ՊԱՐՈՆԱՅՔ ՅԱԼԱՆՉԻՆԵՐ, ՊԱՊԱՆՁՎԵՔ
27.04.2012, Հայոց աշխարհ
ՀՀՇ պարագլուխներին որեւէ բան բացատրելը միանգամայն պարապ զբաղմունք է, եւ հատկապես հիմա, երբ հայտնվել են հոգեվարքի մեջ
Տեսնելով, որ հասարակության հետաքրքրությունը իր նկատմամբ գնալով մարում է, ՀՀՇ-ն դիմեց միայն իրեն հատուկ հնարքի, այն է` սեւացնել, պախարակել, անվանարկել այն բոլոր ուժերին, ովքեր չեն ձայնակցում իրենց: Ըստ որում, քաղաքական առանձին ուժեր, որոնք ոչ վաղ անցյալում եւ հիմա էլ իշխանության մաս են կազմում, այսօր, բարեհունչ կարգախոսների ներքո համագործակցելով ՀՀՇ-ի հետ, անհաջող փորձեր են անում իրենց վրա չվերցնել այդ լուտանքների, անվանարկումների, հայհոյախոսության բաժինը:
Փաստորեն հին ու նոր իշխանավորների որոշակի հատվածը, երեւանյան բարբառով ասած, դավաճանում են թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ Սերժ Սարգսյանին: Հիրավի ուշագրավ, սակայն հետն էլ նողկալի պատկեր է: Այս հարցերի մեջ խորանալը թերեւս առանձին վերլուծության նյութ է:
Ընթերցողի դատին ներկայացվող այս հոդվածի նպատակն է համառոտ գնահատական տալ, ներկայացնել, թե Լ.Տեր-Պետրոսյանի եւ յուր հոգեւոր զավակ ՀՀՇ-ի իշխանավարության տարիներին անդառնալի ի՞նչ կորուստներ է կրել մեր երկիրը:
Կանխավ ասեմ՝ հայցում եմ ընթերցողի ներողամտությունը, քանզի հարկադրված եմ լինելու մեջբերել պաշտոնական սկզբնաղբյուրներից վիճակագրական բազում ցուցանիշներ, որոնք առավել քան ցայտուն են բնութագրում մեր երկրի տնտեսության գահավիժումը 1990-1997 թթ.:
Եվ այսպես. Ազգային վիճակագրական ծառայության «Տնտեսական բարեփոխումների առանձնահատկություններն ու փուլերը Հայաստանում 1991-1998 թթ.» ժողովածուի համաձայն` 1990-1997 թթ. արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի խորը անկում: Եթե արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի ինդեքսը 1990թ. ընդունենք որպես բազային, այն է՝ 100%, ապա 1997թ. այն կազմել է 1990թ. ընդամենը 47%-ը, այդ թվում` արդյունահանող ճյուղում` 22%, էլեկտրաէներգետիկայում` 49%, գունավոր մետալուրգիայում` 33%, մեքենաշինության եւ մետաղամշակման ոլորտում` 26%, էլեկտրատեխնիկական արդյունաբերությունում` 11%, հաստոցաշինական եւ գործիքաշինական ոլորտում` 45%, թեթեւ արդյունաբերությունում` 48%, շինանյութերի արտադրությունում` 34%:
Ահա սա է ձեր` պարոն Լեւոն եւ արամիկ մանուկյաններ, ՀՀՇ-ական իշխանության 7 տարվա մոնղոլ-թաթարական արշավանքի արդյունքը:
Արդյունաբերության գահավիժումը խիստ բացասաբար է անդրադարձել մեր երկրի արտաքին առեւտրի վրա. մենք պարզապես կորցրինք տեղական արտադրանքի սպառման շուկաները արտասահմանյան երկրներում: Այդ կորուստը մինչ օրս չի հաջողվում հաղթահարել: Այսպես. եթե 1990թ. Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 4 մլրդ 666 մլն 400 հազար դոլար էր, որից արտահանման ծավալը՝ 2 մլրդ 1 մլն 500 հազար դոլար, ապա 1997թ. արտաքին առեւտրի շրջանառությունը կրճատվեց ավելի քան 4,1 անգամ` կազմելով 1 մլրդ 124 մլն 800 հազար դոլար, իսկ արտահանման ծավալները կրճատվեցին 8,6 անգամ` կազմելով ընդամենը 232 մլն 500 հազար դոլար:
Արդարության առաջ չմեղանչելու համար նշենք, որ այդ տարիներին շեշտակի աճ արձանագրած ոլորտ էլ է եղել: Այսպես. 1995թ. անտառ-մթերման ծավալը գերազանցել է 1990թ. մակարդակը 31, 1996 թ.` 38, 1997 թ.` 26 անգամ: Հայրենի բնության հերն անիծելուց հետո դեռ սրանք համարձակվում են հայրենասիրությունից խոսել, «ավազակապետության» կազմաքանդումից, թալանից բարբաջել:
Արամիկ մանուկյան` ա՜յ Լոռվա աշխարհի խոտան, երբ հհշական ընկերներդ քո փոքր հայրենիքի անտառներն էին անխնա հատում, բա ո՞ւր էիր այդ տարիներին, «հայրենասերիդ» ձայնը չէր լսվում: Կարո՞ղ է շան թուլի փայի վրա նստած ՀՀՇ-ի այն տականքներից էիր, ովքեր Հայաստանից Իրան հաստոցներով բարձված բեռնատարների ուղեկցողներն էին: Դա էլ ձեր պատկերացմամբ ձեռներեցություն էր, հա՞: Յոթ տարիների ընթացքում մետաղի ջարդոնի անվան տակ գրեթե դատարկեցիք մեր երբեմնի ծաղկող գործարանների հաստոցային պարկը:
Ավելին, այսօր ՀԱԿ-ի սակավամարդ հանրահավաքներում Լ.Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները ամպագոռգոռ հայտարարություններ են անում` տվեք մեզ իշխանություն, եւ մենք մեկ-երկու տարում կեռապատկենք բյուջեն, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը։ Ուշագրավն այն է, որ դա խոստանում են անել հիմնականում ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելով: Ակամայից լսելով նման «խոստումները»՝ ցանկություն է առաջանում կրկին անդրադարձ կատարել իրենց իշխանավարության տարիների արդյունքներին:
Եվ տեսեք` ի՞նչ պատկեր է բացվում. 1992թ. Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հարկային մուտքեր - ՀՆԱ հարաբերակցությունը կազմել էր 17,3%, 1993թ.` 11,6%, 1994թ.` 10,8%, 1995թ.` 10,7%, 1996թ.` 10,5%: Բա պայքարեիք ստվերի դեմ, թույլ չտայիք, կանխեիք, որ ընդամենը 5 տարվա ընթացքում ՀՆԱ-ի նվազագույնը 7%-ի ծավալով չհամալրեր երկրի ստվերային տնտեսությունը, ավելին` թալանին զարկ տալու փոխարեն ուժեղացնեիք վարչարարությունը, որպեսզի 1992թ. արձանագրված բյուջետային եկամուտներ - ՀՆԱ հարաբերակցության 36,1% տեսակարար կշիռը չհասներ 14,9%-ի («Հայաստանի սոցիալական պատկերը, 1996թ., Մաս 1. Հայաստանի տնտեսական վիճակը եւ սոցիալական բարեփոխումները 1996թ. դրությամբ», էջ 2):
Ըստ որում, այս խոսուն ցուցանիշներն արձանագրվել են այն պարագայում, երբ 1996թ. պետական բյուջեն կազմել է 1990թ. բյուջեի ընդամենը 56%-ը, իսկ ԼՏՊ-ի իշխանավարության ավարտին` 1997թ., ընդամենը 61%-ը: Եվ այս խայտառակ հետընթացի պայմաններում Լեւոնն ու իր ՀՀՇ-ական թիմակիցները դեռ համարձակվում են հոխորտալ բյուջետային մուտքերի անբավարար լինելու շուրջ, խելքի՜ աշեցեք:
Այդ տարիներին էլ ավելի մեծ անկում էր արձանագրվել շինարարության ոլորտում: Այսպես. Ազգային վիճակագրության ծառայության «Շինարարությունը Հայաստանի Հանրապետությունում 1990-1999 թթ.» ժողովածուի համաձայն, եթե 1990թ. կառուցվել եւ շահագործման էին հանձնվել 1 մլն 460 հազար քառ. մետր բնակարանային մակերեսով բնակելի շենքեր, այդ թվում` բնակչության միջոցների հաշվին՝ 410 հազար քառ. մետր, ապա 1996թ. այդ թիվը կազմել է 174 հազ. քառ. մետր, 1997թ.` 262 հազար քառ. մետր կամ 5,6 անգամ պակաս 1990թ. արձանագրված մակարդակից:
Հարկ եմ համարում հատուկ նշել, որ 1990թ. միայն Երեւան քաղաքում, քաղաքապետ աշխատածս տարում, շահագործման հանձնված շենքերի բնակմակերեսը 2,3 անգամ ավելի էր, քան 1996թ. հանձնվածը: Էլ չենք խոսում 1990թ. շահագործման հանձնված հանրակրթական դպրոցների (աշակերտական տեղերի ավելի քան 5,8 անգամ գերազանցության) մասին.
1990թ. շահագործման էր հանձնվել 10186 աշակերտական տեղերով դպրոցական շենքեր` 1997թ. 1750 աշակերտական տեղերով դպրոցական շենքերի դիմաց: Եթե 1990թ. շահագործման էին հանձնվել նախադպրոցական հիմնարկներ 3683 տեղով, ապա 1996-1997 թթ. այդ ցուցանիշը 0 էր: Ահա այսպիսին են ՀՀՇ-ի իշխանավարության տարիների մղձավանջը բնութագրող ցուցանիշները շինարարության ոլորտում:
Այս ամենը չէր կարող բացասաբար չանդրադառնալ սոցիալական ոլորտի վրա: Այսպես. եթե 1992թ. սոցիալական ոլորտին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 13,9%, ապա 1996թ. այդ ծախսերը կազմել էին ՀՆԱ-ի ընդամենը 4,1%-ը (տե՛ս նույն ժողովածուն, էջ 4): Սա է եղել ՀՀՇ-ական իշխանությունների հոգատարության դրսեւորումը, վարվող սոցիալական քաղաքականությունը ժողովրդական լայն զանգվածների նկատմամբ:
Այս իրողությունը չէր կարող իր խիստ բացասական ազդեցությունը չունենալ մարդկանց կենսաապրուստի շեշտակի անկման վրա: Ազգային վիճակագրական ծառայության տեղեկագրքի («Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 1996», էջ 40) համաձայն` հիմք ընդունելով առկա բնակչության թվաքանակը, 1996թ. վերջին երկրում եղել են մոտ 1,7-1,8 մլն աղքատներ, որոնցից 800-900 հազարը շատ աղքատ էին: Ընդհանուր առմամբ, բնակչության բաշխումն ըստ աղքատության խմբերի 1996թ. հետեւյալն էր. աղքատներ` 27,06%, շատ աղքատներ` 28,67%, ոչ աղքատներ` 45,27%: Այսպիսին է եղել ՀՀՇ-ի պահած երկրի պատկերը:
Այս բոլորից հետո, արամիկ մանուկյան, թող ժողովուրդը դատի, թե ո՞վ է տականքը, իսկ դու Քանաքեռում 6-7 հոգու առաջ քարոզ անելու փոխարեն ճիշտ կլինի ընդհանրապես լռես, պապանձվես, քանի դեռ չեմ անդրադառնում քո հիմնական հոգեւոր հայրիկ Վանո Սիրադեղյանին...
Այդ տարիներին երկրում ստեղծված սոցիալական ծանրագույն վիճակը չէր կարող բացասաբար չանդրադառնալ ազգաբնակչության միգրացիայի շեշտակի աճի վրա: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 1999թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրքի համաձայն` 1992-1997թթ., ըստ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալների, միգրացիոն հոսքերը բնութագրվել են հետեւյալ կերպ.
հազար մարդ
Տարիներ Մեկնել են Ժամանել են Միգրացիոն աճը (+,-)
1992 865,5 636,9 - 228,6
1993 831,0 689,9 - 141,1
1994 597,8 470,0 - 127,8
1995 507,0 469,5 - 37,5
1996 517,4 496,9 - 20,5
1997 504,9 473,6 - 31,3
ընդամենը 3823,6 3236,8 - 586,8
Ինչպես երեւում է աղյուսակից, 1992-1997 թվականների ընթացքում միայն օդային տրանսպորտով երկրից մեկնողների թվաքանակը գերազանցել է ժամանողների թվաքանակին 586 հազար 800 մարդով, իսկ 1992-1994 ցուրտ ու մութ տարիներին` 497 հազար 500 մարդով:
Հհշական ապիկար իշխանությունները հարկադրել էին մեր ժողովրդին փախչել ոչ միայն մթից ու ցրտից, այլեւ աշխատանք եւ ապրուստի միջոց չունենալու պատճառով: Այսպես. «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 1996» տեղեկագրքի հետազոտությունները ցույց են տվել, որ 1996թ. գործազրկության իրական մակարդակը (տնտեսապես ակտիվ բնակչություն 28,36 %-ը) պաշտոնական մակարդակից շատ ավելի բարձր էր: Դրա հետեւանքով շեշտակի անկում էր արձանագրվել նոր ընտանիքների կազմավորման գործում. 1991-1996 թթ. ամուսնության գործակիցը նվազել էր գրեթե 2 անգամ (տե՛ս նույն տեղեկագիրքը, էջ 56):
Դրա հետ մեկտեղ արձանագրվել էր բնակչության մահացության գործակցի աճ: Այսպես. եթե 1990թ. 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել էր 620,4 գործակիցը, ապա 1992թ.` 700,7, 1993թ.` 736,9 եւ 1996թ.` 660,8:
Բացասական զարգացումներ են արձանագրվել նաեւ ժողովրդագրական հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Այսպես. եթե 1990թ. ծնվածների թիվը կազմել էր 79882 երեխա կամ 1000 մարդու հաշվով 22,5, ապա 1997թ. այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 43929 երեխա կամ 1000 մարդու հաշվով 11,6 (տե՛ս «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 1940-2000թթ.», Երեւան, 2002թ., էջ 19-20): Եթե 1992թ. Հայաստանում բնակչության բնական աճը կազմել էր 54400 մարդ կամ 1000 մարդու հաշվով 15,1, ապա 1997թ. համապատասխանաբար 19944 մարդ կամ 1000 մարդու հաշվով 5,3:
Երկրի համար ծայրահեղ վտանգավոր այս զարգացումները բնութագրող ցուցանիշների հրապարակումը կարելի է շարունակել, սակայն բերված թվերն էլ, կարծում եմ, բավարար են, որպեսզի Լ.Տեր-Պետրոսյանի եւ հհշականների իշխանավարության տարիները Հայաստանի Հանրապետության համար բնութագրվեն որպես աղետալի:
Հիմա երկիրն այս վիճակին հասցնողներին մի հարց տվող լինի` էդ որ Հրանտ Բագրատյանը Գեղարքունիքի մարզում մարդկանց խորհուրդ էր տալիս Հայաստանի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ նրա գլխին «կոշիկի թայը նետեն», բա չէ՞ր մտածում, որ նույն հանդիպումների ժամանակ արժեր ու ավելի տեղին կլիներ, եթե նրա ու իր շեֆի գլխին էլ «որձ կովերի» արտադրած բնական օրգանական պարարտանյութ թափեին:
Այս ամենից հետո մնում ես զարմացած, որ նման պայմաններում իրենց հայրենասեր հռչակած քաղաքական որոշ ուժեր չեն էլ փորձում մարդկանց բացատրել, թե, ի դեմս ԼՏՊ-ի, ովքեր են ուզում իշխանության գալ: Ավելին՝ համագործակցում են նրանց հետ` քողարկելով սեփական անսկզբունքայնությունը բարեհունչ, մտացածին տարբեր նպատակների թիկունքում: Իսկ միգուցե նրանք վախենո՞ւմ են լեւոնական լրատվամիջոցներից, որ հանկարծ դրանք չբացահայտեն արդեն իսկ իրենց իշխանավարության տարիներին կատարված հանցանքներն ու թալանը:
Վախենում են քննադատել ՀՀՇ-ին, սարսափելով, որ կարող է բացահայտվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի Էլեկտրացանցեր ՓԲԸ-ի, «ԱրմենՏելի», Երեւանի գինու կոմբինատի, Երեւանի կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի, էլ չենք խոսում քաղաքի կենտրոնում` Մոսկովյան 33ա հասցեում, շուկայական գնից 40 անգամ էժան` հայտնի բանսարկու, խառնակիչ ու յալանչի հմայակ հովհաննիսյանին սեփականաշնորհած տարածքի հետ կապված բացահայտ կոռուպցիայի (նաեւ` քաղաքական կոռուպցիայի) դրսեւորման փաստերի մասին:
Պարոնայք քաղաքական յալանչիներ եւ ձեզ ոգեւորող հոգեւոր պապաներ, ինձնից ձեզ խորհուրդ` պապանձվեք: Չէ՞ որ դուք շատ լավ գիտեք, որ տակներդ կեղտոտ է, իսկ ձեռքներդ` արյունոտ:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության ղեկավար