ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԻԶԲ ԿՀԱՆԴԻՍԱՆԱ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

19.11.2013, Հայոց աշխարհ

Ս.թ.  նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում (ՀՀ ԱԺ) տեղի կունենա ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և արտասահմանում հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որտեղ քննարկվելու են Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների արագացմանն ուղղված՝ խորհրդարանների դերի բարձրացման հարցեր։ Այս միջոցառման նախօրեին կուզենայի խորհել ընթացիկ քաղաքական պահի առանձնահատկությունների մասին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Մաքսային միությանը միանալու որոշման, ինչպես նաև Եվրասիական միության ձևավորմանն ակտիվորեն մասնակցելու պատրաստակամության հետ։

Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարների հարցում խորհրդարանականների դերը վերհանող հիմնական դրույթները ներկայացված են մեր երկրների խորհրդարանականների Համատեղ հայտարարության նախագծում և նախապես հրապարակված են։ Ուստի, նպատակահարմար եմ գտնում մեր երկրների հասարակայնության, ինչպես նաև կայանալիք միջխորհրդարանական քննարկումների մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հարցերի վրա, որոնց լուծումը ինչպես Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում, այնպես էլ Հայաստանում դրականորեն կանդրադառնա միլիոնավոր մարդկանց ճակատագրերի, մեր ինքնիշխան երկրների պետականության ամրապնդման վրա, կհանգեցնի ժողովրդավարության հետագա զարգացմանը։ Բնականաբար, այդ խնդիրների իրագործման անհրաժեշտ պայման պետք է լինի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների չեզոքացումը։ Իմ խոհերն այն մասին էին, թե արդյո՞ք մեկ տնտեսական տարածքում միավորվող մեր երկրների Մաքսային միությունն ի վիճակի է լուծելու այդ խնդիրները։

Հայտնի է, որ ցանկացած գլոբալ տնտեսական նախագիծ հաջողության կունենաայն դեպքում, եթե դրա պահանջն օբյեկտիվորեն կա։ Արդյո՞ք Մաքսային միությունը և Միասնական տնտեսական տարածքի ձևավորումը ժամանակի հրամայականն էին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համարժեք պատասխանը։ Այս հարցերին պատասխանելու համար նախ հարկ է հիշել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծագման պատճառները։ Եվ այսպես, ճապոնական ծագմամբ ամերիկացի հայտնի փիլիսոփա, քաղաքատնտեսագետ և գրող, «Պատմության ավարտը և վերջին մարդը» հանրահայտ բեսթսելերի հեղինակ Ֆրենսիս Ֆուկույաման «Foreign Affairs» ամսագրի 2012թ. առաջին համարում բավական հետաքրքիր մի հոդված է հրապարակել՝ «Պատմության ապագան» վերնագրով։ «Մենք դեմ ենք առել գաղափարական փակուղու,- գրում է Ֆուկույաման։- Արդի կապիտալիզմը մեռնում է մեր աչքերի առջև, և այդ պատճառով մեզ նոր գաղափարափոսություն է հարկավոր»։ Այնուհետև Ֆուկույաման հարց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի այդ գաղափարախոսությունը, և շարունակում է իր դատողությունները. «Այն առնվազն երկու բաղադրիչ պետք է ունենա՝ քաղաքական և տնտեսական։ Քաղաքական առումով... այդ գաղափարախոսությունը պետք է ինչ-որ կերպ փոխի պետական հատվածը՝ այն անկախ դարձնելով ներկայիս շահագրգռված անձանցից... Այն նաև պետք է վճռականորեն հայտարարի բարիքների վերաբաշխման անհրաժեշտության մասին և քաղաքականության մեջ շահերի խմբերի գերիշխանությունը դադարեցնելու իրական ճանապարհ նշի»։

Հատկանշական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն սկսվելուց մի քանի տարի հետո միայն անվիճելիորեն տաղանդավոր այս մտածողն սկսեց խոսել նոր՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին համարժեք գաղափարախոսության ստեղծման անհրաժեշտության մասին։ Հիշեցնեմ, որ դեռ 2003թ. ռուս հայտնի տնտեսագետներ Միխայիլ Խազինը, Օլեգ Գրիգորևը, Անդրեյ Կոբյակովն առաջինը կանխատեսեցին վերահաս համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ Նրանք, միևնույն ժամանակ, իրենց աշխատություններում, ըստ էության, հիմնավորեցին այն պնդման իրավաչափությունը, որ աշխարհում ստեղծված գլոբալ նեոլիբերալ տնտեսական մոդելը սպառել է իր ռեսուրսները, սպառված են նաև առկա աշխարհակարգի տեխնոլոգիական հնարավորությունները։ Դրանով իսկ ռուս տնտեսագետ գիտնականներն անուղղակիորեն ընդգծում էին արդի կապիտալիզմի գոյություն ունեցող իդեոլոգեմների սպառվածությունը։ Համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող այդ գլոբալ փոփոխությունների գիտակցումն էլ հենց, փոփոխություններ, որոնք արդի աշխարհակարգում անխուսափելիորեն վտանգավոր և անշրջելի գործընթացների պատճառ կարող էին դառնալ, ըստ իս, մղեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին 2007թ. փետրվարի 10-ին ելույթ ունենալ անվտանգության քաղաքականության վերաբերյալ Մյունխենյան կոնֆերանսում։ Վ.Պուտինի ելույթը, հիրավի, դարակազմիկ եղավ՝ տալով մեր անհանգիստ աշխարհի ամենահրատապ հարցերի պատասխանները Համաշխարհային տնտեսական համաժողովի ինքնատիպ համարժեքը համարվող այդ կոնֆերանսում, որը, սակայն, հիմնական ուշադրությունը կենտրոնացրեց ռազմաքաղաքական հարցերի և անվտանգության այլ հիմնախնդիրների վրա։

Իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը լիովին հաստատեց ինչպես ռուս տնտեսագետ գիտնականների (արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ 2006թ. սեպտեմբերին համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկսվելու մասին կանխատեսել էր նաև Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին) կանխատեսումների իրատեսականությունը, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մյունխենյան ելույթում արտահայտած երկյուղները։

Այս պայմաններում աշխարհի առաջատար տնտեսությունների առջև ծառացավ այն հարցը, թե գլոբալ մասշտաբով  ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի համաշխարհային տնտեսությունը վերստին ճգնաժամի և լճացման մեջ չհայտնվի։ Կիպրոսում փորձարկում անցած պետական ռեկետը և մասնավոր կապիտալի էքսպրոպրիացիան (կապիտալիզմի ճգնաժամի ակնհայտ ցուցիչը), պարտքային ճգնաժամից Հունաստանը փրկելու՝ Եվրամիության ձեռնարկած միջոցները ցույց տվեցին դրանց անարդյունավետությունը, ինչը թույլ է տալիս անել հետևյալ եզրահանգումը. աղքատ երկրներին «ձգելու» քաղաքականությունը՝ ի հաշիվ հարուստ երկրների բազմամիլիարդանոց ֆինանսական ռեսուրսների ներարկումների, ձախողվեց։ Ընդ որում՝ ակնհայտ դարձավ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հունաստանում, սպառնում է նաև, օրինակ, Եվրամիության մի շարք երկրների, որոնց պետական արտաքին պարտքը նույնպես, ինչպեսև Հունաստանինը, մեծ է, և 2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ համապատասխանաբար կազմել է, օրինակ, Իտալիայում՝ 1 տրլն 863 մլրդ դոլար կամ այդ երկրի ՀՆԱ 133,8%-ը, Պորտուգալիայում՝ 508 մլրդ 300 մլն դոլար կամ 202,8%։ Հիշեցնենք, որ Հունաստանի պետական արտաքին պարտքը 2012թ. դեկտեմբերի 31-ին կազմում էր 576 մլրդ դոլար կամ նրա ՀՆԱ 209,4%-ը։ Նշենք նաև, որ ընդհանուր առմամբ, Եվրամիության գծով արտաքին պարտքը կազմել է 15 տրլն 970 մլրդ դոլար կամ այդ կազմակերպության ՀՆԱ 97%-ը։ Նշենք, որ ՀՆԱ տվյալները բերված են ըստ գնողունակության հարաբերակցության և հրապարակված են ԱՄՆ ԿՀՎ կայքում (https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2079rank.html

Լավատեսություն չեն ներշնչում նաև ԱՄՆ ձեռնարկած միջոցառումները երկրում ճգնաժամի հաղթահարման համար։ Բավական է հիշել վերջին ամիսների դրամատիկ իրադարձությունները, երբ ընդամենը մեկ օր էր մնացել մինչև ԱՄՆ տեխնիկական դեֆոլտը, երբ, ի վերջո, 2013թ. հոկտեմբերի 16-ին երկրի Սենատը կարողացավ պայմանավորվել. դեմոկրատներն ու հանրապետականները փոխզիջման եկան պետպարտքի շեմը բարձրացնելու և դաշնային հաստատությունների աշխատանքի ֆինանսավորումը վերականգնելու վերաբերյալ։ Նշենք, որ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՄՆ արտաքին պետական պարտքը կազմում էր 15 տրլն 930 մլրդ դոլար կամ ՀՆԱ 99,99%-ը։

Աշխարհի առաջատար տնտեսությունների նման բարդ ֆինանսական դրությունն առաջին պլան մղեց այն ուղիների որոնման խնդիրը, որոնք մնացած երկրներին հետ կպահեին համաշխարհային նոր ֆինանսական ճգնաժամի աղացում ներքաշվելուց։ Եվ այս իրավիճակում 2011թ. հոկտեմբերի 3-ին «Իզվեստիյա» թերթում լույս է տեսնում Վլադիմիր Պուտինի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածը։ Այդ հոդվածում Ռուսաստանի նախագահը համոզիչ կերպով վեր է հանում սոցիալ-տնտեսական համակողմանի զարգացման այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են Մաքսային միություն մտնող պետությունների առջև։ Միևնույն ժամանակ, ընթերցելով հոդվածը՝ ինքդ էլ գալիս ես այն եզրակացության, որ Մաքսային միությունը և նրա հիման վրա ձևավորվելիք Եվրասիական միությունն իրականում ունեն բոլոր հնարավորությունները՝ դառնալու զարգացման նոր ուղենիշ ոչ միայն Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի, այլ նաև հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների համար։ Ավելին, հոդվածում հիմնավորվում է, որ Եվրասիական միությունը «կծառայի այն բանին, որ ինտեգրումը՝ արժեքային, քաղաքական, տնտեսական նոր հիմքի վրա, քաղաքացիների և գործարարության համար վերածվի հասկանալի ու գրավիչ, կայուն, երկարաժամկետ նախագծի», որը կախված չի լինի ընթացիկ քաղաքական իրավիճակի վայրիվերումներից։ Եվ սա հատկապես ակտուալ է հնչում, քանի որ Վլադիմիր Պուտինի առաջարկած ինտեգրացիոն նախագիծը սկզբունքորեն տարբերվում է համանման այն նախագծերից, որոնք առաջարկում են ԱՄՆ-ը և Եվրամիությունը։ Հատկանշական է, որ նրանք, Սթենֆորդի համալսարանին կից Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակցի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի խոստովանությամբ, ըստ էության հայտնվել են գաղափարախոսական վակուումում, քանի որ դեռ չեն ձևավորել ապագայի գաղափարախոսությունը, որն ի վիճակի կլիներ ապահովել խաղաղության տանող իրատեսական ճանապարհը՝ առողջ հասարակությամբ և ամուր ժողովրդավարությամբ։

Վերն ասվածը նկատի ունենալով՝ կարծում եմ, Մաքսային միության երկրների և Հայաստանի խորհրդարանականների առջև դրված են միանգամայն որոշակի խնդիրներ։ Նշենք, որ Հայաստանն արդեն սկսել է 2013թ. հոկտեմբերի 24-ին Մինսկում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի և Հայաստանի նախագահի միջև կայացած հանդիպման արդյունքների հիման վրա ընդունված երեք փաստաթղթերում ամրագրված խնդիրների իրագործումը։ Մինսկում ընդունված փաստաթղթերը վերաբերում են Մաքսային միությանը Հայաստանի միանալուն։ Այդ փաստաթղթերն են՝ «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու մասին», Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին հայտարարությունը և «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը»։ Կարծում ենք, որ մեր երկրների խորհրդարանականները հատուկ պատասխանատվություն են կրում մեր երկրների ընտրողներին ձևավորվող Եվրասիական միության նշանակությունը բացատրելու գործում, ասել է թե՝ նրանք պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանը, որոնք կոչված են հանգուցային մեխանիզմի դեր կատարելու մեր պետությունների հասարակություններին ինտեգրացիայի՝ որպես կենդանի օրգանիզմի (որը կարող է լայն հնարավորություններ ընձեռել ապագային միտված և հաջողություն ապահովող նախաձեռնությունների իրականացման համար), էությունը բացատրելու գործում։ Դրա հետ մեկտեղ, կուզենայի նշել, որ անցած երեքուկես տարիների ընթացքում, երբ ստորագրման էին պատրաստվում Եվրոպական միության հետ Հայաստանի Ասոցիատիվ համաձայնագիրը և Ազատ առևտրի խոր և համապարփակ գոտու համաձայնագիրը՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, Հայաստանը ծանրակշիռ օրենսդրական պոտենցիալ է կուտակել, որի կիրառումը, իմ կարծիքով, կարող է ծառայել մեր և Մաքսային միության ընդհանուր գործին, կամ էլ, Վլադիմիր Պուտինի բառերով՝ կօգնի կարգավորել «իրավասությունների մրցակցությունը» Եվրամիության և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ՝ ներդրումային գրավչության համար պայքարում։

Այսպիսին են մտորումներս Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Պետական դումայի՝ Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի նախօրեին։

Կարծում եմ, որ մեր երկրի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի որոշումը Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մասին, որն արժանացել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հավանությանը, խոր փոփոխությունների սկիզբ կհանդիսանա ոչ միայն Հայաստանում, այլև գլոբալ վերափոխումների կհանգեցնի Հարավկովկասյան տարածաշրջանում և, առհասարակ, հետխորհրդային տարածքում։                                           

Արտաշես Գեղամյան, խորհրդարանի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության և «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության նախագահ (www.amiab.am)

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր