ԴԱՍԵՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ՍԵՐՏԵՆ ԲՈԼՈՐԸ
21.09.2012, Հայոց աշխարհ
Ո՞րն էր հանրապետության նախագահի կողմից շաբաթ օրը անցկացված խորհրդակցության հիմնական «մեսիջը»՝ ուղղված հանրությանը, ի՞նչ հետեւություններ պետք է անեն հայրենի քաղաքական ուժերը։ Մեր հարցերին պատասխանում է ԱՄԿ առաջնորդ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ։
-Այս խորհրդակցությունը բացառիկ էր նախագահի բարձրացրած խնդիրների եւ կառավարությանը տրված հանձնարարականների առումով։ Փորձեմ հիմնավորել, թե ինչու։
Սկսենք նրանից, որ բոլոր այն հարցերը, որոնց վրա նախագահը սեւեռեց կառավարության եւ առանձին նախարարների ուշադրությունը, բացառիկ հնչեղություն են ունեցել անցած չորսուկես տարիների ընթացքում, ընդդիմության բոլոր հանրահավաքներում իշխանությունները մեղադրվում էին նրանում, որ անհրաժեշտ քայլեր չեն անում, չեն պայքարում կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ, որ օրենքը չի գործում, երբ բանը հասնում է բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հարազատների կողմից վերահսկվող ոլորտներին, պետական բյուջեն արդյունավետ չի օգտագործվում եւ այլն։
Նախագահը մեկ առ մեկ անդրադարձավ բոլոր այն խնդիրներին, որոնց մասին տարիներ շարունակ խոսվել է, փաստեց քաղաքաշինության եւ ճանապարհաշինության, դեղամիջոցների գնման եւ բաշխման ոլորտներում տիրող խայտառակ իրավիճակը, կոնկրետ հանձնարարականներ տվեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։ Եվ հետաքրքիրն այն է, որ 4-5 ամիս աշխատող հանրապետական նախարարներից ամենայն խստությամբ պահանջեց կարգուկանոն հաստատել իրենց ոլորտներում, որ 4-5 տարի ղեկավարել են կոալիցիոն գործընկերների ներկայացուցիչները՝ լինի դա տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության թե առողջապահության նախարարությունները։
Այստեղից՝ հետեւություն. հանրապետության ղեկավարը, որը միաժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդն է, շատ ավելի խիստ չափանիշներով է մոտենալու իր իսկ կուսակցության առաջադրած նախարարներին, քան եղել է մինչ այդ, երբ այդ պաշտոնները տնօրինում էին կոալիցիոն կուսակցությունները։
Երկրորդ դասը, որ պետք է քաղեն արդեն քաղաքական դաշտի բոլոր դերակատարները, այն է, որ նախագահի համբերությունը սահման ունի, եւ, ամենայն հավանականությամբ, որոշակի քաղաքական ուժեր, որոնք, սեփական աչքի գերանը չտեսնելով, փորձում էին ուրիշի աչքի փուշը դարձնել քննարկման առարկա, արդեն իսկ անցել էին այդ սահմանը։
Երրորդ դասը, որ մենք ձեզ հետ միասին պարտադիր պետք է սերտենք, այն է, որ հանրապետության նախագահը շատ հստակ հարցադրում արեց՝ այնպես չլինի, որ կրկին ու կրկին բոլոր բացթողումները հանկարծ կոտրվեն երկրորդ, երրորդ դասի չինովնիկների վրա, որոնք, ինչ խոսք, գուցեեւ անմասն չեն եղել այդ ամենից, բայց, ինչպես շատ ճիշտ նկատեց երկրի ղեկավարը՝ «գլխից պիտի բռնել»։
Շատ կարեւոր է, որ նախագահն ինքն է հանձնարարական տալիս՝ բավական է մանրումիջին թալանչիներից կախվեք՝ գլխից բռնեք։ Եթե մեկ-երկու բարձրաստիճան պաշտոնյա, որը թույլ է տվել կոպիտ չարաշահումներ, մտել պետության գրպանը, միլիարդի հասնող յուրացումներ արել կամ անփութորեն տնօրինել պետական միջոցները, պատասխանատվության ենթարկվի, հավատացնում եմ՝ Հայաստանում կստեղծվի բարոյաքաղաքական շատ ավելի առողջ մթնոլորտ։ Եվ արդեն իսկ չարախոսողները, չարախնդացողները, որոնք ցանկացած լավ նախաձեռնություն ի սկզբանե փորձում են պիտակավորել, անլրջացնել, այլեւայլ երանգներ տալ, որոնք որեւէ կապ չունեն առողջ տրամաբանության հետ, բոլորը կմղվեն մութ անկյուն եւ կհայտնվեն քաղաքական դաշտի լուսանցքում։
-Այս օրերին արծարծվող հիմնական հարցերից մեկն էլ հենց այդ է՝ այսքանից հետո «մեծ շնաձկները» պատասխանատվության կենթարկվե՞ն, թե՞ այս դեպքում էլ ջրից չոր դուրս կգան։
-Կարծում եմ, համապատասխան մարմինները, այն է՝ ազգային անվտանգության ծառայությունը եւ գլխավոր դատախազությունը, ունենալով եւ հաշվի առնելով իրենց զինանոցում բոլոր այն տեղեկությունները, որոնք բխում են նախագահի վերահսկողական ծառայության՝ ես կասեի՝ գերազանց աշխատանքից, հետեւողական կլինեն այդ հարցում։
Եվ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ մեղավորներին կախաղան բարձրացնեն։ Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պաշտոնյայի ապիկարությունը, որպես ոլորտի ղեկավարի, անփութությունը կամ կաշառակերությունը ի հայտ բերվի, եւ ամեն մեկը պատասխան տա իր արածի համար։ Իսկ որ այդ ամենը եղել է՝ ակնհայտ է, որովհետեւ խոսքը միլիարդների մասին է. 1000 դրամ չէ, 2000 դրամ չէ, որ տարրական անփութությանը վերագրենք։
Բայց վերադառնանք նախագահի առաջ քաշած հարցերին։
Չորրորդ հետեւությունը, որ կարելի է անել, այն է, որ հանրապետության ղեկավարը հետեւողականություն է դրսեւորում 2008թ. փետրվարի 27-ին Հանրապետության հրապարակում, եւ ապրիլի 9-ին՝ երդմնակալության արարողության ժամանակ բարձրաձայնած մոտեցումներն առաջ տանելու հարցում։ Ըստ էության, սա նախագահի ստանձնած հանձնառությունների շարունակությունն է։
Հանրապետության հրապարակում, դիմելով իր կողմնակիցներին, նա ասաց, որ մյուս հրապարակում հավաքվածները մեր քույրերն ու եղբայրներն են, եւ պետք է շենացնենք մեր երկիրը բոլորիս համատեղ աշխատանքով։ Նույնը ամրագրեց ապրիլի 9-ի ելույթում, եւ հիմա ազգը կոնսոլիդացնելու նոր բանալի է առաջարկում։
Այն է՝ համընդհանուր ճակատ ստեղծել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, եւ այդ համընդհանուր պայքարն ունի շատ խորը արմատներ, որովհետեւ կոռուպցիայից եւ հովանավորչությունից հավասարապես տուժում է մեր ողջ ազգաբնակչությունը՝ լինի դա ՀԱԿ-ի համակիր, «Բարգավաճ Հայաստանի», Հանրապետականի, «Ազգային միաբանության», Դաշնակցության թե որեւէ այլ կուսակցության անդամ։
-Ընդդիմությունը շտապեց հայտարարել, որ դա ընդամենը նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված քարոզչական ակցիա է։
-Կաշառակերության դեմ պայքարը ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու միջո՞ց է։ Այո՛։ Իսկ բարեկեցությունը բարձրացնելու մենաշնորհը չի տրված ՀՀԿ-ին, «Ազգային միաբանությանը» կամ Դաշնակցությանը՝ դա համաժողովրդական խնդիր է։
Սա «պիառ ակցիա» համարելու համար ուղղակի պետք է հիվանդ երեւակայություն ունենալ, որովհետեւ հանրապետության նախագահի բոլոր ելույթները մի բանի մասին են խոսում՝ հասարակությանը, քաղաքական ուժերին ազգային, պետական կարեւորության խնդիրների շուրջ համախմբելը 2008-ին իր որդեգրած մայրուղային քաղաքականությունն է։ Անգամ իսկ նոր կառավարության ձեւավորման ժամանակ Սերժ Սարգսյանը բաց տեքստով ասաց՝ այո, այսօր կառավարությունը ձեւավորվում է երկու քաղաքական ուժերի հենքի վրա, բայց որեւէ քաղաքական ուժի, շարժման կամ կուսակցության որեւէ ողջամիտ առաջարկություն չի անտեսվի, օդից կախված չի մնա։ Այսինքն՝ սա 2008-ին որդեգրված քաղաքականության շարունակությունն է։
Եթե չորսուկես-հինգ տարի շարունակ քննադատում ես գործող իշխանությանը, ի դեմս հանրապետության նախագահի եւ իր գլխավորած կուսակցության, առ այն, որ հետեւողական չէ կաշառակերության, հովանավորչության դեմ պայքարում, եւ հիմա, երբ քննադատությունդ ոչ միայն հաշվի են առնում, այլեւ արծարծված խնդիրներին փորձում են առարկայական լուծումներ տալ, հանկարծ սկսում ես տորպեդահարել այդ նախաձեռնությունը՝ թիկունք կանգնելու եւ աջակցելու փոխարեն, ուրեմն կամ անկեղծ չես՝ ազնիվ չես եղել ժողովրդի հանդեպ, կամ ինքնուրույն չես որոշումներ կայացնելու հարցում, կամ երկուսը միասին։
Այս գործելակերպն ինձ համար անընդունելի է, հատկապես այն պարագայում, երբ տեսնում ենք նախագահի հռչակած ուղեգծի առարկայական վավերացումը։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Նկատի ունեմ մասնավորապես այն, որ կառավարությունն իր նիստում քննարկել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձը. իրեղեն հիմնավորում, որ նախագահը հավատարիմ է ցանկացած տրամաբանական առաջարկ օդում չթողնելու իր հանձնառությանը։
Բայց եկեք տեսեք, որ ընդդիմության կողմից բացարձակապես ոչ մի ընդառաջ քայլ չի արվում։ Սա արդեն պարզապես չկամության դրսեւորում է։ Առավել եւս, որ կառավարության միջնաժամկետ ծրագրում եւ ՀՀԿ հեռանկարային ծրագրերում այդ խնդիրը դրված է եղել, բայց տվյալ դեպքում չեն ուզում սեփականաշնորհել այդ դաշտը։ Հակառակը, ասես թե ոգեւորում են ընդդիմությանը, ինչը, իհարկե, շատ ողջունելի է։
Բայց նաեւ մտածելու տեղիք է տալիս, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, որում հայտնվել է մեր տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, երկրի ներսում գտնվում են ուժեր, որոնք տորպեդահարում են անգամ իսկ պահանջված ցանկացած նախաձեռնություն։ Սա շատ վտանգավոր է։
Ավելին՝ այս գործելաոճը տեղավորվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրված տեղեկատվական պատերազմի շրջանակում, եւ այստեղ մենք ձեզ հետ միասին պետք է շատ աչալուրջ լինենք։
Այդ տեղեկատվական պատերազմի համատեքստում պետք է դիտարկել նաեւ ՀԱՊԿ զորավարժությունների նախօրեին մեկ էլ հանկարծ՝ որոշակի ուժերի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցներում ասես ներսից պայթած «հաղորդագրությունը» Հայաստան ներթափանցած թալիբական խմբավորման մասին, որը իբր դիվերսիոն գործունեություն պետք է իրականացներ մեր երկրում։
Փառք Աստծո, որ դրան իսկույն եւեթ արձագանքեց ԱԱԾ-ը՝ հերքելով այդ անհեթեթ լուրը։ Դա հավանաբար մեր պատկան մարմիններին հուշեց, թե ինչ լայն ճակատով են գործում Հայաստանի դեմ մեր դարավոր հարեւանները եւ չակերտավոր բարեկամները, որոնցից օր առաջ ազատվելը երջանկություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Եվ ուշագրավն այն է, որ փայլուն կերպով կազմակերպված զորավարժությունները ներկայացրին ծուռ հայելու մեջ, փորձեցին նսեմացնել բացահայտ հաջողությունը, սեւացնել ՀԱՊԿ անդամ երկրների՝ ժամացույցի պես աշխատող համագործակցությունը։
Անգամ իսկ բանը հասավ նրան, որ փորձեցին հասարակական կարծիք ստեղծել, թե Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելը եւ հերոսացնելը հնարավոր է դարձել ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի եւ դրա թիկունքում կանգնած հայտնի լոբբիստական կազմակերպությունների, այլ Ռուսաստանի ջանքերով։ Ավելին՝ հայ-ադրբեջանական հնարավոր ռազմական բախումն իբր «ձեռնտու է Ռուսաստանին»։
Սա կրկնակի ստորություն է՝ այն պարագայում, երբ կատարվածի ամենախիստ գնահատականը տվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Իսկ մենք ձեզ հետ շատ լավ հասկանում ենք, որ Բորդյուժան նման քաղաքական հայտարարություն կաներ մի դեպքում. եթե ունենար Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարի, նույն ինքը՝ նախագահ Պուտինի հանձնարարականը։
Այս պայմաններում, երբ տեսան, որ Հայաստանի դեմ նյութված մեծ դավադրությունը՝ հայտնի ուժերի միջոցով երկիրը ներսից թուլացնելու եւ պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու ջանքերը ձախողվել են, հիմա էլ փորձ է արվում տորպեդահարել, առաջն առնել այն դրական տեղաշարժերի, որոնց մասին հայտարարեց հանրապետության նախագահը իր շաբաթօրյա հանդիպման ժամանակ։
-Կաշառակերությանը ձեռնոց նետելու նախագահի հանձնարարականի վերաբերյալ շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, թե իշխանությունն այդպիսով հող է ստեղծում նախկին կոալիցիոն գործընկերոջը «հնազանդեցնելու» համար։ Այս մասին ի՞նչ կասեք։
-Միանգամայն տեղին է ձեր հարցը։ Երբ տարբեր լրատվամիջոցներում տարբեր քաղաքական գործիչներ իրենց հարցազրույցներում կառավարության գործողությունների եւ գործելաոճի հետ կապված՝ քննադատություն են տիրաժավորում, եւ այդ քննադատությունը երբեմն-երբեմն շանտաժի տարրեր է պարունակում, հանրապետության նախագահն իրեն ներհատուկ տակտով եւ զսպվածությամբ չասաց, բայց ակնարկեց, որ կառավարությունն իրոք ունի շատ խոցելի տեղեր, եւ այդ խոցելի տեղերում կանգնած են եղել, այդ բնագավառները գլխավորել են ո՛չ ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներ։
Այնպես որ, «խորոզլամիշ լինող» որոշ քաղաքական գործիչների պետք է ասել՝ հանգստացեք, դադարեցրեք դեմագոգիան, հակառակ դեպքում ձեր ճոռոմաբանության պատճառով որոշ ծանոթ դեմքեր կարող են հայտնվել մեղադրյալի աթոռին։
Նախագահը չի գնում դրան՝ ոչ թե այն պատճառով, որ անհրաժեշտ կամք կամ վճռականություն չունի, այլ ուղղակի գիտակցում է, որ ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, երբ արտաքին թշնամիների պակաս չի զգացվում, պետք չէ ներսում արհեստական լարվածություն ստեղծել՝ դա կարող է օգտագործվել դրսի ուժերի կողմից։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ