ՂՐԻՄ-ՂԱՐԱԲԱՂ-ՔՐԴՍՏԱՆ

Ինչո՞ւ է Արեւմուտքը պայքարում ժողովուրդների ազատության դեմ

   27.03-29.03.2014, Հայոց աշխարհ

«Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունների տեղեկատվությունը Ղրիմի հարցի վերաբերյալ նախագահների հեռախոսազրույցի մասին լիովին արտացոլում է այդ երկու երկրների մոտեցումների էությունը։ Դրանց հիմքում ընկած է ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ կետի 1-ին հոդվածը, որը հստակ նշում է հետեւյալ ճշմարտությունը. բարեկամական հարաբերություններ զարգացնել ազգերի միջեւ՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի հարգման հիման վրա, ինչպես նաեւ համապատասխան այլ միջոցներ ձեռնարկել համընդհանուր խաղաղության ամրապնդման համար»,- REGNUM լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության եւ «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։ Նա միաժամանակ տարակուսանք է հայտնել այն կապակցությամբ, որ որեւէ մեկն առհասարակ կարող է արհամարհել ՄԱԿ-ի կանոնադրության այդ հիմնարար հոդվածի գերակայությունը։ «Ավաղ, աշխարհի կեսը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մեկնաբանման հարցերում առաջնորդվում է երկակի չափորոշիչներով, քաղաքական իրավիճակով, որի հիմքում ընկած է Հանս Մորգենթաուի տխրահռչակ Real Politic-ի տեսությունը, որով, ցավոք, արդեն ոչ մեկ տասնամյակ առաջնորդվում են աշխարհի առաջատար երկրները։

Հայաստանի դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի հարցում շատ ուժեղ է, եւ իզուր են այն խեղաթյուրելու փորձերը։ Չէ՞ որ դեռ ոչ ոք չի ջնջել ՄԱԿ-ի կանոնադրությունը, կասկածի տակ չի առել դրա 1-ին հոդվածը։ Ինձ չափազանց տարօրինակ են թվում հանրապետությունում տարածված բարբաջանքներն առ այն, թե Հայաստանը, իբր, վնասակար եւ երերուն դիրքորոշում է որդեգրել այս հարցում։ Եվ այստեղ, իմ կարծիքով, Ռուսաստանի, ինչու չէ՝ նաեւ Հայաստանի բարին չկամեցողները խիստ թույլ են։ Բացատրեմ ինչու։

Եվրոպայի խորհրդին կից գործում է Խորհրդակցական մարմին՝ Վենետիկի հանձնաժողովը (նույն՝ իրավունքի միջոցով ժողովրդավարության հասնելու Եվրահանձնաժողովը), որի անդամ է 59 պետություն, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ պետությունները։ 2013թ. ԱՄՆ-ը այդ կազմակերպության մշտական անդամ դառնալու հայտ է ներկայացրել։ Ուրեմն ի՞նչն է խանգարել, մասնավորապես, Եվրոպայի խորհրդին, միջազգային հանրությանը այդ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպության անդամներին պատվիրակել Ուկրաինա, Կիեւ, որպեսզի գնահատի Ուկրաինայի Գերագույն ռադայի գործողությունների եւ որոշումների իրավազորությունը՝ սկսած ընթացիկ տարվա փետրվարի 25-ից։ Համապատասխանե՞լ են դրանք Ուկրաինայի օրենքների ոգուն ու տառին, որքանո՞վ են համապատասխանել Եվրոպայի խորհրդի, որի անդամն է Ուկրաինան, ոգուն եւ ընդունած սկզբունքներին։

Ինչո՞ւ Վենետիկի հանձնաժողովը, որը վերահսկում է անգամ փոքր քաղաքներում եւ ավաններում անցկացվող ընտրությունները, եւ որն այս կամ այն ընտրական գործընթացի լեգիտիմության մասին դասախոսություններ է կարդում եւ խրատներ տալիս հիմնականում հետխորհրդային տարածքի երկրների ղեկավարությանը, չգիտես ինչու ձեռնպահ մնաց Կիեւ գնալուց եւ այդպես էլ իր փորձագիտական գնահատականը չտվեց։ Չէ՞ որ խոսքը նախկին ԽՍՀՄ ամենամեծ երկրներից մեկի մասին է, որտեղ, ըստ էության, տեղի է ունեցել հակասահմանադրական պետական հեղաշրջում։ Որտե՞ղ էր Վենետիկի հանձնաժողովը։ Ինչո՞ւ չփորձեց տեղում պարզել իրավիճակը։ Սա շատ լուրջ ազդանշան է, որ որքան էլ կոպտորեն խախտվեին միջազգային իրավունքի բոլոր նորմերն Ուկրաինայում, սկզբից եւեթ հայտնի էր, որ «ճշմարտությունը» մայդանցիների կողմն է լինելու։

Արդյունքում՝ ոչ մի հեղինակավոր միջազգային կազմակերպություն (իսկ ամենահեղինակավորը սահմանադրական իրավունքի հարցերում հենց Վենետիկի հանձնաժողովն է) այդպես էլ պաշտոնական եզրակացություն չտվեց Ուկրաինայի՝ օրենքով ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից հեռացնելուն»,- ասել է Ա.Գեղամյանը։

Ըստ նրա, ընդհանրությունը Ղրիմի եւ Ղարաբաղի հարցերի միջեւ այն է, որ Լեռնային Ղարաբաղի մարզի անկախությունը հռչակվեց ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ կետի 1-ին հոդվածին լիովին համապատասխան, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Ղրիմում։ «Բայց, ի տարբերություն Ղրիմի, Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը լիովին համապատասխանում էր նաեւ ԽՍՀՄ գործող սահմանադրությանն ու օրենքներին։ Լեռնային Ղարաբաղի (ի դեպ, նաեւ Ղրիմի)՝ օրենքով ընտրված իշխանությունների գործողություններում չկար որեւէ որոշում, որը հակասեր միջազգային իրավունքին։

Կրկնում եմ, Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն հռչակվեց այդ պահին գոյություն ունեցող պետության (ԽՍՀՄ-ի) օրենքներին լիովին համապատասխան։ Ինչ վերաբերում է Ղրիմին, ապա Ուկրաինայի իշխանությունների լեգիտիմությունը 2014թ. փետրվարի 22-ից հետո խիստ վիճելի է, ուրեմն նրանք չէ, որ պետք է դատեն Ղրիմի ընտրությունների օրինականության մասին։

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, մեջբերում կատարեմ պատգամավոր Գրեգոր Գիզիի (ձախերի խմբակցություն, Բունդեստագ, Գերմանիա)՝ Բունդեստագի նիստում ունեցած ելույթից. «Մայդանում ժողովրդավարական շատ ուժեր կային, բայց ֆաշիստներ էլ կային։ Արեւմուտքը դրան ուղղակի եւ անուղղակի մասնակցություն է ունեցել... Հետո եղավ խորհրդարանի (Գերագույն ռադայի) նիստը։ Պատգամավորների 72,88%-ը քվեարկեց նրան (Վ.Յանուկովիչին) նախագահի պաշտոնից հեռացնելու օգտին։ Բայց սահմանադրության մեջ 75% է նշված։ Հետո դուք ասում եք, թե նման հեղափոխության դեպքում կարելի է ուշադրություն չդարձնել այդ մի երկու տոկոսին, կարելի է անել ամեն ինչ...

Բացի դրանից, խորհրդարանում քվեարկության ժամանակ զինված մարդիկ են եղել, ինչը նույնպես այնքան էլ ժողովրդավարական չէ։ Բայց գալիք կիրակի օրը հանրաքվեին (նկատի ունի Ղրիմի հանրաքվեն) արդեն ներկա կլինեն զինված զինվորներ, եւ դա նույնպես այնքան էլ ժողովրդավարական չէ։ Բայց հետաքրքիր է, որ դուք, տիկին կանցլեր, ասում եք, թե նման հանրաքվեն, համաձայն Ուկրաինայի սահմանադրության, արգելված է։ Բայց ե՞րբ է գործում սահմանադրությունը, եւ ե՞րբ՝ ոչ։ Նախագահին պաշտոնազրկելիս այն չի գործում, իսկ հանրաքվեի դեպքում գործում է։ Դուք պարզեք ինքներդ ձեզ համար՝ Ուկրաինայի Սահմանադրությունն ընդունում եք ամբողջապե՞ս, թե՞ միայն մասամբ՝ ինչպես ձեզ հարմար է»։

Ավելի համոզիչ չես ասի։ Մանավանդ որ բոլոր աչք ունեցող փորձագետներն ականատես եղան, որ Ղրիմի անկախության հանրաքվեում տեղի ունեցավ ղրիմցիների ազատ կամարտահայտում։

Այսպիսով, մենք իրավունք ունենք պնդելու, որ Ղրիմի ժողովուրդը, վերստին ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան, հռչակեց իր անկախությունը եւ հայտարարեց հետագայում Ռուսաստանի կազմ մտնելու իր ցանկությունը։ Եթե դա ինչ-որ կասկածներ է առաջացրել միջազգային իրավունքի տեսակետից, ապա ի՞նչը խանգարեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին եւ առհասարակ ԵԱՀԿ-ին Ղրիմ ուղարկել դիտորդների ներկայացուցչական առաքելություն հանրաքվեի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար։ Չէ՞ որ Ղրիմի Գերագույն ռադան նրանց պաշտոնական հրավեր ուղարկել էր։

Այնպես որ, այստեղ եւս նրանց դիրքորոշումները, ովքեր վիճարկում են Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օրինականությունը, խիստ անհամոզիչ են։ Անհասկանալի է նաեւ մեկ այլ բան. ինչո՞ւ են նման քամահրանքով վերաբերվում Ղրիմի ժողովրդին, կասկածի տակ դնում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին նրանց տված 96% ձայները։ Եվ սա՝ հանրաքվեի օրը տիրող ազատ տեղաշարժի եւ կամարտահայտման պարագայում։

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչը նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները համարում է բացառապես կշռադատված, ճիշտ եւ երկրի ազգային անվտանգության շահերին համապատասխանող։ «Գաղտնիք չէ, որ Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո ՆԱՏՕ-ն ամրապնդելու է իր ներկայությունը սեւծովյան ավազանի ողջ պարագծում՝ հույսն, առաջին հերթին, դնելով Թուրքիայի վրա։ Առանց այդ էլ Թուրքիայի Սեւծովյան նավատորմը գերազանցում է Ռուսաստանի՝ Սեւ ծովում տեղակայված ռազմածովային ուժերը։

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի հանդեպ վարվող լկտի քաղաքականությունը զսպող միակ գործոնը Սեւծովյան շրջանում «Մոսկվա» հրթիռահածանավն է, որի մարտական հզորությունը, իհարկե, կարող է սառեցնել ցանկացած արեւմտյան ստրատեգների տաք գլուխները։ Եվ այդ պայմաններում Թուրքիայի ուժեղացումը տեղի կունենա ոչ այնքան Սեւ ծովի շրջանում, որքան Կովկասում՝ նեցուկ ունենալով արդեն առկա հենակետը՝ հանձին Ադրբեջանի, որի միջոցով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերը թուլացնելու փորձեր կձեռնարկվեն։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ Հայաստանը, խոցելի լինի։ Եվ եթե այս պայմաններում Հայաստանը Ղրիմի վերաբերյալ հստակ դիրքորոշում չարտահայտեր, ապա դա, ինձ համար, առնվազն տարօրինակ կլիներ։

Դրան զուգընթաց, Հայաստանը հերթական անգամ հաստատեց Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու մտադրության մասին՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հարցերի, իր ինստիտուցիոնալ բազան արդիականացնելու մասով։ Եթե ուզում եք, սա մեր եվրոպացի գործընկերների անկեղծությունն ստուգելու ինքնատիպ տեստ է։ Չէ՞ որ դեռ 2013թ. նոյեմբերի 29-ին, Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի ընթացքում, երբ Հայաստանը դրանից երկուսուկես ամիս առաջ արդեն Մաքսային միություն մտնելու ցանկություն էր հայտնել, Երեւանն առաջարկել էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Բայց այն ժամանակ մեզ մերժեցին։ Բայց չեն մերժել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնց լեգիտիմությունը խիստ հարցականի տակ է։ Այս հաշվով եզրահանգումները թողնենք ընթերցողներին»,- նշել է Ա.Գեղամյանը։

«ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար հոդվածները գերակա են ՄԱԿ-ի անդամ պետությունների օրենքների հանդեպ։ Սա՝ մեկ։

Երկրորդ. երբ օրակարգում սուր դրված է քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն այն պայմաններում, երբ Ուկրաինայի գործող իշխանությունը չի ապահովում երկրի շրջաններում սահմանադրության նորմերի պահպանումը, ապա այն մասին խոսելը, թե իբր ղրիմցիները չեն հետեւում օրենքներին, չափից ավելի միամիտ կլիներ։ Իսկ մենք ձեզ հետ միասին կդառնայինք ջահելների ապօրինությունների վկաները, որոնք ծեծում են Գերագույն ռադայի պատգամավորներին կամ էլ ավտոմատով սպառնալով՝ ստիպում են «Բերկուտի» մարտիկներին երդում տալ զինված մայդանականներին։

Ո՞ւմ վրա հույս դնել այս պայմաններում։ «Աջ սեկտորի՞», Գերագույն ռադայի պարտադրված նոր ղեկավարությա՞ն, թե՞ Ղրիմի քաղաքացիների ինքնագիտակցության։ Կարծում եմ, այս հարցերի պատասխանը միանշանակ է»։

Ներկայումս, ցավոք, մեծ տերությունները հեռացել են գլոբալ շահերի ընդհանրության սկզբունքից, տեղի է ունեցել հեռացում գլոբալ համաշխարհային օրակարգից։

   Իսկ այդ նույն Ուկրաինայում գլոբալ օրակարգը «Ուկրաինան եւ աշխարհը փոփոխությունների դարաշրջանում. հաջողության գործոնները» 10-րդ ամենամյա հանդիպման ժամանակ (2013թ. սեպտեմբեր, Ղրիմ, Լիվադիայի պալատ) նշեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը։ Նա հայտարարեց, որ արդիականության գլոբալ մարտահրավերները հարկ է հաղթահարել միասին։ Նշելով օրակարգը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաեւ ասաց. «Մենք կարող ենք որեւէ տեղ չշարժվել, կարող ենք առաջ ընթանալ, որպեսզի շահեն բոլոր կողմերը, եւ մենք կարող ենք աշխատել թույլ օղակի վրա, որպեսզի ամրացնենք ամբողջ շղթան»։ Նա նշեց ինչպես Ամերիկայի եւ Կանադայի, այնպես էլ ԵԱՀԿ ողջ տարածքի առջեւ կանգնած գլխավոր հարցերը։ «Մենք պետք է վերստին նստենք եւ նորովի որոշենք անվտանգությունը եւ դեմոկրատիան այսօր՝ տարածաշրջանային ընկերակցության տեսակետից, տեսնենք, թե ինչ դժվարություններ եւ մարտահրավերներ կան»։

   Այնուհետեւ նա նշեց միջազգային ահաբեկչության, մթերքների եւ բնական պաշարների անբավարարության, կլիմայի փոփոխության, թրաֆիքինգի եւ շատ այլ բաների մասին։ «Իսկապես, եթե խորհենք արդի աշխարհի գլոբալ խնդիրների մասին, որոնք համակարգել է Համաշխարհային տնտեսական համաժողովը (World Economic Forum), այն է՝ տնտեսական, էկոլոգիական, սոցիալական, աշխարհաքաղաքական հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունն ազդում է մեր մոլորակի գոյության անվտանգության վրա, ապա ահա այսպիսին է այն՝ գլոբալ օրակարգը։

   Իսկ այսօր, հեռանալով մարդկությանը հուզող կենսական խնդիրներից, համաշխարհային տերությունների առաջնորդների ուշադրությունը բեւեռվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քննարկմանը։ Բայց մի՞թե պատժամիջոցներ մտցնելը կարող է լուծել մարդկության առջեւ ծառացած խնդիրներից գեթ մեկը»,- հարց է տալիս Արտաշես Գեղամյանը՝ անմիջապես էլ տալով պատասխանը. «Իհարկե՝ ոչ, եւ պատժամիջոցների հարցը հորինված է։ Հայաստանը՝ որպես երկիր, որը կարող է կամուրջ հանդիսանալ Ռուսաստանի եւ Եվրամիության ու ԱՄՆ-ի միջեւ, աշխարհի առաջատար երկրների ուշադրությունը կհրավիրի այդ գլոբալ հարցերի լուծման վրա, ինչը կպահանջի միավորել բոլոր երկրների եւ ժողովուրդների ջանքերը, եւ դա կանի անհապաղ։ Քանի որ չափազանց բարդ միջազգային հարաբերությունների պայմաններում մեծ է լոկալ պատերազմների ծագման հավանականությունը։

   Այսպես. բոլորովին վերջերս՝ մարտի 20-ին, Իլհամ Ալիեւը մահմեդական Նովրուզի տոնի առիթով շնորհավորական ելույթում ասել է. «Հայաստանը ֆաշիստական պետություն է։ Նրանց ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմն է, խտրականությունը, նացիոնալիզմը»։ Նա անգամ այնտեղ հասավ, որ ասաց. «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ ներկայիս Հայաստանի զգալի մասը հին ադրբեջանական հողեր են»։

Նրա ռազմատենչ խոսքից պարզ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որքան ցինիկ պետք է լինի քաղաքական գործիչը, որի երկրում՝ Սումգաիթում եւ Բաքվում, հնարավոր է եղել իրականացնել հարյուրավոր հայերի սպանդը ադրբեջանցի ֆաշիստ լակոտների կողմից, որի երկրում հերոսացնում են հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Հայաստանը ֆաշիստական պետության հետ համեմատելու համար։ Սա ուղղակի մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին, այլեւ ողջ միջազգային հանրությանը, այդ նույն Եվրամիությանը։ Մի՞թե Եվրամիությունը Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պատրաստակամություն կհայտներ այն Հայաստանի հետ, որին Ադրբեջանի սուլթանը ֆաշիստական պետություն է հայտարարում։

Կրկնում եմ, այժմ, երբ համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի վրա, Ադրբեջանն այս թոհուբոհի մեջ հող է նախապատրաստում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծով եւ Հայաստանի հետ սահմանի ողջ պարագծով հարձակման անցնելու համար։ Ալիեւը թերեւս հույս ունի մարտական գործողություններ սկսել, որոնք կարող են «աննկատ մնալ» ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, որովհետեւ այդ գործողությունների հետեւում, որոնք կսանձազերծի Ադրբեջանը, անշուշտ, կանգնած կլինի Թուրքիան։ Իսկ Թուրքիայի, այսպես ասած՝ ավելի լեգալացված ձեւով Հարավային Կովկաս ներթափանցելը լիովին ներգրվում է ՆԱՏՕ-ի ստրատեգների հնարավոր մտահղացումներում։

«Ռազմական բյուջեն, մարտական պատրաստվածությունը հիմնական դերը կխաղան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում». սա մեջբերում է պարոն Ալիեւի նույն ելույթից, որն ուղղակի խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների։ Նա արհամարհում եւ առհասարակ բանի տեղ չի դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների առաջնորդների՝ վերջին հինգ տարիներին հինգ անգամ արած հայտարարությունները»։

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը միջազգային իրավունքի տեսակետից անսասան է։ «Եթե այդպես չլիներ, Ալիեւը ռազմական բյուջեի ու, իբր, ադրբեջանական բանակի բարձր պատրաստվածության վրա հաշվարկ չէր անի։ Այլ բան է, որ Ադրբեջանի կողմից արձակված առաջին կրակոցի հետ Հայաստանն անհապաղ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Ուզում եմ հուսալ, որ Ռուսաստանը եւս նույն կերպ կվարվի, քանի որ, հակառակ պարագայում, հարկ չկա կասկածելու, որ հայ-իրանական սահմանին, Իրանի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին կհայտնվեն թուրքական զորքերը, որոնք արդեն հիմա Նախիջեւանի կողմից առաջ են քաշվել դեպի ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմի այդ հատվածը։

Բայց հիմա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելը ռազմավարական առումով ճիշտ չէր լինի։ Լեռնային Ղարաբաղն առանց այդ էլ դե ֆակտո անկախ պետություն է»։

Վերադառնալով Ղրիմի շուրջ իրադարձություններին՝ Արտաշես Գեղամյանն ասաց. «Տառացիորեն մի քանի օր առաջ պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռակա դիմեց Փարաջանովի մասին պատմող ֆիլմի համառեժիսոր տիկին Ֆետիսովային (որը հրաժարվել էր գալ Հայաստան Ղրիմի հարցում մեր ունեցած դիրքորոշման պատճառով), իսկ նրա միջոցով՝ ողջ ուկրաինական ժողովրդին՝ կրկին ընդգծելով, որ ուկրաինացի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդն է բազում դարեր ի վեր։ Եվ եթե ինչ-որ իրադարձություններ մենք տարբեր կերպ ենք մեկնաբանում, դա որեւէ կերպ չի փոխում մեր վերաբերմունքն ուկրաինացի ժողովրդի հանդեպ։

Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ապա որեւէ պատճառ չեմ տեսնում, որով Հայաստանը պետք է ջանար դուր գալ Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, որոնց լեգիտիմությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Եվ քանի որ մենք նոր աշխարհակարգի կայացման վկաներն ենք, ապա, բնականաբար, տարբեր երկրների շահերը միշտ չէ, որ կհամընկնեն։ Հայաստանի նախագահի դիրքորոշումը սույն պայմաններում բացարձակապես կշռադատված է, կառուցողական եւ ուղղված է իրադրության արհեստական թեժացման կանխմանը»,- կարծում է Ա.Գեղամյանը։

Վերջում հայ խորհրդարանականն անդրադարձավ ողջ աշխարհում տեղի ունեցող մի ամբողջ շարք գործընթացների, որոնք հստակ ցույց են տալիս ժողովուրդների ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ինչը մոլորակի առաջատար երկրների կողմից, ցավոք, հաճախ ընտրողաբար է ընդունվում։ «Վենետիկում եւ Վենետո մարզում ավարտվել է Վենետիկի հանրապետության ստեղծման եւ Իտալիայից անջատվելու քվեարկությունը, ս.թ. սեպտեմբերին Շոտլանդիայում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից անջատվելու համապատասխան հանրաքվե։ Մի քանի տարի առաջ համանման գործընթացների ականատեսը դարձանք կանադական Քվեբեկ նահանգում, իսպանական Կատալոնիայում։

Երկու ամիս առաջ Քրդստանի՝ բոլորի կողմից ընդունված առաջնորդ Աբդուլա Օջալանը նամակով դիմեց հայ ժողովրդին, որում հերթական անգամ հաստատեց, որ անցած հարյուրամյակի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը ծրագրված գործողություն էր։ «Մեծ հրաշք է, որ ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը, կրելով այդ ողբերգության ողջ ծանրությունը, կարողացավ գոյատեւել եւ պահպանվել մինչեւ մեր օրերը։ Անկասկած, այդ հրաշքը բազմաչարչար հայ ժողովրդի ջանքերի եւ պայքարի արդյունքն է։ Մեր օրերում անհրաժեշտ է, որպեսզի ողջ աշխարհը նայի հայ ժողովրդի պատմական իրականությանը՝ ցավակցելով նրան, եւ օգնի մխիթարվել։ Թուրքիայի Հանրապետությունը, անշուշտ, պետք է հասունություն ցուցաբերի եւ նայի իր պատմության ցավոտ էջերին»,- ասում է ցմահ բանտարկության դատապարտված Օջալանը, որը լիովին գիտակցում է, որ Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Ուկրաինայում, Հարավային Սուդանում եւ Արեւելյան Թիմորում ընթացող ժողովուրդների ինքնորոշման գործընթացների շրջանակներում է, որ վաղ թե ուշ ստեղծվելու է նաեւ անկախ Քրդստանը։ Այդ պետության կորիզը կդառնա Հյուսիսային Իրաքի ինքնորոշված մասը, ինչպես նաեւ այսօրվա Թուրքիայի հիմնականում քրդաբնակ հարավային եւ հարավարեւելյան շրջանները»,- ամփոփել է քաղաքական գործիչը։

Հարցազրույցն Արտաշես Գեղամյանն ավարտեց 2014թ. մարտի 19-ի New York Times-ի խմբագրական հոդվածից բավական հետաքրքիր մեջբերում անելով. «...Մենք (ԱՄՆ-ը- հեղ.) սկսեցինք ռմբակոծել բոլորին, ովքեր գոնե ինչ-որ բանում չէին համաձայնում մեզ հետ, մենք թքեցինք միջազգային օրենքների վրա՝ այնքան իջնելով, որ հրապարակավ ստում էինք ՄԱԿ ԱԽ-ում, մենք մեր ցանկությամբ ձեւեցինք աշխարհի քարտեզը, մենք մեզնից վանեցինք մեր եվրոպացի դաշնակիցներին, մենք ինքներս ճգնաժամ ստեղծեցինք, որը քայքայեց համաշխարհային տնտեսությունը...

Եվ վրա հասավ 2014 թվականը։ Ռուսաստանը հեշտ ու հանգիստ իրեն միացրեց Ղրիմը... Եվ մենք ՈՉԻՆՉ չկարողացանք անել։ Ընդհանրապե՛ս։ Քանի որ արդեն չկային մեր գերիշխանության երեք բաղադրիչներն անհրաժեշտ ծավալով՝ միջազգային հեղինակությունը, ֆինանսական հզորությունը, բանակը, որը պատրաստ կլիներ կռվել մեր աշխարհաքաղաքական շահերի համար»։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր