ՄԻ՞ԹԵ ԿԱՐԵԼԻ Է ԱՅԴՔԱՆ ԿՏՐՎԱԾ ԼԻՆԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
28.11-29.11.2012, Հայոց աշխարհ
Տարածաշրջանում եւ տարածաշրջանի շուրջ ստեղծված իրավիճակը, մերձավորարեւելյան ահագնացող թնջուկները ի՞նչ նոր սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի համար, որքանո՞վ մեր հասարակությունը պատրաստ է դիմակայելու այդ մարտահրավերներին։
Այս խնդիրների վերաբերյալ իր տեսակետները, մեր հարցերին ի պատասխան, ներկայացնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱՄԿ առաջնորդ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
-Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը, որի մաս է կազմում նաեւ Հարավային Կովկասը, հայտնվել է շատ բարդ զարգացումների հորձանուտում. մի կողմից՝ եղբայրասպան պատերազմը Սիրիայում, որտեղ ակնհայտորեն ներգրավված են բազմաթիվ օտարերկրյա զինյալներ, մյուս կողմից՝ անակնկալ պատերազմը Գազայում, որտեղ բարեբախտաբար կարծես ժամանակավոր դադար է հաստատվել։
Ավելացրեք Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու նպատակով մեր անմիջական հարեւանի դեմ «պատժիչ գործողություններ» սկսելու սպառնալիքները Իսրայելի կողմից, հարեւան Վրաստանում ընթացող բուռն զարգացումները, երբ նախագահ Սահակաշվիլու ամենամերձավոր զինակիցները տարբեր մեղադրանքներով ազատազրկվել են, նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, եւ այս համատեքստում՝ Ադրբեջանի հետ կապված, բայց Ադրբեջանից դուրս խմորվող զարգացումները։ Նկատի ունեմ, մասնավորապես, Ռուսաստանում միլիարդատեր դարձած ադրբեջանցի մեծահարուստների համախմբումը, իրենց առաջ քաշած հարցադրումները։
Երբ այս ամենը համադրում ես Հայաստանում սպասվող նախագահական ընտրապայքարի հետ, տրամաբանական հարց է առաջանում. ո՞րն է այսօր հայոց պետականության առջեւ կանգնած գերակա խնդիրը։
Նույն տրամաբանությունը հուշում է, որ այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրն է շարունակել այն հավասարակշիռ, կշռադատված եւ հեռատես արտաքին քաղաքականությունը, որ հաջողությամբ իրականացվել է մինչ օրս, հատկապես վերջին 4 տարիներին։ Այս ընթացքում մեր երկիրը, նախագահի գլխավորությամբ, կարողացավ շատ գործնական, բարիդրացիական հարաբերություններ ստեղծել, մի կողմից, Եվրամիության հետ՝ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության հետ։
-Հայրենի քաղաքական ուժերն այսօր ավելի «գլոբալ» հարցեր են քննարկում։ Օրինակ, անցնել խորհրդարանական համակարգի՞, թե՞ պահպանել կիսանախագահականը, առանձի՞ն մասնակցել նախագահական ընտրություններին, թե՞ միասնական ճակատով։
-Այս պայմաններում պետք է ոչ թե ժողովրդին դարձնենք քաղաքական բանսարկությունների գերի, այլ մասնակից այն արարիչ ծրագրերին, որոնք խոստանում են տնտեսական առաջընթաց, աղքատության կրճատում, նոր աշխատատեղերի ստեղծում եւ արտագաղթի շեշտակի նվազեցում։
Եթե կարողանանք կազմակերպել ծրագրերի շուրջ առողջ բանավեճ, որի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց ծրագրային մոտեցումները եւ առաջարկությունները, հավատացնում եմ՝ արդյունքները գոհացուցիչ կլինեն ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի, այլ նախեւառաջ հանրության համար, որը արդեն իսկ հույսով կլցվի թե՛ քաղաքական ուժերի, թե՛ իր վաղվա օրվա նկատմամբ։
Ահա այստեղ է, իմ կարծիքով, այն հիմնական ինտրիգը, որը պետք է դառնա դոմինանտ այս ընտրություններում։
Երբ գիտես, թե երկիրը ինչ տարածաշրջանում է ապրում, գիտես տարածաշրջանային զարգացումների հնարավոր վտանգները, եւ հանկարծ ասես թե հայոց հարց են դարձնում՝ ո՛ր քաղաքական գործիչը կդնի իր թեկնածությունը, ինչ քաղաքական ուժեր կսատարեն նրան, ով ում կմիանա, կմիանա՞, թե՞ չի միանա, բառի իսկական առումով մնում ես հա՛մ զարմացած, հա՛մ հիասթափված։
Օրվա հրամայականն է՝ 2013թ. ընտրական գործընթացն անցկացնել շատ ավելի բարձր մակարդակով, քան 1991թ. հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները։ Մենք ունենք այդ հնարավորությունը, եւ կողքից ինչքան էլ փորձեն արհեստական լարվածություն սերմանել հիմնական քաղաքական ուժերի միջեւ՝ չի հաջողվի, որովհետեւ երկրի քաղաքական ղեկավարության սառնասիրտ, բայցեւ հեռատես քաղաքականության շնորհիվ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված քաղաքական ուժերը, ի դեմս ՀԱԿ-ի եւ Հանրապետականի, կարողացան նստել բանակցային սեղանի շուրջ եւ զգալիորեն լիցքաթափել 2008թ. մարտի 1-ից հետո ստեղծված գերշիկացած մթնոլորտը, որը հղի էր քաղաքացիական բախումներով։
Մի՞թե կարելի է այնքան կտրված լինել աշխարհաքաղաքական զարգացումներից, որպեսզի նախագահական ընտրությունների ընձեռած այս հիասքանչ հնարավորությունը ստորադասել ճղճիմ ինտրիգներին, չակերտավոր հայրենասիրական պոռթկումներին եւ կառավարման համակարգը փոխելու վերաբերյալ ի սկզբանե անպտուղ քննարկումներին։ Ժամանակավրեպ այդ քննարկումները ոչ միայն պահանջված չեն, այլեւ դատապարտելի են։
-ԵԺԿ արեւելյան գործընկերության երկրորդ վեհաժողովը Երեւանում անցկացնելու փաստը «պատեհ» առիթ դարձավ՝ վերստին շրջանառության մեջ դնելու Հայաստանի՝ Ռուսաստանից «օտարվելու» եւ Եվրոպային ապավինելու վարկածը։ Իսկապե՞ս Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան։
-Այդ մտավարժանքները կարող են միայն ժպիտ հարուցել եւ ասեմ՝ ինչու։
Դեռ 2005թ. մայիսին՝ «Ռուսաստան-Եվրամիություն» 15-րդ գագաթաժողովում, ընդունվեց 4 այսպես կոչված «ճանապարհային քարտեզ», որոնք նախանշում են ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների համակողմանի զարգացման հեռանկարները։ Այսինքն՝ խնդիր դրվեց Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ սերտ համագործակցության կանոնակարգման համար: Դա էլ ենթադրում է ազատության ընդհանուր տարածության, անվտանգության եւ արդարադատության ուղիների մշակում, այն է` վիզային ռեժիմի պարզեցում, արտաքին անվտանգության, գիտության եւ կրթության, տնտեսության ոլորտներում ընդհանուր տարածության ստեղծման ապահովում:
ՌԴ-ն եւ Եվրամիությունը «ճանապարհային քարտեզներում» նախատեսել են միասնական ջանքերով հոգալ սեփական երկրների անվտանգության եւ տնտեսական զարգացման խնդիրների լուծումը։ Եվ այս գաղափարն ավելի արդիական է դարձել 2008-2009թթ. հետո, երբ աշխարհը բախվեց գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի մարտահրավերներին։
Այս պարագայում Հայաստանի մերձեցումը Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում, որտեղ նախատեսված են գրեթե նույնանման խնդիրների համատեղ լուծումներ, կարծես թե կոչված է էլ ավելի դյուրին դարձնել Հայաստան-Ռուսաստան կապերի համակողմանի զարգացումը: Եվ նման իրողությունների պայմաններում «Արեւելյան գործընկերության» արհեստական հակադրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նշանակում է բացարձակապես չհասկանալ թե՛ Ռուսաստան-Եվրամիություն համագործակցության հիմնահարցերը եւ թե՛ «Արեւելյան գործընկերության» ծրագրի բուն իմաստը:
-Սա քարոզչությո՞ւն է, գիտակցված «վնասարարությո՞ւն», թե՞ պարզ անըմբռնողության հետեւանք։
-Ավելի շուտ գործ ունենք ինչպես անըմբռնողության, այնպես էլ մակերեսային իմացության կամ պարզապես քաղաքականության մեջ ընդունված հայտնի մի հնարքի հետ, այն է` Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացումը հակադրել Հայաստան-Եվրամիություն գործընկերային կապերին: Այնուհետեւ այդ սադրանքի հեղինակները ուշադիր կհետեւեն, թե ինչ արձագանքներ է դա ստանում իշխանության եւ ընդդիմության կողմից, դրանցով էլ կորոշեն սեփական շահերից բխող հետագա գործողությունների ուղղվածությունը:
Տվյալ դեպքում, մեր երկրի նախագահի հեռատեսությունը պայմանավորված է նրանով, որ նա շատ լավ՝ հինգ մատի պես իմանալով Ռուսաստան-Եվրամիություն չորս «ճանապարհային քարտեզների» մասին, գիտեր, որ այդ քարտեզներից ո՛չ Եվրամիությունն է հրաժարվել, ո՛չ Ռուսաստանը, եւ այդ իսկ պատճառով մեր արտաքին քաղաքականությունը չի կառուցում համաշխարհային քաղաքականության ուժային կենտրոնների հակասությունների վրա, այլ ճիշտ հակառակը՝ գնում է դրանց շահերի համադրման ճանապարհով՝ շեշտը դնելով այն ուղղությունների վրա, որոնք հոգեհարազատ են ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ, իհարկե, Հայաստանին։
Վկան՝ այն դրական տեղաշարժերը, որոնց ականատես ենք այժմ։ Մասնավորապես, Հայաստանում վստահված է անցկացնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ձեւաչափում «Արեւելյան գործընկերության» երկրորդ վեհաժողովը, որին մասնակցելու է ԵԺԿ գլխավոր քարտուղար Վիլֆրիդ Մարտենսը եւ չի բացառվում նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, բարձաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությունը։ Լա՞վ է սա... Իհարկե` լավ է։ Ողջունելի՞ է։ Իհարկե` ողջունելի է։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի զուսպ, հաշվենկատ արտաքին քաղաքականությունը բնավ էլ ամենքի սրտով չէ, եւ ոմանք շատ կուզենան սեպ խրել Հայաստանի եւ Եվրամիության, Հայաստանի եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Մինչդեռ մենք ու մեր 7 միլիոնանոց Սփյուռքը, որն այսօր հիմնականում բնակվում է Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, ինչու չէ՝ նաեւ մերձավորարեւելյան երկրներում, ուղղակի կոչված ենք հետեւելու եւ սատարելու այն քաղաքականությանը, որն իրականացնում է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահական ընտրությունները, ի թիվս այլ ներքին հարցերի, պետք է առանցքային երկու խնդիր դնեն ընտրողների առջեւ: Նախ` արտաքին եւ ներքին քաղաքականության ինչպիսի զարգացումներ ու շեշտադրումներ են անհրաժեշտ, որպեսզի դրանք առավելագույնս ծառայեցվեն երկրի շահերին։ Պատասխանը, կարծում եմ, պարզ է. դրանք պետք է միտված լինեն ազգը միաբանելուն, ժողովրդի ուժերի համախմբմանը, որին միտված է նախագահի վարած քաղաքականությունը։
Երկրորդ՝ 2013թ. փետրվարին մենք ընտրելու ենք զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի։ Այսինքն՝ երկրի նախագահը պետք է հավասարապես ընդունելի լինի ոչ միայն հայաստանաբնակ ընտրողների եւ ամբողջ ժողովրդի, այլեւ արցախահայության համար, ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլեւ ռազմական վերնախավի համար. ով-ով, բայց զինվորականները լավ գիտեն՝ ինչ է նշանակում ունենալ գերագույն գլխավոր հրամանատար, որն անցել է պարտադրված պատերազմի բովով եւ Լեռնային Ղարաբաղի հերոսամարտի տարիներին բոլոր արցախցիների հետ ընտանյոք հանդերձ հավասարապես բաժանել է դաժան օրերի փորձությունները։
Առավել եւս, որ պատերազմի վտանգը տակավին պահպանվում է, եւ որ, ինչպես օրերս փաստեց «Ֆրանս-24» հեռուստաալիքը, ոչ ոք չի կարող ասել, թե Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է. դա ամեն ինչ է, միայն ո՛չ սառեցված հակամարտություն։
Ահա այս պայմաններում շատ կարեւոր է, որ զինված ուժերը, դրանց հրամանատարական կազմը համախմբված եւ միաբան լինեն գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ։ Ժողովրդի, երկրի առջեւ պատասխանատվություն կրող յուրաքանչյուր գործիչ, որը մանավանդ հավակնություն ունի հանրապետության նախագահ դառնալու, ինքն իրեն մի պարզ հարց պիտի տա. կկարողանա՞, արդյոք, ի թիվս բարձրագույն իշխանությանը վերապահված սահմանադրական այլ իրավասությունների, արժանանալ նաեւ թե սպայակազմի եւ թե մանավանդ հասարակ զինվորի մարտական վստահությանը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ