ԿԱՐՃԱՏԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ո՛Չ ՏԵՂՆ է, Ո՛Չ ԺԱՄԱՆԱԿԸ

10.06-11.06.2014, Հայոց աշխարհ

Երեկ Ազգային Ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան, եւ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները չհապաղեցին բարձրաձայնել իրենց մտահոգությունները Ղազախստանի նախագահի հայտնի հայտարարության, օրըստօրե սերտացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի եւ այդ “ֆոնին” ահագնացող տարածաշրջանային լարվածության նոր ալիքի վերաբերյալ:

Ավելին՝ ԱԺ նախագահից պահանջեցին այդ կապակցությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել: Գալուստ Սահակյանն, ի պատասխան՝ խոստացավ “մի բան անել”, բայց չասաց՝ երբ եւ ինչ ձեւաչափով: Այս հարցերի մասին է մեր հարցազրույցը ՀՀԿ խմբակցության անդամ, ԱՄԿ առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

-Նախ, պետք է ողջունեմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  արժանապատիվ կեցվածքը, որին ականատես եղանք մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն խորհրդի Աստանայի գագաթաժողովում: Ինչո՞ւ: Որովհետեւ ամեն այլ արձագանք հանրապետության նախագահի կողմից կդիտվեր որպես արհամարհանք առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի նկատմամբ, որի շրջանակներում Հայաստանը քանիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը: Այն է՝ ԼՂՀ-ն դե ֆակտո ինքնիշխան պետություն է,  միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ, որի փոխարեն որոշումներ կայացնելը, հայտարարելը, որ նա Հայաստանի հետ լինելու է միեւնույն տնտեսական տարածքում, կնշանակեր հերքել մեր իսկ կողմից նախկինում ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ արած հայտարարությունները: Սա՝ մեկ: Երկրորդ՝ այդ կերպ ակամա ի չիք կդարձվեր  մեր պնդումը ԼՂՀ-ի լիիրավ մասնակցության անհրաժեշտության մասին Մինսկի պրոցեսին: Եվ վերջապես՝ ինչ-որ առումով, դա կլիներ դիվանագիտական դեմարշ՝ ուղղված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ:

-Ինչո՞ւ հատկապես Ֆրանսիայի նախագահի:

-Որովհետեւ նախագահ Օլանդը օրերս հանդես եկավ նախաձեռնությամբ՝ Փարիզում կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների  հանդիպումը Ղարաբաղյան հիմնահարցը քննարկելու նպատակով: Եթե ՀՀ նախագահը Աստանայի գագաթաժողովում ԼՂՀ իշխանությունների անունից հայտարարություններ աներ Հայաստանի հետ ԵՏՄ-ին ԼՂՀ-ի փաստացի անդամակցության հետ կապված (մի բան, որ պնդում են մեր նախագահի դիրքորոշման քննադատները), ապա ադրբեջանական քարոզչամեքենան իրեն իրավունք կվերապահեր հայկական կողմին մեղադրել Փարիզում սպասվող հանդիպման նախաշեմին ապակառուցողական դիրքորոշում որդեգրելու համար: Եվ Սերժ Սարգսյանի հեռատես, հաշվենկատ կեցվածքը գիտակցելու փոխարեն, հրապարակային անհիմն դատողություններ են հնչեցվում, որոնք վերջին հաշվով նպատակաուղղված են մի բանի՝ վիժեցնել Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը ծայրաստիճան վտանգավոր է ե°ւ մեր երկրի, ե°ւ ԼՂՀ համար: Ավելին՝ դա բառիս բուն իմաստով մեծագույն նվեր կլիներ Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիայի  իշխանություններին, որովհետեւ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահների ներկայությամբ հանդես գալ միակողմանի հայտարարությամբ՝ կնշանակեր արհամարհել նաեւ Ռուսաստանի դերակատարումը, որպես Մինսկի խմբի համանախագահի:

-Ինքը՝ Ադրբեջանը, չի էլ փորձում թաքցնել իր ապակառուցողական դիրքորոշումը: Հակառակը՝ բոլորի աչքն է խոթում իր ապակառուցողականությունը, եւ դա կարծես ավելի է “գնահատվում” նույն համանախագահների կողմից, քան մեր կառուցողականությունը, ավելին՝ չափից ավելի “կառուցողական” այդ կեցվածքը աշխատում է մեր դեմ: 

-Բացարձակապես համամիտ չեմ այդ կարծիքին՝ Ադրբեջանի ապակառուցողականությունը տվյալ պարագայում շատ եւ շատ գրագետ օգտագործվում է մեր դիվանագիության կողմից: Մասնավորապես, Ադրբեջանի յուրաքանչյուր ապակառուցողական գործողություն հակահարված է ստանում մեր արտաքին գերատեսչության կողմից, եւ նման առիթներն օգտագործվում են եւս մեկ անգամ ընդգծելու է, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ ընդունում է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի իրավասությունը՝ նաեւ մեր երկրի համաձայնությամբ տնօրինելու կարգավորման գործընթացը, ի տարբերություն Ադրբեջանի, որն իր փաստացի գործողություններով, ագրեսիվ հռետորաբանությամբ ամեն ինչ անում է՝ վիժեցնելու բանակցությունները: Առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում եւ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, բազմիցս կողմերին կոչ են արել ամեն ինչ ձեռնարկել՝ թոթափելու հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ թշնամանքի դրսեւորումները, որոնք խանգարում են խնդրի խաղաղ կարգավորմանը: Հայաստանն իր կողմից ամեն ինչ անում է հանուն դրա ի տարբերություն Ադրբեջանի, ինչի ամենաաղաղակող օրինակը օրեր առաջ  երկու հայ զինծառայողների գնդակահարությունն էր Նախիջեւանի սահմանում:

-Այն, որ այդ ցավալի միջադեպը ժամանակային առումով համընկավ թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովին, պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն:

-Ինչ խոսք, դա պատահականություն չէր, ավելին՝ հեռուն գնացող սադրանք էր, որը գալիս է հաստատելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նյարդերը տեղի են տալիս, որովհետեւ Հայաստանի ու Ղարաբաղի դեմ հյուսված դավադրությունը Աստանայում ձախողվեց մեր նախագահի հեռահար պահվածքի պատճառով: Այս պարագայում ինձ համար խիստ անընդունելի է, որ մինչեւ իսկ ԱԺ ամբիոնից իրավիճակին ոչ համարժեք հայտարարություններ են արվում՝ բացարձակապես հաշիվ չտալով, թե ինչ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումներ են ընթանում ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Եվրոպայի արեւելյան մասում՝ Ուկրաինայում: Մեր որոշ քաղաքական գործիչներ  ուղղակի չեն գիտակցում, որ Նուրսուլթան Նազարբաեւի հրավերը Թուրքիային՝ մասնակցելու եվրասիական ինտեգրացիոն գործընթացին, սկզբնական շրջանում որպես ասոցացված անդամ, քողարկված հրավեր էր հենց իսկ Ադրբեջանին՝ անդամակցելու ԵՏՄ-ին:

Այդ պարագայում ՀՀ նախագահի կողմից ամեն հրապարակային դրսեւորում Աստանայում, հավատացնում եմ, կարող էր շուռ գալ մեր դեմ : Նազարբաեւի հայտարարության սպառիչ պատասխանը հանրապետության նախագահը տվեց օրեր առաջ Ծաղկաձորում՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ, եւ մենք պետք է ասվածից հետեւություններ անենք: Գլխավոր հետեւությունն այն է, որ ԼՂՀ-ն դե ֆակտո ինքնուրույն, ինքնիշխան պետություն է, եւ Աստանայում մեր զուսպ կեցվածքը պայմանավորված էր հենց նրանով, որ ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ԼՂՀ փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք չունի: Սա է այն մեկնարկային կետը, որից պետք է ելնի մեր քարոզչությունը:   

-Ի՞նչն է խանգարում Ղազախստանին՝ ունենալով սերտագույն հարաբերություններ Ադրբեջանի հետ, ոչ թե ուղղակի, այլ Թուրքիայի միջոցով հրավիրել նրան ԵՏՄ:

-Այդ հարցով թերեւս արժե դիմել Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակին: Հավանաբար, ներքին պայմանավորվածություններ կան՝ եռյակի ներսում նույն գիծը տարվում է տարբեր լիդերների կողմից, եւ այս պարագայում Հայաստանն արդեն իսկ բարոյական իրավունք ունի ասելու, թե մեր դիրքորոշումը պետք է որ շատ բարձր գնահատվի նույն Նազարբաեւի, Պուտինի եւ Լուկաշենկոյի կողմից: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանց գլխավորած հիշատակածս երկրները եւ Հայաստանը, նաեւ Ղրղզստանը, որի նախագահը նույնպես մասնակցում էր Աստանայի գագաթաժողովին, միեւնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ պետություններ են: Առավել եւս, որ Աստանային նախորդել էր Իլհամ Ալիեւի մայիսի 27-ի հայտարարությունը, որտեղ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնացել էր ՀԱՊԿ անդամ երկրներից մեկին՝ խոսելով Հայաստանին սպասող “մռայլ ապագայի” մասին: Կարծում եմ, դա հզոր փաստարկ է մեր երկրի նախագահի զինանոցում, որը, վստահ եմ, հարկ եղած պահին անպայման կօգտագործվի:

-Մտահոգություն կա, թե Նազարբաեւը փորձում է ԵՏՄ-ն վերածել թյուրքալեզու երկրների “ընտանիքի”: Հայաստանը կկարողանա՞ պաշտպանել իր շահերն այդ “ընտանիքում”, երբ Նազարբաեւն ի սկզբանե անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում մեր անդամակցության շուրջ:

-ԵՏՄ հիմնադիր անդամները քանիցս հայտարարել են, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միություն է լինելու եւ իրենք կողմնակից չեն դրա քաղաքականացմանը, իսկ Նազարբաեւի հայտարարությունն ակնհայտ քաղաքական երանգներ է պարունակում: Սա եւս մեկ փաստարկ է մեր  զինանոցում, այն առումով, որ սրանից ճիշտ մեկ տարի առաջ, 2013-ին Նազարբաեւը “եռյակի” գագաթաժողովում կտրականապես դեմ էր արտահայտվում Եվրասիական միության քաղաքականացմանը, բայց հիմա ինքն է դա քաղաքականացնում: Ինչ վերաբերում է ձեր հարցին, նորահայտ ասացվածք կա. քաղաքականությունը պետք է վտարվի այն ուղղությամբ, ուր հոսում են էներգակիրները: Ադրբեջանի էներգակիրները մեծ ծավալով  (խոսքը, տարեկան 16 միլիարդ խ.մ. գազի մասին է), Թուրքիայի տարածքով հոսելու է տրանսանատոլյան  եւ տրանսադրիատիկ խողովակաշարերով  դեպի Արեւելյան Եվրոպա, այնտեղից էլ՝ Իտալիա:

 Բնականաբար, Ղազախստանը, ՌԴ մերձավոր դաշնակիցը լինելով հանդերձ, դեմ չի լինի միանալ այդ խողովակաշարերին եւ իր գազը արտահանել ոչ միայն հյուսիս (այն է՝ Ռուսաստան) մասամբ էլ՝ հարավարեւելք, Չինաստանի ուղղությամբ, այլեւ Եվրոպա: Այնպես որ, Ղազախստանի նախագահն իր երկրի շահն է առաջ մղում: Ռուսաստանը գիտե՞ այս մասին: Անշուշտ, գիտե. ինչպես հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, իր երկիրը  ԱՄՆ-ն նավթ եւ գազ չի գնում Ադրբեջանից, բայց սատարում է հիշյալ խողովակաշարերի կառուցմանն ու շահագործմանը, որպեսզի հնարավորինս մեղմվի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այս պարագայում Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, փորձելու է ամեն  ինչ անել, որ “Շահդենիզ-2” հանքավայրից գազը մղվի ոչ թե դեպի վերը հիշատակված կառուցվելիք խողովակաշարերը, այլ՝ դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան:

 Հաճախ հակասական այս շահերի համատեքստում ՀՀ նախագահն, ըստ իս, շատ ճիշտ մոտեցում է որդեգրել՝ արհեստականորեն չգրգռել կրքերը եւ կառուցել մեր արտաքին քաղաքականությունը Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հակասություններ հարուցելու վրա, որոնք բնավ չեն բխելու մեր տարածաշրջանում ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերից: Միեւնույն ժամանակ, մենք շատ ենք կարեւորում այն իրողությունը, երբ յուրաքանչյուր պատեհ առիթով հայտարարվում է ամենակարեւորը՝ ԼՂՀ-ն դե ֆակտո ինքնիշխան կայացած պետություն է: Այ, սրան չեն առարկել ո°չ Նազարբաեւը, ո°չ Վլադիմիր Պուտինը, ո°չ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ սա շատ ավելի հզոր է, քան այն, ինչի մասին ասաց Նազարբաեւը Աստանայում: Բայց, չգիտես ինչու, հայտնի աղբյուրներից սնվող լրատվամիջոցները հեղեղված են այդ՝ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ “տհաճ հայտարարության” շուրջ մեկնաբանություններով, բայց որեւէ մեկը ցցուն կերպով չի ներկայացնում, որ Ս.Սարգսյանի հայտարարության մեխը ոչ թե Նազարբաեւի ասածի տհաճ կամ հաճելի լինելն էր, այլ՝ Հայաստանի դիրքորոշման հրապարակայնացումը. կրկնենք՝ ԼՂՀ-ն դե ֆակտո կայացած ինքնիշխան պետություն է, եւ Հայաստանը երբեք չի հայտարարել, թե Ղարաբաղի հետ է մտնում Մաքսային միություն (ՄՄ), որովհետեւ այդ հարցը որոշելու է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը:

-Այս պարագայում ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի սահմանում մաքսակետ  դնել-չդնելու հարցը:

-Մենք ձեզ հետ միասին քանիցս լսել ենք, որ ՄՄ շրջանակներում ընդունվելիք բոլոր որոշումները պետք է համահունչ լինեն Հայաստանի , ինչու ոչ՝ նաեւ Ռուսաստանի անդամակցությանը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այդ շրջանակներում են մինչ օրս կառուցված եղել Հայաստանի եւ ԼՂ-ի տնտեսական հարաբերությունները, այսուհետ եւս դրանք կշարունակեն գործել ԱՀԿ օրենքների շրջանակում, եւ ուրեմն՝ չեն կարող հակասության մեջ մտնել ՄՄ եւ ԵՏՄ շրջանակներում  ընդունվող որոշումների հետ: Այնպես որ, արհեստականորեն պետք չէ “բզբզել” այդ հարցը, չեղած տեղը խնդիր ստեղծել, հետո հերոսաբար հաղթահարել սեփական իսկ անհեռատեսության հետեւանքով ստեղծված վիճակը:

-Լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը ոչ միայն չարձագանքեց Նախիջեւանի սահմանում գրանցված միջադեպին, այլեւ, ի դեմս արտգործնախարարի, հայտարարեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում:

-Մի պահ մտովի տեղափոխվենք Եվրոպա եւ արձանագրենք, որ Կիպրոսը, Հունաստանը եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են: Կիպրոսի հյուսիսային հատվածը՝ կղզու 40 տոկոսը, բռնազավթված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից: Հիմա ՌԴ արտգործնախարարը, նման հայտարարություններ անելով, խնդիր է դնում հնարավորինս վերահսկելի դարձնել Ադրբեջանի գործողությունները հարեւանների նկատմամբ: Եվ, այո, Հայաստանի անվտանգության շահերից է բխում, որ Ադրբեջանը շատ ավելի ինտենսիվ համագործակցի Ռուսաստանի հետ նույնիսկ ռազմատեխնիկական ոլորտում, քան Թուրքիայի, որը դեմ չէ Ադրբեջանի միջոցով է°լ ավելի ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում: Իսկ դրա ամենաուղիղ ճանապարհը պատերազմական գործողություններ հրահրելն է նույն Նախիջեւանում: Դա հնարավորություն կտա Թուրքիային միջամտելու “գործին” ոչ թե ապօրինաբար, ինչպես Կիպրոսի պարագայում, այլ՝ համաձայն 1921թ. Մոսկվայի տխրահռչակ պայմանագրի, որով Նախիջեւանի ինքնավար հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկը Թուրքիան է:

Այս պարագայում, այո, ճիշտ են անում մեր ռուս գործընկերները՝ փորձելով հնարավորինս կտրել մինչեւ ատամները զինված Ադրբեջանին Թուրքիայի ռազմաքաղաքական ազդեցությունից եւ բերել Ռուսաստանի կամ, որ նույնն է, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի ազդեցության դաշտ: Հայաստանի  քաղաքական իշխանությունը սա շատ լավ գիտակցում է եւ հանգիստ, սառնասրտորեն վերաբերվում այդ հարցերին, որովհետեւ որքան էլ մեզ համար տհաճ լինի որոշ բաներ լսելը, երբ խորամուխ ես լինում աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությանը, հասկանալի է դառնում, որ վերջին հաշվով, սա “ռեալպոլիտիք” ասածի լավագույն դրսեւորումն է՝ այն առումով, որ մեղմում է հնարավոր վտանգները մեր տարածաշրջանում:

-Կա նաեւ հակառակ կարծիքը՝ որ պատերազմի վտանգն այժմ, առավել քան երբեւէ, առարկայական է դարձել:

-Հին կտակարանում հայտնի արտահայտություն կա՝ ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Կարծում եմ, հայկական կողմը շատ լավ սերտել է այդ ճշմարտությունը, եւ որքան ես եմ տեղեկացված, դեռ չի եղել Ադրբեջանի կողմից որեւէ ոտնձգություն, որն անպատասխան մնա: Հայկական զինուժը ե°ւ ԼՂՀ-ում, ե°ւ Հայաստանում, մշտապես աչալուրջ է՝ ռազմական բարձր պատրաստականության վիճակում է: Ոչինչ չի կարելի բացառել: Հատկապես՝ ստեղծված իրավիճակում, երբ միջազգային հանրության որոշակի հատվածը փորձում է Ռուսաստանին որպես ագրեսոր ներկայացնել, չի բացառվում, որ թուրքերը եւ ադրբեջանցիները կփորձեն օգտվել այդ հանգամանքից՝ մտածելով, թե Ռուսաստանի “գլուխը խառն է” ուկրաինական իրադարձություններով: Այս պարագայում առավել եւս պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, թե որքան հեռատես, ես կասեի՝ հայանպաստ քաղաքականություն է վարում մեր ռազմավարական դաշնակիցը, երբ, մասնավորապես, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը երեք օր առաջ գնում է Ադրբեջան, ամենաբարձր մակարդակով ընդունվում նախագահ Ալիեւի կողմից, եւ այնտեղ խոսք է գնում այն մասին, որ Եվրասիական միության դռները բաց են Ադրբեջանի համար: Եվ սրանից ամիսներ առաջ ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ է հաստատվում ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը, որը վերահսկում է ՌԴ ռազմաարդյունաբերական ոլորտը: Կարծում եմ, Սերգեյ Լավրովի հայտարարությունն հենց այս համատեքստում պետք է դիտարկել:

-Ադրբեջանի նախագահին “մոտ կանգնած” աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ նույն Ռոգոզինը եւ Լավրովը Բաքու կատարելիք այցերի ընթացքում “սենսացիոն առաջարկություններ” են ներկայացնելու՝ Ղարաբաղի հարցի հետ կապված: Ձեր կարծիքով՝ ինչի՞ մասին կարող է խոսք լինել:

-Սերգեյ Լավրովի  եւ Դմիտրի Ռոգոզինի ամեն առաջարկություն պետք է բխի այն հայտարարություններից, որոնց տակ դրված է նախագահ Պուտինի ստորագրությունը: Խոսքը վերաբերում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հինգ հայտարարություններին, որտեղ հստակ շարադրված են կարգավորման սկզբունքները եւ հիմնական տարրերը: Այնպես որ, սենսացիոն առաջարկություններ չեն սպասվում: Ուրիշ բան, որ կարող են լինել առաջարկություններ՝ միտված վերջապես ճեղքում արձանագրելու, դուրս բերելու գործընթացը փակուղային իրավիճակից, որի մեջ նա հայտնվել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Երբեք Ռուսաստանը ոչ մի գործողություն չի ձեռնարկի՝ ի հաշիվ իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի, քանի որ Ադրբեջանը կմնա  Ռուսաստանի ռազմաքաղաքական հետաքրքրությունների շրջանակում այնքան ժամանակ, քանի որ դեռ հասկանում է, որ ԼՂ հարցը Թուրքիայի միջոցով երբեք չի կարող լուծվել: Ավելին՝ հակամարտության գոտում ուժերի հարաբերակցության խախտումը չի բխում նույն Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերից. եթե ԼՂ հիմնահարցը կարգավորվի, եւ Ադրբեջանը շահած դուրս գա, ապա հաջորդ օրն իսկ Ալիեւն անդառնալիորեն կմտնի Թուրքիայի թեւի տակ եւ կանդամակցի ՆԱՏՕ-ին: Ռուսական կողմը դա շատ լավ հասկանում է:

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր