ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԻԱՅՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

24.07.2012, Հայոց աշխարհ

Երեւանյան 35 աստիճան շոգին հոդված գրելը, այն էլ՝ այնպիսի լուրջ թեմայի շուրջ, ինչպիսին են Հարավկովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջ ծավալվող իրադարձությունները, համաձայնեք, այնքան էլ հաճելի կամ ինքնատիպ զբաղմունք չէ։

Մինչդեռ ինձ նման խորհրդածությունների մղեց այն, ինչ պատմեցին բարձրաստիճան մի մենեջերի՝ երկաթուղային մասնագետի ընտանիքի անդամները, որոնք օրերս են վերադարձել Վրաստանից։

Եվ ահա, Թբիլիսիի հարմարավետ ռեստորաններից մեկում ճաշելիս հարեւան սեղանին նստած մեր վրացի բարեկամները, ռուսերեն խոսք լսելով, անսպասելի կանգնել ու ամենեւին էլ ոչ ցածրաձայն, որպեսզի ռեստորանում բոլորը լսեն, վրաց-թուրք-ադրբեջանական եղբայրության կենաց թաս են բարձրացրել ռուսերենով։ Ընդ որում՝ միմյանց հետ ռուսերեն հաղորդակցվելով՝ նրանք ասես հիմնավորում էին բարձրացված կենացի օբյեկտիվությունը։

Չգիտեմ՝ ինչ էֆեկտ էր ակնկալում ադրբեջանցիների եւ թուրքերի հանդեպ սիրո զգացման նման զեղումը, բայց տեսնելով շիկահեր ու կապուտաչյա ռուս հյուրերի բարյացակամ ժպիտները, ինչպես հիշում էին մեր ռուս բարեկամի հարազատները, վրացիներն ասես ընկճվել են, հավանաբար սկսել են մտածել ինչ-որ բանի մասին...

Այս պատմությունը լսելով, ճիշտն ասած, ես էլ մտածմունքների մեջ ընկա։ Ինձ տագնապեցրեց այն, որ բարեկամական Վրաստանում հասարակ քաղաքացիների գիտակցության մեջ առաջ են գալիս մտքեր «ընդդեմ հայերի ու ռուսների ադրբեջանցիների ու թուրքերի հետ բարեկամություն անելու» մասին։

 

Միաժամանակ ուրախացրեց այն, որ Հայաստանն ու հայերն ընկալվում են որպես շատ մոտ Ռուսաստանին ու ռուսներին։ Այսինքն՝ կենաց բաժակ բարձրացնելով ադրբեջանցիների ու թուրքերի համար՝ նրանք մտածում էին, թե դրանով վիրավորում են ռուսներին, քանզի, մեղմ ասած, ադրբեջանցիներն ու թուրքերը մեր բարեկամները չեն։

Այս պատմությունը լսելով՝ մեջս ցանկություն արթնացավ պարզել քաղաքական այն ակունքները, որոնք ծնել են մեր վրացի բարեկամների նման տագնապալի վերաբերմունքը հայերիս հանդեպ։ Միաժամանակ իմ առջեւ նպատակ դրեցի անպայման ծանոթանալ առավել բնութագրական այն դրսեւորումներին, որ գոյություն ունեն Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ նրանց փոխված ընկալումներում։

Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի փոխհարաբերությունները վերջին ժամանակներս զարգացում են ապրել եւ որակապես ավելի բարձր մակարդակի վրա են դրվել ս.թ. հունիսի 8-ին Տրապիզոնում այդ երկրների արտգործնախարարների կողմից եռակողմ Տրապիզոնյան հռչակագրի ստորագրմամբ, որը, ինչպես հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, այդ հարաբերություններին դինամիզմ կհաղորդի. «Մենք որոշում ենք կայացրել ձեւակերպել մեր ռազմավարական համագործակցությունը եւ դրան էլ ավելի մեծ դինամիզմ հաղորդել»։

Ինչ վերաբերում է ադրբեջանա-թուրքական հարաբերություններին, ապա հիշենք, որ 2010թ. դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին պայմանագիրը», որը երկու երկրների նախագահները ստորագրել էին 2010թ. օգոստոսի 16-ին Բաքվում։ Հատկանշական է, որ երբ վավերացումից հետո այդ պայմանագրի դրույթները գաղտնազերծվեցին, շատ վերլուծաբաններ համակարծիք էին, որ այդ փաստաթղթի հիմնական նպատակը 2010թ. Երեւանում ստորագրված հայ-ռուսական ռազմավարական գործընկերության մասին պայմանագրին հակակշիռ ստեղծելն էր։

Նշենք, որ թուրք-ադրբեջանական պայմանագրի երկրորդ հոդվածում ասվում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման կամ ագրեսիայի երրորդ պետության կամ պետությունների կողմից, ապա կողմերը, օգտագործելով բոլոր հնարավորությունները, միմյանց փոխադարձ օգնություն կցուցաբերեն։ Պայմանագրի երրորդ հոդվածում կողմերը պարտավորվել են նաեւ հակադարձել տարածաշրջանային եւ միջազգային կայունության, անվտանգության մարտահրավերներին։ Փաստորեն պայմանագրի ռազմական դրույթների պահպանումը Թուրքիային հատկացնում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի կարգավիճակ։

Այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել հետեւյալ փաստի վրա։ 2011թ. հոկտեմբերին Թուրքիայի այդ նույն պաշտպանության նախարարն իր արտասահմանյան առաջին այցելության ընթացքում, որը, այդ երկրում ամրապնդված ավանդույթի համաձայն, Ադրբեջանում էր, ի պատասխան REGNUM լրատվական գործակալության թղթակցի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական հարաբերությունների մասին հարցի, մասնավորապես նշեց. «Ներկայումս Թուրքիայում Ադրբեջանի 5 հազար քաղաքացի զինվորական կրթություն է ստացել եւ որպես սպա վերադարձել հայրենիք։ Սա բավական մեծ թիվ է»։

Միաժամանակ, տագնապեցնում է այն, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՌԴ կատարելիք պաշտոնական այցից երկու ամիս առաջ թուրքական իշխանությունները թույլատրեցին Ստամբուլում բացահայտ հակառուսական կոնֆերանս անցկացնել։ Այսպես, ս.թ. մայիսի 13-ին Ստամբուլում տեղի ունեցավ Միջազգային կովկասյան կոնֆերանսը, որի նշանաբանը պերճախոս վկայում է դրա էության մասին. «Կովկասն առանց Ռուսաստանի»։ Այս միջոցառմանը մասնակցում էին Եվրոպայի կովկասյան սփյուռքի, արաբական երկրների ներկայացուցիչներ (արտաքսման մեջ գտնվող նույն ահաբեկիչներն են), լրագրողներ եւ իրավապաշտպաններ Ճապոնիայից, Վրաստանից եւ Եվրամիությունից։

«Մենք ճակատագրով դատապարտված չենք լինել Ռուսաստանի գաղութը»,- կոնֆերանսի մոդերատոր Ռիդվան Քարայայի հետեւից կրկնում էր սրահը։ Կոնֆերանսն ավարտվեց հռչակագրի ընդունմամբ, որում հաստատվում էր, որ Կովկասի ապագան ոչ թե «ռուսական գաղութատիրության», այլ իսլամի մեջ է. «Կովկասյան էմիրության» շրջանակում, որը ձգվելու է Կասպից ծովից մինչեւ Սեւ ծով եւ Ուրալից մինչեւ Կովկաս»։ Նշենք, որ կոնֆերանսի կազմակերպմամբ եւ ապահովմամբ զբաղվել է Imkander իսլամա-թուրանական ոչ կառավարական կազմակերպությունը։

Միանգամայն բնական էր պաշտոնական Մոսկվայի արձագանքը, որն անընդունելի համարեց Թուրքիայում այդ հակառուսական կոնֆերանսի անցկացումը, «որի մասնակիցներն ուղղակիորեն սպառնում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությանն ու քաղաքացիների անվտանգությանը», ինչի մասին ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի ատաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։ Այս առնչությամբ Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։

Հարկ է նշել, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ռազմավարական գործընկերությունը տարեցտարի ամրապնդվում է աճող տնտեսական բաղադրիչով։ Իրականացվող խոշոր էներգետիկ նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը եւ վերջերս՝ ս.թ. հունիսի 26-ին Իլհամ Ալիեւի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրված միջպետական պայմանագիրը Տրանսկասպյան գազամուղի՝ Trans Anadolu (TANAP) նախագծի մասին, Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր էներգետիկ միջանցք են ձեւավորել։ Այդ նախագծերի իրագործմամբ Ադրբեջանը դառնում է դեպի Եվրոպա էներգակիրների խոշոր արտահանող, իսկ հետագայում, Վրաստանի հետ միասին, նաեւ տարանցող երկիր, այն դեպքում, եթե այդ նավթա-գազատարներով էներգակիրներ տեղափոխվեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից։ Այդ երկրների դերը կովկասյան տարածաշրջանում զգալիորեն հրատապ է դառնում Եվրամիության երկրների էներգաապահովման մակարդակի բարձրացման հետ կապված։

Դրա հետ մեկտեղ՝ ենթադրվում է 2013թ. գործարկել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն էլ ավելի կամրապնդի այդ պետությունների ռազմավարական նշանակալիությունը։ Մանավանդ որ ինչպես նավթատարները եւ գազատարները, այնպես էլ երկաթուղին շրջանցում են Հայաստանը, մեկուսացնում մեր երկիրը էներգետիկ եւ տրանսպորտային բոլոր ճանապարհներից ու երթուղիներից, իսկ TANAP նախագիծը, լինելով հարավային էներգետիկ միջանցքի բաղադրիչը, կդառնա ռուսական «Հարավային հոսք» նախագծի իրական մրցակիցը։

Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի այս էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերից մեկուսացմամբ, անշուշտ, ավելի է կարեւորվում Թուրքիայի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները, հավանաբար դյութված նավթադոլարներով, որոնք, ասես առատության եղջյուրից, սնում են այդ երկրի ռազմական ծախսերը, արդեն միանգամայն անթաքույց իրականացնում են Ռուսաստանի հանդեպ թշնամական արտաքին քաղաքականություն։ Բավական է փաստել, որ Ադրբեջանը չի աջակցում ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, որոնց նախաձեռնողն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այս փաստերի եւ քաղաքական իրողությունների ֆոնին կարելի է առանց չափազանցության պնդել, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերությունը վճռորոշ դեր է խաղում Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գործում։ Արեւմուտքի համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները հիանալի գիտակցում են, որ հակամարտային պոտենցիալի հրահրումը Հարավային եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում, այսինքն՝ Ռուսաստանի հարավային մատույցներում, Մեծ Մերձավոր Արեւելքի «դեմոկրատականացման» աշխարհաքաղաքական նախագծի իրագործման եզրափակիչ փուլն է։ Խոսքը աշխարհաքաղաքական տարածքի մասին է, որը ներառում է իսլամական աշխարհը՝ Հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիա, Պարսից ծոց ու Աֆղանստան։

Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ծավալված իրադարձությունները հանգեցնում են այն մտքին, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվորեն իրականացնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի՝ 2003թ. պաշտոնապես առաջ քաշած «Մեծ Մերձավոր Արեւելք» (the Greater Middle East) նախագիծը, որը դրվել է ամերիկյան նոր մերձավորարեւելյան քաղաքականության հիմքում։ Այստեղ տեղին է նշել, որ Թուրքիան ոչ միայն պաշտպանում է «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագիծը, այլեւ ակտիվորեն մասնակցում է դրա իրագործմանը։ Թուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության նախկին գլխավոր տնօրեն, «Արեւմուտքի կողմից խորտակվածները» գրքի հեղինակ Բյուլենթ Էսինօղլիի խոսքով՝ Էրդողանը «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագծի «համանախագահն» է։

Նախագիծը, ի շարս այլ խնդիրների, նախատեսում է հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածքի պառակտում եւ դրանից Հարավային Կովկասի բռնի անջատում։ Մեր հարեւանները, կարծում եմ, առաջադիմել են այս գործընթացում իրենց հատկացված դերն իրականացնելիս։ Հիմա հերթը Ամերիկայինն է։ Ուստի ամենեւին էլ պատահական չէ Արեւմուտքի բացառիկ հետաքրքրությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ինչը պայմաններ կստեղծի Հայաստանը Ռուսաստանից փուլ առ փուլ կտրելու համար, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով դաշնակիցների հետ մեկտեղ հանդես է գալիս որպես մեր երկրի անվտանգության երաշխավոր։

Ուստի այսօր էլ ջանքեր են գործադրվում վերակենդանացնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այսպես, ս.թ. փետրվարին Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի տնօրեն Դեւիդ Ֆիլիպսը պատրաստել էր «Դիվանագիտական պատմություն. հայ-թուրքական արձանագրությունները» զեկույցը։ Հատկանշական է, որ այդ զեկույցը հրատարակել էր Հարվարդի համալսարանը։ Այն քննարկվել էր ԱՄՆ Պետական դեպարտամենտի եւ Կոնգրեսի համատեղ հատուկ նիստում։ Զեկույցի հեղինակի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները չեն կարող քննարկվել իրենց ներկայիս տեսքով, բայց դրանցում դրված որոշ միջոցներ կարող են ակտիվացվել՝ հարաբերությունները մեղմելու համար։

Դրանց թվում Դեւիդ Ֆիլիպսը նշում է. պետք է թռիչքներ հաստատվեն Վանի եւ Երեւանի միջեւ, պետք է նորոգվի Անի քաղաքի հետ կապող կամուրջը, իսկ Հայաստանից տուրիստական ավտոբուսները պետք է հնարավորություն ունենան մեկնել այնտեղ, պետք է թույլատրվեն էլեկտրաէներգիայի վաճառքը եւ օպտիկամանրաթելային մալուխների անցկացումը Երեւանի ազատ արդյունաբերական գոտում, պետք է ձեւավորվեն համատեղ հանձնաժողովներ՝ միջազգային արխիվների հետազոտությունների (Հայոց ցեղասպանության) մեթոդները պարզելու, ինչպես նաեւ նորոգման կարիք ունեցող պատմական հուշարձանները պարզելու համար; Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանում պետք է տեղ հատկացվի այն թուրքերի համար, որոնք օգնել են հայերին 1915թ.։

Հատկանշական է, որ զեկույցում արվել է հետեւյալ եզրահանգումը. «Հարկ է պատշաճը մատուցել նախագահներ Գյուլին եւ Սարգսյանին՝ որպես այդ գործընթացի հերոսների։ Նրանք պետական մոտեցում եւ վիթխարի արիություն ցուցաբերեցին։ Ընդհակառակը, արձանագրությունների ստորագրման տապալման պատասխանատվությունը գլխավորապես ընկնում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա։ Քննադատներն ուշադրություն են դարձնում այն փաստի վրա, որ Ադրբեջանի խորհրդարանում 2009թ. մայիսի 13-ի իր ելույթում նա հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման նախապայմանը պետք է լինի Ղարաբաղյան հարցի կարգավորումը։ Դա իր արտացոլումը չի գտել արձանագրությունների մեջ, որն էլ կանգնեցրել է գործընթացը»։

Այս պայմաններում ուզում ենք պատշաճը մատուցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքականությանը, որը քանիցս հայտարարել է ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը Հայաստանի հավատարմության, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բացառիկ կարեւորության մասին։

Եվ այն հատուկ նշանակություն է ձեռք բերում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի (ԵՀՀՊՀ) ստեղծման՝ ՆԱՏՕ-ի ծավալած ծրագրի համատեքստում։

Այսօր արդեն Թուրքիայում տեղակայված է AN/SPY ռադիոլոկացիոն կայանը, մինչեւ 2015թ. Թուրքիայում եւ Բուլղարիայում կտեղակայվեն նույնպիսի ռադարներ, որոնք «Aegis Combat System» համակարգի («Էգիդա», «Վահան»՝ Զեւսի եւ Աթենասի առասպելական վահանի անունով) հիմնական տարրն են։

Միանգամայն ակնհայտ է, որ Եվրոպայում «Aegis Combat System»-ի ներդրմամբ հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ՆԱՏՕ-ի ծրագրի իրականացումը զգալիորեն կթուլացնի ռուսական զինված ուժերի զսպիչ հրթիռամիջուկային ներուժը։ Ռուսական միջմայրցամաքային բալիստիկ եւ գործողության միջին շառավղով հրթիռները կարող են հայտնաբերվել AN/SPY ռադարներով, որոնցից մեկն արդեն տեղակայված է Թուրքիայում, իսկ առաջիկա 2-3 տարիներին լրացուցիչ կտեղակայվեն նորից Թուրքիայում եւ Բուլղարիայում։ Այնուհետեւ, հաշված րոպեներում դրանք կարող են ոչնչացվել Միջերկրական ծովում լողացող նավերից արձակված SM-3IB հրթիռներով։ Թուրքիայում տեղակայված ռադարների չեզոքացումն ամենամոտ ապագայում կարող է դառնալ ազգային անվտանգության ապահովման գլխավոր խնդիրներից մեկը։

Ավելացնենք նաեւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունների հնարավոր ձախողումը Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը Գաբալայի ՌԼԿ վարձակալման մասին պայմանագիրը կերկարաձգի այն դեպքում, եթե Մոսկվան Բաքվին երաշխիքներ տա, որ այդ կայանը չի ուղղվի Թուրքիայի դեմ։ Նշենք նաեւ, որ Ադրբեջանը պահանջել է ավելացնել Գաբալայի ՌԼԿ վարձավճարը (տարեկան 7 մլն դոլարի փոխարեն պահանջում է 300 մլն)։

Այս հանգամանքը Ռուսաստանի համար հրատապ է դարձնում նոր ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը։ Հիշեցնենք, որ 2007թ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկեց որպես Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման այլընտրանք համատեղ օգտագործել Գաբալայի ՌԼԿ-ն։ Ամերիկյան կողմն առաջարկությունը չընդունեց, իսկ 2012թ. հունվարից Արեւմտյան Հայաստանի Մալաթիա նահանգում, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի սահմաններին մոտ, գործարկվեց այն ՌԼԿ-ն, որի մասին վերն արդեն նշել ենք։

Այս պայմաններում բոլորովին ավելորդ չէ նշել, որ ընթացիկ տարում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հնչեցրել է երկրի նախագահի առաջարկությունն այն մասին, թե Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը նոր ռադիոլոկացիոն կայան կառուցի մեր երկրի տարածքում, որը լրիվ իր վրա կվերցնի Գաբալայի ՌԼԿ գործառույթները։ Նշենք, որ այս կայանի աշխատանքի շառավիղը 8000 կմ է, ինչը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել Մերձավոր Արեւելքը, Հնդկական օվկիանոսն ու Աֆրիկայի հյուսիս-արեւելքը։ Կայանի հնարավորությունները թույլ են տալիս ոչ միայն հայտնաբերել արձակված հրթիռները, այլեւ հետեւել դրանց շարժման հետագծին ու հաշված վայրկյաններում ստացված տեղեկատվությունը հաղորդել հակահրթիռային պաշտպանության համակարգի կառավարման կենտրոն։

Այս իրողություններն ընդգծում են ՀԱՊԿ, հատկապես Հայաստանի (որը դաշնակցային երկրներից միակն է, որ ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ) հատուկ դերը մեր ընդհանուր անվտանգության ապահովման գործում։ Ինչպես Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, այնպես էլ ԵՀՀՊՀ ծրագրի իրագործման շրջանակում ծավալվող այս գործընթացների ամբողջ համալիրը, որպես գլխավոր խնդիրներից մեկը, առաջադրում է ՀԱՊԿ անդամ պետությունների տնտեսական ապահովումը։ Եվ այստեղ խիստ տրամաբանական է հարցը, թե Հայաստանը, որն իր անվտանգությունը պայմանավորում է միայն ՀԱՊԿ-ին անդամակցությամբ, ի՞նչ պայմաններում ի վիճակի կլինի առավելագույնս ապահովել իր տնտեսական անվտանգությունը։

Այս առնչությամբ հարկ է նշել, որ Հայաստանի եւ Եվրամիության խոր եւ համակողմանի ազատ առեւտրի պայմանագրի պատրաստումը, վիզաների եւ քաղաքացիության ստացման կարգի պարզեցումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման գործում գրանցված հաջողությունները, անշուշտ, պետք է դրական գնահատել։ Բայց միաժամանակ պետք է խոստովանել, որ այդ ծրագրերը չեն լուծում մեր տնտեսության ամենաէական՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մեր սահմանների ապաշրջափակման, ինչպես նաեւ Վրաստանի ու Աբխազիայի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղային հաղորդակցության բացման, Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման խնդիրները։

Իսկ այլընտրանք կա՞։ Համոզված եմ, որ կա, եւ այն պետք է լինի Հայաստանի ու Եվրասիական միության անդամների, առաջին հերթին՝ Ռուսաստանի ձգտումը՝ խորապես ուսումնասիրել այն հարցերի ողջ համալիրը, որոնք կապված են Եվրասիական միությունում Հայաստանի ընդգրկման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հետ։ Ընդ որում՝ այդ աշխատանքը պետք է խնամքով կատարել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը խիստ կդժվարացնի այն նախագծերի իրագործումը, որոնք հատուկ կարեւորություն են ներկայացնում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների համար Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում՝ այստեղից մեզ համար բխող բոլոր բարդություններով։

Միաժամանակ, կարծում եմ, Եվրասիական միության մեջ Հայաստանի ընդգրկման գաղափարի հաջող իրականացումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանում եւ Վրաստանում առկա հանրային տրամադրությունների վրա։ Դա դրական ազդեցություն կունենա նաեւ հայ-իրանական հարաբերությունների վրա։ Իրանական կողմն այլեւս ստիպված չի լինի զգուշանալ, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանա-հայկական հարաբերությունների սրման դեպքում տարածաշրջանում կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի խաղաղարարները։

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի՝ ինտեգրմանն ուղղված համակողմանի կշռադատված, համատեղ քայլերը կարող են Եվրասիական միությունում հետխորհրդային տարածքի պետությունների միավորման պահանջվածության լավ օրինակ դառնալ։ Եվ այդ ժամանակ Հայաստանը կկարողանա ամենայն համոզվածությամբ բարձրաձայն հայտարարել եւ հիմնավորել, որ Եվրասիական միությունը մեր ապագան է։

Կուզենայի նշել նաեւ, որ Հայաստանում առանձնակի հարգանքով ու վստահությամբ են վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մենք շատ լավ ենք հիշում, թե ինչպես 2009թ. Սոչիում Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց. «Ինչ վերաբերում է անցյալի, այդ թվում եւ «Ղարաբաղյան հակամարտության բարդ հիմնախնդիրներին, փոխզիջումը պետք է գտնվի հենց մասնակիցների կողմից։ Մյուս պետությունները կարող են խաղալ միայն միջնորդների եւ երաշխավորների դեր ստորագրված համաձայնագրերի կատարման համար»։ Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվեց Ադրբեջանի խորհրդարանում Էրդողանի վերոհիշյալ ելույթից մի քանի օր անց։

Հայաստանում նույնպես հիշում են իր թուրք գործընկերոջ հետ Վ.Պուտինի՝ 2010թ. հունվարի կեսին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ Վլադիմիր Պուտինը այն ժամանակ հայտարարեց, որ մի փաթեթի մեջ Ղարաբաղյան հիմնախնդիրն ու թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման հարցը շաղկապելը նպատակահարմար չէ, ինչից հետո հավաստիացրեց, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել երկու հիմնախնդիրների լուծմանը. «Նկատի ունենալով, որ ե՛ւ ղարաբաղյան, ե՛ւ թուրք-հայկական հիմնախնդիրներն ինքնին շատ բարդ են, ես ճիշտ չեմ համարում բոլոր հիմնախնդիրները մեկ փաթեթում շաղկապելը»։

Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, կուզենայի մեջբերում անել գործընկերոջ՝ Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքից. «Ռուսաստանում Ձեր մասին գիտեն որպես մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հետեւողական կողմնակցի։ Հիմնականում Ձեր ջանքերի շնորհիվ է ձեռք բերվել զգալի հաջողությունը երկկողմ կառուցողական համագործակցության զարգացման գործում, իրականացվում են համատեղ ծավալուն նախագծեր տարբեր ոլորտներում»։

Ասվածը զուտ ճշմարտություն է, որը հույս է ներշնչում, որ Ռուսաստանի եւ Հայաստանի գործող նախագահներն անպայման իրենց հատուկ քաղաքական կամք կդրսեւորեն եւ կմիավորեն մեր պետությունները Եվրասիական միությունում։

 

Հ.Գ.- Ռուս հայտնի եւ հարգարժան քաղաքագետներից մեկը, խորհրդածելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, գրել է. «Հայատյացությունն արդի ադրբեջանական պետականության ինստիտուցիոնալ մասն է, եւ Ղարաբաղն, իհարկե, այդ ամենի կենտրոնում է։ Չկա ոչ մի նախադրյալ այն բանի, որ ադրբեջանցի քաղաքական գործիչների հաջորդ սերունդը կմտածի հրաժարվել այդ տարածքների հանդեպ նկրտումներից։ Ղարաբաղից հրաժարվել Հայաստանն ըստ էության չի կարող, որովհետեւ դա կնշանակի ոչ միայն պարզապես ծանրագույն քաղաքական ճգնաճամ Հայաստանում, այլեւ ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմ ու պետականության անկում»։

Դժվար է չհամաձայնել Ֆեոդոր Լուկյանովի հետ։ Սակայն թվում է, որ այդ հիմնախնդիրը կարող է լուծվել Եվրասիական միության շրջանակում, եթե դրան անդամակցեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այսինքն՝ կարելի է վստահաբար պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մեծ հեռանկար ունի Եվրասիական միության շրջանակում։ Դրա այլընտրանքը պատերազմն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչը կարող է վերաճել գլոբալ մասշտաբի աղետի։ Չէր խանգարի, որ այս մասին մտածեին ոչ միայն ապշերոնյան քաղաքական գործիչները, այլեւ նրանց լոբբիստները։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար, Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր