, խնդիրն այն չէր, որ ելույթ ունենայի հանուն ելույթի։ Մենք կարողացանք լուծել հիմնական հարցը՝ դեկլարացիայի համապատասխան կետում մեր առաջարկությամբ տարածքային ամբողջականության հետ մեկտեղ ամրագրել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Եվ հետո՝ առաջարկեցինք նաեւ մասնակի ուղղումներ, որոնց մի մասը նույնպես ընդունվեց։

   Նստաշրջանում ընդունված բանաձեւերում դուք գեթ մեկ հակահայկական նախադասություն, ձեւակերպում, առավել եւս՝ դրույթ չեք գտնի։ Եվ սա այն դեպքում, երբ նստաշրջանը, կրկնում եմ, Բաքվում էր։

   Այսքանից հետո, երբ առանձին անձինք, չխորանալով նյութի մեջ, ծղրտում են՝ փորձելով ստվեր նետել ամեն արվածի վրա, Պարոնյանի ասած՝ չգիտես լա՞ս, թե՞ խնդաս։ Չի՛ հաջողվի. Բաքվում ունեցած իմ բոլոր ելույթները տեղադրված են թե՛ ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքում, թե՛ Ազգային միաբանություն կուսակցության կայքէջում, եւ եթե իմ ընդդիմախոսներից որեւէ մեկը չզլանա՝ ուշադիր դիտի ու լսի այդ ելույթները, ուղղակի «գետինը կմտնի» իր անհեթեթ, ճշմարտության հետ որեւէ ընդհանուր եզր չունեցող գնահատականներից։

   Մյուս կողմից, դա ինձ ոգեւորում է՝ մի պարզ պատճառով. ցույց է տալիս նմանների, ինչպես ասում են՝ «պլինտուսից ցածր» մակարդակը։

   -Ադրբեջանական պատվիրակությունն այս անգամ կարծես ավելի զուսպ էր իր հակահայ դրսեւորումներում, քան ԵԽ ԽՎ վերջերս տեղի ունեցած ստրասբուրգյան վեհաժողովում։

   -Այո, եւ դա պատահական չէր։ Բաքվի նստաշրջանի մեկնարկից ժամեր առաջ ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահ Ռանկո Կրիվոկապիչն ինձ հրավիրել էր զրույցի, որին մասնակից դարձրի նաեւ արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի պատասխանատու Վահե Գեւորգյանին եւ ԱԺ ԵԱՀԿ բաժնի վարիչ Անահիտ Գասպարյանին: Կրիվոկապիչը նախ շնորհակալություն հայտնեց, որ Հայաստանի պատվիրակությունը ժամանել է Բաքու, երկրորդ՝ հույս հայտնեց, որ քննարկումները կանցնեն աշխատանքային մթնոլորտում։

   Ես նրան ասացի բառացիորեն հետեւյալը՝ եթե հանկարծ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կամ ադրբեջանական պատվիրակության անդամները փորձեն ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից անպարկեշտ արտահայտություններ անել մեր երկրի հասցեին (ինչը միանգամայն սպասելի էր), անտարակույս իմ կողմից կլինեն համարժեք կոշտ, իսկ որ կարեւոր է՝ հիմնավոր եւ փաստարկված պատասխաններ։

   Կրիվոկապիչը վստահեցրեց, որ խորհրդակցել է ադրբեջանական կողմի հետ եւ չի կարծում, թե նման դրսեւորումներ կլինեն, ինչին անմիջապես հակադարձեցի՝ Ադրբեջանի նախագահի հետ, կարծում եմ, չեք խորհրդակցել, իսկ այս երկրում նախագահից բացի ոչ ոք հարց չի լուծում։ Ասաց՝ ուզում եմ հավատալ, որ իրենք կմնան պարկեշտության սահմանում, ես էլ նկատեցի, որ իրենց պահվածքին սազական վերաբերմունք կլինի նաեւ իմ կողմից։ Ինչեւէ։

   Առաջին օրը, երբ Իլհամ Ալիեւը իր բացման խոսքում դարձյալ կրկնեց «20 տոկոս օկուպացված տարածքների», «մեկ միլիոն փախստականների» մասին ողբասացությունը եւ հպանցիկ հիշատակեց նաեւ Խոջալուի հայտնի դեպքերը, նրա տոնայնության մեջ այնուհանդերձ չկային մեզ ծանոթ լկտի շեշտադրումները, որոնցով հանդես էր եկել ճիշտ մեկ շաբաթ առաջ Ստրասբուրգում։

   Հաջորդ օրը, բառիս բուն իմաստով, քարը քարի վրա չթողեցի Ադրբեջանի նախագահի պնդումներից, թե Լեռնային Ղարաբաղը, Հայաստանը, Երեւանը պատմականորեն ադրբեջանական հողեր են։ Խոջալուի դեպքերի հետ կապված՝ հղում արեցի ոչ թե մեր լրատվամիջոցներին, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ի 1992թ. համարներից մեկում զետեղված հարցազրույցին, որ Ադրբեջանի այն ժամանակվա լիդեր Այազ Մութալիբովը տվել էր չեխ լրագրող Դանա Մազալովային՝ արձանագրելով այն փաստը, որ Խոջալուի բնակիչների սպանդը իրականացրել էր Ադրբեջանի «Ժողովրդական ճակատը»՝ խնդիր ունենալով պաշտոնանկ անել Մութալիբովին:

   Այդ ելույթից անակնկալի եկած տանտերերը ինչ-որ ջղագրգիռ բառակապակցություններ հնչեցրին, որոնք ոչ մի վավերական պատմական հիմք չունեին, ի տարբերություն իմ խոսքի։ Դրանից հետո եղավ հանդիպում, եւ ես ադրբեջանցիներին պարզ ասացի՝ ձեր ամեն անպարկեշտ, ոչ պատշաճ ելույթ կրկնակի, եռակի ուժգին հակահարված կստանա մեր կողմից: Ինչին ականջալուր եղան։

   -Այդուհանդերձ, իրո՞ք կարծում եք, թե ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելը կարող է նպաստել Ղարաբաղի հարցի հայանպաստ հանգուցալուծմանը։

   -Ինչ վերաբերում է ադրբեջանական երեք լրավտամիջոցներին տված հարցազրույցներին, իմ ասածի մեխը եղել է այն, որ Հայաստանը, այո, դեմ չի լինի, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իբրեւ երկու անկախ, ինքնիշխան երկրներ, նույնպես անդամակցեն ԵՏՄ-ին։ Եվ հիմա ինձ համար ուղղակի անհասկանալի է՝ մարդիկ, որոնք հանկարծ արթնացել են խորը թմբիրից եւ սկսել հարձակումներ իմ դեմ, մի՞թե թերթ չեն կարդում, ծանոթ չեն հեղինակավոր կայքերի, այդ թվում՝ իր այցելուների թվով հետխորհրդային տարածքում երրորդը համարվող REGNUM-ի հրապարակումներին։

   Կրկնում եմ, իմ ճիշտ եւ ճիշտ նույն հարցադրումը եղել է հիշյալ գործակալությանը ս.թ. փետրվարի 19-ի հարցազրույցում: Հետագայում այդ հարցադրումն արծարծվել է «Իրավունք» թերթում։ Այսինքն՝ այս թեման նոր չէ. ինչո՞ւ հիմա զարթնեցին ու սկսեցին խուճապահար «բզզալ»։ Ակնհայտ է՝ այդ մարդիկ պարզապես ինքնաբացահայտվեցին, որովհետեւ բավական չէ՝ Հայաստանն է մտնում ԵՏՄ, դեռ մի բան էլ՝ ասում եմ, լավ կլինի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանն էլ առանձին-առանձին անդամակցեն այդ միությանը։

   Ադրբեջանը պետք է հասկանա. ԼՂՀ-ն միջազգային հարաբերությունների թեկուզեւ չճանաչված, բայց ինքնուրույն եւ ինքնաբավ սուբյեկտ է, եւ եթե այդ սուբյեկտը Ադրբեջանի հետ դառնում է ԵՏՄ անդամ, բազմաթիվ հարցեր լուծվում են ինքնըստինքյան։

   Առանձնացնեմ դրանցից երկուսը. առաջին՝ եթե ԼՂՀ-ն մտնում է ԵՏՄ, դա ինքնին նշանակում է նրա պաշտոնական դե յուրե ճանաչում. եւ՝ երկրորդ. եթե Ադրբեջանն էլ է անդամակցում ԵՏՄ-ին, ապա համաձայն վերջինիս հիմնարար փաստաթղթերի, սահմաններն ամբողջությամբ բացվում են, եւ տնտեսական նույն գոտում գտնվելով՝ նրանք կամա-ակամա կհայտնվեն նաեւ նույն պաշտպանական գոտում, այն է՝ ՀԱՊԿ-ում։ Մինչդեռ այսօրվա դրությամբ Ադրբեջանը սերտ ռազմական, դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի կամ, որ նույնն է, ՆԱՏՕ-ի հետ։ Փաստորեն իմ այս առաջարկին արձագանքելով՝ Ադրբեջանն ուզի թե չուզի՝ ցույց է տալու իր իսկական դեմքը։

   -Ադրբեջանական կայքերից փոխառնված հաղորդագրությունների մեջ ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի հետ համաժամանակ ԵՏՄ մտնելու մասին կարծես թե խոսք չկար։

   -Բնականաբար իմ ասածը ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են իրենց ուզած ձեւով։ Ի դեպ, haqqin.az-ից հետո ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց՝ ann.az-ը, այնքան բարեխիղճ է եղել, որ տվել է նաեւ իմ խոսքի չաղճատված տարբերակը։

   Հաջորդ օրը հրապարակման հեղինակը մոտեցավ ինձ եւ ասաց. «Պարոն Գեղամյան, զարմանալի է՝ ինձ քարկոծում են, որ Ձեր ելույթն առանց աղավաղելու դրել եմ կայքում, բայց ինձ համար շատ անսպասելի էր, որ հայկական որոշ լրատվամիջոցներ են թշնամաբար ընդունել Ձեր այդ խոսքերը։ Ես էլ ասացի. իմացեք՝ ովքեր են Հայաստանում ձեր դաշնակիցները»։ Ինքն էլ ձեզ նման ծիծաղեց, եւ ամեն ինչ ընկավ իր տեղը։

   -Ձեր հայտարարության հետ կապված հիմնական հարցադրումներից մեկը հետեւյալն է՝ Արտաշես Գեղամյանը ներկայացնում էր իր անձնակա՞ն կարծիքը, թե՞ քաղաքական մեծամասնության, Հայաստանի պաշտոնական տեսակետը՝ ցանկալի համարելով Ադրբեջանի մուտքը ԵՏՄ։

   -Հայաստանի պաշտոնական տեսակետը ներկայացրել եմ միայն այն դեպքերում, երբ հղում եմ արել նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին եւ նշել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հռչակած, Լ՛Ակվիլայի, Դովիլի, Մուսկոկի, Լոխ-Էրնի, Լոս Կաբոսի համատեղ հայտարարություններում ամրագրված մոտեցումները կարող են հիմք հանդիսանալ հետագա բանակցությունների համար։

   Մնացածը, բնականաբար, իմ անձնական կարծիքն է։ Առավել եւս, որ ինձ որեւէ մեկը չի հարցրել՝ ինչպիսի՞ն է Հայաստանի պաշտոնական տեսակետը Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի ԵՏՄ մտնելու վերաբերյալ։ Իսկ որքանով է այդ կարծիքը համահունչ պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը՝ պատասխանը կարող է տալ արտգործնախարարությունը։ Համենայն դեպս փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական կողմը խիստ անակնկալի եկավ մեր հարցադրումից, որովհետեւ արդեն յոթ լարի վրա խաղալ չի կարող՝ պետք է պատասխան տա, իսկ պատասխանն ինքնին պարզ է. Ադրբեջանն այնտեղ է, որտեղ Թուրքիան է, իսկ որտեղ Թուրքիան է, այնտեղ պաշտպանական այլ համակարգ է՝ ՆԱՏՕ-ն է։

   -Ձեզ ուղղված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ հանդես եք եկել Ռուսաստանի խոսնակի դերում՝ հայտնել եք ռուսական կողմի ցանկությունները։

   -Արտաշես Գեղամյանը մշտապես պաշտպանել է, պաշտպանում է եւ պաշտպանելու է Հայաստանի, հայ ժողովրդի շահերը։ Ուրիշ բան, որ այդ շահերը կարող են համընկնել Ռուսաստանի, Իրանի, ինչո՞ւ չէ՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների շահերին, եւ որքան շատ ընդհանուր եզրեր լինեին աշխարհում եւ տարածաշրջանում ազդեցություն ունեցող տարբեր երկրների, աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ, այնքան մեր պետական շահերն ավելի պաշտպանված կլինեն։

   Դրանով է նաեւ պայմանավորված, որ ես համոզված պաշտպանում եմ այն տեսակետը, որ բարձրաձայնեց նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին՝ ասելով, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը բոլորովին էլ չի նշանակում, թե մեր երկիրը չի շարունակելու խորացնել համագործակցությունը Եվրամիության եւ մեր մյուս գործընկերների հետ։ Սա շատ առանցքային հարցադրում է. չպետք է մոռանանք, որ միլիոնից ավելի հայեր ապրում են ԱՄՆ-ում, 1,5 միլիոն՝ Ռուսաստանում, 250 հազար՝ Իրանում, 400 հազար՝ Ֆրանսիայում եւ այլն։

   Հայաստանը դատապարտված է հավասարակշիռ քաղաքականություն վարելու, եւ իմ հայտնած միտքը, թե կցանկանայինք, որ Ադրբեջանն էլ մտներ ԵՏՄ, մեսիջ է նաեւ Ադրբեջանի մերձավոր դաշնակիցներին, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, որտեղ հակաղարաբաղյան բանաձեւեր են ընդունվում։

   Սա նշանակում է, որ մենք խնդիր չունենք մահմեդական աշխարհի հետ, անգամ իսկ Ադրբեջանի հանդեպ թշնամանք չունենք, ընդհակառակը, պատրաստ ենք համագործակցել։ Ստեղծված իրավիճակում այդ համագործակցությունը կարող է իրականություն դառնալ հենց ԵՏՄ-ի շրջանակներում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր