ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐԸ ՉԵՆ ԴԻՄԱՑԵԼ

Մերոնց համոզիչ փաստարկներին

13.07.2012, Հայոց աշխարհ

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ երեկ Ազգային ժողովում ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու հուլիսի 5-9-ը Մոնակոյում անցկացված հերթական նստաշրջանի անցուդարձը։
Ասուլիսին ներկա էր նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ, որը, ճիշտ է, ընդգրկված չէ նոր պատվիրակության կազմում, բայց մասնակցել է վեհաժողովի աշխատանքներին։
Թեպետ հիմնական զեկուցողի ձեւակերպումներում հատուկ անդրադարձ չի եղել Ղարաբաղի մասին՝ ընդամենը «մի պարբերության մեջ չեզոք դիրքերից հիշատակվում էր նաեւ ԼՂ հակամարտությունը եւ այդ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ձեր խոնարհ ծառան պատվիրակության անունից ելույթ ունեցավ, եւ ելույթը շատ կոշտ հարցադրումներ ուներ:
Շատ կոշտ, բայց, հավանաբար, համոզիչ, որովհետեւ հակափաստարկ չկարողացան բերել մեր ադրբեջանցի գործընկերները: Միայն եւ միայն բացահայտորեն աղավաղեցին իմ ելույթի այն հատվածը, որտեղ ասում եմ՝ ճիշտ երկու օր առաջ Հայաստանի տարածքում դիպուկահարի կրակոցից զոհվել է հայ զինծառայող (խոսքը Լեւոն Թամրազյանի սպանության մասին է). ասացին՝ ինչ գործ ուներ հայ զինծառայողը Ադրբեջանի տարածքում: Դա էժանագին շուլերություն էր: Բնականաբար բոլորը հասկացան՝ իրականում ինչն ինչոց է»,- արձանագրեց Ա.Գեղամյանը։
Նստաշրջանի առաջին իսկ օրը Հայաստանի պատվիրակության ղեկավարը դիմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերին եւ ասել, որ «մենք Հայաստանում անհամբեր սպասում ենք նրա այցին եւ հույս ունենք, որ նոր առաջարկներով հանդես կգա, որպեսզի ադրբեջանական կողմը անվերապահորեն հետեւի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարների չորս փաստաթղթերում կրկնվող հիմնական հարցադրմանը, առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների հավասարաչափ կիրառմամբ։
Իմ հարցին ի պատասխան՝ պարոն Զաննիերն ասաց, որ հասկանում է՝ ինչի մասին է խոսքը, բայց ցանկացած հակամարտություն կարգավորելու հիմնական նախապայմանն այն է, որ երկու կողմերն էլ անվերապահորեն հետեւեն այն հարցադրումներին, որոնցով միջնորդները հանդես են եկել: Ասել կուզի՝ ընդունեց, որ հայկական կողմը անվերապահորեն հետեւում է այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել էին ՄԽ համանախագահ երկրների նախագահների կողմից»:

Ա.Գեղամյանը վեհաժողովականներին հիշեցրել է Ադրբեջանի մեջլիսի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովի անհարգալից արտահայտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին։ Հանդես գալով ՆԱՏՕ-ի տար՝ծաշրջանային պատասխանատուի հետ համատեղ ասուլիսում՝ սա եռանախագահությանը մեղադրել էր անգործության մեջ ասել էր, որ համանախագահներն այցելում են տարածաշրջան որպես զբոսաշրջիկներ. «Դրանից հետո թույլ էր տվել երկրորդ սայթաքումը՝ ասելով, որ ԵԱՀԿ-ն մեռած կազմակերպություն է։
Բնականաբար իմ ելույթում այդ «հյութեղ» փաստերը չէի կարող չօգտագործել եւ «շնորհավորեցի» Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներին, որ արդեն իրենց մեռելածին կազմակերպության ղեկավարներ են հայտարարում, եւ ասացի՝ դուրս է գալիս, որ նրանք իրենց վերջին հայտարարությունն արել են ոչ թե Լոս Կաբոսից, այլ ստորգետնյա թագավորությունից։
Իմ հայտարարությունը, իհարկե, առաջացրեց որոշակի աշխուժություն, իսկ ադրբեջանական պատվիրակությունը շատ հիմար վիճակում հայտնվեց, որովհետեւ նման, շատ ներողություն, ախմախ բան մենակ իրենք կարող էին ասել՝ հակադրվելով միանգամից 3 երկրների նախագահներին։ Եվ սա, բնականաբար, մեր օգտին խոսեց՝ պատվիրակները հասկացան, թե ինչ կատեգորիաներով են առաջնորդվում ադրբեջանցիները եւ Ադրբեջանի քաղաքական ընտրանին»։
Ա.Դավթյանն իր հերթին կարեւորեց քաղաքական հանձնաժողովում ներկայացված զեկույցի այն հատվածը, որտեղ նշված է, որ «անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ՝ դիպուկահարների հեռացում շփման գծից եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում։ Կոնկրետ՝ պրն Զաննիերը իր ելույթում ասաց, որ, ցավոք, կողմերից մեկն անընդհատ մերժում է այդ առաջարկությունները, եւ պատասխանելով Գեղամյանի հարցին, առանց անուն տալու, ամբողջ լսարանին հասկացրեց, որ այդ կողմը Ադրբեջանն է»։
Տնտեսական կոմիտեի նիստում, ինչպես նշեց Ա.Գեղամյանը, «հիմնական զեկուցողը՝ բրիտանացի Էնթոնի Լլոյդը, ընդունեց եւ բարեբախտաբար խորացրեց ու զարգացրեց իմ ելույթում տեղ գտած դիտողությունները եւ առաջարկները։ Հարցադրումներիս առանցքն այն էր, որ ճիշտ կլիներ համաշխարհային մասշտաբի փորձագետներ հրավիրել, որոնք կհուշեին 56 երկրների պատվիրակներին, թե ինչ առաջնային միջոցառումներ է պետք կազմակերպել, որպեսզի ճգնաժամի երկրորդ ալիքը, որը անտարակույս մոտենում է, ավերիչ հետեւանքներ չունենա»։
Ա.Դավթյանը եւս անդրադարձավ համաշխարհային ճգնաժամի թեմային։ Մասնավորապես հիշատակեց անգլիացի փորձագետների հոռետեսական կանխատեսումները, որ «մինչեւ 2017թ. այդ առումով հեղափոխական բարենպաստ զարգացումներ չեն սպասվում, եւ մենք պիտի պատրաստ լինենք դիմակայելու այն խնդիրներին, որ ունեցել ենք վերջին 4 տարիներին»։ Աչքներս լույս՝ ինչպես ասում են։
Թեմայից դուրս հարցերին ի պատասխան՝ Ա.Գեղամյանը անդրադարձավ «Հարսնաքարի» միջադեպին։ Ըստ նրա. «Ավաղ, ողբերգությունը քաղաքականացվում է, առանձին քաղաքական ուժեր ստորաբար փորձում են ենթարկեցնել այն իրենց քաղաքական նպատակներին եւ դարձնել շահարկումների առարկա»։
Եվ ավելացրեց. «Տեսնելով հայտնի ծանոթ դեմքերին, որոնք մասնակցում էին Վահե Ավետյանի հուղարկավորությանը եւ բողոքի ակցիաներին, ակամայից հիշեցի մեկ այլ ողբերգություն՝ Պողոս Պողոսյանի սպանությունը։ Չգիտես ինչու, այդ քաղաքական լիդերներից ոչ մեկը այն ժամանակ չգնաց թաղմանը, հարցազրույցներ չտվեց, գլխին մոխիր չլցրեց, ինչի ականատեսն ենք այսօր»։
Չնայած այն ժամանակ էլ, մեր մեջ ասած, գլխին մոխիր լցնողների պակաս չէր զգացվում։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր