ՏՂԵՐՔՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒՀԻՆ ԳՈՐԾ ԵՆ ԱՆՈՒՄ

Շատ վտանգավոր գործ

13.11.2013թ., Հայոց աշխարհ

Այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման հարցը Ազգային ժողովում դառնալու է արտահերթ քննարկման առարկա, այն էլ Զարուհի Փոստանջյանի հեղինակությամբ, միանգամայն սպասելի էր:

Նրա ձեռնարկած, հատկապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը վերաբերող ցանկացած քայլ տեղավորվում է ադրբեջանա-թուրքական ռազմավարների կողմից մշակած սցենարներում: Սցենարներ, որ նրանք փորձում են իրականացնել զորեղ լոբբիստական ուժերի միջոցով թե՛ մեր երկրի ներսում, թե՛ մեր երկրից դուրս:

Վարվող քաղաքականության նպատակն է ստեղծել բարենպաստ տեղեկատվական միջավայր, որը եթե չարդարացնի էլ, ապա զգալիորեն կթուլացնի միջազգային կազմակերպությունների արձագանքը Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ սանձազերծվելիք հնարավոր պատերազմական գործողությունների հանդեպ: Հասկանալի է, որ այդ ծրագրով նախատեսված է մեր տարածաշրջանում լարվածության հրահրումը, դրան զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների առաքելության ձախողումը եւ այդ պարագայում Թուրքիայի ակտիվ ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի մեջ:

Իսկ այժմ հիմնավորեմ ասվածի ճշմարտացիությունը:

Հայտնի է, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված զարգացումների արդյունքում, համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների գնահատմամբ, թուրքական կողմը, այդ հարցի վավերացումը հանելով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի օրակարգից, դրսեւորեց ապակառուցողական մոտեցում: Եվ նման գնահատականը շատ ավելի համոզիչ է, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման օրինագծերը հետ չի կանչում Ազգային ժողովից:

Ի՞նչ է ստացվում. 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների, նաեւ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի մասնակցությամբ նախաստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն արդեն իսկ նույն թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Անկարան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:

2010 թ. ապրիլի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց նախաստորագրված արձանագրությունների վավերացումը, քանի որ թուրքական կողմը, խախտելով պայմանավորվածությունները, նախապայմաններ էր առաջ քաշել, սակայն արձանագրությունները հետ չկանչեց Ազգային ժողովից. դրանք շարունակում են մնալ նրա մեծ օրակարգում: ԱՄՆ-ի եւ Եվրամիության հորդորների` վերսկսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հասցեատերը միայն Թուրքիան է:

Հիմա Ազգային ժողովի ամեն նստաշրջանի ժամանակ պատգամավոր Փոստանջյանը իշխանություններին մեղադրում է առ այն, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն հանվում Ազգային ժողովի օրակարգից: Այլ կերպ ասած՝ խնդիր է դրված Թուրքիայի օրինակով Հայաստանին ամեն գնով ներկայացնել որպես ապակառուցողական ուժ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը սկսել զրոյական փուլից: Եվ սա հույժ կարեւոր է նախեւառաջ Թուրքիայի համար հատկապես ներկա փուլում, երբ աշխարհասփյուռ հայությունը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Եվ ինքնին հասկանալի է, որ, նոր փուլից սկսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Թուրքիայի լոբբիստները հանդես կգան կոչերով՝ ուղղված այն բոլոր երկրների իշխանություններին, որոնք հակված են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասելով, թե ժամանակավրեպ է ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններին:

Այնպես որ, Ազգային ժողովի նիստից պատգամավոր Փոստանջյանի հնչեցրած կոչ-հայտարարությունները` հանել ԱԺ օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները, ամենեւին հայրենասիրական պոռթկում չեն, այլ ծառայում են թուրքական ռազմավարների մշակած սցենարների իրագործմանը:

Այժմ անդրադառնամ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող վերջին զարգացումներին: Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանում ձեւավորված նոր կառավարության կազմում պաշտոնից զրկվեց պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, որը 18 տարի անընդմեջ ղեկավարում էր այդ գերատեսչությունը:

Նորանշանակ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի առաջին գործառույթներից էր նոյեմբերի 8-ին արձակած հրամանը` Պիրաքեշքյուլ եւ Գուդզի Զեյնալաբդին Թագիեւ (Նաոսնայա) տանկային կորպուսների դիսլոկացիայի՝ տեղաբաշխման փոփոխության մասին: Տանկային կորպուսներն ուղարկվել են Բարդայի ռազմական կորպուսի տրամադրության տակ, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի անմիջական հարեւանությամբ: Որոշ փորձագետների բնորոշմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան տանկերի ուղարկում ռազմաճակատ:

Ուշագրավ է, որ պաշտպանության նախարարը, այդ հրամանն արձակելուց մեկ օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նազմեդդին Սադիկովի հետ եղել է ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի գծում:

Մի դիտարկում եւս: Եթե նախկինում արդեն օրինաչափություն էր դարձել, որ ադրբեջանական դիպուկահարները գնդակոծում էին Լեռնային Ղարաբաղի սահմանային գոտու հարեւանությամբ գտնվող բնակավայրերը, ապա վերջին ամիսներին գնդակոծության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակավայրերն ու խաղաղ բնակիչները:

Ադրբեջանական կողմի հաշվարկը շատ պարզ է` սադրանքների միջոցով Հայաստանի զինված ուժերին հրահրել ռազմական գործողությունների, որը անտարակույս Ադրբեջանի կողմից կթեժացվի՝ վերածվելով պատերազմական լայնածավալ գործողությունների:

Ահա այս վտանգավոր զարգացումների հնարավոր լինելու գիտակցությամբ էր պայմանավորված անցած ամիս ՌԴ պաշտպանության նախարարարության «Կռասնայա Զվեզդա» պաշտոնաթերթին տված Գյումրիի 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հարցազրույցը, որտեղ նա ուղղակիորեն զգուշացրել էր ադրբեջանական կողմին, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավազորության տակ վերցնելու ուժային գործոնը կիրառելու դեպքում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը կանի ամենը, ինչ նախատեսված է ՀԱՊԿ անդամակցությունից բխող պարտավորություններով:

Ռուս գնդապետի այս հայտարարությունն Ադրբեջանի քաղաքական ու ռազմական վերնախավում առաջացրեց տիեզերական հիստերիա: Վերջերս տարածաշրջան ժամանած Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը համառորեն պահանջում էր պաշտոնական բացատրություն տալ ` ինչ էր նշանակում ռուս գնդապետի այդ հայտարարությունը:

Իսկ Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էլնար Ասլանովը գնաց շատ ավելի հեռու՝ հանդես գալով հանդուգն հայտարարությամբ. «Ադրբեջանը թույլ չի տա որեւէ երկրի կամ կողմի խառնվել իր սեփական հողի վրա իրավազորության վերականգնման հարցին»:

Բնական հարց է ծագում` ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի այդ հերոսական կերպավորումը, այդ ի՞նչ է փոխվել մեր տարածաշրջանում, որ այդչափ ոգեւորել է ադրբեջանական կողմին: Միգուցե այն, որ արդեն իսկ սեպտեմբերի վերջից Ադրբեջանի տարածքով սկսվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման գործընթա՞ցը: Ծանր զինտեխնիկայով բեռնված առաջին լաստանավը ղազախական կասպյան Աքտաու նավահանգստից Բաքու է ժամանել ճիշտ այդ ժամանակ:

Եվ միանգամայն սպասելի է, որ ադրբեջանական կողմը կփորձի առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից՝ ընդհուպ մինչեւ պատերազմական գործողությունների վերսկսումը: Հաշվարկն էլ պարզ է` ՆԱՏՕ-ն կանի ամենը, որպեսզի երաշխավորված լինի ռազմական տեխնիկայի ու մարդկային զինուժի անվտանգությունը: Դրան հասնելու միջոցն էլ է հայտնի՝ ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի տեղաբաշխումը ղարաբաղա-ադրբեջանական ռազմաճակատի ամբողջ երկայնքով, այն է` իրանա-ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկարությամբ:

Բնականաբար այդ պարագայում որոշակի քանակությամբ զինուժ ՆԱՏՕ-ն կտեղակայի Ադրբեջանի ոչ սահմանամերձ գոտում, միաժամանակ հանդիսանալով մարտահենադաշտ՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի անմիջական հարեւանությամբ: Հնարավոր նման զարգացումների մեկնարկի համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի հրապարակ գա այս հրեշավոր ադրբեջանա-թուրքական սցենարի արդարացումը ապահովելու համար: Ահա այդ նվերը ադրբեջանա-թուրքական կողմին ուզում է մատուցել Փոստանջյանը՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման օրինագծով:

Այս օրինագիծն ընդունելու դեպքում մենք այդ նույն ակնթարթին մարտահրավերի ձեռնոց ենք նետում ԱՄՆ-ին, Եվրամիությանը՝ ի դեմս Ֆրանսիայի, եւ Ռուսաստանի Դաշնությանը: Թե ինչպես այս ամենը բնութագրել, թողնում եմ պատգամավորների եւ մեր ժողովրդի վրա:

Որպեսզի զուտ մտահոգիչ երանգներով չավարտվի խոսքս, նշեմ, որ Փոստանջյանի նախաձեռնություններն ունեն նաեւ դրական հետեւանքներ: Մի կողմից, մատնանշելով դրանք, մեր երկրի իշխանությունները կարող են Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող իրազեկ կառույցներին ասել` տեսեք, թե ինչպիսի տրամադրություններ կան մեր հանրության որոշակի շրջանակում, ինչպիսի մարտահրավերներ են ծառացած մեր առջեւ, իսկ դուք հորդորում եք մեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում գնալ անիրագործելի զիջումների:

Եվ վերջապես, երբ պատգամավորի վերջին նախաձեռնությունները համակողմանի ուսումնասիրում ես, ապա հնարավոր է դառնում հստակ պատկերացում կազմել ադրբեջանա-թուրքական ռազմավարների կողմից մշակված հակահայկական քաղաքականության առանձնահատկությունների, ուղղվածության, դրանք կյանքի կոչողների ով լինելու մասին:

Հ.Գ.- Վերջին օրերին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ու անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին, հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ: Նա ասել էր. «Եթե Հայաստանը դուրս բերի զորքերը Լեռնային Ղարաբաղից, ապա մենք կբացենք հայ-թուրքական սահմանը եւ երկաթգիծը»:

Հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ դա արվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Իլհամ Ալիեւին հասցեագրած ուղերձից հետո, որը վերջերս նրան էր հանձնել Մինսկի խմբի նորանշանակ նախագահ Ջեյմս Ուորլիքը, եւ որտեղ հստակ նշված էր՝ ԼՂՀ հարցի կարգավորման հիմքում պետք է դրվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար երեք սկզբունքները` ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:

Հատկանշական է նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունն անտեսում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած նույնաբովանդակ հայտարարությունը: Ըստ էության, Դավութօղլուն քաջալերում է Ադրբեջանին՝ շարունակել իր ապակառուցողական մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:

Հետաքրքիր է, որ թուրք պաշտոնյայի այս հայտարարությանը նախորդել էր մի ուշագրավ իրադարձություն: Այսպես, հոկտեմբերի 28-ին Մեծ Բրիտանիայի պառլամենտի անդամ Անգուս Մաքնեյլը, պատասխանելով Եվրոպա-Ադրբեջան ընկերակցության հարցին, նշել էր.

«Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի կապերը էլ ավելի են ընդլայնվելու եւ խորանալու... Այդ կապերի ընդլայնման համար Արեւմուտքը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին եւ նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեռեւս չկատարված 4 բանաձեւերի հիման վրա»:

Տղերքն ու պատգամավորուհին գործ են անում, շատ վտանգավոր գործ..

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր