ԻՆՉՊԵՍ ՏԱՊԱԼՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ

11.07.2013, Հայոց աշխարհ

«Հայոց Աշխարհ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ստամբուլում անցկացված ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, որի ընթացքում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հերթական անգամ ցուցադրել է խորհրդարանական դիվանագիտության իր վարպետությունը՝ կասեցնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գրոհը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ, բարձրաձայնել եւ դատապարտել  թուրք-ադրբեջանական «ախպերության» կողմից հետեւողականորեն իրականացվող հայատյաց քաղաքականությունը:

Ինչպե՞ս է դա եղել: Մեր հարցերին ի պատասխան՝ ստամբուլյան վեհաժողովի ուշագրավ դրվագները մանրամասնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ:

-Վեհաժողովի օրակարգն ընդհանուր առմամբ հագեցած էր՝ քննարկումները բավականին լարված էին, հակընդդեմ կարծիքներ էին հնչում նաեւ մեզ առնչվող հարցերի վերաբերյալ: Բավական է ասել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ նախաձեռնությամբ Ստամբուլի միասնական դեկլարացիայի նախագծում առաջարկվել էր մի դրույթ՝ 56-րդ ուղղումը, որով, ըստ էության, փորձ էր արվում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների ձեւաչափը: Առաջարկության տակ ստորագրել էին ԵԱՀԿ գործող նախագահ ավստրիացի Վոլֆգանգ Գրոսռուկը, ադրբեջանական պատվիրակությունը ողջ կազմով, թուրքական պատվիրակության ղեկավար Էմին Օնենը եւ պատգամավոր Բոստանջին: Ինչո՞ւ եմ սա շեշտում. որովհետեւ ընդունող  կողմը՝ Թուրքիան, աննախադեպ ծախսեր էր արել, սուլթանական շռայլ հյուրասիրություն էր կազմակերպել բոլոր երկրների պատվիրակների համար:

-Հայկական պատվիրակության համար բացառություն չէ՞ր արվել:

-«Տանտերերը» նույնքան շռայլ, հետն էլ ուշադիր էին նաեւ մեր պատվիրակների նկատմամբ: Նման պայմաններում որոշ պատգամավորների համար, իհարկե, հեշտ չէր լինի մերժել այն փաստաթուղթը, որի տակ դրված էին թուրքական պատվիրակության ղեկավարի եւ պատգամավորի, առավել եւս ԽՎ նախագահի ստորագրությունները: Միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ մեր պատվիրակությունը, թուրքական Ազգային Մեծ ժողովի ղեկավար Ջեմալ Չիչեկը եւ պատվիրակության ղեկավար Օնենը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին մեզ հրավերն ընդունելու համար: Իսկ այդ միջոցառմանը մասնակցելը ճիշտ էր, որովհետեւ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ աչքիդ առաջ է՝ թուրքերն ու ադրբեջանցիները ում մոտեցան, ում հետ ողջագուրվեցին: Այսինքն՝ ելույթ ունենալիս արդեն գիտես՝ ինչ շեշտադրումներ անել, նկատի ունենալով, թե  որ պատվիրակն ում համար է «աշխատում»:

-Դժվար չէ՞ր «տանտերերի դաշտում» գրեթե մեն-մենակ կռիվ տալ  թուրք-ադրբեջանական տանդեմի եւ սրանց սպասարկող «խավիարասերների» բանակի դեմ:

-Իմ գործընկերները՝ Ստեփան Կարենիչը եւ Խաչիկ Հարությունյանը, թեպետ լիագումար նիստում ելույթ չեն ունեցել, բայց նույնպես ակտիվորեն մասնակցել են իրենց հանձնաժողովներում տեղի ունեցած քննարկումներին: Անձամբ ես 5 օրում 11 ելույթ եմ ունեցել, առաջինը՝ մշտական կոմիտեի նիստում, որին հրավիրվում են միայն ազգային պատվիրակությունների ղեկավարները՝ թվով 57 մարդ, եւ ներկայացրել եմ իմ տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ: Խոսքը վերաբերվում է, մասնավորապես, այսպես կոչված «Ջյոկակարտայի սկզբունքներին», որոնք պահանջում են լեգալացնել սեռական փոքրամասնությունների իրավունքները ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանում, անընդունելի այլ երեւույթներ, որոնք հարիր չեն մեր արժեքային համակարգին: Օրակարգում էր նաեւ «Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների պաշտպանության» հարցը որը մեին մեղադրում էին մարդու իրավունքների խախտումներ համար: Նույնաբովանդակ հարցեր կային նաեւ  Ղազախստանի եւ  Բելառուսի վերաբերյալ: Անգամ անզեն աչքով տեսանելի էր, որ ճնշում է գործադրվում մաքսային միության մեջ  ընդգրկված մեր դաշնակից երկրների նկատմամբ: 

 

Բայց մեզ համար ամենավտանգավորը թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների ջանքերով նախագծում ներառված ուղղումն էր, որտեղ գրված էր բառացիորեն հետեւյալը. վեհաժողովը կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ անհապաղ հրավիրել խորհրդակցություն Մինսկի խմբի ամբողջական ձեւաչափով եւ ամենաբարձր մակարդակով գնահատական տալ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային պրոցեսին: Ընդունել այդ փոփոխությունը՝ կնշանակեր կասկածի տակ դնել այդ -բանակցային գործընթացի արդյունավետությունը, անվստահություն հայտնել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներին, որոնք ընդամենը օրեր առաջ՝ հունիսի 18-ին, Հյուսիսային Իռլանդիայի Լոխ-Էրն բնակավայրում ընդունել էին համատեղ հայտարարություն ԼՂ հարցի վերաբերյալ, որ եզակի ճշգրիտ շեշտադրումներով շահեկանորեն տարբերվում էր մինչ այդ ընդունված 4 հայտարարություններից: Առաջին անգամ հստակ հիշատակվում էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարապես եւ միաժամանակ պետք է կարեւորվեն 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի  երեք հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքների ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, մինչդեռ Ադրբեջանը պնդում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ շրջանցելով ինքնորոշման սկզբունքը:

-Ասել է թե՝ թուրքական կողմը չի՞ ուզում հրաժարվել Ադրբեջանի «մեծ եղբոր» հավակնություններից:

-Իհարկե՝ ո՛չ: Այլապես ինչո՞ւ էր պահանջում հրավիրել Մինսկի խմբի ընդլայնված կազմով համաժողով, որտեղ, ի շարս այլ երկրների, ընդգրկված է նաեւ Թուրքիան: Այսինքն, խնդիր էր դրված անպայմանորեն փոխել բանակցությունների գործող ձեւաչափը՝ ներգրավելով նաեւ Թուրքիային: Բնականաբար, իմ ելույթում ուշադրություն հրավիրեցի այդ հանգամանքի վրա՝ հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը անթաքույց առաջնորդվում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, եւ ասացի՝ սա ոչ այլ ինչ է, քան ապտակ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ նախ եւ առաջ համանախագահող երկրների նախագահներին, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն փորձում են հանգուցալուծել այս վտանգավոր թնջուկը: Հակառակ կողմի պնդումներին ի հակակշիռ՝ արձանագրեցի, որ համանախագահների գործունեությունը բավականաչափ արդյունավետ է, որովհետեւ Ադրբեջանը տարեկան 3 մլրդ դոլար է ծախսում սպառազինության վրա, եւ եթե հակամարտության գոտում պատերազմական գործողությունները չեն վերսկսվում, ապա դա մեծապես պայմանավորված է Մինսկի խմբի համանախագահող երկրների ազդեցությամբ: Առիթից օգտվելով՝  նաեւ շնորհակալություն հայտնեցի նախագահներ Պուտինին, Օբամային եւ Օլանդին իրենց հավասարակշիռ կեցվածքի համար:

Ի հավելումն՝ փաստեցի, որ ադրբեջանա-թուրքական ուղղումն ընդունելու դեպքում Հարավային Կովկասում կհրահրենք ճիշտ այնպիսի իրավիճակ, ինչպես Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, եւ մեր տարածաշրջանը կներքաշվի արյունահեղ պատերազմի հորձանուտ: Փաստարկներս հավանաբար համոզիչ էին՝ մեր դիրքորոշումն անցավ, եւ շատ կարեւոր է, որ համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի պատվիրակները, նաեւ բրիտանացի, բելգիացի, գերմանացի մի շարք պատգամավորներ պաշտպանեցին Հայաստանի պատվիրակության տեսակետը: Եվ քվեարկության արդյունքում ԵԱՀԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ անվտանգության ընդհանուր կոմիտեի «Հելսինկի գումարած 40» բանաձեւում ուղղում մտցնելու հակահայկական նախաձեռնությունը տապալվեց: Սա կարեւոր է այնքանով, որքանով ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերով ընդհանուր կոմիտեում ընդունված բանաձեւերը, որպես կանոն, հետագայում հաստատվում են լիագումար նիստում եւ տեղ գտնում խորհրդարանական վեհաժողովի հիմնական փաստաթղթում:

-Փաստորեն՝ համանախագահող երկրների պատվիրակները հավատարիմ են մնացել նախագահների մակարդակով ամրագրված մոտեցումներին:

-Թերեւս, այստեղ իր դերակատարությունն ունեցավ նաեւ այն, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարականով Հայաստանը նախաստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, եւ Ստամբուլում դա լուրջ հաղթաթուղթ դարձավ մեր ձեռքին: Դրանով ամրագրվեց, որ հայ ժողովուրդը հանուն տարածաշրջանային անվտանգության կարողացավ վեր կանգնել իր չսպիացող վերքից եւ աննախադեպ քայլ արեց՝ համաձայնելով նորմալացներ հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվրոպացիները, ռուսները եւ ամերիկացիները հասկացան, գնահատեցին այդ քայլը եւ  պաշտպանեցին մեր առաջարկները: Պետք էր տեսնել, թե թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներն ինչպես էին իրար խառնվել, երբ լիագումար նիստում հիշատակեցի 1970թ. Արեւմտյան Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի աննախադեպ խիզախ, բարոյական քայլը, երբ նա Վարշավայի հրեական գետտոյի հուշահամալիրում ծնկաչոք եղավ, գլուխը խոնարհեց եւ ներողություն հայցեց հրեա ժողովրդից 2-րդ համաշխարհային պատերազմում վերմախտի կողմից իրականացված սպանդի համար՝ սկիզբ դնելով հրեա-գերմանական մեծ հաշտեցման գործընթացին:

Վկայակոչեցի նաեւ ժամանակին մահմեդական աշխարհում մեծագույն հեղինակություն վայելող Հուսեյն Իբն Թալալի՝ Հորդանանի թագավորի օրինակը, երբ 1997թ. հորդանանցի զինվորը կրակել էր իսրայելական դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վրա՝ 7 աղջիկ սպանվել էր, 9-ը՝ վիրավորվել: Եվ, պատկերացրեք՝ թագավորը հատուկ գնացել էր Իսրայել, մասնակցել թաղման արարողությանը, ծնկի իջել, աղոթել Ղուրանի վրա, որդեկորույս հրեա հայրերի հետ, որոնք Տորայի վրա աղոթք անելով, թագավորի հետ անմեղ նահատակների հոգու փրկություն էին աղերսում:  Հիշեցրի, թե ինչպես արյունարբու Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, 2008թ. եկավ Երեւան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում գլուխ խոնարհեց եւ ներողություն հայցեց հայերից: Ելույթս շարունակելով, ասացի՝ Հայաստանի նախագահը բացառիկ շանս է տվել ձեզ, եւ, հույս ունեմ, որ Թուրքիայի ղեկավարները կունենան այնքան իմաստնություն, որ մի օր կգան Ծիծեռնակաբերդ եւ գլուխ կխոնարհեն հայոց Մեծ Եղեռնի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողի առաջ: Եվ դա ասվեց Ստամբուլում: Թուրքերը իրենց ազերի եղբայրների հետ բառացիորեն պապանձվել էին, որովհետեւ չէին կարող հակադարձել, ասել՝ խեղաթյուրում ես փաստերը: Հարկ համարեցի նաեւ նշել, որ Վիլլի Բրանդտը բարոյական իր այդ քայլից մեկ տարի անց արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի:

-Նշվում է, որ վեհաժողովը տարբերակված մոտեցում է դրսեւորել Ղարաբաղի հարցի եւ տարածաշրջանային մյուս հակամարտությունների միջեւ: Իսկապե՞ս այդպես է:

-ԵԱՀԿ ԽՎ առաջին կոմիտեում Վրաստանի հարցի քննարկման ժամանակ, հղում էր արվում Հելսինկյան եզրափակիչ ակտի 2 սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վրա: Ստիպված էի փոքրիկ խորամանկություն բանեցնել. ձայն ստանալու համար օգտվեցի «դեմ» արտահայտվելու  հնարավորությունից (եթե կողմ ես, չես կարող հիմնավորել քո դիրքորոշումը՝ դա վերապահված է հարցը ներկայացնողին), եւ ասացի՝ ես դեմ չեմ այդ ձեւակերպմանը, սակայն, եթե վեհաժողովը ընթանում է «Հելսինկի գումարած 40» խորագրի ներքո, ուրեմն՝ բարի եղեք կարդալ Հելսինկիի եզրափակիչ ակտը, որտեղ 10  հիմնարար սկզբունքներն ամրագրելուց առաջ սեւով սպիտակի վրա գրված է՝ բոլոր 10 սկզբունքները հավասարազոր են եւ պետք է դիտվեն մեկ ամբողջության մեջ: Հիմնական զեկուցողը՝ Ստամբուլի նստաշրջանում ԽՎ փոխնախագահ ընտրված լիտվացի պատգամավոր Վիա Աբրամիկենեն, իրեն շատ ճիշտ դրսեւորեց եւ հավանություն տվեց իմ առաջարկին: Նիստը վարող, Շվեդիայի պատվիրակության անդամ Ասսա Լինդեստամը, որը ամբողջապես ադրբեջանամետ դաշտում է, փորձեց ապակողմնորոշել պատգամավորներին, հետո լղոզեց հարցը, վերջում պարզվեց՝ այդ ձեւակերպումը մտցրել է ստամբուլյան դեկլարացիայի մեջ:

Վրաստանի պատվիրակության ղեկավարն, ի պատիվ իրեն, իսկույն հասկացավ՝ ինչն ինչոց է, ձայն խնդրեց եւ ասաց՝ հասկանում եմ իմ հայ բարեկամի մտահոգությունը, բայց քննարկվող բանաձեւը միայն Վրաստանին է վերաբերվում, այսինքն՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններին, եւ ճիշտ չէ ընդհանրացումներ անել՝ տարածելով այն  Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունների վրա:

-Եթե չեմ սխալվում, վեհաժողովում անդրադարձ է եղել նաեւ մարդասպան Սաֆարովի արտահանձնման շուրջ թուրք-հունգարական գործարքին: Առիթը դարձյա՞լ Մինսկի խմբի երկրների «համընդհանուր զորահավաք» հայտարարելու տապալված նախաձեռնությունն էր: 

-Վեհաժողովի ընթացքում բացահայտվեց մի վտանգավոր իրողություն, որի մասին չէի կարող չխոսել: Իմ կողմից եղավ շատ կոշտ քննադատություն նույն Լինդեստամի հասցեին, երբ վերջինս փորձում էր ադրբեջանցի Ազայ Գուլիեւին դարձնել առաջին կոմիտեի փոխնախագահ: Ես արարողակարգի հետ կապված՝ ձայն խնդրեցի եւ ասացի, որ մարդասպանին հերոսացնողը չի կարող ընտրվել այդ պաշտոնում: Տեսնեիք՝ տիկինը ինչ նյարդային արձագանքեց իմ դիտողությանը: Պլենար նիստում եւս հայտնեցի իմ տարակուսանքը՝ առ այն, որ որոշ մարդիկ, որոնք բարեբախտաբար չընտրվեցին  (Լինդեստամն ուզում էր Գուլիեւին իր տեղակալը դարձնել, բայց ինքը չվերընտրվեց նախագահի պաշտոնում), թքած ունեն Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա: Հետս ֆոտո եւ վիդեո փաստաթղթեր էի տարել՝ «այփադս» բացեցի եւ ցույց տվեցի Գուլիեւի եւ Ռամիլ Սաֆարովի պաչ-պռոտիները, գրկախառնությունները, հիշատակեցի, որ նույն Բարաք Օբաման իր խոր հիասթափությունն արտահայտեց Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, ԵՄ նախագահի տեղակալ Քեթրին Էշթոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգը Ռասմուսենը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւս իրենց վրդովմունքը հայտնեցին այդ առնչությամբ: Եվ արձանագրեցի, որ վեհաժողովն արհամարհում է նրանց կարծիքը՝ փորձելով անցկացնել մեկին, որը հերոսացնում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած  մարդասպանին:

Ըստ էության, թուրքերը եւ ադրբեջանցիները հույս ունեին ստամբուլյան վեհաժողովը տրիումֆի վերածել, բայց ամենահիմնական 2 հարցում տապալվեցին: Առաջինը 56-րդ ուղղումն էր, որի մասին արդեն ասացի, մյուսը՝ Սիրիայում հումանիտար աղետի վերաբերյալ Էմին Օնենի զեկույցը, որտեղ Թուրքիան ներկայացվում էր որպես «մեծ բարեգործ եւ հումանիստ», որ իբր ամեն ինչ անում է Սիրիայում իրավիճակը կայունացնելու եւ խաղաղություն հաստատելու համար: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ բանակի գեներալ Նիկոլայ Կովալյովը խստագույնս  քննադատեց նման միակողմանի մոտեցումը, ես նույնպես հանդես եկա այդ դիրքերից՝ ասելով, որ Հայաստանում 10 հազար սիրիահայ փախստական կա, եւ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղակի ցուցումով բոլորի ապրուստի, սննդի, երեխաների կրթության հարցերը լուծվում են բյուջեի միջոցներով, որոնք, ավաղ, այնքան էլ մեծ չեն, որովհետեւ ավելի քան 20 տարի է՝ բարոյականություն քարոզող Թուրքիան Ադրբեջանի հետ միասին շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Մենք մեր հարազատ քույրերին, եղբայրներին ընդունում եւ օգնում ենք՝ առանց թմբկահարելու այդ փաստը, այլ՝ հետեւելով քրիստոնեական պատգամին, որ երբ ամեն հրապարակում խոսում ես բարեգործության մասին, այն դադարում է այդպիսին լինելուց: Պատասխանը քար լռություն էր:

Բարեբախտաբար, այլ պատգամավորներ եւս պաշտպանեցին մեր տեսակետը, եւ այդ միակողմանի թրքանպաստ մոտեցումներն արձանագրությունից դուրս մնացին. անգլիացի լորդ Ալֆ Դաբսը փրկեց իրավիճակը՝ առաջարկելով հանել բոլոր վիճահարույց կետերը, եւ Թուրքիան այդ մասով էլ ֆիասկո ապրեց:

Ընդհանրապես, պետք էր տեսնել, թե թուրքական «հյուրասիրությամբ» տպավորված  որոշ երկրների պատվիրակներ ինչպես էին քծնում թուրքերին: Այդ մթնոլորտում ես կարողացա իրենց երկրում արդիական հնչեղություն տալ եւ բարձրաձայնել մեր խնդիրները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին, Էրդողանին, Ջեմալ Չիչեկին իբր գովերգելով՝ փաստեցի. լինելով Դոլմա Բախչեում, ակամայից հիշեցի, որ 1842-53թթ. հայ ճարտարապետներ Բալյանների շնորհիվ է այդ հիասքանչ կոթողը կառուցվել: Հիշեցրի, որ դեռեւս 16-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Հիասքանչը իր անձնական խոհարար Մանուկ Կարասեֆերյանին, ի նշան երախտագիտության՝ իր կյանքը փրկելու համար, 850 հազար ք.մ. հող՝ ներկայիս Թաքսիմ հրապարակի եւ Գեզի պարկի տարածքը նվիրաբերել է հայկական համայնքին: Հիշատակեցի, որ 1872 թ. մեկ այլ սուլթան՝ Աբդուլ Ազիզը, երբ ուզեցել են հայերից խլել այդ հողերը եւ օգտագործել ռազմական կայազորի պահեստների համար, տեսնելով Սուլեյման Հիասքանչի ստորագրությամբ հայերին տրված Ֆիրմանը, արգելել է օտարել այդ տարածքը: Իսկ 1919թ. Թուրքիայում ճիշտ այդ նույն տարածքում  կառուցվել էր 1915թ. Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը, որն, ավաղ, անհետացավ արդեն իսկ թուրքական հանրապետության օրոք: Երբ հիշատակում էի այս պատմական փաստերը, առանձին պատգամավորներ ասես թե փշաքաղվում էին՝ այդ ամենը լսելով:

-Այդուհանդերձ, համաձայնեք՝ «խավիարային դիվանագիտությունը» շարունակում է իր սեւ գործը միջազգային խորհրդարանական կառույցներում, եւ ԵԱՀԿ-ն այդ առումով բացառություն չէ:  

-Ցավոք սրտի, հաճախ ականատես ենք լինում շատ վտանգավոր մի երեւույթի, երբ ԵԱՀԿ ԽՎ-ում կորպորատիվ շահերը գերիշխում են: Հիշեցնեմ, որ հունիսի 18-ին, բացի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունից, Լոխ-Էրնում ընդունվել է 96 կետից բաղկացած կոմյունիկե, որտեղ նշված են ժամանակակից աշխարհի ամենավտանգավոր մարտահրավերները եւ րանց հաղթահարման ուղիները, որոնց միջոցով քաղաքակիրթ աշխարհը, ուս-ուսի, խելք-խելքի տված, կարող է դուրս գալ  շարունակվող, չասենք՝ ճգնաժամից, բայց ռեցեսիայից: Եվ հանկարծ տեսնում ենք, որ վեհաժողովում առաջարկվում են բանաձեւեր, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում Լոխ-Էրնի կոմյունիկեի հիմնարար դրույթների հետ. ասես թե այդ արձանագրումները մեծ ութնյակի կողմից չեն էլ եղել:

Բայց պետք չէ խուճապի մատնվել՝ այդ ամենին պետք է մոտենալ շատ սառնասրտորեն, հստակ գիտակցելով, որ բարոյականությունն այստեղ չի անցնում՝ պատգամավորները շատ հաճախ առաջնորդվում են ոչ թե իրենց պետությունների, այլ անձնական եւ կորպորատիվ «պրագմատիկ» շահերով: Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է կարողանանք թուրք-ադրբեջանական կողմի փաստարկները հերքել այն լեզվով եւ այն հիմնավորումներով, որոնք դիպչում են ԵԱՀԿ ԽՎ մնացած 55 պետությունների ներկայացուցիչների ինքնասիրությանը: Այսինքն՝ մեր հարցերը դարձնել նրանցը, ոչ հայանպաստ նախաձեռնությունները մատուցել այնպես, որ մեր փաստարկներն ընդունելի եւ հասկանալի լինեն առաջին հերթին գերհզոր տերությունների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ մեծ քսանյակի ներկայացուցիչների համար, որովհետեւ փոքր երկրների պատվիրակները աչքի պոչով հետեւում են նրանց՝ քվեարկում են այնպես, ինչպես նրանք են քվեարկում:  

 

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր