ԱՂՄԿՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՆԱՄԱԿԸ ԾԱՌԱՅԵԼ Է ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ

19.10.2013, Հայոց աշխարհ

Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի հրապարակումից ամբողջ մի շաբաթ է անցել, բայց հայրենի «արեւմտամետների» շրջանում այդ կապակցությամբ ծավալված հրմշտոցը՝ անհիմն մեղադրանքների, իրավիճակին ակնհայտորեն ոչ համարժեք մեկնաբանությունների եւ գնահատականների հեղեղը, չի դադարում։

Ինչո՞վ է պայմանավորված այս հիվանդագին աժիոտաժը, ի վերջո, ի՞նչ խնդիր էր փորձում լուծել ճանաչված մտավորականը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին եւ հիշեցնելով 200-ամյա վաղեմության պատմական անցուդարձը։

Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։

-Նախ, ուզում եմ նշել, որ Զորի Բալայանի բաց նամակի շուրջ մեկնաբանությունները, ցավոք սրտի, կամ մակերեսային են կամ էլ խիստ միակողմանի։ «Մեկնաբանները» թերեւս զլանում են, կամ չեն ուզում խորանալ հայանպաստ եւ ազգանպաստ այդ ընդգրկուն վերլուծական փաստաթղթի տողատակերի մեջ։

Իհարկե, մի հարցազրույցում հնարավոր չէ բացել նամակի ամբողջ ենթատեքստը եւ նրբերանգները՝ դա լրջագույն վերլուծության թեմա է, պարզապես ուզում եմ շեշտել շատ կարեւոր մի քանի հանգամանք։

Հասցեագրելով այս նամակը Վլադիմիր Պուտինին՝ Զորի Բալայանը շատ հետաքրքիր քայլ է արել՝ համոզված լինելով, որ ցանկացած ուղերձ Ռուսաստանի գործող նախագահին այսօր ուշի-ուշով ուսումնասիրվում է համայն աշխարհի մեծերի, համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների կողմից։

Կասկած չունեմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները եւ հասարակություններն ամբողջությամբ չէ, որ տեղյակ են 1813թ. Գյուլիստանի պայմանագրի պատմական մանրամասներին, որոնց մանրակրկիտ անդրադարձել է հեղինակն իր նամակում` հիմնավորելով դրանց դրույթների արդիականությունը։ Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ծավալվող զարգացումներին նախորդած՝ 200 տարի առաջ կնքված Գյուլիստանի պայմանագրում ամրագրված սկզբունքները հիրավի չեն կորցրել իրենց այժմեականությունը, ուստիեւ անհրաժեշտություն է առաջացել դարձնել դրանք միջազգային լայն հասարակայնության սեփականությունը։

Այս պարագայում, ինչ խոսք, շատերի համար հասկանալի կդառնան Զորի Բալայանի մտահոգությունները, առավել եւս, որ նամակում բերված բազմաթիվ փաստագրական տվյալներ, ասես թե, ակնհայտորեն խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման օգտին, դրանով իսկ հայկական կողմը՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, հայտնվում են շահեկան իրավիճակում։ Սա՝ մեկ։

Երկրորդ՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր ռազմաքաղաքական դաշնակիցն է, հիմա էլ, երբ օրակարգում դրված է Մաքսային միությանը մեր անդամակցության հարցը, նաեւ տնտեսական ամենամոտ գործընկերն է լինելու: Ուստի այս նամակով մեր ռազմաքաղաքական դաշնակիցը Մինսկի խմբի համանախագահողների առաքելությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում պատմականորեն հիմնավորված հավելյալ շահեկան դիրքեր եւ հզորություն է ստանում։

Վերջին հաշվով, եթե Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ինչ-ինչ պատճառներից դրդված, փորձեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում ոչ հայանպաստ դիրքորոշում որդեգրել, Ռուսաստանը արդեն կարող է որպես պահանջատեր հանդես գալ՝ մատնանշելով պատմական այն իրողությունները, որոնք բերված են Զորի Բալայանի նամակում եւ արդեն իսկ ոչ միայն հայ ժողովրդի սեփականությունն են, այլեւ միջազգային լայն հասարակության (Վլադիմիր Պուտինին ուղղված նամակները, նրա բացառիկ բարձր հեղինակության պայմաններում՝ ստանում են նոր, հզոր հնչեղություն):

Ռուսաստանի փաստարկները շատ համոզիչ կհնչեն՝ համաձայն Գյուլիստանի պայմանագրի, որի իրավահաջորդներն են Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, խնդրո առարկայի կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրներից բոլորից շատ իրավունքներ վերապահված են Ռուսաստանին:

- Թերեւս այդ է պատճառը, որ արեւմտյան գրանտներով սնվող շրջանակներն են ամենից բարձր հայհոյում նամակի հեղինակին՝ մեղադրելով, ոչ ավել, ոչ պակաս, «ազգային դավաճանության» մեջ։

- Կարծում եմ, պետք է շնորհակալություն հայտնենք նրանց. նամակի շուրջ աղմուկ բարձրացնելով՝ նրանք, մի կողմից՝ մեծացնում են հետաքրքրությունը դրա նկատմամբ, մյուս կողմից՝ այդ աղմուկը վկայում է, որ Զորի Բալայանի արծարծած հարցերը շատ եւ շատ խոցել են այդ գրանտակերներին ու նրանց թիկունքում կանգնած խամաճիկ խաղացնողներին։ Նշանակում է՝ նամակն այս տեսակետից էլ է ծառայել իր նպատակին։

Այդքանով հանդերձ, իրենց քաղաքագետի տեղ դրած որոշ մարդկանց ուզում եմ հորդորել՝ մինչեւ հարգարժան մտավորականի հասցեին բացասական գնահատականներ, առավել եւս մեղադրանքներ հնչեցնելը, առ այն, որ նա «դավաճանել» է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն է` իր կյանքի գործին, Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը, ապա խորհուրդ կտայի վերջիններիս չափավորել իրենց եռանդը: Եվ թող ներվի ասել՝ իրենց մանկամիտ մեկնաբանություններով ջուր չլցնել թուրք-ադրբեջանցիների ջրաղացին։

Ի վերջո, Բալայանի անվան հետ կապվում է Ղարաբաղյան ազատագրական շարժման հաղթական գաղափարախոսությունը, եւ եթե մեզանում այսօր նման գնահատականներ ենք թույլ տալիս կամ հանդուրժում ենք այդ մեղադրանքները, համոզված ասում եմ՝ կամա-ակամա տուրք ենք տալիս թուրքական քարոզչությանը։ Պատահական չէ, որ նամակի հրապարակումից հետո սրանք սուգուշիվան էին կապել` շատ լավ հասկանալով Բալայանի վերլուծության լրջությունը, գիտակցելով, թե ինչ զարգացումներ կարող են դրան հետեւել։

- Ի՞նչ եք կարծում, ի վերջո, այս նամակը պատասխան ակնկալո՞ւմ է, թե՞ ոչ։

- Կարծում եմ, այս պարագայում դա այնքան էլ էական չէ։ Նամակագրություն չէ, որ ընթանա հարցուպատասխանի ձեւաչափով՝ պարզապես տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին լրջագույն վերլուծություն է, որ, խորապես համոզված եմ, Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահագրգիռ քաղաքական ընտրանու կողմից, անտարակույս նաեւ ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից համակողմանիորեն կուսումնասիրվի: Նամակում բերված փաստարկներն այնքան համոզիչ են, որ դրանց կհետեւեն անհրաժեշտ լուծումներ:

Օգտվելով առիթից` շնորհակալությունս եմ հայտնում մեր անվանի հրապարակախոս, մեծ հայրենասեր Զորի Բալայանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անխոնջ նվիրյալին, քաղաքացիական իր բարձր, անսասան դիրքորոշման համար: Զորի Հայկի` մեծ նավարկություն համաշխարհային քաղաքականության փոթորկահույզ օվկիանոսում:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր