ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՀԱՍՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ, ՈՐ ԳԱ

02.11.2013, Հայոց աշխարհ

Օրերս թերթերից մեկում անհասկանալի ծագումնաբանություն ունեցող (խոսքը ծննդավայրի մասին չէ) ոմն Սուրեն Սարգսյան իրեն իրավունք վերապահեց պիտակավորել «Ազգային Միաբանություն կուսակցությանը» եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանին

Կուսակցությունում, երբ քննարկում էինք Արտաշես Գեղամյանի տարեկան հաշվետվությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջաններում կատարած աշխատանքի մասին, խիստ մտահոգվեցինք նրա անվտանգության ապահովման խնդրով: Միայն այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում ունեցած նրա 11 ելույթները նման անհանգստության առիթը տալիս են:

Բավական է նշել, որ 57 երկրների պատգամավորների առջեւ խոսքն ուղղելով Թուրքիայի վարչապետ Էրդողանին, նախագահ Գյուլին, Ազգային մեծ ժողովի նախագահ Չիչեկին եւ արտգործնախարար Դավութօղլուին՝ նա առաջարկեց գալ Հայաստան, այցելել Մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծնկի իջնել եւ քավություն աղերսել հայ ժողովրդից:

Դրան գումարվեց այն, որ վերջերս` հոկտեմբերի 13-15-ը, Չեռնոգորիայում ահաբեկչության դեմ պայքարի մասին քննարկվող հարցի շուրջ ելույթ ունենալով՝ Արտաշես Գեղամյանը մեղադրեց Ադրբեջանին, որ նա Լեռնային Ղարաբաղի ազատամարտի տարիներին ինքնապաշտպանության բանակի դեմ օգտագործում էր հայտնի ահաբեկիչների, այդ թվում՝ Ամիր Իբն Ալ-Խաթթաբին:

Ավելին՝ Գեղամյանը իր այդ ելույթում ուղղակի մեղադրեց նաեւ Թուրքիային՝ նշելով, որ Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ շատ հաճախ Թուրքիան զինում է Ալ-Ղայիդա միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցող տեռորիստական խմբավորումներին: Այնպես որ, կրկնում եմ, մեր մտահոգությունը Արտաշես Գեղամյանի անվտանգության ապահովման հարցի առնչությամբ միանգամայն հիմնավորված է:

 

Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ էինք Գեղամյանի եւ կուսակցության դեմ սանձազերծված քարոզչական պատերազմին դիմագրավել: Սակայն մեր մտքով չէր անցնի, որ Գեղամյանը եւ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» սրիկայական կսմիթների կենթարկվեն զանազան անհաջողակների կողմից, որոնց շռայլորեն կտրամադրվեն թերթի էջեր եւ հեռուստաեթեր:

Անհաջողակներ, որոնք այս դեպքում լրագրողական շրջանակներում ճանաչված են որպես ազատամարտիկներ, ազատամարտիկների շրջանում` որպես սցենարիստներ, սցենարիստների շրջանում՝ որպես անտաղանդ խոտան:

Եվ այսպես. մեկ օրվա ընթացքում Սուրեն Սարգսյան տարրը, ասես թե, խնդիր էր դրել իր առջեւ ամեն գնով ցեխ շպրտել Արտաշես Գեղամյանի եւ «Ազգային Միաբանություն կուսակցության» վրա, սկզբից թերթում, նույն գիշերը՝ հեռուստատեսությամբ: Ուշագրավ է, որ իր քաղաքական բոշա լինելը Սուրեն Սարգսյանը ոչ էլ թաքցնում է, նա հրապարակավ հայտնում է. «Ես ուրախ կլինեի, որ մեզ ֆինանսավորեին անշահախնդիր, Կառլոս Պետրոսյանը լիներ, թե Գագիկ Ծառուկյանը...»: Չենք ուզում հավատալ, որ «Ազգային Միաբանությանը» ու Արտաշես Գեղամյանին պիտակավորելով՝ «սպիսատ արած» սույն գործակալին նոր պետք է ֆինանսավորեն:

«Ազգային Միաբանություն կուսակցությունը» եւ նրա առաջնորդ Արտաշես Գեղամյանը, որը ոչ միայն երկրում է ընդունված ու ճանաչված որպես հայրենասեր քաղաքական գործիչ, այլեւ լայն ճանաչում ունի եւ հարգանք է վայելում միջազգային ամենահեղինակավոր կառույցներում, ոչ միայն ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի թիրախ է դարձել, այլեւ տեղական նորելուկ տհասների: Բայց պետք է հիասթափեցնեմ բացահայտ դավաճանության ուղի ընտրած Սուրեն Սարգսյան տհասին. պապանձվիր, ստահակների ժամանակը չի եկել, չենք էլ թողնի որ գա:

Կարծում եմ, հորդորիս ականջալուր կլինեն տեղական ու մոսկովյան խամաճիկ սուրենսարգսյաններ խաղացնողները:

ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր