ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆՇՐՋԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԿԴԱՌՆԱ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

28.11-29.11.2013, Հայոց աշխարհ

29.11-03.12.2013, Իրավունք

Անկախության անցած 22 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանում այսքան մեծ լիներ սպասելիքը ոչ միայն Ռուսաստանի Դաշնության նախագահի, այլեւ ցանկացած այլ երկրի ղեկավարի այցից։ Ընդ որում՝ հատկանշական է, որ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ մեր հարեւանների շրջանում։

Ամենատարբեր հրապարակումներում արվում են բազմաթիվ ենթադրություններ այցի նշանակալիության եւ նշանակության մասին ինչպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հեռանկարների, այնպես էլ առհասարակ Հարավկովկասյան տարածաշրջանում հնարավոր գլոբալ փոփոխությունների համատեքստում։

Եվ դա միանգամայն բացատրելի է, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի նախագահի այցը տեղի է ունենալու Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ հետո։

Ինչ վերաբերում է այցի նախօրեին Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտին, ապա դրա վերլուծությունը շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս։

Թեմային նվիրված բազմաթիվ հրապարակումները թույլ են տալիս անել հետեւյալ եզրակացությունը. տարատեսակ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչները, որոնք Հայաստանի պայմաններում ոչ այլ ինչ են, եթե ոչ ապաքաղաքական «ախպերություն», որը, Վ.Պուտինի պատկերավոր արտահայտությամբ, չախկալություն է անում արեւմտյան երկրների դեսպանությունների դռներին՝ հույս փայփայելով հերթական «թուլափայ» դրամաշնորհը պոկել իր հակառուսական, հետեւաբար եւ հակահայկական գործունեության համար, իրար են խառնվել։

Նրանց հիստերիկ հեծեծանքը, թե իբր Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միություն մտնելով, սատանայական ողբուկականը, թե իբր պայմանավորվածություն կա Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի եւ Ադրբեջանի ողորմածությանը հանձնելու վերաբերյալ՝ նրանց կողմից ինչ-ինչ արտոնություններ ստանալու դիմաց, կազմում են հրապարակումների մեծ մասի լեյտմոտիվը։

Փութեռանդություն ցուցաբերելով իրենց հակառուսական հռետորաբանության մեջ՝ առանձին մարգինալ գրչակներ հասնում են անհեթեթության, ընդ որում՝ ստորության աստիճանի։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ ընդամենը մի քանի բնորոշ օրինակ։ Տերպետրոսյանական ռեժիմի տխրահռչակ գործիչ, լավատեսություն ներշնչող անվան տեր Երջանիկ Աբգարյանը նոյեմբերի 24-ին թերթերից մեկում ինքն իրեն գերազանցել է իր հակառուսական ճարտասանության մեջ՝ հայտարարելով.

«...Իշխանության ոչ մի պաշտոնյա իր անհամաձայնությունը չի արտահայտել Սերժ Սարգսյանի վարած բացահայտ դավաճանական քաղաքականության դեմ եւ հրաժարական չի ներկայացրել: Ռուսները, ըստ էության, այսօր արագացված թափով զավթում են Հայաստանը, որի ամբողջ ղեկավարությունը վարակված է քստմնելի դավաճանության ախտով... Պետք է բոլոր հայերը գիտակցեն, որ հայ դավաճանների ձեռքով իրականացվող ռուսական այս լկտի «խաղաղ» ագրեսիան Հայաստանը արդեն վերածում է իրավազուրկ գաղութի, որի «անկախության» բոլոր ատրիբուտները առաջիկա տարիներին կվերացվեն...

Պետք է բոլոր հայերը գիտակցեն, որ ռուսական յուրաքանչյուր զինվոր, որ մուտք է գործում Հայաստան, ուտելու է իրենց ընտանիքների սեղանի՝ առանց այն էլ աղքատիկ ուտելիքը, եւ ընդհանրապես՝ նա իր կենցաղի բոլոր ծախսերը կատարելու է բոլոր հայ ընտանիքների բերանից պատառներ պոկելով»:

Հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմաքաղաքական դաշինքի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, նրա ինքնիշխանության պահպանման աներեր երաշխավորի էության այս կանխակալ ու ստոր խեղաթյուրումը՝ արված անգամ Լ.Տեր-Պետրոսյանի վաղեմի զինակցի կողմից, այլ կերպ, քան սրբապղծություն, չես անվանի։

Մոլի այս ռուսատյացից շատ հեռու չի գնացել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր (խոսքը բրիտների V-VI դարերի լեգենդար առաջնորդի մասին չէ- Ա.Գ.) Սաքունցը, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ով որ Պուտինի այցի օրը դուրս չեկավ դեմն առնելու, ու ասի ռադ եղի, ուրեմն քուչի թուլա է` անկախ դիրքից, անկախ զբաղմունքից, սեռից, տարիքից, ուրեմն ստրուկ է, տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ. սա է, եթե կա այլ տարբերակ՝ ասեք»:

Եվ այսպես խիզախ բարբառում է մեկը, որի դեմքին դրոշմված են վախկոտությունն ու սարսափը։ Մի մութ անկյունում ցանկացած հանդիպում նման տիպի հետ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ նրա առողջության համար եւ ապրած սարսափից առնվազն շաքարախտի պատճառ դառնալ։

Հայաստանի քաղաքացիներին «ժողովրդի», բայց ոչ թե Աստծո, այլ Բեհեղզեբուղի ձայնը լսելի դարձնել շտապեց նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական բաժանմունքը։ Օրերս եթեր արձակվեցին Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, հայտնի գրանտակեր Լեւոն Բարսեղյանի դատողությունները, որը հայտարարել էր.

«Ստացվում է այնպես, որ պարոն Պուտին, մեր իշխանությունները շատ լավն են։ Ինչո՞ւ եք եկել եւ անհարմար վիճակի մեջ դրել մեր իշխանություններին։ Կա շատ ավելի կարեւոր հարց՝ տեսնել, թե այս անգամ մենք ինչ ենք զիջելու, ինչ ենք այս անգամ մեզնից պոկելու եւ տալու»։

Բայց այսքանով սույն գրանտակերը չի բավարարվել։ Արդեն նոյեմբերի 25-ին, Epress.am-ի հետ զրույցում, նա ավելի հեռուն է գնացել. «Շատերը կան, որ Սովետից այս կողմ 20-25 տարի փայփայել են երազանքը՝ երբ են մտնելու կոմունիստական Ռուսաստանի շվաքի տակ (հավանաբար, այն ժամանակների նոստալգիան Լեւոն Բարսեղյանի համար սեւեռուն գաղափար է դարձել, եւ նա ոչ մի կերպ չի հասկանում, որ դրսում 21-րդ դարն է- Ա.Գ.): Հիմա այդպիսիք բազմաթիվ են՝ րոպե-րոպե փափագում են, թե երբ պիտի ռուսի սապոգը գա ու վրաներով անցնի, որ ծանրությունը զգան: Սա է այս մարդկանց մտածելակերպը՝ ի՞նչ ազատություն, ի՞նչ անկախություն»:

Ես չէի մեջբերի սույն սուբյեկտի դատողություններն այն պարզ պատճառով, որ նրա այս բարբաջանքը դուրս է եկել ժամանակ առ ժամանակ լրատվական դաշտում հայտնվող հակառուսական քարոզչության արդեն մի լավ բորբոսնած զարդատուփից, բայց կա մի հանգամանք։ Այս անհեթեթ տխմարությունն անմիջապես որսացել է Ադրբեջանի ոչ անհայտ կայքը՝ ս.թ. նոյեմբերի 25-ին հրապարակելով «Հայերն սպասում են, թե երբ ռուսի սապոգը կանցնի իրենց վրայով» հոդվածը (www.vesti.az/needs/182661)։

Հատկանշական է, որ vesti.az -ի թղթակիցը, հուսահատությունից, թե սեփական անզորության գիտակցումից, արդեն ինքն է ամփոփում. «Դե ինչ, Բարսեղյանին, իր համարձակ խոստովանության համար, որ հայերը երազում են հայտնվել (չնայած արդեն հայտնվել են) ռուսի սապոգի տակ, շքանշան է հասնում։

Իսկապես, Հայաստանի ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, եթե այդ երկիրը վաղուց դարձել է Ռուսաստանի նահանգը։ Եվ պարոն Բարսեղյանը հարկ է, որ նման հայտարարությունից հետո զգույշ լինի։ Հայաստանի «հայրենասերները» կարող են նրա ճամփան պահել մի ինչ-որ անկյունում ու հաշվեհարդար տեսնել նրա հետ (ամեն մեկը հակված է եզրակացություններ անել այն բանի հիման վրա, ինչ տեսել է իր երկրում- Ա.Գ.)։

Բայց որ ավելի վատ է՝ Բարսեղյանին կարող են մեղադրել, որ մի կտոր հացի համար ծախվել է ադրբեջանցիներին։ Չէ՞ որ Հայաստանում խելացի կարող է լինել միայն ուղնուծուծով ադրբեջանցիներին ծախված հայը։

Այ, հենց այստեղ է, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը, որի խոսափողներից մեկն էլ այս տեղեկատվական պորտալն է, սխալվել է։ Նրանց կատաղեցնում է Ռուսաստանի եւ Հայաստանի ավելի խորացող ռազմավարական գործընկերությունը, նրանք դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես նվազեցնեն հօգուտ Մաքսային միությանը միանալու Հայաստանի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ընտրության վճռորոշ դերը։ Եվ նման հրապարակումներով երեւան են հանում իրենց իրական ռուսատյաց էությունը։

Պատահական չէ, որ բերեցի հայ առանձին գործիչների ու նրանց ադրբեջանցի ձայնակցողներից՝ Ֆարիդ Թեյմուրխանլիի (vesti.az)՝ իրար խիստ նման որոշ արտահայտությունները։ Կարելի էր նման կարգի մի քանի տասնյակ դատողություններ ու գնահատականներ էլ նշել՝ դրանց խիստ հստակ ուրվագծվող գաղափարախոսական ու տեղեկատվական ուղղվածությունը պարզելու համար, բայց դրա կարիքը չկա։

Եվ ահա թե ինչու. քանի որ հայ-ռուսական հարաբերությունների եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցելության վերաբերյալ գրեթե բոլոր հրապարակումների հիմքում նկատվում է հայ ժողովրդի հոգում Ռուսաստանի հանդեպ անվստահություն, շփոթություն առաջ բերելու, Հայաստանի նախագահի ընտրած՝ Մաքսային միությանը միանալու գծի ճշմարտացիության նկատմամբ կասկած առաջացնելու անզուսպ ցանկությունը։

Հայաստանում, սկսած սեպտեմբերի 3-ից, տառացիորեն բոլորիս աչքի առջեւ տեղեկատվական պատերազմ է ծավալվում, ընդ որում՝ այդ պատերազմի գլխավոր թիրախը, անկասկած, նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա համախոհներն են, նրանք, ովքեր համոզված են, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու գիծն այլընտրանք չունի։

Ինչպես երեւում է, Հայաստանի նախագահն իր այս որոշմամբ սաստիկ խառնել է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների առանձին ստրատեգների ծրագրերը։ Նրանց բնավ հետաքրքիր չէր Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ճակատագիրը։ Եթե դա այդքան կարեւոր լիներ, նրանք կանսային Հայաստանի նախագահի՝ 2013թ. հուլիսի 11-ին Քիշնեւում, Եվրոպական Ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների գագաթաժողովում ասած խոսքերին։

Չէ՞ որ Սերժ Սարգսյանը շատ հասկանալի հայտարարեց. «Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարեւորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ-ի՝ Մաքսային միության հետ առեւտուրը չի կարող լինել արդյունավետ»։

Ավաղ, Եվրամիության եւ ԱՄՆ-ի մեր բարյացակամ գործընկերները ցայսօր անզոր են համոզելու ՆԱՏՕ-ի գծով իրենց գործընկերոջը՝ Եվրամիության անդամության թեկնածու Թուրքիային, ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը։

Վերադառնալով Հայաստանի քաղաքական ղեկավարության դեմ մղվող տեղեկատվական պատերազմի հարցին՝ նշենք, որ մարտի են գնում ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ այդ նույն գրանտակերները, այլեւ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ամենավտանգավոր գործողություններ իրականացնել, ամեն գնով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, մանավանդ հիմա, երբ Հայաստանն սպասում է ռուսաստանյան ամենաբարձրաստիճան հյուրին։

Վերցնենք թեկուզ խափանված արկածախնդրությունը՝ չկայացած հեղափոխությունը 2013թ. նոյեմբերի 5-ին, երբ «Ցեղակրոն» կուսակցության էքսցենտրիկ ղեկավար Շանթ Հարությունյանն իր կողմնակիցների խմբով, մահակներով ու ձողերով փորձեց կազմակերպել չթույլատրված երթ Երեւանի կենտրոնում։

Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորում էին չխախտել հասարակական կարգը եւ ազատել փողոցի բանուկ մասը, բայց ցուցարարները գործի դրեցին ինքնաշեն պայթուցիկները, իսկ հետո մահակներով հարձակվեցին ոստիկանների վրա։ Ոստիկանության ներկայացուցիչներին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել իրավակարգը։

Հետաքրքիր է նաեւ, որ նոյեմբերի 9-ին մարդու իրավունքների նախանձնախնդիր պահապան ու պաշտպան, ամենահաս այդ նույն Արթուր Սաքունցը Երեւանում կազմակերպեց երթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի։

Ակնհայտ է, որ այդ գործողությունների նպատակը Երեւանում իրավիճակի ապակայունացումն էր, ինչը, ի մեծ հիասթափություն «հեղափոխականների» թիկունքին կանգնած տիկնիկավարների, ձախողվեց։ Եվ միանգամայն սպասելի էր, որ «հեղափոխական» այդ երթին մասնակցեց սկանդալային պատգամավոր, «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, այն նույն տիկինը, որը կատաղել էր, երբ հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարել էր.

«Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որեւէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որեւէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների եւ շահերի համադրումը»:

Հայաստանի նախագահի ձեւակերպումների ազնվությունն ու հստակությունը հավանաբար սասանել է նրանց ոտքերի տակի հողը, ովքեր իրենց հակահայկական քաղաքականությունը կառուցում էին Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հնարավոր խորամանկության հույսով։ Սակայն այստեղ էլ նրանք իրենց հաշիվներում սխալվեցին։ Նրանց այլեւս ոչինչ չէր մնում անելու՝ հայոց պետության ղեկավարին ամենատափակ ու էժան ձեւով վարկաբեկելուց բացի։

Խոսելով ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասում ընթացիկ քաղաքական իրավիճակի առանձնահատկությունների մասին՝ չենք կարող չհիշատակել թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում առկա բավական հայտնի ուժերի ձգտումը՝ ամեն կերպ խարխլել ռուս-հայկական ռազմական գործընկերության հիմքերը։ Ոչ, չեմ կրկնի՝ հիշատակելով Հայաստանի վրա «ռուսի սապոգի ծանրությունը», որից ազատվելու մասին, հանգամանքների տարօրինակ բերումով, սկսել է անհանգստանալ նաեւ Ադրբեջանը։ Կան ուշադրության արժանի այլ հարցեր եւս։

Ահա արդեն երկրորդ ամիսն է՝ պաշտոնական Բաքուն եւ նրա համախոհները Հայաստանում (կան նաեւ այդպիսիները, որոնց կերակրում են նավթի համ ունեցող գրանտներով) խիստ անհանգստացել են Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու՝ 2013թ. հոկտեմբերի 10-ին «Կրասնայա զվեզդա» թերթի թղթակցին արած հայտարարության առիթով։ Իր հարցազրույցում Անդրեյ Ռուզինսկին ասել է. «Այն դեպքում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում ընդունի ուժային ճանապարհով վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ ենթադատությունը, 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանում կարող է զինված հակամարտության մեջ մտնել ՀԱՊԿ շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան»։

Ադրբեջանի ղեկավարությունում է՛լ մարդ չմնաց, որ Մոսկվայից այս հաշվով պաշտոնական բացատրություն չպահանջեր։ Բոլորին անուն առ անուն թվարկելն այժմ իմաստ չունի։ Եվ ահա ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծության մեջ են։ Վերջապես կատարվեց բաղձալի երազանքը. Ռուսաստանը երկու անգամ չեղյալ համարեց Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարի խոսքերը։

Սկզբում դա արեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Նիկիտինը, որը, պատասխանելով թղթակցի հարցին, նշեց, որ իրենք չեն կարող դե ֆակտո կամ դե յուրե հակասության մեջ մտնել հետխորհրդային երկրների հետ։ Իսկ երկրորդ անգամ դա արեց անձամբ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հայտարարելով, որ ռազմակայանի հրամանատարի խոսքերը լրագրողը ճիշտ չի փոխանցել։

Ադրբեջանական կողմի արձագանքը վեր հանեց այն խուճապն ու սարսափը, որ տիրում են Ադրբեջանում միայն այն մտքից, որ Ռուսաստանը կկատարի իր դաշնակցային պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում, որոնք բխում են նաեւ 2010թ. հուլիսի 26-ին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված թիվ 5 արձանագրությունից՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 1995թ. մարտի 16-ին կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ համաձայն 3-րդ հոդվածի՝ «Ռուսական ռազմակայանը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում (ընդամենը առաջիկա հիսուն տարում- Ա.Գ.), Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթներ իրականացնելուց բացի, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հետ մեկտեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»։ Ապշերոնյան քաղաքական գործիչների անհանգստությունն այս հարցում, իհարկե, կարելի է հասկանալ։

Բայց կա եւս մեկ՝ ոչ պակաս կարեւոր առիթ, ինչի մասին չէր խանգարի, որ մտածեին ռազմատենչ ադրբեջանցիները։ Խոսքը Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության մասին է։ «Հայաստանի Զինված ուժերի հնարավորություններն ավելի քան բավարար են ցանկացած մարտական առաջադրանք կատարելու համար,- ասել է մամլո քարտուղարը։- ՀԱՊԿ անդամությունը եւ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն ուղղված են երրորդ երկրի կողմից հնարավոր ագրեսիան կանխելուն»։

Բոլորովին պատահական չէ, որ այսքան մանրամասն կանգ առա հայկական ԶԼՄ-ների առանձին, բայցեւ խիստ բնութագրական հրապարակումների վրա։ Դրանք անգամ քաղաքականության մեջ անփորձ ընթերցողին կարող են մղել որոշակի եզրահանգումների։

Այն է՝ խուճապ, թեւաթափ վիճակ, անթաքույց չարություն եւ թշնամանք այն ամենի հանդեպ, ինչը միավորում է Ռուսաստանին եւ Հայաստանին, հայ այն քաղաքական գործիչների հանդեպ, ովքեր ջատագովն են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա խորացման, հավատարիմ են Մաքսային միությանը Հայաստանի միանալու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որդեգրած քաղաքական գծին։

Արտասահմանից սնվող ոչ կառավարական կազմակերպությունների խնամառության տակ գտնվող այս, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստները մոտ չորս տարի իրենց զրպարտչական, իրականության հետ ոչ մի կապ չունեցող հրապարակումներով եւ ելույթներով (ԶԼՄ-ներում, Ինտերնետ-կայքերում) ամեն կերպ փորձում էին վարկաբեկել մեր ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին, պարբերաբար «սեւացնում» էին այն ամենը, ինչը մերձեցնում էր Հայաստանին եւ Ռուսաստանին, մեր երկրների ժողովուրդներին։ Նրանց հակազդեցությունը Հայաստանի նախագահի ս.թ. սեպտեմբերի 3-ի որոշմանը՝ Մաքսային միությանը միանալու մասին, այլ կերպ, քան կատաղություն, չես բնորոշի։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, ապա նրա ազնիվ, սկզբունքային, հեռատես եւ համարձակ քաղաքականությունը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընկալելի դիրքորոշումը՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, անտարբեր չթողեցին միլիոնավոր մարդկանց ինչպես Հայաստանում, այնպես էլ հայկական Սփյուռքում։

Էլ չենք ասում, որ Ռուսաստանի առաջնորդի դիրքորոշումը խափանեց պատերազմի հզոր դեւերի ծրագրերը, որոնց հլու կամակատարներն ամբողջ աշխարհում (այդ թվում եւ Հայաստանում, ինչպես վերը նշեցինք) փորձում են նսեմացնել Ռուսաստանի, նրա ղեկավարի դերը նոր, արդարացի աշխարհակարգի կերտման գործում։ Նրանք հիանալի հասկանում են, որ այդ ճանապարհին էական քայլ է Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի եւ դրանց հիման վրա Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի առաջնորդների ստեղծելիք Եվրասիական միության կայացումը, եւ որ գլոբալ արարման այդ գործընթացը ոչ ոք կանգնեցնել չի կարող։

Հոկտեմբերի 13-ին, ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից (Բուդվա, Չեռնոգորիա)՝ ձեր խոնարհ ծառան ասաց. «Այստեղ գոհունակությամբ նշվեց, որ քիմիական զենքի արգելման կազմակերպությունն է արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Բայց եթե մինչեւ վերջ օբյեկտիվ եւ ազնիվ լինենք, Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանի է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ինքն է եղել նախաձեռնողն ու հետեւողական իրականացնողն այն ամենի, ինչի համար կոմիտեն ստացել է Նոբելյան մրցանակ»։

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ իմ ելույթում ես հայտնել եմ ոչ միայն իմ անձնական կարծիքը, այլեւ, առաջին հերթին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքը, որը, որպես Հայաստանի կառավարող, Հանրապետական կուսակցության առաջնորդ անձամբ ինձ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս է վստահել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարությունը։ Եվ ահա, իմ խոսքերը վեհաժողովի պատվիրակների մեծ մասի կողմից դրականորեն ընկալվեցին, ինչը չէինք կարող ակնկալել ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ։ Գոհունակությամբ եւ հպարտությամբ ուզում եմ նշել միջազգային այդ կազմակերպությունում Ռուսաստանի եւ նրա պատվիրակության (ղեկավար՝ Նիկոլայ Կովալյով) հարաճուն դերի մասին։

Ամփոփելով՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան կդառնա Անդրկովկասում անշրջելի եւ վճռորոշ, դրական փոփոխությունների սկիզբը։

Իսկ վերջում անդրադառնամ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների՝ 2013թ. մարտի 12-ի նովոօգարյովյան հանդիպման արդյունքներն ամփոփող ելույթներին, որոնք ավելի քան տարողունակ ձեւով են բնութագրում երկու եղբայր երկրների ու ժողովուրդների հարաբերությունները։

«Հայաստանի հետ մենք առանձնահատուկ հարաբերություններ ունենք: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում դա լավ գիտեն,- ասել է Վլադիմիր Պուտինը։- Մեզ մոտ հայեր շատ կան, Դուք գիտեք: Նրանք մեր երկրի օրինավոր եւ արդյունավետ աշխատող քաղաքացիներ են եւ շարունակում են շատ սերտ կապեր պահպանել իրենց պատմական հայրենիքի հետ: Դա, իհարկե, մեզ միավորող լրացուցիչ մարդկային ներուժ է»։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատասխան իր ռուս պաշտոնակցի, հիշեցրել է, որ իր այցելությունը Ռուսաստան առաջին արտերկրյա ուղեւորությունն է Հայաստանում նախագահական ընտրություններից հետո։

«Այն, որ իմ առաջին արտերկրյա ուղեւորությունը հենց Մոսկվա է, օրինաչափ է։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է Սերժ Սարգսյանը։

 

 ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր