ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.03.2012, Հայոց աշխարհ

Նախօրեին կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում ՌԴ դեսպանը, մի շարք այլ պաշտոնական անձինք եւ հասարակական գործիչներ

Իր խոսքում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն մասնավորապես նշեց.
«Վերջին ժամանակներս լույս են տեսել պարոն Գեղամյանի հոդվածների երկու՝ «Ապագային ընդառաջ» եւ «Եվրասիական միությունը մեր ապագան է» ժողովածուները։
Առաջինը, որն անմիջապես աչքի է զարնում քաղաքական գործչի՝ բուռն աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, որոնցով հագեցած էին 2010 եւ 2011 թվականները, Հայաստանի համար գլխավոր, ճակատագրական իրադարձություններն առանձնացնելն է։ Հենվելով պատկառելի տեղեկատվական եւ ապացուցական հենքի վրա՝ հեղինակն իր հոդվածներում եւ հարցազրույցներում իրեն հատուկ տրամաբանությամբ եւ քաղաքական գործչի, գիտնականի եւ գործնական մարդու համոզչությամբ հիմնավորում է իր գլխավոր թեզիսը, այն է՝ վերջին երկու տարում Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումը Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերության հետագա խորացումն է։
Չի կարելի չհամաձայնել հեղինակի այն եզրահանգմանը, որ Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտի հաջողությունները մեծապես պայմանավորված են 2010թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ 2011թ. հոկտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պետական այցերի արդյունքներով եւ այդ արդյունքների հիման վրա ընդունված երկկողմ միջպետական համաձայնագրերով։
Պրոֆեսիոնալ մակարդակով վերլուծելով Հայաստանի տնտեսության վիճակը, մատնանշելով տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած բացասական հետեւանքները՝ Արտաշես Գեղամյանը, հենվելով պաշտոնական վիճակագրական հենքին, հետեւողականորեն ընթերցողին բերում է այն եզրահանգման, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրումը կարող է լայն հնարավորություններ բացել երկրների դինամիկ զարգացման, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման, համաշխարհային տնտեսության հետագա ցնցումների հետեւանքներից պաշտպանության համար։


Մեկ այլ կարեւոր եզրահանգում։ Կարդալով հոդվածները, եթե օբյեկտիվ հայացքով ես նայում, անհնար է չհակվել այն կարծիքին, որ Մեծ Մերձավոր Արեւելքի տարածքում եւ, ընդհանրապես, աշխարհում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացները հրատապ են դարձնում հետխորհրդային ինքնիշխան պետությունների ջանքերի համատեղման խնդիրը՝ արդիականության գլոբալ մարտահրավերներին միասնաբար դիմակայելու համար։
Այսօր մենք հետեւում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու զարգացման գործընթացին, ազդանշաններ ենք ստանում առ այն, որ Հայաստանը պատրաստ է շարժվել ԱՊՀ-ի, ԵվրԱզԷՍ-ի եւ Եվրասիական Միության շրջանակներում ինտեգրվելու ուղղությամբ։ Կարելի է միայն ողջունել քաղաքական եւ գործնական ինտեգրացիոն մտքի նման աշխատանքը եւ նրա ավանդն այդ գործընթացում։
Եվ Ա.Գեղամյանի հրապարակումների եւս մեկ առանձնահատկության մասին։ Աչքի է զարնում, որ հեղինակը չի շրջանցում քաղաքական օրակարգում եղած եւ ոչ մի սուր, «անհարմար» հարց, ընդ որում՝ անում է բացահայտ՝ չհարթելով սուր անկյունները։ Նա քաղաքական գործիչ է, որը, վստահ լինելով իր գնահատականների ու եզրահանգումների ճշմարտացիությանը, չի խուսափում որեւէ հրապարակային բանակռվից մամուլի էջերում եւ հեռուստաբանավեճերում, ինչի մասին են վկայում գրքերում տպագրված նյութերը։
Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները չէին կարող անտարբեր մնալ այլազան քաղաքական շահարկումների, քաղաքական բանսարկության (ընդ որում՝ հորինված, առանձին զանգվածային լրատվամիջոցների կողմից հրահրված, օրինակ, Հայաստանում օտարալեզու ուսուցմամբ դպրոցների բացման շուրջ) նկատմամբ Արտաշես Գեղամյանի սուր արձագանքին։
Ակնհայտ է, որ դա կյանքի հանդեպ լայն հայացք ունեցող, իր Հայրենիքն աշխարհի առաջավոր, զարգացած, ուսյալ եւ բարեկեցիկ պետությունների թվում տեսնել ցանկացող հայրենասերի դիրքորոշում է։ Խոր հարգանքի արժանի դիրքորոշում։ Այս ուղղությամբ շարժվելն ընդհանուր ոչինչ չունի հայ հասարակության մեջ ռուսատյաց տրամադրությունների հրահրման հետ։ Վերջինը մարգինալներին է հատուկ։
Չեմ կարող վերջապես չհիշատակել Արտաշես Գեղամյանի կրքոտ հոդվածը, որտեղ նա, իրեն հատուկ փաստարկվածությամբ եւ համոզչությամբ, պսակազերծել է տեղեկատվական պատերազմի վտանգը, որը նպատակ է հետապնդում թունավորել Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների եղբայրական հարաբերությունները։
Ամփոփելով Արտաշես Գեղամյանի գրքերից ստացած առաջին տպավորություններս՝ կարելի է պնդել, որ դրանց հեղինակն իր քաղաքական եւ հրապարակախոսական գործունեության գլխավոր խնդիրն է համարում հայոց պետականության ամրապնդումը։ Սա է գլխավորը։
Եվ այդ նպատակին հասնելը նա տեսնում է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական ինտեգրման խորացման մեջ։ Ավելին, հեղինակը չի թաքցնում իր այն համոզմունքը, որ Եվրասիական միությունն է Հայաստանի ապագան։
Ուզում ենք հուսալ, որ հետագայում եւս իր ամբողջ քաղաքական գործունեությամբ Արտաշես Գեղամյանն ու նրա ղեկավարած «Ազգային Միաբանություն» կուսակցությունը կաջակցեն մեր ընդհանուր ապագայի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետությունների ապագայի ստեղծմանը։
Վերջում կուզենայի վստահություն հայտնել, որ Արտաշես Գեղամյանի վերջին գրքերը կգտնեն իրենց ընթերցողին ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում, այլեւ հետխորհրդային ողջ տարածքում»։



Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր