ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻ ԱՀԱԶԱՆԳԸ

22.10.2013, Հայոց աշխարհ

Կարծիքներ են հնչում, թե Զորի Բալայանի բաց նամակը ՌԴ նախագահ Վ.Պուտինին փրկության ճիչ է. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեւ, մութ ամպեր են կուտակվում, հիմնախնդրի «ոչ հայանպաստ» հանգուցալուծումն այլեւս անխուսափելի է, եւ Զ.Բալայանը դիմել է այս քայլին, որպեսզի կանխի Ղարաբաղի գլխին կախված մահացու սպառնալիքը։ Այս կապակցությամբ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ մեր թղթակցին ասաց.

«Թույլ տվեք չհամաձայնել այդ տեսակետին։ Հղում անելով Գյուլիստանի պայմանագրին՝ Զ.Բալայանը նախ եւ առաջ, թերեւս, նախազգուշացնում է Թուրքիայի նեոօսմանական, կայսերապաշտական նկրտումների մասին, որի ապացույցները տեսնում ենք գրեթե ամեն օր։

Այն անթույլատրելի միջամտությունները, որ Թուրքիան թույլ տվեց իրեն Լիբիայում, հետագայում՝ Եգիպտոսում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ (համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների թողտվությամբ կամ դրդմամբ), այլ բան չեն, քան նեոօսմանականության վերականգնման փորձեր եւ ճիգեր։ Ահա, այդ վտանգի մասին է գուժում Զ.Բալայանը՝ որ Թուրքիան չի հրաժարվել իր պանթուրքական նկրտումներից եւ իր հավակնությունները հիմա էլ փորձելու է տարածել մեր տարածաշրջանում։

Այսինքն՝ ահազանգն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլեւ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիին ու Իրանի հոգեւոր ղեկավարությանը, Օսմանյան կայսրության արյունալի պատմությանը ծանոթ համայն մարդկությանը: Զորի Բալայանը, կարծում եմ, ճիշտ ժամանակին հիմնավոր կերպով բարձրաձայնում է, որ պանթուրքիզմը նոր զարգացում է ապրում։

Ճիշտ է, առայժմ քողարկված ձեւով, թաքնվելով ժողովրդավարության կարգախոսների ներքո: Սակայն թուրքական իշխանությունները, քաջ գիտակցելով, որ ձախողել են իրենց ծրագրերը Սիրիայում, փորձելու են սեփական նեոօսմանական կայսերապաշտական նկրտումները «տեղափոխել» Հարավային եւ Հյուսիսային Կովկաս՝ օգտագործելով նաեւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության չլուծված լինելու հանգամանքը։ Ահա՛ թե ինչի մասին է Զ.Բալայանի ահազանգը։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե սա SOS է՝ «փրկության ճիչ» Ղարաբաղյան հակամարտության գոտում հասունացող վտանգավոր զարգացումները կանխելու համար, ապա նշեմ, որ 19 տարի է Հայաստանը ապրում է SOS-ի պայմաններում. ռազմական հակամարտության դադարեցումից՝ 1994 թվականից հետո մեր զինված ուժերն ամեն օր, ամեն վայրկյան սպասում են խարդավանքների, սադրանքների ադրբեջանցիների, ինչու չէ՝ նաեւ թուրքերի կողմից։

Այնպես որ, այս առումով որեւէ նոր տեսակետ չի ներկայացվում, առավել եւս, որ այդ հարցերին անդրադարձել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽ ԽՎ ամբիոնից, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հարցին ի պատասխան։

Երբ որոշ քաղաքական ուժեր եւ քաղաքագետ-գրանտակերներ, անտեսելով այս ամենը, փորձում են տագնապալի երանգներով մեկնաբանել Զորի Բալայանի նամակը, կարծում եմ, այստեղ կամ միտում կա, կամ նամակի բովանդակության եւ էության ոչ լիարժեք ընկալում»։

Լ.Պ.

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր