ԵՐԲ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ՈՒ ԿՌԻՎ Է ՏԱԼԻՍ ԱԶԳԻ ՏԱԿԱՆՔԸ
10.11.2012, Հայոց աշխարհ
«Ազգային Միաբանություն կուսակցությունը» իր ստեղծման իսկ օրից մշտարթուն կանգնած է եղել հայոց պետականության դիրքերի պահպանման ճակատում:
Մեր գործունեությունը մշտապես ծառայեցրել ենք երկրի զարգացումը արգելակող, օտարի շահերը պաշտպանող գործիչների եւ նրանց վարձու գրչակների մերկացմանն ու բացահայտմանը: Դա արել ենք բաց, փաստերով հիմնավորված: Փոքր-ինչ նամուս, աբուռ եւ արհեստավարժություն ունեցող լրատվամիջոցների երեւելիները հասկացել են դա եւ, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, սեփական դիմակները չպատռելու վախից առժամանակ ձեռնպահ են եղել պատվերներ ընդունել մեր դեմ ուղղված հոդվածներ տպագրելու գայթակղությունից:
Սակայն երբեմն ողջամտությունը դավաճանել է նրանց, եւ սկսել են առաջնորդվել «փողերը հոտ չունեն» սկզբունքով, այն է` հանդես եկել պատվիրված հոդվածներով, փորձելով մարդկանց ուշադրությունը շեղել թե՛ իրենց, թե՛ իրենց պատվիրատուների բազում արատներից:
Մենք հասկանում ենք, թե ինչու հանկարծ Արամ Աբրահամյանի քննադատության սլաքը ուղղվեց մեր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի վրա: Արամի պատվիրատուներին չի կարող չանհանգստացնել, որ դեռ մեկ տարի առաջ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» հայտարարել էր, որ գալիք նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ մեր քաղաքական թիմը անխոցելի է եւ գործում է իր համոզմունքներին համահունչ:
Երբ վերջերս արդեն ակնհայտ դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, որը մեծ հավանության արժանացավ մեր կուսակցության նախագահության անդամների կողմից հեղինակած հոդվածներում եւ հատկապես Արտաշես Գեղամյանի վերլուծականներում ու ելույթներում, սպասում էինք, որ ոմանք կփորձեն իրենց քննադատության թիրախ դարձնել «Ազգային Միաբանություն կուսակցությանը»։
Պարզապես անակնկալ էր, որ այդ առաքելությունը ստանձնեց «Առավոտ» թերթի խմբագիրը: Չնայած դեռ տարիներ առաջ մի առիթով, երբ Արամ Աբրահամյանը հերթական նողկալի հոդվածն էր գրել մեր հասցեին, եւ երբ նրանից պարզաբանումներ էինք պահանջել, այդ ժամանակ ազնվություն ունեցավ ասելու, որ անձնական եւ ոչ մի խնդիր չունի «Ազգային Միաբանության» հետ, պարզապես զբաղված է բիզնեսով:
Հասկանում ենք, որ հիմա էլ տպագրելով առաջնորդողը՝ անձնական ոչ մի խնդիր չունի Արտաշես Գեղամյանի հետ, հակառակը, մեզ թվում էր, որ նրա մեջ կա նաեւ երախտագիտության զգացում: Չէ՞ որ պետք է լավ հիշի, որ միայն եւ միայն Արտաշես Գեղամյանի բարձր հեղինակության շնորհիվ եւ նրա խնդրանքով տարիներ առաջ մեր թիմակիցների կողմից, ում հասցրել էր վիրավորել «Առավոտ»-ում, քաջ հայտնի վավերագրական տեսագրության արտահոսք չեղավ, հատկապես թերթի ընթերցողների շրջանակում:
Սա, բնականաբար, շանտաժ չէ, պարզապես «Ազգային Միաբանություն կուսակցությունը», տածելով խորը հարգանք իր առաջնորդ Արտաշես Գեղամյանի հանդեպ, հարկադրված կլինի ինտերնետում հատուկ կայքէջ բացել «Ովքեր են Արտաշես Գեղամյանին քննադատում» խորագրով:
Հավատացեք, մենք կկարողանանք գովազդել ինտերնետային այդ կայքէջը, եւ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներն այնտեղ կտեսնեն այսօր իրենց սրբի տեղ դրած պատվիրատուներին` թալանչիներին, իշխանության վերադառնալու անհագուրդ ձգտում ունեցողներին, սեռական շեղումներով արատավորներին, տարիներ առաջ նողկալի հանցագործություններ կատարածներին եւ տարբեր այլ սրիկաներին:
Այստեղ պակաս կարեւոր չէ հետեւյալ հարցը` իսկ ո՞ւմ է դա ձեռնտու: Սրա պատասխանն էլ ակնհայտ է. քննադատելով «Ազգային Միաբանությանը» եւ նրա ղեկավարին. ըստ էության, փորձում են նսեմացնել հանրապետության նախագահի կողմից նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարը: Նախաձեռնություն, որն այսօր ծավալվել է երկրում եւ դարձել մեր կուսակցության գործունեության առանցքը:
Հիասթափեցնեմ «Առավոտի» խմբագրին ու իր պատվիրատուներին: Տեսնելով, թե ովքեր են պայքարում Արտաշես Գեղամյանի դեմ, մարդիկ կգան շատ պարզ եզրահանգումների` երբ համախմբվում ու կռիվ է տալիս ազգի տականքը, ինքնին հասկանալի է, որ դա նրանք վախից են անում:
Եվ լավ է, որ հասարակությունը վերջապես կհասկանա, թե նախագահական ընտրությունների նախաշեմին ինչ կարգի ուժեր են համախմբվել Սերժ Սարգսյանին սատարողների դեմ:
ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ