ԿՐՔԵՐ ԵՎ ԲԱՐՔԵՐ

(ՊԵՐՃԱԽՈՍ ԱՂՄՈՒԿ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՇՈՒՐՋ)

02.10.2012, Հայոց աշխարհ

Խորհրդարանում երեկ քննարկված Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն ունի, ըստ իս, հինգ հիմնական երանգավորում. տնտեսական, ներքաղաքական, բարոյական, իրավաբանական եւ արտաքին- քաղաքական: Փորձեմ դրանք առանձին-առանձին մեկնաբանել, ապա եւ տալ ամբողջական գնահատականը:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ անվերապահ հայտարարեց, որ այսուհետեւ մեր երկրում խիստ եւ հետեւողական պայքար է մղվելու կոռուպցիայի, կաշառակերության, տնտեսական հանցագործությունների դեմ: Եվ այդ պայքարում հաշվի չեն առնվելու մեղադրվողների ո՛չ ով լինելը, ո՛չ զբաղեցրած պաշտոնը եւ ո՛չ էլ նախկինում ունեցած ծառայությունները:

Ըստ որում, նույն այդ խորհրդակցության ժամանակ հատուկ նշվեց, որ պետք է բացառել, որ օրինախախտումների դեմ պայքարը հանկարծ չնենգափոխվի ընդամենը չնչին չարաշահումներ թույլ տված շարքային չինովնիկների դեմ պայքարով:

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ, կրկնում եմ, ոչ թե «Սիվիլիթասի», այլ դրա հիմնադիրի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես էր եկել դեռեւս այս տարվա մայիսի 25-ին:

Ըստ էության այս քրեական գործը նպատակ ունի օգնել «Սիվիլիթաս» հիմնադրամին, որպեսզի պաշտպանվեն նրա կանոնադրությունը եւ չվատնվեն, ինչ խոսք, բարեգործության նպատակով հատկացված ֆինանսական միջոցները:

Մենք ձեզ հետ միասին ականատես եղանք, թե դրանից հետո ինչ մեծաքանակ հրապարակումներ եղան ընդդեմ ԱԱԾ կողմից ի պաշտոնե իրականացվող ձեռնարկումների: Եվ զարմանալի բան՝ այդ ընթացքում ոչ ոք չբարեհաճեց հանդես գալ հայտարարությամբ, թե բարձրացված աղմուկը ոչ այլ ինչ է, քան պարզեիպարզ ճնշում նախաքննություն իրականացնող մարմնի նկատմամբ: Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում հանրապետության նախագահի ելույթի առանցքային դրույթներից մեկն էլ այն էր, որ ինքը, երկրի հիմնական օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, հետեւողականորեն «ապահովելու է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Ազգային ժողովում ներկա հարցի քննարկումը նախագահի առաջ քաշած խնդիրները կյանքի կոչելու համոզիչ վկայությունն է: Ես ըմբռնումով եմ մոտենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որդեգրած դիրքորոշմանը: Սակայն ինձ զարմացնում է նրա տարածած հայտարարության հետեւյալ արտահայտությունը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բոլոր պատգամավորներին կներկայացնի փաստաթղթերի փաթեթ, որոնք կհիմնավորեն գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքների սին լինելը»:

Ի՞նչ է ստացվում. Վարդան Օսկանյանը քննության ամբողջ ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալ քրեական վարույթ իրականացնող մարմնին եւ իր պարզաբանումները ներկայացնել գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցների առնչությամբ, իսկ հիմա որպես ցուցմունքներ ու պարզաբանումներ ներկայացնող գործի մեջ է ներքաշում մի ամբողջ կուսակցություն: Դրանով իսկ Օսկանյանը, ավելի ճիշտ` նրա վա՜յ հուշարարները, փորձում են, որ տարրական տնտեսական հանցագործություն կատարելու համար կամա-ակամա մեղադրվող կողմ ճանաչվի ոչ ավելի, ոչ պակաս հենց «Բարգավաճ Հայաստանը»:

Պատկերացնո՞ւմ եք, թե դատարանի կողմից հանցակազմը ապացուցելու պայմաններում ինչ անբարենպաստ վիճակում կհայտնվի «Բարգավաճը»: Կարծում եմ, ոչ ոք էլ չէր կարող խանգարել, որ այդ կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարի տակ գրանցված Վարդան Օսկանյանը փաստաթղթերի փաթեթը հրապարակեր, ժամանակին ներկայացներ քննչական մարմնին: Եվ այդ պարագայում միգուցե արդեն իսկ անհրաժեշտություն չառաջանար, որ գլխավոր դատախազը հանդես գար այս միջնորդությամբ:

Եթե դա չի արվել, ապա տրամաբանությունը հուշում է պնդել, որ ի սկզբանե խնդիր է դրվել քաղաքականացնել հարցը, փորձելով, ինչո՞ւ ոչ, դրանով իսկ կոծկել ճշմարտությունը...

Մեզ թվում է, որ Ազգային ժողովի կողմից գլխավոր դատախազի միջնորդության մերժումը կունենա խիստ բացասական բարոյա-իրավաբանական հետեւանքներ: Նախեւառաջ այն առումով, որ մեր հազարավոր հայրենակիցներ հիմք կունենան մտածելու, որ երբ գործը վերաբերում է այս կամ այն նախարարի, պատգամավորի, պաշտոնատար այլ անձանց, ապա գործում է միայն մեկ «օրենք», որի նպատակն է հանցանքը պարտակելը, քրեական գործը ջրելը: Եվ ընդհակառակը, երբ գործը վերաբերում է շարքային քաղաքացիներին, ապա գործում է մեկ ուրիշ օրենք` նույնիսկ չնչին հանցանքի համար խստագույնս պատժելու միտումով:

Ինչ վերաբերում է խնդրո առարկայի շուրջ հնարավոր զարգացումների բացասական իրավական հետեւանքներին, ապա դրանք ակնհայտ են: Միջնորդության մերժման պարագայում քննչական եւ դատախազական մարմիններում աշխատող բազում օրինապաշտ քննիչներն ու դատախազները կարող են մտածել` եթե պաշտոնատար անձանց նկատմամբ ամեն քրեական գործ արգելափակվելու է Ազգային ժողովում կամ վերադաս այլ մարմնում, ապա ինչո՞ւ իրենք պետք է հզորների առջեւ վատամարդ դառնան, վտանգեն իրենց աշխատանքային կարիերան եւ դեռ հետն էլ վերջիններիս կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների թունոտ քննադատության թիրախը դառնան:

Եվ վերջապես քննարկվող հարցի արտաքին քաղաքական հետեւանքների մասին: Գովելի է, որ Վարդան Օսկանյանի ճակատագրի վերաբերյալ անտարբեր չեն Եվրամիության անդամ երկրների դեսպանները: Զարմանալի է նաեւ, որ մեր քաղաքացիները, որոնք դեռ ծանոթ էլ չէին գլխավոր դատախազի միջնորդության մանրամասնություններին, այդ մասին տեղեկացան, մասնավորապես, «Հայկական ժամանակ» թերթի սեպտեմբերի 29-ի համարից, իսկ դրանից դեռ մեկ օր առաջ էլ` սեպտեմբերի 28-ին, հանդես է եկել “Washington Post” հեղինակավոր թերթի փոխխմբագիր, ծագումով հայ Դեւիդ Իգնատիուսը պերճախոս հրապարակումով` «Ճնշելով հասարակական կազմակերպությանն ու քաղաքական բանավեճը Հայաստանում»:

Հոդվածագիրը նշում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը հրատարակում է թերթ եւ ունի ինտերնետային հեռուստաընկերություն, որոնք անկախ ձայներ են մի երկրում, ուր լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից: Ահա այստեղ է, որ կցանկանայի որոշ պարզաբանումներ կատարել:

Այսպես, «Օրակարգ» թերթը, որը գործում է «Սիվիլիթասի» շրջանակում եւ ֆինանսավորվում է ի թիվս այլ երկրների, նաեւ մեր բարեկամ ամերիկացիներից ստացվող գումարներով, այս տարվա մարտի 1-ին հոդված է տպագրում այսպիսի վերտառությամբ` «Գեղամյանի Եվրասիական միությունը ՀՀԿ-ն է», որտեղ, մասնավորապես, գրում է. «Եվրասիական միությունը մեր ապագան է», - սա Արտաշես Գեղամյանի գրքի վերնագիրն է: ...Գրքի վերնագիրն արդեն իսկ կեղծ է` Եվրասիական միություն գոյություն չունի: Եթե անգամ գոյություն ունենար, նրա ամբողջ «արդյունավետությունը» հենց այն է, որ ապագա չունի, որովհետեւ դրա կարեւորության մասին խոսել է բռնապետ Վլադիմիր Պուտինը, եւ դրանում ընդգրկվելու համաձայնություն են տվել էլ առավել բռնապետական բարքերով հայտնի Բելառուսն ու Ղազախստանը»:

Միտումնավորությունն ակնհայտ է: Հիշենք թեկուզ նախընտրական շրջանում Պուտինի ռազմավարական յոթ ծրագրերի հրապարակումը եւ դրանց արձագանքելը ռուսական եւ համաշխարհային մամուլում, որոնք անշուշտ պիտի նկատած լինեին «Օրակարգի» հոդվածագիրն ու նրա պատվիրատուն... Բացահայտորեն պարզ է. հրապարակումները խիստ վտանգավոր սադրանք են եւ խնդիր են հետապնդում սեպ խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ, թշնամացնել մեր երկու երկրների ժողովուրդներին: Եվ նմաններին ձայնակցող, օտար աղբյուրներից ֆինանսավորվող «Օրակարգի» եւ «Սիվիլիթասի» գործողությունները ակներեւաբար հակասում են ոչ կառավարական կազմակերպությունների մասին Հայաստանում գործող օրենքներին:

Եկեք օտարամետ ուժերի խարդավանքների հլու ձայնարկիչն ու մասնակիցը չդառնանք: Առավել եւս զենք չդառնաք տեղական լցոնման տարրերի ձեռքում, ովքեր հանուն իշխանության վերադառնալու եւ կուտակած փողերը կորցնելու վերահաս վտանգից խուսափելու, կանգ չեն առնի անգամ Հայոց պետականությունը թուլացնելու, խարխլելու դավաճանական քայլի գայթակղության առջեւ:

Հ.Գ.- «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բասելի Նակուլային, որը կասկածվում էր ինտերնետում մահմեդականներին ծաղրող ժապավենի տեղադրման մեջ, օրերս` սեպտեմբերի 27-ին, ԱՄՆ իշխանությունները ձերբակալեցին: Ձերբակալության առիթն այն էր, որ Նակուլան 2010 թ. բանկային քարտերի հետ կապված մեքենայությունների համար պայմանականորեն դատապարտվել էր եւ 5 տարվա ընթացքում (փորձարկման ժամկետը) իրավունք չուներ առանց իշխանություններին իրազեկելու օգտվել ինտերնետից:

Մինչեւ օրս էլ աշխարհի մահմեդականները շարունակում են ավերել արեւմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները ողջ աշխարհում: ԱՄՆ-ն խստորեն դատապարտեց մահմեդականների կրոնական զգացմունքները վիրավորողներին: Ավելին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնիսկ հայտարարեց. «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը վիրավորել է Ամերիկային»:

Ակամայից մտաբերում ես այն աղմուկը, որը բարձրացվեց քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորողների` Pussy Riot խմբի առնչությամբ: Ստացվում է, որ Նակուլայի դեպքում, երբ նա ծաղրում է իսլամ դավանողներին, դա վիրավորանք է նաեւ Արեւմուտքին, իսկ երբ անարգում են քրիստոնեական սրբությունները եւ դրա համար օրենքով դատապարտվում, ապա դա Արեւմուտքը բնութագրում է որպես քաղաքական հետապնդում, խոսքի ազատության ճնշում:

Երբ Քրեական օրենսգրքի հստակ ձեւակերպված հոդվածներով մեղադրանք է հարուցվում շարքային ձեռներեցի նկատմամբ, ապա դա ընկալվում է որպես անօրինականության դեմ ուղղված պայքար: Իսկ երբ փորձ է արվում նույն հոդվածով առայժմ միայն մեղադրանք ներկայացել բարձրակարգ VIP- անձին, ապա գտնվում են ուժեր, որոնք հանրությանը հրամցնում են որպես քաղաքական հետապնդում, ճնշում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման դեմ:

Մեր հինավուրց բարեկամ հռոմեացի պետական գործիչ, սենատոր, հռետոր եւ գրող Մարկոս Տալլիոս Ցիցերոնը, դեռ Ք.ա. 1-ին դարում իր ճառերում ուղղված հռոմեական օրինական իշխանությունների դեմ դավեր նյութող Լուկիոս Սերգիոս Կատալինային հաճախ մերկացնելով, ավարտում էր իր խոսքը «O tempora, o mores!» «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» արտահայտությամբ: Դրանով իսկ նա հեգնում էր Հռոմում տիրող բարքերը...

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր