ԵՐԲ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԵՆ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱՅԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

04.10.2013, Հայոց աշխարհ

04.10-07.10.2013, Իրավունք

Արդեն երկու օր է, ինչ հայաստանյան անխտիր բոլոր լրատվամիջոցներն անդրադարձ են կատարում հոկտեմբերի 2-ին Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան ուղղված «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցերին: Մամուլում եւ հեռուստատեսությամբ հնչած գնահատականները երբեմն, ավա՜ղ, նույնպես լուրջ մտորումների տեղիք են տալիս:

   Մենք ականատես ենք դառնում, երբ իշխանավորներին միտումնավոր կամ անգիտակցաբար, մտացածին կամ պարտադրված քաղաքական ընդդիմությունը վերաձեւավորվում է որպես ընդդիմություն Հայոց պետականությանը: Ըստ որում՝ դա արվում է հրապարակավ, այն էլ այնպիսի հեղինակավոր կազմակերպության ամբիոնից, ինչպիսին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնն է:

Երբ խորհում ես, թե որոնք էին դրդապատճառները ճիշտ այս օրերին, երբ պարզություն է մտցվել ՀՀ աշխարհաքաղաքական ուղղվածության հարցում, ԵԽ ԽՎ-ի նստաշրջանն օգտագործելով փորձել վիրավորել սեփական ժողովրդիդ, նրա կամքը արտահայտող ընտրված հանրապետության նախագահին, ավելին՝ Հայոց հաղթանակած բանակի գերագույն գլխավոր հրամանատարին, երբ ուշադիր վերլուծության ես ենթարկում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված հարցերի բովանդակությունը, ապա մտահոգիչ պատկեր է ուրվագծվում:

Իրենց հանրագումարում ԵԽ ԽՎ-ի ամբիոնից հնչեցված հարցերը ասես թե բարձրակետն էին սեպտեմբերի 3-ից հետո Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամագրվելու երկրի նախագահի արած հայտարարությունից հետո բարձրացված վայնասունի: Եվ, ինչ խոսք, այդ գործում սպասելի էր, որ առաջամարտիկի դեր կստանձնեն մեր երկրում ռուսատյացության դրոշակակիր, օտարի շահերը պաշտպանող «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները:

Սրանց դյուրագրգիռ եւ նյարդայնացած դրսեւորումները խիստ սպասելի էին. բավական է նշել, որ առանձին դիտարկումների համաձայն՝ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում Հայաստանում գրանցված ավելի քան 300 հասարակական, եւ ոչ միայն հասարակական, տարբեր կազմակերպություններ Արեւմուտքի կողմից ֆինանսավորվել են շուրջ 50 մլն դոլարի չափով: Փողերը լափել են, եւ ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, սակայն դրա արդյունքը՝ «նիխտ»:

Վերջիններիս եւ նրանց տերերի ձախողումը՝ պայմանավորված Հայաստանի անդամակցությամբ Մաքսային միությանը, էլ ավելի ցցուն դարձավ, երբ վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը եւ արտաքին գործերի նախարարությունն իրենց համոզիչ, հետեւողական բաց քաղաքականությամբ միջազգային ասպարեզում, նաեւ մամուլում հնչեցված հայտարարություններով կարողացան եվրոպացի եւ ամերիկացի մեր գործընկերներին սպառիչ ձեւով հիմնավորել մեր երկրի նախագահի կողմից սեպտեմբերի 3-ին հնչեցված որոշման անհրաժեշտությունը:

Արդեն իսկ ականատեսն ենք դառնում, որ Հայաստանի իսկական բարեկամները թե՛ Եվրամիությունում, թե՛ ԱՄՆ-ում, այո՛, ըմբռնումով են ընդունում ՀՀ նախագահի քաղաքական որոշումը, ավելին՝ հրապարակայնորեն հայտնում են իրենց երկրների պատրաստակամությունը՝ շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը մեր երկիրը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, դատական համակարգի կատարելագործման, կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի ուժեղացման ոլորտներում:

 Այս ամենից հետո յուրաքանչյուր պատվիրակված վերլուծաբան, որը առաջադրանք ունի խարխլել Հայաստանի Հանրապետության եւ նրա լեգիտիմ ընտրված նախագահի դիրքերը, բնական է, պետք է նախաձեռներ քայլեր, որոնք հարցականի տակ կդնեին Հայաստանի Հանրապետության նախագահի լեգիտիմությունը: Պարզից էլ պարզ է, որ այս նողկալի գործում բոլորից շատ պետք է շահագրգռված լիներ թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչն էլ իրեն երկար սպասեցնել չտվեց:

Ըստ որում, այն, որ տեղի ունեցածը նախօրոք մշակված ու կանխորոշված գործառույթ էր, կասկածից վեր է. բավական է նշել, որ դեռ օգոստոսի 3-ին Զարուհի Փոստանջյանը, լինելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության փոխարինող կազմում, արդեն իսկ հերթագրվել էր Հանրապետության նախագահին հարց տալու համար: Մինչդեռ մենք գիտենք, որ հարց տալու իրավունք վերապահված է ԵԽ ԽՎ-ի անդամ երկրների հիմնական կազմի պատվիրակներին: Զարմանալի զուգադիպություն...

Հարկ է նաեւ նկատել, որ ժողովրդավարության անգամ իսկ ամենամոլեռանդ ջատագովները պատշաճ առիթ ունեցան համոզվելու, թե նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք մեր երկիրը ժողովրդավարության ինչ բարձունքների է հասել, երբ իշխող Հանրապետական կուսակցության պատվիրակները ԵԽ ԽՎ-ի այդ հույժ պատասխանատու նիստի ժամանակ հոժարակամ իրենց ձայնի իրավունքը զիջում են ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցչին:

Ավելին՝ եվրոպացի պատգամավորներն էլ հնարավորություն են ունենում անկողմնակալ պատկերացում կազմել մեր երկրի նախագահին ընդդիմադիրների նկարագրի վերաբերյալ, նաեւ Սերժ Սարգսյանի հավասարակշռության ու լայնախոհության մասին: Չի կարելի բացառել, որ Զարուհի Փոստանջյանին դրդել էին նման գռեհիկ ձեւակերպումներով դիմել նախագահին, ի թիվս այլ խնդիրների լուծման, ակնկալելով, որ նախագահը տրված հարցին դրա մակարդակի հարթության վրա կպատասխանի:

Հիասթափեցնենք, այստեղ էլ տիկին Փոստանջյանի եւ նրա թիկունքում կանգնածների հաշվարկները ձախողվեցին: Ես չեմ բացառում, որ «Ժառանգության» տիկնիկավարներն ակնկալում էին, որ նման վարքագիծ դրսեւորելուց հետո տիկին Փոստանջյանը իշխանությունների կողմից կենթարկվի «հետապնդումների» ու «հալածանքների»: Եվ, կարծես թե, Ազգային ժողովում հարգարժան Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարությունը՝ վերանայել ԵԽ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմը, կարող է Հայոց պետականությանն ընդդիմադիրների համար հետագայում դառնալ Հայաստանի իշխանություններին շանտաժի ենթարկելու առարկա:

Թվում է, թե ավելի արդարացված կլիներ ռուսաց ցար Պետրոս Մեծի դեռ 1703թ. հոկտեմբերի 4-ին արձակած հայտնի հրամանագրի ոգուն համահունչ գործել՝ «Հրամայում եմ բոյարներին Դումայում խոսել բանավոր, որպեսզի յուրաքանչյուրի հիմարությունը տեսանելի դառնա», այն է՝ չզրկել մեր պետությանն ընդդիմադիրներին միջազգային կառույցներում ինքնաբացահայտվելու միջոցից:

Տողերիս հեղինակը 7 տարի եղել է ԵԽ ԽՎ-ում Ազգային ժողովի հայաստանյան պատվիրակության փոխարինող կազմում: Մեր երկրի ԱԺ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, ՀՀԿ-ից պատվիրակության հիմնական կազմում ընդգրկված Հերմինե Նաղդալյանը, նաեւ ՀՅԴ պատվիրակության հիմնական անդամ Արմեն Ռուստամյանը քանիցս ինձ են զիջել իրենց իրավունքը եւ հնարավորություն տվել ելույթ ունենալ ԵԽ ԽՎ-ի նստաշրջաններում:

Ադրբեջանական պատվիրակության այն ժամանակվա եւ ներկայիս ղեկավար Սամաթ Սեիդովի հարցին, որ իր տեղեկությամբ Արտաշես Գեղամյանը Հայաստանում անողոք քննադատության է ենթարկում Հայաստանի իշխանություններին, իսկ Ստրասբուրգում, չգիտես ինչու, լռում է, գործընկերներս պատասխանել էին. Գեղամյանը դեմ է իշխանությունների վարած քաղաքականությանը, բայց ոչ երբեք Հայոց պետականությանը:

Կարծում եմ, հիմա ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ճիշտ այդ նույն ղեկավարն այլեւս դժգոհելու առիթ չի ունենա, քանի որ Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր առանձին պատվիրակներ այսօր ընդդիմադիր են ոչ թե ՀՀ իշխանություններին, այլ Հայաստանի Հանրապետությանը:

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից, «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

  

Հ.Գ.- Հոկտեմբերի 2-ին ԵԽ ԽՎ-ի նստաշրջանում «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի հարցերին, ըստ իս, պետք է գնահատական տա նախեւառաջ «Ժառանգություն» կուսակցությունը:

Մեր երկրի քաղաքացիներն իրավունք ունեն հասկանալու, թե Ստրասբուրգում հնչեցվածը «Ժառանգություն» կուսակցության պատգամավորի անձնական կարծիքն ու տեսակե՞տն է, թե՞ կուսակցության որդեգրած քաղաքական գիծը: Դրանից հետո, կարծում եմ, անհրաժեշտություն կլինի որոշակի ճշտումներ մտցնել այդ կառույցի ֆինանսավորման աղբյուրների մասին եւ պարզել դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը: Եվ սա հռետորական հարցադրում չէ, այլ պահանջ՝ մեր երկրի ազգային անվտանգության շահերից բխող:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր