ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, պայքար է Արևմուտքի երկրների կենսամակարդակի պահպանման համար
04.03.2014, Հայոց աշխարհ
Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը «ԿավՊոլիտ»-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչ ուժեր են կանգնած Ուկրաինայում տեղի ունեցող պետական հեղաշրջման և այդ երկրի արդեն սկսված փլուզման հետևում, ինչպես նաև խոսել է իրավիճակի զարգացման հնարավոր ուղիների մասին։
- Արտաշես Մամիկոնովիչ, ինչպե՞ս կանվանեիք այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։
- Եթե անկեղծ ասեմ, նման մի բան ես սպասում էի 2015-ից ոչ շուտ, այսինքն՝ Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունների նախօրեին։ Բայց այնպես դասավորվեց, որ 2013թ. նոյեմբերի 29-ի վիլնյուսյան գագաթաժողովից հետո, երբ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց Ասոցիատիվ համաձայնագիրն «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, Ուկրաինայում սկսվեցին իրադարձություններ, որոնք դարձան այն, ինչ ունենք այսօր։
Ի՞նչ կարելի է ասել այդ մասին։ Պարզապես միամտություն կլիներ այդ ընդվզումների պոռթկումը կապել այն բանի հետ, որ Յանուկովիչը հրաժարվեց ստորագրել Ասոցիատիվ համաձայնագիրը։ Դա լոկ առիթ էր։ Ինչից հետո շատ փայլուն կերպով գործի դրվեցին այն ուժերը, որոնք տարիներ շարունակ պատրաստվում էին պետական հեղաշրջման Ուկրաինայում։
Եթե ուշադիր հետևենք իրադարձությունների ժամանակագրությանը և այն տեխնոլոգիաներին, որոնք այնտեղ գործադրվում են, ակամա մտաբերում ենք հանրահայտ գիտական աշխատությունները։ Մասնավորապես՝ Էդվարդ Լյութվակի «Պետական հեղաշրջում։ Գործնական ձեռնարկ» աշխատությունը (http://alternatio.org/articles/library/item/3478-государственный-переворот-практическое-пособие), որը նա գրել է դեռ 1968թ.։
Տեղի ունեցավ այն, ինչ գրված է այնտեղ. բնակչության որ շերտերի, ազդեցության ինչ լծակների միջոցով պետք է գործել, տեղեկատվական ինչ պղպղջակներ պետք է բաց թողնել և ինչպես այդ սին պղպջակները դարձնել բնակչության լայն շերտերի սեփականությունը, իսկ հետո ինչպես այդ բաց թողնված պղպջակների օգտագործմամբ պայթեցնել պետականության հիմքերը։
Մտաբերում եմ նաև ավերման այն տեխնոլոգիան, որը ժամանակին նկարագրել է Ջոզեֆ Օվերթոնը։ Ի պատիվ նրա՝ այդ տեխնոլոգիան կրում է «Օվերթոնի պատուհան» անվանումը (http://ru.wikipedia.org/wiki/Окно_Овертона)։ Այս տեխնոլոգիայի էությունն այն է, որ խռովարար մտքերը, որոնք նորմալ պետությունում, նորմալ պայմաններում, իրենց ծագման պահից ևեթ, դրանք կրողների հետ մեկտեղ, իսպառ դեն կնետվեին, աստիճանաբար դարձվում են հասարակության քննարկման առարկա։ Դա տեղի է ունենում մտքի ազատության, ժողովրդավարության ազատության քողի ներքո։ Հենց որ դա դառնում է քննարկման առարկա, ի հայտ են գալիս մարդիկ, որոնք համոզված ասում են, թե չարժե ապրել միջնադարում, որ այդ խռովարարությունը շատ հրատապ է և արդիական։ Արդյունքում՝ նա, ով այնքան էլ խորագիտակ չէ այդ տեխնոլոգիաների հարցում, ինքն էլ հենց ուզում է զիլ ու ժամանակակից երևալ։ Եվ ահա նա արդեն բանավեճի մեջ է մտնում այդ, պայմանականորեն ասենք՝ ռասիստական, նացիստական կամ ֆաշիստական գաղափարի պլյուսների և մինուսների շուրջ։
Եվ բանը հասնում է այնտեղ, որ, օրինակ, Լվովում հոգևորականը բացահայտ կոչ է անում. «Մահ ջհուդներին, մահ մոսկալներին ու բոլոր նրանց, ովքեր «զապադենեց» չեն։
- Եվ արդյունքում նոր միջնադար է ստացվում։
- Իրավացի եք՝ նոր միջնադար։ Եվ այդ նոր միջնադարը, ելնելով այն ձևի գրավչությունից, որով մատուցվում է բնակչությանը, դառնում է մի տեսակ նորմալ և սովորական երևույթ։ Եվ ֆաշիստներից այդ նույն Արևմտյան Ուկրաինան ազատագրած խորհրդային զինվորների, ռուս զինվորների (որոնք հիմա «օկուպանտ» են դարձել) տասնյակ հազարավոր շիրիմները պղծվում են։
Իսկ բանդերականները, որոնք վերմախտի հետ միասին պայքարում էին Խորհրդային բանակի դեմ և հեղել են այդ նույն ուկրաինացիների արյունը, հերոսներ են հռչակվում։ Բայց չէ՞ որ նրանք ագրեսիվ փոքրամասնությունն են կազմում։ Նրանք միշտ քարոզել են այն գաղափարները, որոնք խորթ են Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությանը։ Եվ այդ գաղափարների կրողները հանկարծ վերաորակավորվել են՝ դառնալով դեմոկրատիայի, ազատության ու եվրաարժեքների ջատագովներ։ Եվ Արևմուտքն էլ անմիջապես սատարեց նրանց։
Այսպիսով, հանկարծ ժողովրդավարության սերմանող դարձավ ուլտրաաջ նացիոնալիստ, իսկ ըստ էության՝ նացիստ Դմիտրի Յարոշը։ Նա չի թաքցնում իր համոզմունքները, ի լուր ամենքի խոսում է դրանց մասին, ընդ որում՝ ուշադրություն դարձրեք մի հետաքրքիր երևույթի. երբ արևմտյան ԶԼՄ-ները նրան հարցնում են ինչ-որ բանի մասին, նա խոսում է ուկրաիներեն, բայց ռուսական պարբերականների համար նա միտումնավոր պատասխանում է ռուսերեն, որպեսզի նրանք հանկարծ որևէ բան չշփոթեն իր բացահայտ ֆաշիստական տերմինաբանության մեջ։ Այո, նրա գաղափարախոսությունը սովորական ֆաշիզմ է, ինչպես Միխայիլ Ռոմի ֆիլմում։ Բայց Արևմուտքի համար տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ դեմոկրատիայի գաղափարները, եվրաարժեքներն Ուկրաինայում ֆաշիստն է պաշտպանում։ Չէ՞ որ նրանք հաշտվել են այն մտքին, որ Հյուսիսային Աֆրիկայում և Սիրիայում իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծում են արմատական իսլամիստները, «Ալ-Քաիդայի» զինյալները։ Այո, այնտեղ իսլամական արմատականներն են, Ուկրաինայում՝ «Աջ սեկտորի» ուլտրանացիոնալիստները։ Տեխնոլոգիաները նույնն են։
- Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կզարգանա իրավիճակն Ուկրաինայում։
- Եթե խոսելու լինենք ըստ էության, ապա ուկրաինական պետականությունը ժամանակի ընթացքում կգլորվի անդունդ։ Համաձայն Ուկրաինայի Կենտրոնական բանկի ժամանակավոր կառավարչի հրապարակած թվերի՝ վերջին երկու ամսում Ուկրաինայի ոսկու-արտարժույթի պաշարները կրճատվել են՝ 17.5 մլրդ դոլարից հասնելով 15 մլրդ-ի։ Գրիվնան արժեզրկվում է։ Ուկրաինայի ազգային արժույթի արժեզրկումն անխուսափելիորեն կհանգեցնի ինֆլյացիայի և գնաճի։ Եթե գնաճի հետևից չհասցնի բարձրանալ աշխատավարձը, ապա դա կհանգեցնի բնակչության զգալի մասի կենսամակարդակի կտրուկ անկման։ Եվ այս ամենին դեռ պետք է ավելացնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, որոնք չկատարելու դեպքում Ուկրաինայի «առատաձեռն» անդրօվկիանոսյան հովանավորները վարկային գիծ չեն բացի։ Իսկ եթե ընդունվեն խնայողության խստագույն այն միջոցառումները, որոնք պահանջում է ԱՄՀ-ն, այսինքն՝ փակվեն սոցիալական ծրագրերը, բարձրանան Ուկրաինայում սպառվող գազի սպառողական գները, ապա այդ ամենը վերջնարդյունքում կհանգեցնի հիպերինֆլյացիայի, իսկ հետո՝ դեֆոլտի։
Որովհետև Ազգային բանկի ոսկու-արտարժույթի 15 միլիարդ դոլարանոց պահուստը Ուկրաինայի 75 միլիարդանոց պետական պարտքի համեմատ՝ ոչինչ է։ Մայդանի պատճառով Արևմտյան Ուկրաինայի ամբողջ տնտեսությունը կաթվածահար է եղել, թեև այնտեղ առանձնապես տնտեսություն էլ չկար։ Արևելյան և հարավարևելյան շրջանները, որոնք ուկրաինական պետության տնտեսական լոկոմոտիվներն են, նույնպես երերում են։ Այս պայմաններում, բնական է, ոչ մի ներդրող փող չի ներդնի, ոչ մի խոշոր առևտրային գործընկեր ժամանակից շուտ տնտեսական որևէ համաձայնագիր չի կնքի, քանզի մեծ է դրանց ռիսկայնությունը։
Այս պայմաններում մենք կդառնանք Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կաթվածի վկաները։ Դա անխուսափելի է՝ ուզում ենք մենք դա, թե ոչ։ Այն շրջանները, որոնք ինքնաբավ են, բնականաբար, չեն ցանկանա իրենց բնակչության կենսամակարդակի իջեցման հաշվին ֆինանսավորել Արևմտյան Ուկրաինան։ Այսպիսով, տեղի կունենա, մեղմ ասած՝ Ուկրաինայի հետագա ֆեդերալացում։
Դա, բնականաբար, դուր չի գա համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոններին։ Չէ՞ որ Մայդանը մտահղացվեց Արևմուտքի համար մի շատ կարևոր պատճառով, որը դեմոկրատացման հետ ոչ մի կապ չունի։ 2008թ. սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց գլոբալ ֆինանսատնտեսական համակարգի ողջ անկայունությունը։ Տառացիորեն հաշված օրերի ընթացքում տապալվեցին ֆինանսական հիմնասյուները։ Հիշենք թեկուզ ֆինանսական կոնգլոմերատների՝ ամերիկյան Fannie Mae և Freddie Mac հիփոթեքային գործակալությունների սնանկացումը։ Բավական է ասել, որ մինչև ճգնաժամը Fannie Mae-ն ֆինանսավորում էր ԱՄՆ հիփոթեքային բոլոր վարկերի ավելի քան 20%-ը։ Էլ չեմ ասում ամերիկյան Lehman Brothers Holdings, Inc ներդրումային բանկի սնանկացման մասին, որը մինչ այդ աշխարհի առաջատար ֆինանսական կոնգլոմերատներից մեկն էր։ Եվ դա Արևմուտքի գեոտնտեսագետներին դրդել է խորապես վերլուծել այն իրավիճակը, որն ստեղծվել է համաշխարհային ֆինանսական համակարգում։ Եզրահանգումը բավական պարզ է. Արևմուտքը սպառում է ավելի, քան ունի։ Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համախառն ներքին արտադրանքը 15-20%-ով ցածր է այդ երկրներում սպառման մակարդակից։ ԱՄՆ-ը, օրինակ, արտադրում է համաշխարհային ՀՆԱ 20-22, սպառում է 35-40%-ը։ Սպառման այդ ավելցուկը լրացվում է Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) «հարվածային աշխատանքով», որը ժամանակ առ ժամանակ, մեկ տրիլիոն դոլարով ԱՄՆ արտաքին պարտքի շեմը բարձրացնելու վերաբերյալ ներքաղաքական լուրջ սակարկություններից հետո, միացնում է տպագրասարքը։ Հետո տպվում է ևս մեկ տրիլիոն դոլար...
Ավելի համեստ ծավալներով նույնն անում է նաև Եվրոպական Կենտրոնական բանկը, այսինքն՝ նման գործընթացներ տեղի են ունենում նաև Եվրամիության երկրներում։ Որպեսզի ասածս ավելի պատկերավոր լինի, բերեմ տվյալներ Արևմուտքի առաջատար երկրների պետական պարտքի մասին՝ 2012թ. վերջի դրությամբ. Ճապոնիա՝ ՀՆԱ 237,9%, Իռլանդիա՝ 117%, ԱՄՆ՝ 106,5%, Իտալիա՝ 127%, Հունաստան՝ 158,5%, Պորտուգալիա՝ 123%։ Անգամ Եվրամիության լոկոմոտիվ երկրներից մեկում՝ Գերմանիայում, այն հասել է մինչև 82%-ի, իսկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում՝ 90,3-ական տոկոսի։ Այս թվերը պետք է խորհել տային, առաջին հերթին, Ուկրաինայի այդ անխոնջ եվրալավատեսներին։ Եվրամիությունն ի վիճակի չեղավ փրկելու Հունաստանի և Կիպրոսի տնտեսությունը, Պորտուգալիայում, Իսպանիայում, անգամ Իտալիայում տնտեսական ու ֆինանսական գործերն այնքան էլ լավ վիճակում չեն։
- Իռլանդիան նույնպես ստիպված էր մենակ հաղթահարել այդ վիճակը։
- Այո, ճիշտ է, Իռլանդիան առաջին ծիծեռնակն էր։ Ուկրաինական հասարակության մասնատվածության և չափից ավելի անկայունության պայմաններում Ուկրաինան, իհարկե, համաշխարհային քաղաքականության ուժի այն կենտրոններից, որոնք ուղղորդում էին Մայդանի գործողությունները, լուրջ օգնություն չի ստանա։ Այժմ ուկրաինական պետականության և քաղաքացիական ազգի միակ փրկությունն այն կլինի, որ Ղրիմի հիմքի վրա ստեղծվի ապագա Ուկրաինայի այն մոդելը, որը վարակիչ կդառնա նաև երկրի արևմտյան շրջանների համար։ Շատ կարևոր է, որ Ղրիմը ցուցաբերի կայունություն, իսկական հավատարմություն դեմոկրատիային, և որ գլխավորն է՝ պետական և տնտեսական ինստիտուտների հստակ, ներդաշնակ ու դինամիկ աշխատանք։ Նույնը վերաբերում է Խարկովին, Դոնեցկին, Լուգանսկին և մյուս շրջաններին, որոնք կցանկանան միանալ այդ մոդելին։ Այստեղ հարկ է նշել, որ Ուկրաինայում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ժամանակակից ամերիկյան ստրատեգ, աշխարհաքաղաքագետ և դիվանագետ Սթիվեն Մանի «Քաոսի տեսությունը և ռազմավարական մտածողությունը» (http://spkurdyumov.ru/what/mann/2/) դասական աշխատության առանձին դրույթների գործնական փորձարկման ինքնատիպ դրսևորումներն են։
Եթե ստեղծված իրողությանը, սերմանվող քաոսի պայմաններում, կարողանան հակադրել աշխատող Ուկրաինա, որը կկարողանա արտաքին աշխարհի հետ համագործակցությամբ ստեղծել նորմալ պայմաններ իր քաղաքացիների համար, այդ ժամանակ կարելի է հուսալ, որ իրավիճակն արմատապես կփոխվի։
Չէ՞ որ Մայդանը մտահղացվել է այն բանի համար, որպեսզի թույլ չտրվի Ուկրաինայի մերձեցումը Ռուսաստանի հետ, առավել ևս՝ Ուկրաինայի մուտքը Մաքսային միություն։ Այս վարկածը բավական միանշանակ հաստատել է «ռեյգոնոմիկայի հայրերից» մեկը՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում ԱՄՆ ֆինանսների նախարարի տնտեսական քաղաքականության գծով նախկին օգնական, “The Washington Times” թերթի մշտական սյունակագիր Փոլ Կրեյգ Ռոբերտսը։ «Բողոքներն Արևմտյան Ուկրաինայում կազմակերպվել են ԿՀՎ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի, ինչպես նաև Վաշինգտոնից և Եվրամիությունից ֆինանսավորվող ոչկառավարական կազմակերպությունների կողմից, որոնք աշխատում են ԿՀՎ-ի և Պետդեպարտամենտի հետ,- գրում է Փոլ Կրեյգ Ռոբերտսը։- Բողոքների նպատակն է վերացնել Ուկրաինայի անկախ կառավարության՝ ԵՄ-ին չմիանալու որոշումը» (http://www.paulcraigroberts.org/2014/02/12/washington-orchestrated-protests-destabilizing-ukraine/)։
Արևմուտքի վերոնշյալ տնտեսական խնդիրների լուծման միջոցներից մեկը քաոսի լայն գոտիների ստեղծումն է։ Այդ գոտիներից կապիտալն անխուսափելիորեն փախչում է դեպի կայուն երկրներ։ Մենք արդեն ականատեսն ենք շատ երկրներից դեպի ԱՄՆ և Եվրամիություն կապիտալի հետադարձ հոսքի։ Մաքսային միությունը լիովին կարող է այլընտրանք դառնալ։ Բնական է, որ համաշխարհային քաղաքականության արևմտյան ուժի կենտրոններին խիստ տագնապեցնում է կայուն գլոբալ տնտեսական համակարգերի ստեղծման հնարավորությունը, որոնք հետագայում կարող են լուրջ մրցակցություն ցուցաբերել Արևմուտքին։ Այս երկյուղներով է մեծ մասամբ բացատրվում արևմտյան ստրատեգների առաջադրած խնդիրը՝ ցանկացած գնով թույլ չտալ, որ Ուկրաինան մտնի Մաքսային միություն։ Եվ օլիգարխիայի դիկտատուրայից դեմոկրատիայի անցման հարմար պատրվակով էլ կազմակերպեցին Եվրամայդանը։ Իսկ այն, որ Եվրամայդանը ֆինանսավորվում է օլիգարխների մեկ այլ խմբի կողմից, հաշիվ չէ՝ «շան տղան մերն է» հայտնի անալոգիայով։ Միևնույն ժամանակ նշենք, որ այստեղ ևս գործնական կիրառություն ստացան վերլուծաբանների՝ «իշխանության ոչբռնի զավթման» վերաբերյալ աշխատությունները, որոնք դեռևս մեկ տասնամյակ առաջ որդեգրել էին Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» գաղափարախոսները։ Դուք հավանաբար գլխի ընկաք, որ խոսքն Ալբերտ Էյնշտեյնի անվան ինստիտուտի (ԱՄՆ) պրոֆեսոր Ջին Շարփի «Դիկտատուրայից դեպի դեմոկրատիա» (http://www.aeinstein.org/wp-content/uploads/2013/10/FDTD_Russian.pdf) քաղաքական բեսթսելերի մասին է։
Բնավ պատահական չէ, որ հիշատակում եմ այն «տեսական հիմքերը», որոնց վրա հենվում է Ուկրաինայում պետական հեղաշրջման իրականացման մեխանիզմը։ Այո, բնակչության լայն շերտերի դժգոհությունը գործող օլիգարխիկ իշխանությունից ակնհայտ էր։ Բայց Ուկրաինայի պարագայում զանգվածների ինքնաբուխ դժգոհությունը հմտորեն հարմարեցվեց պետական հեղաշրջումների մասին վերոնշյալ դասագրքերում շարադրված սցենարներին։ Եվ իհարկե, իմաստ չունի խելացնորության աստիճանի միամիտ լինել՝ կարծելու համար, թե Կիևի Եվրամայդանի հեղափոխական փնտրտուքների հեղինակներն Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներն են, առավել ևս՝ իմաստ չունի խոսել «Աջ սեկտորի» ուլտրանացիոնալիստ առաջնորդների մասին։
- Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին։
- Հայաստանին նույնպես փորձում են թույլ չտալ Մաքսային միություն մտնել։ Որովհետև արևմտյան ստրատեգները քաջ տեղյակ են, որ ավելի քան 400 մլն բնակչություն ունեցող տնտեսական ընկերակցությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ ինքնաբավ աշխարհատնտեսական կենտրոններ։ Մաքսային միություն մտնելու շահագրգռություն հայտնել են Իսրայելը, Վիետնամը, Սիրիան, Թուրքիան։ Այդ մասին մտածում են նաև այլ երկրներ։ Մաքսային միությունում միավորվելուց հետո նրանք իրենց ողջ առևտուրն անպայման վարելու են իրենց երկրների կամ էլ միասնական արժույթով։ Դա նվազագույնի կհասցնի ԴՊՀ-ի կամ Եվրոպական Կենտրոնական բանկի տպագրական մեքենայի հնարավորությունները։
Միջազգային քաղաքականության ներկայիս սրացումն ամենևին էլ վրիժառություն չէ Ռուսաստանից Սիրիայի համար։ Դա արևմտյան աշխարհի գոյապայքարն է։ Գոյապայքար ասելով նկատի ունեմ այն կենսամակարդակի պահպանումը, որն այսօր կա ԱՄՆ-ում և Եվրամիությունում։ Արևմտյան քաղաքական գործիչներն այնպես են վախենում կենսամակարդակի իջեցումից, ինչպես սատանան՝ խունկից։ Դրա համար էլ ամբողջ ուժով փորձում են գոնե պահպանել այն։
Զրուցեց Անտոն Կրիլովը