ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ Է

10.12, 13.12.2011, Հայոց աշխարհ

Չափազանցություն չի լինի ասել, որ Ռուսաստանի, ԱՊՀ եւ Արեւմուտքի երկրների առաջատար զանգվածային լրատվամիջոցների եթե ոչ գլխավոր, ապա գոնե առավել շատ քննարկվող թեման Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ընտրություններն էին։
Ընդ որում՝ եթե ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների հրապարակումները հիմնականում տեղեկատվական բնույթ ունեին, կամ էլ դրանք փորձում էին Պետդումայի ընտրությունների արդյունքները վերլուծել Ռուսաստանում 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով եւ առ այսօր ստեղծված սոցիալ-տնտեսական դրության հետ անմիջական շաղկապվածությամբ, ապա Արեւմուտքի առաջատար ԶԼՄ-ների «խայտաբղետ» գնահատականներում, հազվադեպ բացառություններով, անգամ անզեն աչքի համար տեսանելի էր արդի Ռուսաստանի առաջնորդների՝ հանձինս Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի վարկաբեկման գիծը։
Ընդ որում՝ աչքի էր զարնում, մի կողմից, այդ հրապարակումների հեղինակների չարացածությունը կայացած ընտրությունների բուն փաստից, մյուս կողմից՝ նրանց գնահատականների եւ հայտարարած նպատակների (այն է՝ ազատ, դեմոկրատական, թափանցիկ ընտրությունների անցկացում՝ առանց դրանց արդյունքների հետ շաղկապման) անհետեւողականությունն ու հակասականությունը։
Չէ՞ որ ընտրությունների արդյունքներով միջազգային հանրությունը վկան դարձավ այն բանի, որ ռուսաստանցի ընտրողների ձայները, ըստ էության, հավասար կիսվեցին. նրանց ձայների մոտ կեսը տրվեց իշխանության կուսակցությանը՝ «Միասնական Ռուսաստանին», իսկ մյուս կեսը՝ նրան ընդդիմադիր կուսակցություններին. Կոմունիստական կուսակցությանը, «Արդար Ռուսաստան» կուսակցությանը եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը։
Ավելին՝ Դումայի 2011թ. դեկտեմբերի 4-ի ընտրություններում եդինոռոսները կորցրին ընտրողների ձայների մոտ 15%-ը, ընդ որում՝ Կոմունիստական կուսակցությունը եւ «Արդար Ռուսաստանը» գրեթե կրկնապատկեցին իրենց ներկայացվածությունը VI գումարման Պետդումայի կազմում։ Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված «Ռուսաստանի մեծ գիտակների» շփոթմունքն ընտրությունների արդյունքների հետ կապված։
Չթաքցնեմ, մինչեւ Պետդումայի ընտրություններին անդրադառնալը, ինքս ինձ հարց տվեցի. արդյոք անհամեստություն եւ անտեղի ակտիվություն չի՞ ընկալվի, որ Հայաստանի Հանրապետության կուսակցություններից մեկի ղեկավարը համարձակություն է ստանձնում քաղաքական գնահատական տալ Ռուսաստանի Դաշնության համապետական ընտրություններին։ Երկիր, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։ Սակայն որքան ավելի մեծ թվով արձագանքների էի ծանոթանում, այնքան ավելի էր ամրապնդվում համոզմունքս, որ Պետդումայի ս.թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած ընտրությունները խիստ խախտել են համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների ծրագրերը Ռուսաստանի հաշվով։

Բայց նախքան բացահայտելը, թե ինչ նկատի ունենք, բերենք արտասահմանյան մամուլի՝ այս առնչությամբ արված առավել բնութագրական արձագանքները։
Եվ այսպես, ինչպես վերը նշեցինք, VI գումարման Պետդումայի ընտրություններն իրենց վրա սեւեռեցին արտասահմանյան պարբերականների ուշադրությունը տառացիորեն դրանց հենց հաջորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին։ Բնութագրական է, որ արեւմտյան ԶԼՄ-ները համակարծիք էին այն հարցում, որ «Միասնական Ռուսաստանը» թուլացրել է դիրքերը, ինչն անթաքույց բավարարվածությամբ նշվում էր հրապարակումների ճնշող մեծամասնությունում։
Այսպես, բրիտանական Independent թերթը գրում էր, որ Պետդումայի ընտրությունները «Միասնական Ռուսաստանի» եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի համար ժողովրդականության յուրատեսակ տեստ էին, որի արդյունքները, չնայած պետական հեռուստաալիքների դրական մեկնաբանություններին, չարդարացրին իշխող կուսակցության ակնկալիքները։
Բրիտանական մեկ այլ՝ Guardian պարբերականը նշում էր. «Ռուսաստանցի ընտրողները ցույց տվեցին, որ հոգնել են ղեկավարման ավտորիտար ոճից եւ կոռուպցիայից»։
Ռուսաստանցի ընտրողների «հոգնությունն» անհանգստացրել էր նաեւ ամերիկյան ազդեցիկ Washington Post թերթին։ Ահա թե ինչ հետեւություն է արել այդ պարբերականը. «Ռուսաստանցիները հոգնել են քաղաքական այն դեմքից, որն ավելի քան 10 տարի միահեծան գերիշխում է Ռուսաստանի քաղաքական ասպարեզում։ Այն բանից հետո, երբ Վ.Պուտինը պարբերաբար մեջտեղից հանում էր բոլոր հնարավոր մրցակիցներին, ՌԴ քաղաքացիներն էլ ավելի շատ են դժգոհում նրա ոճից, սակայն վստահության արժանի այլընտրանք չեն տեսնում»։
Այստեղ ակամա միտքս են գալիս 2010թ. նոյեմբերի 2-ի՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ կապված կոլիզիաները։ Այն ժամանակ ամերիկացիները պետք է ընտրեին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը (435 մարդ), ինչպեսեւ 100 սենատորներից 37-ին։ Նշենք, որ այդ ընտրությունների նախօրեին դեմոկրատ եւ հանրապետական սենատորների հարաբերակցությունը Սենատում 59։41 էր (ներառյալ երկու անկախ սենատորները, որոնք ավանդաբար քվեարկությունների ժամանակ համերաշխ էին դեմոկրատների հետ), իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 255։178 եւ երկու թափուր տեղ։
Ընթերցողներին հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը երկու տարին մեկ ամբողջությամբ վերընտրվում է, այն դեպքում, երբ Սենատի անդամների լիազորությունների ժամկետը 6 տարի է։ Ուստի երկու տարին մեկ վերընտրվում է հարյուր սենատորների միայն մեկ երրորդը։ Եվ ահա, Ներկայացուցիչների պալատի ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց՝ կորցնելով առնվազն 60 տեղ եւ մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, Սենատում կորցրեց 6 աթոռ՝ այնտեղ պահպանելով, սակայն, ոչ մեծ առավելություն։
Որքան հիշում եմ, Արեւմուտքի առաջատար ԶԼՄ-ներում այդ ընտրությունների արդյունքների գնահատականներն այն օրերին միանգամայն կշռադատված էին։ Ասել է թե՝ դրանցում ասվում էր, որ տնտեսության եւ աշխատատեղերի ստեղծման թեմաները որոշիչ էին այդ ընտրություններում։ Նշվում էր նաեւ, որ շատ ամերիկացիներ, որոնք 2008թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում աջակցում էին Բարաք Օբամային եւ Դեմոկրատական կուսակցությանը, 2010թ. նոյեմբերի 2-ին քվեարկեցին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների օգտին։
Ընդ որում՝ հարկ է նշել, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների շեմին Բարաք Օբաման Օրեգոնի, Վաշինգտոնի, Կալիֆոռնիայի, Նեւադայի եւ Մինեսոտայի նահանգների տարբեր քաղաքներում հանդես գալով՝ կոչ էր անում քվեարկել դեմոկրատների օգտին։
Կրկնում եմ, ոչ մի հիստերիկա արեւմտյան ԶԼՄ-ներում՝ կապված Դեմոկրատական կուսակցության պարտության հետ, որի առաջնորդն է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այն ժամանակ տեղի չունեցավ։ Գլխավոր հետեւությունը, որին հանգեց լրատվական ընկերակցությունը՝ վերլուծելով Դեմոկրատական կուսակցության պարտության պատճառները, հանգում էր տնտեսական բնույթի մի շարք գործոնների։
Մասնավորապես պարտության գլխավոր պատճառների թվում նշվում էր մինչեւ 9,6% գործազրկության աճը ԱՄՆ-ում, իսկ որոշ նահանգներում, օրինակ՝ Կալիֆոռնիայում, այդ ցուցանիշը մոտենում էր 12%-ի։ Նշվում էր նաեւ, որ վաստակելու հնարավորությունը կորցրած մարդիկ անմիջապես համալրեցին դժգոհների շարքերը եւ քվեարկեցին հօգուտ հանրապետականների։ Բարաք Օբամային մեղադրում էին, որ, չնայած նրա նախընտրական խոստմանը՝ վերջ դնել պարտապանների գույքը բանկերին հանձնելու գործելակերպին, այն, այնուամենայնիվ, շարունակվում է։
Ընտրողների հավանությանը չէր արժանանում նաեւ պետական օգնությունը խոշոր բանկերին՝ որպես ֆինանսական համակարգի կայունացման միջոց։ Չնայած այդ միջոցը որոշակիորեն արդարացված էր, այն վրդովեցնում էր ամերիկյան ընտրողին, մանավանդ որ դա տեղի էր ունենում միջին դասի համար հարկերի էական բարձրացման ֆոնին։
Ընդ որում՝ հատկապես ընդգծվում էր, որ փոքր եւ միջին բիզնեսի ուսերին էր ընկնում Բարաք Օբամայի բարեփոխումների ոչ թեթեւ բեռը։ Դա առաջին հերթին վերաբերում էր առողջապահության բարեփոխմանը, որի շնորհիվ 30 միլիոն ամենաաղքատ ամերիկացիներն անվճար բուժման իրավունք էին ստանում։ Նրանց ապահովագրությունը բարեփոխումներից հետո սկսեց վճարվել ի հաշիվ մանր եւ միջին եկամուտներ ունեցող ամերիկացիների, որոնք էլ հենց աջակցեցին հանրապետականներին։
Ես միտումնավոր այսքան մանրամասն կանգ առա 2010թ. ԱՄՆ խորհրդարանական ընտրություններին հաջորդած հրապարակումների վրա, որոնց արդյունքներով ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամայի Դեմոկրատական կուսակցությունը, ինչպես վերը նշեցինք, ջախջախիչ պարտություն կրեց եւ կորցրեց մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։ Իսկ Պետդումայի ընտրությունների արդյունքներով՝ «Միասնական Ռուսաստանը», պահպանելով մեծամասնությունը Պետական դումայում, այնուամենայնիվ, կորցրեց սահմանադրական մեծամասնությունը, որն ուներ V գումարման Պետդումայում։
Բնականաբար հարց է ծագում. ինչո՞ւ Կոնգրեսի ընտրությունների դեպքում մենք դարձանք այնպիսի հրապարակումների ականատեսները, որոնցում անկանխակալ գնահատական էր տրվում պարտության պատճառներին, այնինչ «Միասնական Ռուսաստանի» պարագայում խոսվում է ամեն ինչի մասին, հիմնականից բացի։ Այն է՝ չգիտես ինչու լռության է մատնվում, որ նույնիսկ 2007-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի կառավարությունը չկրճատեց սոցիալական ծախսերը, ինչպես դա տեղի ունեցավ Արեւմուտքի երկրների մեծ մասում, ավելին՝ դուրս եկավ տնտեսական զարգացման հետագիծ, բայց, այնուամենայնիվ, կորցրեց ընտրողների ձայները։
Իսկ պատճառը, ըստ իս, այն է, որ ճգնաժամին նախորդած 8 տարիներին խախտվել է Ռուսաստանի քաղաքացիների կյանքի հետեւողական բարելավման դինամիկան։ Դրա փոխարեն VI գումարման Պետական դումայի ընտրությունների շուրջ դեռ բորբոքվում են ոչնչով չհիմնավորված կրքերը։
Այսպես, բրիտանական Independent-ը հարցնում է, թե կարո՞ղ է Արեւմուտքը դիտարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը, եթե ընդդիմության բողոքներն ավելի ծավալուն դառնան եւ դաժանաբար ճնշվեն։ Միաժամանակ, հարցադրման հեղինակը՝ Էնդրյու Համիլթոնը, գրում է. «Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ այն նույնպես ի վիճակի չէ փոփոխությունների, ինչպեսեւ Ասադի ռեժիմը Սիրիայում։ Տարբերությունն այն է, որ Ռուսաստանի դեպքում խոսքը միջուկային տերության եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամի մասին է»։
Նկատենք նաեւ, որ արեւմտյան շատ վերլուծաբանների հիասթափեցնում է այն, որ ընդդիմության ելույթը ոչ մի կերպ չի ստացվում, որ իշխանություններն էլ «դաժանաբար ճնշեն» այն։ Ռուսաստանյան իշխանությունների դրսեւորած «դաժանության» զոհեր դարձան ոչ անհայտ Ալեքսեյ Նավալնին եւ Իլյա Յաշինը, որոնք Մոսկվայի Տվերյան դատարանի վճռով մեղավոր, իսկ նրանց ձերբակալությունը 15 օրով՝ օրինական ճանաչվեցին։ Հատկանշական է, որ այս ձերբակալությունից հետո անկախ սենատոր Ջո Լիբերմանը, հանրապետական Ջո Մակքեյնը եւ դեմոկրատ Ջիա Շահինն անմիջապես Ռուսաստանի իշխանություններին կոչ արեցին ազատել «ապօրինի կալանված» բոլոր «քաղբանտարկյալներին» եւ տեղեկացնել, թե որտեղ են նրանք գտնվում։

Ինչ վերաբերում է Պետդումայի ընտրություններին եվրոպական կառույցների արձագանքին, ապա այն ավելի զուսպ էր, քան պաշտոնական Վաշինգտոնինը։
Այսպես, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը մտահոգություն է հայտնել ընտրությունների ընթացքում դիտորդների գրանցած խախտումների առիթով. «Ես ի գիտություն եմ ընդունում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունների արդյունքները եւ այն փաստը, որ ընտրությունները, ինչպես նշված է ԵԱՀԿ/ԺՄԻԳ միջազգային դիտորդների նախնական եզրակացություններում, տեխնիկապես լավ էին նախապատրաստված եւ լավ անցկացվեցին։ Ընթացակարգային խախտումների մասին տեղեկությունները, ինչպիսիք էին կուսակցության եւ պետության անբավարար հեռավորությունը եւ անկախ մոնիտորինգի փորձերին խոչընդոտելը, այնուամենայնիվ, լուրջ մտահոգություն են առաջացնում»։
Այնուհետեւ նա հայտարարել է. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը եւ Եվրախորհուրդը ներկայացնող դիտորդներն առաջիկա ամիսներին կպատրաստեն իրենց զեկույցները։ Այդ ընթացքում ես հույս ունեմ, որ նրանց, ինչպես նաեւ տեղի դիտորդների նախնական եզրակացությունների մեջ նշված հիմնախնդիրները կդիտարկվեն Ռուսաստանի իշխանությունների կողմից, որպեսզի գարնանն ապահովվի հանգիստ եւ արդարացի նախագահական ընտրությունների անցկացումը»։
Վերլուծելով Պետդումայի ընտրություններից հետո վերջին օրերին ծավալված իրադարձությունները՝ ակամա հարց է առաջանում. ինչո՞վ է պայմանավորված կրքերի այսքան արհեստական թեժացումը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների շուրջ, ո՞րն է Արեւմուտքի` նման ոչ համարժեք հակազդեցության պատճառը։
Այս հարցերին պատասխանելու համար բավական է հիշել միջազգային քաղաքականության ուժի կենտրոնների եւ դրանք սպասարկող ԶԼՄ-ների արձագանքը, որը հաջորդեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարի առաջին փուլին, որը տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 23-24-ը։ Այն ժամանակ, հանդես գալով համագումարի պատվիրակների առջեւ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկեց պաշտպանել «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնին գալիք նախագահական ընտրություններում։
Վ.Պուտինն ընդունեց այդ առաջարկությունը։ Միաժամանակ, Ռուսաստանի պետության ղեկավարը համաձայնեց գլխավորել «Միասնական Ռուսաստանի» ցուցակը Պետդումայի ընտրություններում, որից հետո համագումարը Դմիտրի Մեդվեդեւին հաստատեց որպես «Միասնական Ռուսաստանի» դաշնային ցուցակի առաջնորդ 2011թ. դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններում։
Հավանաբար Ռուսաստանի «սրտացավ» շատ բարեկամների համար «Միասնական Ռուսաստանի» համագումարի առաջին փուլի այս որոշումները՝ ընդունված արդի Ռուսաստանի առաջնորդների համաձայնությամբ, ինչպես նաեւ ս.թ. նոյեմբերի 27-ին «Միասնական Ռուսաստան» կուսակցության XII համագումարի երկրորդ փուլի՝ միաձայն ընդունված որոշումը՝ Վլադիմիր Պուտինին 2012թ. մարտի 4-ի ընտրություններում Ռուսաստանի նախագահի պաշտոնին առաջադրելու մասին, չափից ավելի մտահոգեցին համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների որոշակի շրջանակներին։
Պակաս բուռն եւ քինոտ չէր նաեւ արձագանքը Վ.Պուտինի «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» հոդվածին՝ տպագրված «Իզվեստիայում», ս.թ. հոկտեմբերի 3-ին։ Ուստի ակամա հարցի առջեւ ես կանգնում. գուցե Արեւմուտքի որոշակի շրջանակների անհանգստության պատճառը հարկ է որոնել այն բանում, որ արդի Ռուսաստանի գրեթե ողջ քաղաքական դասն էր, Պետդումայի ընտրությունների արդյունքներից դատելով, պաշտպանել այդ գաղափարը։ Ավելին՝ դրա իրականացման օգտին արտահայտվեց ռուսաստանցի ընտրողների մեծամասնությունը։
Այո, ես չեմ սխալվում՝ ասելով ճնշող մեծամասնություն։ Այսպես. Ռուսաստանի քաղաքացիներին «Միասնական Ռուսաստան» կուսակցության ծրագրային ուղերձում (հաստատված կուսակցության XII համագումարում ս.թ. սեպտեմբերի 24-ին), «Մեր ռազմավարության հիմքերը» բաժնի 8-րդ կետում գրված է. «Ութերորդ. ինքնուրույն, խելամիտ արտաքին քաղաքականությունը, վերջին հաշվով, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ մարդկանց բարեկեցության բարձրացում եւ նրանց անվտանգության երաշխիքներ։ Զարգացման համար, քաղաքացիների եւ բիզնեսի համար նոր հնարավորություններ պետք է ստեղծեն մեր ինտեգրացիոն նախագծերը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի մաքսային միությունն աշխատում է։ Գալիք՝ 2012թ. հունվարի 1-ից իրականություն կդառնա Միասնական տնտեսական տարածքը. դա ինտեգրման ավելի խոր աստիճան է։ Իսկ այնուհետեւ ավելի առաջ կշարժվենք՝ դեպի Եվրասիական միության ստեղծում»։
Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հանդեպ վերաբերմունքի մասին հստակ նշված է նաեւ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում։ Այսպես. «Երկրի անվտանգությունը» բաժնի 2-րդ կետում նշված է. «Նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրների արագացված մերձեցումը կլինի մեր որոշումների հիմքը արտաքին քաղաքականության մեջ, այդ գործընթացի սկիզբը պետք է դառնա Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի կողմից լիարժեք Մաքսային միության, իսկ այնուհետեւ՝ նաեւ միասնական տնտեսական տարածքի ստեղծումը»։
Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ «Արդար Ռուսաստանի» եւ ՌԼԴԿ-ի նախընտրական ծրագրերում այդ կուսակցությունների արտաքին քաղաքական ուղղությունները ներկայացված են ընդհանուր ձեւով։ Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ այս կուսակցությունների առաջնորդները «Ռոսիա» հեռուստաալիքով, Վլադիմիր Սոլովյովի «Բանակռիվներ 2011թ.» ծրագրում քանիցս արտահայտվել են հօգուտ ԱՊՀ երկրների քաղաքական-տնտեսական ինտեգրման։
Եվ արդի Ռուսաստանի քաղաքական ընտրանու հենց այս միաբանությունն էլ, որն ստացավ Ռուսաստանի քաղաքացիների ամենալայն աջակցությունը, խորապես անհանգստացրեց արեւմտյան ստրատեգներին։ Նրանք հավանաբար որպես Եվրասիական միության ձեւաչափում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը դիմակայելու միակ հնարավորություն ներկայումս դիտարկում են իրավիճակի ապակայունացումն ինչպես Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում, այնպես էլ ընդհանրապես ԱՊՀ երկրներում։
Չէինք ուզենա ծայրահեղությունների մեջ ընկնել եւ այդ դիտանկյունով նայել ս.թ. նոյեմբերի 12-ին Ղազախստանի հարավում, Ջամբուլի մարզի վարչական կենտրոն Թարազ քաղաքում ջիհադականի կատարած ահաբեկչական գործողությանը, որի հետեւանքով զոհվեց յոթ մարդ, այդ թվում եւ իրավապահ մարմինների հինգ աշխատակից։
Կարծում ենք, առաջիկայում կդառնանք տարատեսակ նոր սադրանքների վկան ոչ միայն Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում, այլեւ նրանց սահմանակից երկրներում, մանավանդ նրանցում, որոնք Եվրասիական միության համահիմնադիրների հետ ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունեն։
Այս առնչությամբ հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ համատեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է։ ՀԱՊԿ անդամ են նաեւ Ղըրղզստանը եւ Տաջիկստանը։ Ինչո՞ւ են հենց ՀԱՊԿ անդամները հիշատակվում. դե, որովհետեւ այդ կազմակերպության ծրագրային փաստաթղթերում հստակ նշված է, որ ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի դեմ ագրեսիան կհամարվի ագրեսիա այդ կազմակերպության յուրաքանչյուր անդամի դեմ եւ կոշտ կերպով կկասեցվի նրանց կողմից։
Միաժամանակ կասկած չի հարուցում, որ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրում ներքին իրավիճակի ապակայունացումը տարբեր պատրվակներով կկասեցվի այդ երկրների պետական իշխանությունների մարմինների կողմից։ Դա, իր հերթին, հին, բայց ամենեւին էլ ոչ բարի ավանդույթով, միջազգային ուժի հայտնի կենտրոնների կողմից կգնահատվի որպես քաղաքացիների իրավունքների կոպտագույն խախտում եւ Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի օրինակով կարող է առիթ եւ դրդապատճառ դառնալ այդ երկրներն Արեւմուտքի կողմից կառավարելի քաոսի մեջ գցելու համար՝ այստեղից բխող բոլոր ողբերգական հետեւանքներով։
Բնականաբար այս պայմաններում Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը չեն կարող անմասն մնալ ՀԱՊԿ գծով իրենց դաշնակիցների ճակատագրին վերաբերող հարցերում եւ անխուսափելիորեն կներքաշվեն այդ գործընթացների մեջ։ Իրադարձությունների նման զարգացումը, իհարկե, եթե չկործանի էլ Եվրասիական միության ձեւավորումը, ապա, կասկածից վեր է, զգալիորեն կարգելակի այն։
Ակնհայտ է, որ զարգացման նման սցենարների կողմնակիցների՝ դրանք գործի դնելու գայթակղությունն այնքան մեծ կլինի, որքան պակաս հստակ կներկայացվեն ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքական զարգացման գերակայությունները։ Այո, հարկ չկա արհեստականորեն շտապեցնել Եվրասիական միությանն այս կամ այն երկրի հնարավոր մասնակցության մասին որոշման ընդունումը։
Այս մասին նախազգուշացրեց նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ս.թ. նոյեմբերի 18-ին, Եվրասիական տնտեսական ինտեգրման դեկլարացիայի ստորագրման արդյունքներով։ «Մենք, իհարկե, բաց ենք բոլորի համար, ով հասկանում է մեր պոտենցիալների միավորման առավելությունները, եւ աշխատելու ենք այս խնդրի վրա, իհարկե, հաշվի առնելով նաեւ ներքին կանոնները, որոնք մենք հենց նոր, ի դեպ, մեզ համար որոշեցինք...
Ինչ վերաբերում է մեր ինտեգրացիոն միավորման նոր անդամներին, ապա ես ասացի, որ մենք բաց ենք, բայց դա չի նշանակում, թե ցանկացած երկիր, նույնիսկ մեզ մոտ եւ գործընկերային, վաղը կարող է մտնել մեր ինտեգրացիոն միավորում։ Ինչպես հիմա միանգամայն ճիշտ ասաց Ալեքսանդր Գրիգորեւիչը, յուրաքանչյուր երկրի համար պետք է լինի «աշխատանքային քարտեզ», միավորման քարտեզ։ Եվ այդ միավորումը կարող է մեկ, երկու, երեք, տասնհինգ տարի ընթանալ...»,- հայտարարեց Ռուսաստանի նախագահը։
Ուստի, կարծում ենք, եկել է ժամանակը լայն բանավեճ սկսելու Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական միություն մտնելու հեռանկարների մասին։ Ընդ որում՝ բանավեճը պետք է սկսել հանրապետության արտաքին քաղաքական զարգացման ապագա վեկտորի վերաբերյալ նախկինում ընդունված հռչակագրերի քննադատական իմաստավորումից։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ,

«Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր