ՍԱ ՌԱՑԻՈՆԱԼ ՈՐՈՇՈՒՄ Է, ԵՎ ՎԵՐՋ:

06-07.09.2013, Հայոց աշխարհ

Մեր հարցերին ի պատասխան՝ Հայաստանի մաքսային միությանը անդամակցելու որոշման վերաբերյալ իր տեսակետները եւ նկատառումները ներկայացնում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ

-Սա առանց չափազանցության պատմական որոշում է, որը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը եւ տնտեսության դինամիկ զարգացումը։ Բավական է հետադարձ հայացք գցել տարածաշրջանային զարգացումների վրա՝ համոզվելու համար, որ, այո՛, մեր տարածաշրջանը մոտ ապագայում հայտնվելու է բուռն աշխարհաքաղաքական տեղաշարժերի կիզակետում։ Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներքաշվելու է պատերազմական գործողություններին: Արդյունքում, ակնհայտ է, որ համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ուշադրության կենտրոնում կհայտնվի մեր անմիջական հարեւան Իրանը, դրանից բխող վտանգավոր հետեւանքներով: Եւ չի բացառվում, որ այդ հանգամանքից կփորձեն օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, մի օրինակ բերեմ։ Այս տարի օգոստոսի 15-16-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցավ թյուրքալեզու երկրների համագործակցության 3-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի եւ Ադրբեջանի նախագահները։ Օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Ղարաբաղյան հակամարտությունն անվանեց «թյուրքալեզու աշխարհի կարեւորագույն խնդիրներից մեկը»: Դրա նախօրեին թյուրքալեզու երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հանդես եկավ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ասելով. «Թուրքիան պատրաստ է անել հնարավոր եւ իրենից կախված ամեն բան, որպեսզի կասեցնի ադրբեջանական հողերի զավթումը Հայաստանի կողմից: Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի  զավթված մյուս տարածքների ազատագրումը շարունակում է մնալ մեր քաղաքականության հիմնական ուղղությունը»։ Իսկ մինչ այդ, Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր հրապարակային ելույթներում քանիցս հայտարարել էր, որ իրենք ջանք չեն խնայի եւ կանեն ամեն ինչ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը մեկընդմիշտ լուծվի։

 

Կարդալով թուրքական իշխանավորների ռազմաշունչ նման հայտարարությունները ակամա մտածում ես. մի˚թե թուրքական իշխանությունները տեղեկացված չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հինգ համատեղ հայտարարությունների մասին` ընդունված Աքվիլլայում (Իտալիա, 2009թ.), Մուսքոկում (Կանադա, 2010թ.), Դովիլում (Ֆրանսիա, 2011թ.), Լոս-Կաբոսում (Մեքսիկա, 2012թ.) եւ Լոհ-Էրնում (Մեծ Բրիտանիա 2013թ.): Նշենք, որ այդ հայտարարություններում կարմիր թելի նման կրկնվում է նույն միտքը, այն է. «Մենք ընդգծում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտության` հնարավորություն բացելով տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար… Մենք հաստատակամորեն բոլոր կողմերի ղեկավարներին կոչ ենք անում եւս մեկ անգամ հաստատել Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին հավատարիմ լինելը»: Սա մեջբերում էր  Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի 2013թ. հունիսին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված համատեղ հայտարարությունից: Ըստ որում, հարկ է նշել, որ Թուրքիայի վերը հիշատակած հայտարարություններից հետո, որոնք ի չիք են անում Մինսկի խմցի համանախագահող երկրների նախագահների մոտեցումները բացարձակապես ոչ մի արձագանք չեղավ ո՛չ Ֆրանսիայի (Եվրամիության), ո՛չ Միացյալ Նահանգների կողմից առ այն, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է նրանց  հայտարարություններում հիշատակած միջազգային իրավունքի վերը նշված երեք սկզբունքների միաժամանակյա կիրառմամբ:

 -Ռուսաստանն արձագանքե՞լ է Թուրքիայի քաղաքական ղեկավարության միակողմանի հայտարարություններին։

-Այն, որ Պուտին-Սարգսյան համատեղ հայտարարության մեջ ուղղակիորեն նշված է, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հաստատեցին իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը բացառապես խաղաղ միջոցներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի ձեւաչափում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշման իրավունքի` մեկ ամբողջական կազմող սկզբունքների հիման վրա» նշանակում է ոչ այլ ինչ, քան քաղաքական ապտակ թուրքական իշխանություններին: Երեւանյան բարբառով ասած, գյադե՛ք, ձեր քիթը մի խոթեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործի մեջ, դրանով զբաղվում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան:   Վլադիմիր Պուտինը ստորագրելով այդ հայտարարության տակ, հասկացրեց թուրք-ազերիներին, որ  Ռուսաստանը մատների արանքով չի նայում այդ խնդրին, այլ հետեւողականորեն հանդես է գալիս որպես համատեղ հայտարարությունում նշված երեք սկզբունքների համաժամանակյա կիրառման երաշխավոր։ Թուրք եւ ադրբեջանցի քաղաքական այրերը դրա՛ դեմ են ընդվզում՝ շեշտելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այն, որ Ռուսաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ առանցքային նշանակություն ունի մեզ համար. փաստորեն, մաքսային միություն մտնելու հանգամանքը որոշակիություն է մտցնում նաեւ Ղարաբաղի հարցում։

Ասեմ ավելին. սույն թվականի օգոստոսին Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հենց Բաքվում բարձրաձայնեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ ասելով, որ Ղարաբաղի հարցը հնարավոր է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։ Այսինքն՝ վերստին շեշտվեց Ռուսաստանի դերակատարումը, որպես մեր տարածաշրջանում խաղաղության եւ մեր երկրի անվտանգության երաշխավորի, ինչը չափազանց կարեւոր է, հատկապես՝ նկատի ունենալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին շուրջ մեկ միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա վաճառելու պարագան։ Ասել կուզի, որ ցանկացած պատեհ առիթ մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանի Դաշնությունը, իր ղեկավարի հայտարարություններով ասես սառը ցնցուղի ազդեցություն է թողնում թուրք-ազերիական ռազմատենչ իշխանավորների վրա, դրանով իսկ վերահաստատելով մեր երկրի անվտանգության երաշխավորի իր առաքելությունը: Մաքսային միությանը մեր անդամագրվելը էլ ավելի կխորացնի հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ոլորտներում, ավելի բարձր աստիճանի հասցնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը: Իսկ դրա կարեւորությունը բացառիկ է, որովհետեւ, եթե երկրի անվտանգությունը ապահովված չէ, մնացած բոլոր խնդիրները՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության խորացման հեռանկարը եւ այլն, դառնում են անիմաստ, երկրորդական։

Այստեղ վտանգավոր մի միտում եմ տեսնում, որը կամ դիտավորության, կամ չիմացության հետեւանք է, կամ՝ երկուսը միաժամանակ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե վե՛րջ, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները խզվել են, այլեւս ոչ մի հեռանկար չկա՝ շարունակելու եվրոպական ինտեգրացման գործընթացը, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կամ ասում են՝ 4 տարի իզուր ժամանակ ենք վատնել՝ բանակցելով Եվրամության հետ։ Ամենեւին այդպես չէ։ Հակառակը՝ 4 տարվա արգասաբեր աշխատանքը մեծապես օգնեց Հայաստանին՝ իր օրենսդրությունը համապատասխանեցնելու միջազգային ստանդարտներին, չափորոշիչներին, որոնք ընդունելի են Եվրամիության անդամ-երկրների համար, եւ, ինչ խոսք, իրենց դրական ազդեցությունը վաղ թե ուշ թողնելու են մեր երկրի տնտեսության զարգացման վրա։ Եվ շատ հստակ մեր երկրի դիրքորոշման մասին ասեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ. «Սա ռացիոնալ որոշում է, այս որոշումը բխում է Հայաստանի ազգային շահերից: Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը այս իմաստով, շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները»:

 Ավելին՝ Եվրամիության տոնայնությունն էլ է փոխվել։ Եթե առաջին օրը ԵՄ պաշտոնյաների կողմից դիվանագիտորեն ոչ կոռեկտ հայտարարություններ եղան, հիմա մեր եվրոպացի բարեկամները, որպես գործընկերներ, պարզաբանումների են սպասում։ Այդ առումով, ուզում եմ հիշեցնել, որ 2013թ. ապրիլի 5-ին Տաշկենտում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդակցությունից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ, որի «մեխը» հետեւյալն էր՝ Արեւելյան գործընկերության ծրագիրը չի հակասում ԱՊՀ շրջանակներում ընթացող ինտեգրացիոն պրոցեսների խորացմանը, առավել եւս, որ Ռուսաստանն արդեն իսկ առեւտրի համաշախարհային կազմակերպության անդամ է։

Արտգործնախարարը նաեւ շեշտել էր, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ բազային նոր համաձայնագիր է կնքվելու՝ եվրոպացի գործընկերներն, ըստ Սերգեյ Լավրովի, ուզում են է՛լ ավելի ազատականացնել առեւտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Հրապարակայնորեն հռչակված այդ ցանկության իրականացման համատեքստում բացարձակապես անհասկանալի կլինի, եթե Եվրամիությունը հանկարծ փորձի խոչընդոտել այս կամ այն ինքնիշխան պետության ավելի սերտ համագործակցությանը Մաքսային Միության շրջանակներում, միասնական տնտեսական տարածքում եւ Եվրասիական միությունում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հեռանկարով», - շեշտել էր Ռուսաստանի արտգործնախարարը:   

Այլ բան է, որ որոշ մարդիկ խուճապի են մատնվել, եւ չեն էլ փորձում դա թաքցնել՝ անհիմն, անիմաստ դատողություններ են անում ՀՀ արտաքին ուղեգծում տեղի ունեցած «անակնկալ շրջադարձի» մասին։ Մինչդեռ հանրապետության նախագահը մշտապես իր հրապարակային ելույթներում կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական բարեկամության եւ դաշնակցության խնդիրները։ Ավելին՝ Վարշավայում, իր լեհ գործընկերոջ՝ Բրոնիսլավ Կոմարովսկու հետ համատեղ ասուլիսում նա շատ հստակ ասաց՝ Հայաստանը երբեք իրեն թույլ չի տա այնպիսի գործողություններ, որոնք կվնասեն ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահերը։ Այսինքն՝ այս որոշումը ՀՀ նախագահի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության տրամաբանական զարգացումն է։

-Մաքսային միության մեջ մտնելն ի՞նչ է տալու մեր տնտեսությանը, ի՞նչ նոր հեռանկարներ, հնարավորություններ է բացում մեր առջեւ։ 

-Համատեղ ասուլիսում նախագահ Պուտինը, ըստ էության, պատասխանեց այդ հարցին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է 15 միլիարդ ռուբլու կամ 480 միլիոն դոլարի ներդրումային ծրագրին՝ կապված հարավկովկասյան երկաթգծի վերագործարկման հետ։ Պարզ է, որ այդ գումարը միայն 300 կմ-անոց երկաթգծի վրա չի ծախսվելու։ Նշանակում է՝ հեռանկար է բացվում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության համար, որը հնարավորություն կընձեռի նույն ՀԱՊԿ մեր ռազմավարական դաշնակիցներին՝ երկաթուղային ճանապարհով դուրս գալ Պարսից ծոց, ինչպես ասում են՝ к теплым морям։ Սա անասելի կկարեւորի Հայաստանի դերը տարածաշրջանում։

 Բացի դրանից, Ռուսաստանը արդեն հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի շահագործումը 10 տարով երկարաձգելու, այսինքն՝ համապատասխան ներդրումներ անելու, որպեսզի երաշխավորվի ատոմակայանի շահագործման անվտանգությունը, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգությունը: Բացի դա, ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր ատոմակայանի շինարարության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ծրագրերի մասին։ Դրա հետ մեկտեղ, հիշատակվել է, որ «Ռոսնեֆտ»-ը արդեն ավարտին է մոտեցնում ուսումնասիրությունների եւ քննարկումների փուլը՝ «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված, որ, բնականաբար, նույնպես հսկայական ներդրումներ է պահանջում։

-Վստա՞հ եք, որ այդ խոստումները «օդում» չեն մնա։

-Հայաստանի՝ Մաքսային միության մեջ ընդգրկվելու պարագայում, վստահ եմ՝ Ռուսաստանն ավելի շահագրգռված կլինի՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու, որովհետեւ դա արվելու է միասնական տնտեսական տարածության համար, որից կշահեն նույն Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը։ Չմոռանանք նաեւ մի պարզ ճշմարտություն՝ Մաքսային միության անդամ լինելով՝ Հայաստանը զգալիորեն կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող մեր երկրի քաղաքացիների կացությունը, որոնց թիվը, ռուսաստանյան վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալներով, հասնում է 800 հազարի։ Նկատի ունեցեք, որ Ռուսաստանը հայտարարել է 2015թ.-ից վիզային, անցագրային ռեժիմ մտցնելու մասին՝ բացառությամբ այն երկրների, որոնք Մաքսային միության անդամ են։ Չմոռանանք նաեւ, որ Հայաստանում գործում է ռուսական կապիտալով աշխատող 1300 ձեռնարկություն, եւ, լինելով Մաքսային միության անդամ, կխթանենք այդ ձեռնարկությունների զարգացումը, որովհետեւ սպառման շուկան է ընդլայնվում եւ ավելի դյուրին դառնում` ի հաշիվ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի։ Ավելին՝ հայ արտադրողն արդեն պաշտպանված կլինի նաեւ Մաքսային միության օրենքներով ու կանոնակարգերով։ Արդեն կա մայր փաստաթուղթ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրքը, որտեղ մանրակրկիտ ներկայացված, բացված են խնդրո առարկային վերաբերվող բոլոր հարցերը, եւ ըստ որում՝ դուք այնտեղ չեք գտնի որեւէ դրույթ, որը հակասում է ԱՀԿ պահանջներին։

Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետեւ ԵՄ ազատ առեւտրի գոտում ընդգրկված բոլոր երկրները գործում են նույն «խաղի կանոնների» շրջանակներում, եւ, այո, կարելի է հենց նույն Հայաստանի օրինակով գտնել մի այնպիսի հետաքրքիր բանաձեւ, որը թույլ կտա համատեղել ասոցացման եւ խոր եւ համափարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը Մաքսային միությանը անդամակցության հետ։ Եթե ե՛ւ ԵՄ անդամ-երկրները, ե՛ւ Մաքսային միության երկրները ենթարկվում են ԱՀԿ կանոններին, ապա մնացած բոլոր հարցերը կարող են կարգավորվել բանակցությունների միջոցով։ Միջպետական նշանակություն ունեցող ցանկացած հարցադրում պետք է բաց լինի, եւ այդ դեպքում հնարավոր չեն անհաղթահարելի հակասություններ։ Դրա համար գոյություն ունի դիվանագիտություն։ Մեր իրական բարեկամները, լինեն դրանք եվրոպացիները, թե ամերիկացիները, եթե իրավամբ բարեկամներ են, ապա պետք է Հայաստանի Մաքսային միությանը միանալու մեջ ոչ թե բացասականը տեսնեն, այլ դրականը, եւ ինչու չէ, փորձեն օգտվել դրանից։

Հավատացեք, կգա այն օրը, երբ Եվրամիությունը եւ Ռուսաստանը կկնքեն այնպիսի բազային նոր համաձայնագիր, որը տրամաբանորեն կհանգեցնի Մաքսային միության եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը։ Զարգացումները դրա՛ն են տանում, որովհետեւ այսօրվա համաշխարհային տնտեսության մոդելը արդեն կարծես թե իրեն սպառել է, եւ պատահական չէ, որ ԱՄՆ-ի նման գերհզոր երկիրը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծում, այն դեպքում, երբ նրանց բաժանում է մի հսկայական օվկիանոս։ Նույն Եվրամիությունն արդեն բանակցություններ է սկսել Ճապոնիայի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին՝ սահման չունենալով այդ երկրի հետ։

Այսօր Եվրոպայում կա հզորությունների ոչ լիարժեք օգտագործման խնդիր։ Համաեվրոպական վճարունակ պահանջարկը տնտեսական ճգնաժամի հետեւանքով ընկել է, եւ եղած արտադրությունները թերբեռնված են աշխատում։ Ցավով եմ նշում, որ այստեղ ավելի շուտ քաղաքական խնդիր է դրված որոշակի քաղաքական ուժերի կողմից՝ Հայաստանը հնարավորինս կտրել Ռուսաստանից՝ փոխարենը ոչ մի հստակ անվտանգության երաշխիքներ չտալով։

Ես իզուր չմատնանշեցի Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակում ասոցացման համաձայնագրի ստորագրումը որեւէ խնդիր չպետք է ստեղծի մասնակից որեւէ երկրի համար՝ զուգահեռաբար ընդգրկվելու Մաքսային միության կազմում։ Եվ, ի դեպ, եվրոպացի եւ ոչ մի պաշտոնյա չի հերքել, չի հակադրվել այդ տեսակետին։ Նշանակում է՝ կա այն հենքը, որը թույլ է տալիս շարունակել բանակցությունները նույն Եվրամիության հետ, գտնել փոխզիջումային լուծումներ, բանաձեւեր, որոնք ընդունելի կլինեն ե՛ւ Եվրամիության, ե՛ւ Մաքսային միության երկրների համար։

-Մաքսային միությանը միանալու որոշումը հիստերիկ արձագանքի արժանացավ որոշ շրջանակների կողմից՝ գնահատվեց որպես կապիտուլյացիա, սովետական միությունը վերականգնելու փորձ, Հայաստանի ինքնիշխանության կորուստ եւ այլն։ Այդ գնահատականները որքանո՞վ «իրավաչափ» են, եւ ինչո՞ւ ԵՄ հետ ասոցացման դեպքում այդ հարցադրումները «հեռատեսորեն» շրջանցվում էին։

 -Երբեւէ լսե՞լ եք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը, Իտալիայի կամ ԵՄ ցանկացած այլ երկրի արտգործնախարարի հայտարարությունները հակասեն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշտոնի հայտարարություններին։ Դա բացառված է, որովհետեւ այդ լիազորությունները վերապահված են Բրյուսելին, այսինքն՝ որոշակի հարցերում ԵՄ անդամ-երկրների ինքնիշխանության, լիազորությունների մի մասը փոխանցվում է ԵՄ քաղաքական կառույցներին։ Նույնպիսի, եւ դեռ մի բան էլ ավելի խիստ պահանջներ դրվում են տնտեսական բլոկի առջեւ. նույնիսկ նարնջի չափերն են նախանշվում՝ ինչպիսի նարինջ պետք է արտադրել, որ մուտք ունենա ԵՄ շուկա։ Այսինքն՝ տնտեսական ինքնիշխանության մի մասը դարձյալ վերապահված է վերազգային կառույցներին։ Այդպես է ցանկացած ոլորտում, եւ դա նորմալ է։ Նմանատիպ մեխանիզմներ գործելու են նաեւ Մաքսայինի պարագայում, բայց, չգիտես ինչու, դա սվիններով է ընդունվում։ Ինչո˚ւ։ Որովհետեւ 3-4 տարի առաջ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր՝ Եվրասիական միությունը ոչ այլ ինչ է, քան սովետական միությունը վերականգնելու փորձ, եւ որոշ քաղաքական, քաղաքացիական շրջանակներ դա դրոշ են դարձրել՝ միաբերան կրկնում են տիկին Քլինտոնի ասածը։ Չկրկնել չեն կարող, որովհետեւ ֆինանսավորվում են Արեւմուտքի կողմից։

Ի դեպ, ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ դա է՛լ ավելի է արժեվորում հանրապետության նախագահի քայլը, ցույց է տալիս, թե կամային ինչ հատկություններ ունի,  եթե գնացել է այդ քայլին՝ գիտենալով, որ նման շահարկումներ լինելու են, փորձելու են կրքեր բորբոքել, անգամ իսկ ապակայունացնել երկիրը։ Ռուս, ղազախ, բելառուս բարեկամները պետք է հասկանան, թե ինչ լրջագույն պատասխանատվություն է ստանձնել մեր երկրի նախագահը, եւ բոլոր այն նախնական պայմանավորվածությունները, հատկապես տնտեսական բլոկի հետ կապված, հնարավորինս արագ ի կատար ածեն։ Որպեսզի  Հաաստանի քաղաքացին ասի՝ ինչ լավ է, որ ժամանակին մտանք Մաքսային միություն, տեսնի «Ռոսնեֆտ»-ի ղեկավարին «Նաիրիտում», կառավարության հետ համապատասխան պայմանագիր կնքելիս, եւ երկու տարի հետո մենք ձեզ հետ ականատես լինենք նոր տեխնոլոգիաներով քլորոպրենային կաուչուկի եւ կից ապրանքատեսակների հզոր արտադրության մեկնարկին, տեսնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը թափ է հավաքում, առաջ է գնում Երեւան-Թեհրան երկաթգծի շինարարությունը։ Սա կլինի լավագույն պատասխանը բոլոր այդ շահարկումներին։

-Երկրի համար կենսական նման որոշումները պետք է միանձնյա՞ ընդունվեն, թե՞ հասարակությունը եւս պետք է մասնակցի այդ որոշումների կայացմանը։ Այս հարցադրումն արդարացված չէ՞, Ձեր կարծիքով։

-Պետության արտաքին քաղաքականության իրականացնողը երկրի նախագահն է։ Նախագահի կողմից, ըստ իս, շատ ճիշտ եւ ժամանակին ընդունված որոշումը պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծելու եւ գնահատելու համար պետք է տիրապետել այն տեղեկատվությանը, որին տիրապետում է հանրապետության ղեկավարը։ Հատկապես, եթե խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին։ Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանը նաեւ Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, երկրի անվտանգության երաշխավորը։ Մնացած բոլոր հարցերը պետք է ստորադասվեն պետության անվտանգության ապահովման այդ մայր խնդրին, եւ եթե ընդունվել է նման որոշում, նշանակում է՝ այդ որոշումն անհնար է դարձնում մեր անվտանգության նկատմամբ ոտնձգությունները դրսի ուժերի կողմից։ Նրանք, ովքեր խոսում են ճնշումների, շանտաժի մասին, բացարձակապես չեն հասկանում Սերժ Սարգսյան ֆենոմենը՝ չգիտեն, որ ճնշման կամ շանտաժի միջոցով նրանից որեւէ մեկը չի կարող ինչ-որ բան ստանալ։ Պատահական չէր նախագահի հայտարարությունը, թե սա ռացիոնալ որոշում էր։ Ռացիոնա՛լ։ Այդ բառը շատ բան է ասում։

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր