ՈՂՈՐՄԵԼԻՆԵՐ, ԳՈՆԵ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԻ ԱՂԱՎԱՂԵՔ

20.12.2011, Հայոց աշխարհ

Մեր իրականության մեջ հաճախ անիմաստ է արձագանքել բովանդակազուրկ «վերլուծություններին», սակայն երբեմն պարտադրված ես դա անել: Հատկապես այն դեպքերում, երբ շատ լուրջ հարցերի վերաբերյալ արված հիմնավորված վերլուծությունները մեկնաբանվում են խնդրո առարկային անիրազեկ կամ էլ վարձահրավիրված մարդկանց կողմից, որոնց «ջանքերի» շնորհիվ ապատեղեկատվություն է սփռվում հասարակության շրջանում` ապակողմնորոշելով ընթերցողներին:

Այսպես, նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 1-ին  «Հայոց Աշխարհ» օրաթերթում տպագրվել էր «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի «Եվրասիական Միությունը Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխավոր» վերնագրով հոդվածը, իսկ օրեր առաջ նույն թերթում հրապարակվել էր նրա մեկ այլ հոդվածը` «Եվրասիական Միությունը Հայաստանի ապագան է» վերտառությամբ: Դրանցում Ա. Գեղամյանը հանգամանալից վերլուծության է ենթարկել վերջին ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես, հոկտեմբերի 3-ին ռուսաստանյան «Իզվեստիա» հեղինակավոր թերթում տպագրված Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հոդվածը` «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» ու դրան հաջորդած` նոյեմբերի 18-ին Կրեմլում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսի նախագահների կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին Հռչակագիրը: Գեղամյանի վերլուծություններում ուշագրավ է այն  կանխատեսումը, որ առաջիկայում համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնները կձեռնարկեն քայլեր` միտված Եվրասիական միությանն անդամակցելու հայտ ներկայացրած պետություններում իրավիճակի ապակայունացմանը: Դրա ականատեսը դարձանք, երբ դեկտեմբերի 10-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում մարդկանց բողոքի ակցիան փորձեցին «սանձել» օտարերկրյա ծառայությունների ազդեցության գործակալների համբավ ունեցող անձինք, աշխատելով ամեն կերպ քաղաքականացնել այդ հավաքը` խնդիր ունենալով ոչ թե վեր հանել դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում կայացած Պետական Դումայի ընտրություններում տեղ գտած թերություններն ու ընտրակեղծիքները, այլ վարկաբեկել Ռուսաստանի վարչապետ և ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին: Իսկ արդյո՞ք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին անմիջական միջամտություն չէր Եվրոպառլամենտի ընդունած որոշումը, որով ռուսաստանյան իշխանություններին կոչ էր արվում չեղյալ հայտարարել Պետական Դումայի ընտրությունները: Երկար սպասեցնել չտվեցին նաև ապակայունացման գործողությունները Ղազախստանում` Ժանաոզեն քաղաքում, ուր անցած շաբաթ ծայր առան արյունալի ընդհարումներ որոնք բերեցին 14 զոհերի ու շուրջ հարյուր վիրավորների, ինչն էլ ղազախական իշխանություններին ստիպեց այդ քաղաքում հայտարարել արտակարգ դրություն: Եվ պատահական չէ, որ արդեն իսկ հեղինակավոր լրատվամիջոցները բարձրաձայնում են այդ գործընթացները օտար երկրների, մասնավորապես,  Թուրքիայի կողմից սանձազերծած լինելու իրողության մասին:

 

Եվ, ահա, «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթը դեկտեմբերի թիվ 44, 45-ի համարներում անդրադառնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին: Արձագանքելով թերթի «Նոր «վերածննդի» դարաշրջան» խորագրով հրապարակմանը, նախ` կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրասիական միության թեմայի արծարծման համար, միաժամանակ կոչ անել. հաշվի առնելով խնդրո առարկայի հույժ կարևորութունը ոչ միայն Հայաստանի ինքնիշխան հանրապետության հեռանկարային զարգացման համար, այլև Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող ու առաջիկայում սպասվելիք վտանգավոր իրադարձությունները, հոդվածագիր- «վերլուծաբաններին» կենտրոնանալ ոչ թե Ա. Գեղամյանի հրապարակման կոմպյուտերային էջերի քանակի վրա, այլ փորձել իրենց մտավոր հնարավորությունների սահմաններում հասկանալ դրանց բովանդակությունն ու ընկալել արված կանխատեսումների հիմնավոր լինելու փաստը: Ինքնին հասկանալի է, որ Ա.Գեղամյանի վերլուծությունների բուն իմաստը ընկալելու համար անհրաժեշտ է ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ գիտելիքների որոշակի պաշար, ինչը հնարավորություն կտա գոնե նվազագույն պատկերացում կազմել աշխարհաքաղաքական այն զարգացումների մասին, որոնք բերված են Ա. Գեղամյանի հոդվածներում:

Առավել ևս անթույլատրելի է, երբ վայ վերլուծաբաններն այն  աստիճանի են շահագրգռված ամեն գնով, կրկնում եմ, ոչ թե խորքային վերլուծություններ կատարել, այլ ընդամենը անվանարկել Արտաշես Գեղամյանին, որ այս ամենը հասնում է անհեթեթության:

Այսպես, շաբաթաթերթի խմբագիր Գենոֆիա Ամիրխանյանն այն աստիճանի է խուճապահար, որ ստիպված է վերոնշյալ հոդվածի պատվիրատուների հանձնարարությամբ (հիշատակվում է ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտը, NDI-ը, ինչին ուզում եմ չհավատալ, քանզի նման անմակարդակ հոդված, ինչպիսին  տպագրվածն է, նրանք չէին պատվիրի) դիմել մի նողկալի քայլի: Հոդվածագիրը` տիկին Վագա Մարտիրոսյանը անգամ իսկ խեղաթյուրում է Ա. Գեղամյանի հոդվածում բերված հղումը Աստվածաշնչին ու դրանից բխող եզրակացությունը, որը կազմում է նրա հոդվածի առանցքն ու մեխը: Այսպես, «Եվրասիական Միությունը  Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխավոր»հոդվածի վերջում Ա.Գեղամյանը գրում է. «Վերջաբանի փոխարեն. «Դարձեալ տեսայ արեգակի տակին, որ ընթացքը վազողներինը չէ, և ոչ էլ պատերազմը` քաջերինը, և ոչ էլ հացը` իմաստուններինը, և ոչ էլ հարստությունը` հասկացողներինը, և ոչ էլ շնորհքը` գիտուններինը, որովհետև ժամանակ և դիպուած է պատահում ամենքին» (Հին Կտակարան, Ժողովող, 9.11): Ուզում ենք հավատալ, որ մեր օրերում «ժամանակը և դիպուածը» որքան հնարավոր է նպաստավոր են Հայաստանի Հանրապետության համար…»: Ահա այս պարբերությամբ է ավարտվում Ա. Գեղամյանի հոդվածը: Մինչդեռ Գեոֆիա Ամիրխանյանը բացարձակապես չհասկանալով «Ժողովողի» խոսքերի իմաստն ու նշանակությունը, կամ էլ գիտակցաբար` խնդիր ունենալով ապակողմնորոշել ընթերցողներին, իր հեղինակած հոդվածում լրիվ անկապ հեգնում է Արտաշես Գեղամյանին:

Ուշագրավ և զավեշտալի է այն, որ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի հայերեն ու ռուսերեն լույս տեսնող պրակներում տպագրված այս հոդվածի տեքստերը, երբ խոսքը վերաբերում է Արտաշես Գեղամյանին, չգիտես ինչու, միմյանցից խիստ տարբերվում են: Այսպես, հայերեն լույս տեսնող պարբերականում գրված է. «Բավականին ծավալուն շարադրելով նա (Արտաշես Գեղամյանը - Ա.Ս. ) հիմնավորել է իր տեսակետն առ այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նախաձեռնության առումով Հայաստանը պարզապես այլընտրանք չունի»: Մինչդեռ ռուսական տեքստում առանցքային այս նախադասությունը բացակայում է: Դե ինչ, եզրակացությունը մեկն է. հոդվածի պատվիրատուները, հավանաբար, ընկնավորվում են լսելով Վլադիմիր Պուտինի անունը: Չենք բացառում, որ փոքր-ինչ ուսումնասիրության արդյունքում կպարզվի, որ դրա հետևում կանգնած են ոչ թե հոդվածի հետևում թաքնվածի ընտնաիքի անդամների հում ականջները, այլ հայտնի ուժերը, որոնք օգտվում են մեր բարեկամ երկրի` ԱՄՆ-ի դեսպանատան հատուկ ուշադրությունից: Ավա՜ղ, այս դեպքում համոզված եմ, որ հոդվածագիրն արջի ծառայություն մատուցեց և վերջինիս:

Կարդալով «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթում տպագրված հոդվածը գալիս ես մի եզրակացության. Եվրասիական միությանն անդամակցելու վերաբերյալ դատողություններ անելը տրված չէ անգրագետներին, այլ լուրջ վերլուծաբանների խնդիր է: Այլապես մենք չէինք դառնա ականատեսն այն զավեշտի, երբ հղում է կատարվում Ա. Գեղամյանի «Եվրասիական միությունը Հայաստանի ինքնիշխանության երաշխավորն է» հոդվածին,  մինչդեռ գնահատվում է մեկ այլ` «Եվրասիական Միությունը Հայաստանի ապագան է» հոդվածում զետեղված նյութը:

Ինչևէ. միայն լրջություն դրսևորելու պարագայում է հնարավոր արդյունավետ բանավեճ սկսել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի շուրջ: Ցանկացած խորքային քննարկում, որտեղ կբերվեն փաստարկված դրույթներ, որոնք համահունչ չեն «Ազգային Միաբանություն կուսակցության» ու մեր մոտեցումներին, շնորհակալությամբ կընդունվեն և մանրակրկիտ կքննարկվեն:

Եվ, վերջինը. մենք իրավունք ունենք ակնկալելու, որ, թերևս, լուրջ հրատարկող ունեցող «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթում տպագրվող հեղինակները մինչև աշխարհաքաղաքական բարդագույն թեմաների մասին իրենց կարծիքը հայտնելը, գոնե չէին զլանա ուշադրությամբ ընթերցել մեր դեպքում Գեղամյանի «Եվրասիական Միությունը Հայաստանի ապագան է» հոդվածը և խոհեմ մոտենալ Հին Կտակարանի «Ժողովողի» խոսքերին, որոնցով ամենևին էլ պատահական չէր, որ ավարտվում էր հոդվածը: Սակայն, կարծում եմ, շատ կլինի Վագա - Գենոֆիա Ամիրխանյանից պահանջել և աշխարհաքաղաքականության, և Աստվածաշնչի իմացություն, քանի որ նրա առջև դրված էր, միգուցե, շատ ավելի պարզունակ խնդիր` կտցահարել «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդին: Իսկ խոսել լրագրողական էթիկայի կանոնների պահպանման և տարրական պարկեշտության մասին Վագա Ամիրխանյան – Գենոֆիա Մարտիրոսյանի պարագայում, կարծում եմ, անիմաստ է: Սակայն չեմ կարող չբացականչել. Ողորմելիներ, գոնե Աստվածաշունչը մի աղավաղեք:

 

Արա Սիմոնյան

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Ազգային Միաբանություն կուսակցության»

Նախագահության անդամ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր