ԱՂԱՎԱՂՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Մեր զրուցակիցը «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ է

19.10-20.10.2012, Հայոց աշխարհ

-Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում ոմանք գնահատեցին որպես «դեմարշ» Ռուսաստանի դեմ՝ հավատարմության երդում Արեւմուտքին եւ արեւմտյան արժեքներին։ Նախագահի շեշտադրումներից կարելի՞ էր հանգել նման հետեւության։

-Ցավոք, նախագահի ընդդիմախոսներին չի ուրախացնում որեւէ դրական քայլ, անգամ իսկ մեր ազգային շահերից բխող որեւէ դրական զարգացում։ Հանրապետության ղեկավարը ԵԺԿ-ի նման հեղինակավոր կուսակցության համագումարի ամբիոնից ելույթ է ունենում խիստ հայանպաստ երանգներով, այդ ելույթը շատ լավ է ընդունվում լսարանի կողմից, եւ անմիջապես, նախ, խեղաթյուրում են ասվածը, հետո՝ տեղափոխում այդ ամենը աշխարհաքաղաքական հակասությունների, հակադիր ճամբարների հարթություն։

Միտքս պարզեցնեմ։ Նախագահը իր ելույթում մասնավորապես ասում է. «Մենք դիտարկում ենք մեր անդամակցությունը ԵԺԿ-ին որպես Եվրոպայի հետ ասոցացման գործընթացի կարեւորագույն բաղադրիչ։ Մեր քաղաքական ընտանիքը եվրոպական ինտեգրման շարժիչ ուժն է»։

Հիմա, սրանից բռնելով, այնպիսի մի «դավադրության տեսություն» են զարգացնում, որ ամբողջովին աղավաղում է ասվածը։ Իսկ իմաստը շատ հստակ է. նախագահը քանիցս հայտարարել է, որ երբեք ու երբեք չի կարելի հակադրել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ներգրավվածությանը «Արեւելյան գործընկերության» ծրագրին։ Հակառակը, դրանք փոխլրացնող գործընթացներ են։ Ասեմ ավելին՝ շատ խոստումնալից հեռանկար են բացում մեր երկրի առջեւ։

Հայաստանը մշտապես եղել է Արեւելքը եւ Արեւմուտքը կամրջող ուժ, եւ մենք, այո, դատապարտված ենք դառնալու կամուրջ Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ այսօր եզակի արտաքին քաղաքականություն է վարվում, որը երկուստեք արժանանում է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի հավանությանը։

-Վստա՞հ եք, որ Հայաստանի «ինտենսիվ եվրաինտեգրման» հեռանկարը չի մտահոգում ռուսներին։

-Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ իր արտաքին ուղեգիծը կառուցում է ոչ թե ուժային կենտրոնների, գերտերությունների շահերի հակադրման, այլ համադրման համատեքստում։ Այո, նախագահն իր ելույթում հստակ շեշտադրեց, որ եվրոպական ասոցացման գործընթացը մտնում է գործնական փուլ։

Այստեղ ոչ թե հակասություններ է պետք փնտրել, այլ հակառակը՝ սա տրամաբանական զարգացումն է այն թեզի, որով քանիցս հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ Ռուսաստանը կողմնակից է Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ միասնակայն արժեքների վրա հենված եւ հիմնված ազգերի, ժողովուրդների, պետությունների համագործակցության, իսկ անվտանգության գոտին պետք է ընկած լինի Վլադիվոստոկից մինչեւ Վանկուվեր։

Այլ բան է, որ որոշ մարդիկ միտումնավոր փորձում են նենգափոխել բուն խորքային եւ Հայաստանին բարիքներ խոստացող ուղղվածությունը, որ կար հանրապետության նախագահի ելույթում։ Սա՝ առաջին։

Երկրորդ՝ փորձում են արհեստականորեն բաժանարար գծեր փնտրել վարվող արտաքին քաղաքականության մեջ։ Եվ զավեշտականն այն է, որ մարդիկ, որոնք «գաստրոլյորի» կարգավիճակով են գալիս Հայաստան, իրենց իրավունք են վերապահում դատողություններ անել «պրոռուսականության» կամ արեւմտամետության մասին՝ մոռանալով մի պարզ ճշմարտություն. ռուսամետ կամ արեւմտամետ կարող է լինել միայն գաղութը կամ անկախություն չունեցող երկիրը։ Իսկ անկախ, ինքնիշխան երկիրը, ինչպիսին Հայաստանն է, պետք է մտածի միայն եւ միայն «պրոհայկականության» մասին, այնքան խելք եւ իմաստնություն ունենա, որ «պրոհայկական» լինելը չհակադրի ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Ռուսաստանին։ Հակառակը, կարողանա անգամ իսկ Ռուսաստանի հետ դաշնակցային ամենասերտ հարաբերությունների պայմաններում երկուստեք խորացնել հարաբերությունները Արեւմուտքի հետ։

Եվ ամենակարեւորը՝ հանկարծ դռան փալասի տակից խիստ գաղտնի տեղեկություններ որսացող քաղաքական «գաստրալյորները», որոնք Հայաստանի նորագույն պատմության մեջ կարող են մտնել միայն իրենց խիզախ առաջարկներով՝ փակել Փարաքարը (այնքան կռռացին, որ օդանավակայանն իսկապես փակվեց «Արմավիայի առաջ), իրենց իրավունք չվերապահեն անհեթեթ գնահատականներ տալ քաղաքական գործիչներին։

-Ակնարկում եք «Փարաքարի արծիվ» Արամ Կարապետյանի՞ն, որ թերթերից մեկին տված հարցազրույցում ձեզ մեղադրել է անգլերենի դասընթացներ անցնելու՝ «արեւմտամետ խաղեր» տալու մեջ։

-Գիտե՞ք ինչն է զարմանալի. թվում է, կրթված մարդիկ են, կարող է գիտական կոչումներ, գիտական աստիճաններ էլ ունենան, բայց բացարձակ մակերեսային մոտեցում են ցուցաբերում իրենց «աշխարհաքաղաքական» վերլուծություններում։

Հերթական անգամ ստիպված եմ ոմանց հիշեցնել. 2001 թվականից, երբ արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրախորհրդի լիիրավ անդամ, ԵԽ ԽՎ-ում որպես ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացված էր նաեւ ձեր խոնարհ ծառա Արտաշես Գեղամյանը, որը նաեւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ էր։ ԵԽ ԽՎ-ում եւ ԵԱՀԿ-ում ես ունեցել եմ 22 հայանպաստ, արցախանպաստ, ազգանպաստ ելույթ, որտեղ հիմնավորված կերպով սուր քննադատության եմ ենթարկել թուրք-ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը։

Ելույթների մեծ մասը ունեցել եմ ԵԽ ԽՎ ամբիոնից, եւ առաջին 3-4 ելույթներից հետո նկատեցի, որ այդ ելույթների շատ համառոտ շարադրանքն է տեղադրվում ԵԽ ԽՎ պաշտոնական տեղեկագրերում, ընդ որում՝ կրճատվում են ամենասուր հատվածները։ Բնականաբար ընդվզեցի, ԵԽ ԽՎ քարտուղարությունից պատասխանեցին, որ միայն անգլերեն ելույթներն են ամբողջովին զետեղվում պաշտոնագրերում։ Այնպես որ ինձ մնում էր ինտենսիվ կերպով վերականգնել անգլերենս, ինչն էլ արել եմ։

Շահարկողներին հիշեցնեմ, որ ինստիտուտն ավարտելուց հետո մասնագիտական թեկնածուական մինիմումը գերազանց հանձնել եմ դեռեւս 1973թ. (բնականաբար՝ երբ լեզուն չես օգտագործում, մոռանում ես)։ Դրանից հետո 6-7 անգլերեն ելույթ եմ ունեցել, որոնք ամբողջովին տեղադրվել են համապատասխան ժողովածուներում, եւ քանի որ փաստարկներս անհերքելի են եղել, ցանկացած մեկը՝ պատմաբան, գիտնական կամ քաղաքական գործիչ, կարող է հղում անել Եվրախորհրդում ունեցած այդ ելույթներին։

Ինչ վերաբերում է ճամբար փոխելուն, ոչ միայն ճամբար՝ հասցես, բնակության վայրս չեմ փոխել եւ չեմ փոխելու, ի տարբերություն այլոց, որ գալիս, «գաստրալյորություն» են անում, փորձում ներկայանալ որպես «ռուսամետության» ջատագով։ Խնդիրն էլ այն չէ, որ իսկապես ռուսամետ են՝ ուղղակի հարազատ-բարեկամները Ռուսաստանում բիզնես ունեն, մտածում են այս ճանապարհով պաշտպանել այդ բիզնեսը։

Հիմա այդ մարդկանց ասում եմ՝ այո, ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար դառնալուց հետո կրկին վերսկսել եմ անգլերենի խորացված ուսուցումը, որովհետեւ դրա անհրաժեշտությունը տեսնում եմ. ցավոք սրտի, այնքան վարժ չեմ տիրապետում անգլերենին, որ տեղում լսածին իսկույն անգլերենով հակադարձեմ։

-Այսօր լուրեր են տարածվում, թե ժամանակին դուք Ռուսաստանի դեսպանին մեղադրել եք կաշառակերության մեջ։ Եթե կարելի է՝ մանրամասնեք, ինչ է եղել իրականում եւ ինչպես։

-2003թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սահմանադրական դատարանը, քննարկելով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում-բողոքը, առաջարկեց մի տարի հետո՝ 2004-ի ապրիլին, անցկացնել վստահության հանրաքվե, բոլոր միջազգային կառույցները, իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական երկրների, ԱՄՆ-ի դեսպանները հանդես եկան հայտարարություններով։ Դրանց առանցքն այն էր, որ հանրաքվեն ընդունելի տարբերակ է խնդրահարույց հարցերը լուծելու համար։ Սակայն Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՊՀ մյուս երկրների դեսպանները լռում էին։

Այն ժամանակ ՀՀՇ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, հհշական թերթերից մեկին ասել էր՝ մի՛ սպասեք որ Ռուսաստանի դեսպանատունը կարձագանքի եւ ինչ-որ թերություններ կմատնանշի, որովհետեւ իշխանությունների կողմից գնված է եւ գտնվում է իշխանությունների գրպանում։

Այդ հայտարարությունից հետո երկու շաբաթ սպասեցի՝ ակնկալելով, թե դեսպանատան կողմից որեւէ արձագանք կլինի։ Նաեւ, չեմ թաքցնի՝ խորհրդակցեցի համապատասխան դիվանագիտական շրջանակների հետ՝ զգուշացնելով, որ սա կդառնա մատի փաթաթան, սակայն պատասխանեցին՝ չենք ուզում կարեւորել ՀՀՇ-ի ասածները։ Հաջորդ օրը, երբ լրատվամիջոցները ուղղակիորեն ինձ հարցը տվեցին, պատասխանեցի՝ այո՛, ակնկալում եմ, որ Ռուսաստանի դեսպանատունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանումներով, հակառակ դեպքում կլինեն շահարկումներ, թե՝ լռում են, կնշանակի՝ հակափաստարկներ չունեն։

Հիմա նորից դա բերել, ոտքից գլուխ շուռ են տվել եւ ասում են՝ Արտաշես Գեղամյանը Ռուսաստանի դեսպանին մեղադրել է կաշառակերության մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ ԱՄԿ-ն իր ծրագրային փաստաթղթերում միարժեքորեն կարեւորել եւ ամրագրել է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցության բախտորոշ լինելը մեր երկրի անվտանգության եւ զարգացման համար, եւ այսօր համոզված կերպով պաշտպանում է Հանրապետական կուսակցության լիդերի՝ մեր երկրի նախագահի արտաքին քաղաքական գիծը։

Հավանաբար դա խիստ եւ խիստ անհանգստացնում է այն ուժերին, որոնք փորձում են թշնամանքի սերմեր ներդնել հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններում, նրանց քուն ու դադար չեն տալիս մեր երկրների նախագահների կայուն, խորը հարգանքի եւ փոխադարձ վստահության վրա խարսխված հարաբերությունները՝ առհավատչյան Վլադիմիր Պուտինի վերջին շնորհավորանքները Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Դրա համար էլ քաղաքական զանազան փահլեւաններ կասկածանքի ստվեր են ուզում նետել ԱՄԿ-ի եւ նրա ղեկավարի վրա, ինչը, իհարկե, չի հաջողվի, այն պարզ պատճառով, որ մեր կողմնորոշումը երբեք ու երբեք գաղտնի չենք պահել, չենք պայմանավորել տարվա եղանակներով կամ գործող իշխանությունների հետ հարաբերություններով։ Հակառակը՝ երբ տեսել ենք, որ երկրին արտաքին վտանգ է սպառնում՝ նույն իշխանությունների հետ համատեղ փորձել ենք այդ վտանգի առաջն առնել։

Մասնավորապես, 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ակնհայտ էր, որ փորձում են նարնջագույն հեղափոխություն իրականացնել երկրում, իշխանության՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի հետ մեր քաղաքական տարաձայնությունները դրեցինք մի կողմ եւ համատեղ ջանքերով հասանք նրան, որ նարնջագույն չարիքը «բնում խեղդվեց»։

Ցավոք սրտի, կորուստներ ունեցանք, բայց կորուստները շատ ավելի մեծ կլինեին, եթե չկարողանայինք ժողովրդին բացատրել, թե ինչ ուժեր են կանգնած այդ ամենի հետեւում։ Իսկ այդ ուժերը հայաստանյան ուժեր չէին՝ դրսից հրահրվող ուժեր էին, որոնք, վերջին հաշվով, ջուր էին լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին։

-Ձեր նախկին զինակից Հմայակ Հովհաննիսյանը օրերս «սենսացիոն բացահայտում» արեց՝ ասելով, որ 2004թ. ապրիլյան հայտնի դեպքերից հետո «անցել էիք ընդհատակ», եւ բոլորի համար անմատչելի էիք, բացի ԱՄՆ դեսպանից։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

-2004թ. ապրիլի 12-ի, լույս 13-ի գիշերը ես իմ գործընկերների հետ ՀԳՄ շենքի հետնամասից մտանք տաղանդավոր գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավա Պարոնյանի մոտ, որը բնակվում է Մարտիրոս Սարյան 11 հասցեում։ Բնականաբար հոգիներս ալեկոծված էին, մտահոգ էինք մեր ընկերների ճակատագրով։

Մինչեւ առավոտյան ժ. 8-ը քննարկում էինք ստեղծված իրավիճակը, հետո բաժանվեցինք ու գնացինք տուն։ Առավոտյան «Ազատություն» ռադիոկայանը հայտնեց, թե ընդդիմության լիդերները դիմել են փախուստի, եւ նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։ Բնականաբար տարակուսանք եւ զարմանք ապրեցի, որովհետեւ տանն էի եւ բոլոր հեռախոսազանգերին ես էի պատասխանում։

Ինչեւէ։ Անցավ մի քանի ժամ, ձեռքի հեռախոսիս զանգահարեց ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը եւ ասաց. եթե փախած եք, ուրեմն ձեզ վտանգ է սպառնում, հուշեք, թե դեսպանատան ծառայողական մեքենան որ հասցեով ուղարկեմ։ Ասացի՝ պարոն Օրդուեյ, նախ՝ շնորհակալ եմ սրտացավության եւ հոգատարության համար, բայց եթե մարդ իր սեփական տանն է, կարծում եմ՝ փախած չի կարող լինել. հասցես էլ գիտեն, տան տեղն էլ։ Իսկ ինչ վերաբերում է մեքենա ուղարկելուն, դրա անհրաժեշտությունը չկա։

Անցավ 4-5 ժամ, համապատասխան օրդերով եկան, տունը խուզարկեցին, մի հին հրացան գտան։ Տղաները շատ կոռեկտ էին իրենց պահում՝ հրացանը զննեցին, ասացին՝ լավ հրացան է, բայց գոնե տարին մեկ յուղել է պետք, որ սարդը փողի մեջ բուն չդնի։ Մյուս օրը առաջինը ես գնացի դատախազություն եւ ցուցմունք տվեցի՝ այդ ամենը ֆիքսված է։

Հիմա գրում են՝ Գեղամյանին միայն Միացյալ Նահանգների դեսպանը կարողացավ գտնել. անգամ դա են աղավաղում։ Այդ մարդկանց այսօր եւեթ ուզում եմ ասել. զուր են ջանքերը՝ ինձ այս կամ այն երկրի հետ կապելու կամ կռվեցնելու այս կամ այն երկրի հետ, եւ ամենակարեւորը՝ կռվեցնելու սեփական երկրի հետ, որին ծառայում եմ գիտելիքներիս եւ ուժերիս ներածի չափով։ Սա է, որ ցնցումների մեջ է գցում ամեն տեսակ քաղաքական «գաստրալյորներին» եւ քաղաքական յալանչիներին։

Հ.Գ.- Հոկտեմբերի 10-ին Ա.Գեղամյանը ասուլիս էր հրավիրել՝ պատմելու Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 5-7-ը տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասին, որտեղ 3 օրում 5 ելույթ էր ունեցել, այդ թվում երկուսը՝ նվիրված թուրք-սիրիական հարաբերություններին։ Ասուլիսից հետո, մեր թղթակցի հարցին ի պատասխան, ԱՄԿ առաջնորդը նկատեց. «Բացառությամբ մեկ-երկու լրատվամիջոցների, ինձ ուղղված հարցերից այնպիսի տպավորություն ստացա, որ ասուլիսը անցկացվում է ոչ թե ՀՀ Ազգային Ժողովում, այլ Ադրբեջանի միլի մեջլիսում։ Եվ հերթական անգամ համոզվեցի՝ հակահայկական ուժերի բոլոր ջանքերը անկասկած դատապարտված են ձախողման. իրենք իրենց տված հարցերով վերստին ապացուցեցին, որ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների չհաջողված վարձկաններն են։ Վարձկաններ, ովքեր իրենց այրված փեշերը, ուզում են թե չեն ուզում, ցույց են տալիս»։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր