ԳՅԱ ՔԵԶ ՂՐԿԵԼ ԵՆ ՇՊԻՈՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՍ, ԹԵ ԶԱԶՐԱԽՈՍԵՍ

11.10.2013, Իրավունք

Այո, իրավամբ հետաքրքիր զարգացումների ականատեսն ենք դառնում հայոց աշխարհում: Բացի ծույլերից կարծես թե բոլորն արդեն հասցրել էին իրենց հույժ <հեղինակավոր> կարծիքն արտահայտել սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հնչեցված ՀՀ Նախագահի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին հայտարարության վերաբերյալ: Ըստ որում ուշագրավն այն էր, որ սույն որոշման ընդդիմախոսները հիմնականում արտահայտում էին հուզական կարծիքներ, որոնք թերևս և ոչ մի աղերս չունեին իրականության հետ: Բնականաբար, առավել նյարդայնացած էին զանազան գրանտակեր կազմակերպությունների ձախողված շեփորահարները, որոնք միմյանց հերթ չտալով ոչ թե փորձում էին վերլուծություններ կատարել Մաքսային միության հիմքում դրված Մաքսային օրենսգրքի (Таможенный кодекс Таможенного союза) այս կամ այն դրույթի շուրջ, այլ ամփոփվում էին հակառուսական քարոզչությամբ: Նման քարոզարշավին անմասն չէր կարող մնալ ոչ անհայտ ԱՄՆ քաղաքացի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինիս երեկ թերթերից մեկին տրված հարցազրույցը կարելի է բնութագրել որպես սույն պարոնի հերթական ինքնաբացահայտման մի վառ դրսևորում, իրեն հատուկ լկտի եզրակացություններով և գնահատականներով: Ցավ ես ապրում, որ պարոն Ռիչարդը ինքն անտեղյակ լինելով կամ այդպիսին ձևանալով փորձում է թյուրիմացության մեջ գցել հայ ընթերցողին: Այսպես, նա տարակուսում է. <Իմ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Հայաստանի նախագահը դեռևս կարծում է` Հայաստանը կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը: Բոլորն արդեն հստակ հայտարարել են, որ դա այլևս հնարավոր չէ…>:

Եթե Ռիչարդ Կիրակոսյանը չզլանար և նեղություն քաշեր ծանոթանար այն հիմնարար փաստաթղթին, այն է` 2010 թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված <Եվրամիության գործելու պայմանագրին> (Договор о функционировании Европейского Союза), որտեղ բացատրվում են Եվրամիության հետ երկրների Ասոցացման համաձայնագիր ստորագրելու պահանջներն ու դրույթները, ապա անհեթեթ պնդումներով հանդես չէր գա մամուլում: Այնտեղ պարզից էլ պարզ նշվում է, որ Ասոցացման համաձայնագիրը կարող է ներառել նաև Ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր: Կրկնում եմ, կարող է, դա պարտադիր, իմպերատիվ պահանջ չէ և Ասոցացման պայմանագիր Եվրամիությունը ունի Ալբանիայի, Ալժիրի, Եգիպտոսի, Իսրայելի, Հորդանանի, Լիբանանի, Մարոկկոյի, Պաղեստինի ինքնավարության, Չիլիի, Հարավային Աֆրիկայի և այլ երկրների հետ և բացարձակապես նախապայման չէր, որ հիշատակածս երկրները կնքեին նաև Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Եթե Ռիչարդ Կիրակոսյանը իրոք հավատում է, որ Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը անքակտելի են միմիանցից, ապա սա ցույց է տալիս, որ նա ընդհանրապես չի հասկանում  իրական եվրաինտեգրման պրոցեսները, իսկ եթե նա հասկանում է և գիտակցաբար է խեղում իրականությունը, ուրեմն նա հերթական անգամ բացահայտում է իր ոչ անկեղծ դրսևորումը Հայաստանի նկատմամբ: Այլ խնդիր է, որ Արևելյան գործընկերության մեր բարեկամները ակնկալում էին, որ Հայաստանը կստորագրի և Ասոցացման համաձայնագիրը, և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը:

Վերջինիս հարցազրույցում նկատելի էին նաև նոր երանգներ, չգիտես ինչու (չնայած նրա հրապարակումներին և գործունեությանը հետևողները լավ էլ գիտեն թե ինչու) նա բարեկիրթ ձևակերպմամբ պաշտպանության տակ առավ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովին, իր դժգոհությունը հայտնելով Սեյիդովի հարցին հաջորդած ՀՀ նախագահի կոշտության կապակցությամբ: Ռիչարդ Կիրակոսյանին չգիտես ինչու չի հուզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լկտի արտահայտությունները մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին, չի հուզում նաև այն, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչամեքենան աշխարհիս հայերին համարել է իրենց թիվ մեկ թշնամին: Նրան, եկեք տեսեք, հուզել է Սերժ Սարգսյանի հստակ քաղաքական, կրկնում եմ, քաղաքական գնահատականը. <Պետք չէր ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է մեզ ռազմական գործողություններով: Վստահ եմ, եթե այդպիսի գործողություններ լինեն, մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20 տոկոսի մասին, այլ 25, 30 տոկոսի մասին: Պետք չէր ռազմական գործողություններ սկսել>: Ըստ էության ՀՀ Նախագահը տեղեկացնում է ԵԽԽՎ պատվիրակներին Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ, երկրորդ` մեր երկրի զինված ուժերի համարժեք հակահարվածի մասին, երրորդ` Նախագահի հայտարարությունը կսառեցնի պատերազմի մարմաջով տառապող իշխանությունների տաք գլուխները, ինչը, կարծում եմ, պետք է մտահոգի Եվրոպայի քաղաքական ընտրանուն, քանի որ վերջի տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները 5 անգամ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններով, որտեղ հստակ գրված է եղել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պարտադիր պահանջի մասին:

Ռիչարդ Կիրակոսյանի բուռն գործունեությանը անծանոթները, կարդալով նրա վերջին հարցազրույցը, կարող են հիանալ, զմայլվել մեր հերոսի ամենակարողությամբ, ամենաիրազեկվածությամբ: Այսպես, նա արդեն Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի իրավասուների փոխարեն որոշել է, որ Վիլնյուսում ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու կամ նախաստորագրվելու: Վճռական է Ռիչարդը իր եզրակացություններում, երբ ասում է. <Հայաստանի իշխանությունը պետք է հրապարակայնորեն ընդունի, որ սեպտեմբերի 3-ի իր որոշման պատճառով Հայաստանը հեռացավ Եվրոպական միությունից: Վերջինս այժմ այլ կերպ է նայում Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունը կորցրել է Եվրոպական միության վստահությունը…>: Լավ, պարոն Ռիչարդ, հարցազրույց տալուց հետո, մեծ-մեծ փռթելուց առաջ բա մի հատ նեղություն քաշեիր ծանոթանայիր ս/թ հոկտեմբերի 8-ին Բրյուսելում կայացած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ ունեցած հանդիպման մասին մամուլի հաղորդագրության հետ: Եթե չալարեիր, ապա քեզ համար պարզ կդառնար, որ հանդիպումից հետո Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։ Հանդիպմանն անդրադարձ էր արվել նաև Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Իհարկե թող ների պարոն Ռիչարդը, որ նման հայտարարություն անելուց առաջ Քեթրին Էշթոնը հաշվի չէր առել նրա կարծիքն ու գնահատականները:

Ասել, որ Ռիչարդ Կիրակոսյանը ամբողջությամբ է կտրված իրականությունից կլինի ոչ արդարացի: Նա հասկանում է, որ իր վերլուծությունները արդեն իսկ ձանձրացնում են հայ ընթերցողին իրենց ակնհայտ միակողմանիությամբ, ռուսատյացությամբ, ուստի սույն վերլուծաբանը անդրադարձ է կատարում Փակ շուկայի խնդրին, խորը ափսոսանք հայտնելով, որ <նույնիսկ վարչապետը, կարծես թե, ի վիճակի չեղավ տալ դրա բացատրությունը>: Մխիթարվի°ր հայ ժողովուրդ, որ գոնե սույն ձևակերպման մեջ կա թաքնված հարգանքի նշույլ ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Սեփական հեղեղուկ եզրակացությունները ավելի համոզիչ դարձնելու համար Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույցում անդրադարձ է անում չարչրկված ևս մեկ թեմայի, այն է` Հայաստանի պարտքի դիմաց Ռուսաստանին <Ռազմավարական կարևոր օբյեկտները> հանձնելու կապակցությամբ: Ավաղ, հանձնված օբյեկտները այն ժամանակ պարապուրդի էին մատնված: Ուրիշ բան, որ հիմա էլ նրանք ամբողջ հզորությամբ չեն շահագործվում և, թերևս, այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել Մաքսային միության շրջանակում համապատասխան լուծումներ գտնելով:

Չէր կարող մեր վերլուծաբանը չանդրադառնալ նաև Հայաստանի վրա Մաքսային Միություն մտնելու որոշման հետ կապված <ճնշումների> խնդրին: Նա ընդվզում է. <Եվ եթե Ռուսաստանի կողմից ճնշում չի եղել, ինչպես պնդում է Նախագահը, ապա ինչ անվտանգության մասին է խոսքը: Եվ սա Լեռնային Ղարաբաղին էլ չի վերաբերում, այստեղ ոչ մի կապ չկա>: Այ ամերիկացի իմ բարեկամ բա մի հատ չհանձնարարեյիր քո գլխավորած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցներիդ ուսումնասիրեին ադրբեջանական մամուլի, վերլուծաբանների, քաղաքագետների Հայաստանի Մաքսային միություն մտնելու մասին արված հայտարարությունից անմիջապես հետո հնչած արձագանքները: Եթե ՀՀ նախագահի որոշման ընդդիմախոսները չզլանային, ապա անկողմնակալ վերլուծելիս կգային մի պարզ եզրահանգման, այն է` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից ակնհայտորեն խուճապահար տրամադրություններ են  նկատվում մի կողմից ադրբեջանական քաղաքական ընտրանու, մյուս կողմից` Ռիչարդ Կիրակոսյան & Co շրջանակներում: Ավարտելով խոսքս, մեր բարեկամ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ռիչարդ Կիրակոսյանին խորհուրդ կտաի այսուհետ հնարավորինս քիչ նմանվել ՀՀ քաղաքացի Զարուհի Փոստանջյանին և չհամարձակվել խառնվել ՀՀ ներքին գործերին, առավել ևս փորձել վիրավորել ՀՀ Նախագահին, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին:

Եվ, վերջապես, ասաց քյավառցու` <Գյա քեզ ղրկել են շպիոնություն անե±ս, թե զազրախոսե±ս>:    

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր,
<Ազգային Միաբանություն կուսակցության> նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր