ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

29.11-01.12.2011, Հայոց աշխհար

Մինչ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին ծավալվող ներքաղաքական գործընթացները վերլուծելը՝ անհրաժեշտ է ըմբռնել և հասկանալ, թե գլոբալ ի՞նչ տեղաշարժեր են բնորոշ արդի աշխարհին և դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ Մեծ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ներքաղաքական իրադրության վրա։ Առանց դրա գիտակցման անհնար կլինի հավակնել Հայաստանի Հանրապետության ապագայի մեր տեսլականի օբյեկտիվությանը։
Եվ այսպես, Հունաստանում ու Եվրոպայի մի շարք երկրներում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կասկած չեն թողնում, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն արդեն գլորվում է դեպի Եվրամիության երկրներ, հատկապես եվրոյի գոտու մեջ մտնող առանձին երկրներ` Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Իռլանդիա։ Այդ պետությունները, Հունաստանի և Իտալիայի օրինակով, ամենամոտ ժամանակներս, ի մեծ դժգոհություն իրենց համաքաղաքացիների, դատապարտված կլինեն ընդունելու հարկային կոշտ միջոցներ, որպեսզի ինչ-որ կերպ խուսափեն դեֆոլտից։
Իրադարձությունները լավագույն ձևով չեն ծավալվում նաև ԱՄՆ-ում։ Բավական է հիշել այս տարվա սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում սկսված բողոքի ակցիան, որը կազմակերպել էր «Գրավիր Ուոլ-սթրիթը» (“Occupy Wall-Street”) շարժումը։ Առանձնակի ուշադրության է արժանի ԱՄՆ-ի քաղաքական էլիտայի վերաբերմունքն այդ ակցիաների հանդեպ։ Այսպես, ԱՄՆ նախագահի՝ Հանրապետական կուսակցությունից առաջադրվող հավակնորդ, ձեռներեց Հերման Քեյնը բողոքի այդ ակցիաներն անվանեց հակաամերիկյան (“CBS News” հեռուստաալիքի հոկտեմբերի 9-ի եթերով)։ Իր հեռուստահարցազրույցում Քեյնն ընդգծել էր, որ այդ բողոքներն իրենց էությամբ հակաամերիկյան են, քանի որ չեն ընդունում կապիտալիզմը և ազատ շուկան, որոնք Ամերիկային թույլ տվեցին աշխարհում զբաղեցնել իր ներկայիս դիրքը։ «Դա դասակարգային պատերազմ է»,- նշում է Քեյնը, իսկ շարժումը կազմակերպվել է արհմիությունների և դրանց հետ կապված խմբերի կողմից, որոնք ձգտում են ԱՄՆ տնտեսության հիմնախնդիրների համար քննադատության կրակը Բարաք Օբամայից ուղղել դեպի մասնավոր բիզնեսը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին, ընդհակառակը, աջակցություն է հայտնել «Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժմանը։ Դրա մասնակիցները, որոնք սեպտեմբերի կեսից նստացույց էին անում Նյու Յորքի ֆինանսական հաստատությունների առջև, նոյեմբերի 9-ին քայլերթով շարժվեցին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն։ Ժամանակը պատահականորեն չէր ընտրված, քանի որ նոյեմբերի վերջին տասնօրյակում ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի հարցերով երկկուսակցական կոմիտեն պետք է ներկայացներ գալիք 10 տարվա բյուջեի դեֆիցիտի 1,4 տրլն դոլարի կրճատման առաջարկը։ Ընդ որում՝ ենթադրվում է, որ առաջիկա ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտի կազմելու է 120 մլրդ դոլար։ Բացի այդ, կոնգրեսականները պետք է իրենց որոշումը հայտնեին ունևոր ամերիկացիների հանդեպ հարկային արտոնությունները պահպանելու կամ հանելու վերաբերյալ։ Հատուկ նշենք, որ բողոքի ակցիան, ըստ դրա կազմակերպիչների մտահղացման, նպատակ է հետապնդում հանրային ուշադրությունը սևեռել ԱՄՆ-ի ֆինանսական էլիտայի հանցագործությունների վրա և հորդորում է կառուցվածքային փոփոխություններ կատարել երկրի տնտեսության մեջ։ Ցուցարարները որպես քաղաքական կարգախոս օգտագործում են «Մենք 99 % ենք» (“We are 99 %”) տերմինը։ Դրանում արտացոլվում է XX դարի 70-ական թվականներին սկսված տնտեսական միտումը, երբ ԱՄՆ-ի եկամուտների և հարստության մեծ մասը կենտրոնացված էր բնակչության 1 %-ի ձեռքում։ Այսպես, ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի հարցերով կոմիտեի համաձայն՝ 1979-2007 թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության 1 %-ի եկամուտներն աճել են միջինը 275 %-ով։ Այդ նույն ժամանակաընթացքում ամերիկացիների միջին դասը կազմող 60 %-ի եկամուտներն աճել են միայն 40 %-ով։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ վերջին 30 տարիներին բնակչության այդ 1 %-ն սկսել է քիչ հարկեր վճարել, ավելին՝ առավել հարուստ 400 հարկատուների եկամուտներն աճել են 392 %-ով, այն դեպքում, երբ նրանց կողմից վճարվող հարկերը 37 %-ով անկում են գրանցել։ Կարծում ենք, շատ բանի մասին են վկայում նաև “Time” ամսագրի՝ ս/թ. հոկտեմբերի 13-ին անցկացրած հարցախույզի արդյունքները։ Այսպես, հարցման ենթարկված ամերիկացիների 54 %-ը հայտարարել է, թե դրականորեն է վերաբերվում Ուոլ-սթրիթում անցկացվող բողոքներին, մինչդեռ 23 %-ի վերաբերմունքը եղել է բացասական։ “CBS News/New York Times”-ի անցկացրած հարցախույզը ցույց է տվել, որ ամերիկացիների 43 %-ը համաձայն է ընդվզողների հետ, իսկ 27 %-ը համաձայն չէ (բողոքի հանրահավաքներ էին տեղի ունենում Չիկագոյում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Պիտսբուրգում)։ Այդ ակցիաների մասնակիցների մասին  ամերիկյան բնակչության լայն շերտերի շրջանում անցկացված հարցախույզների տվյալները վկայում են, որ նրանց մասնակցությունը բողոքի հանրահավաքներին մեծապես հետևանք է ամերիկյան միջին դասի շահերի ոտնահարման։ Հանուն արդարության նշենք, որ Եվրոպայի համեմատ, որտեղ տեղի է ունենում միջին դասի շահերի համատարած ոտնահարում, ԱՄՆ-ում այդ գործընթացն ավելի դանդաղ է կատարվում։

Փորձենք վերլուծել և այլ գործընթացներ, որոնք ներկայումս տեղի են ունենում աշխարհում ու դրանց համատեքստում դիտարկել մեր տարածաշրջանային հիմնախնդիրները։ Այսպես, բոլորս վկաներն ենք այն բանի, որ վերջին երկու տասնամյակում տնտեսական մակարդակում գլոբալացումն ուղեկցվել է աշխարհի տարբեր երկրների տնտեսական համակարգերի փոխադարձ կապերի, փոխգործակցության և փոխկախյալության խորացմամբ, արտադրության և կապիտալի ինտերնացիոնալացմամբ։ Գլոբալացմանը բնորոշ այդ միտումները հանգեցրին անդրազգային գլոբալ մոնոպոլիաների, կորպորացիաների ստեղծման։ Դրանք էլ, իրենց հերթին, այն պետություններում, որտեղ տեղակայվում են, սկսեցին սերմանել իրենց տնտեսավարման ընդհանրական նորմերն ու պայմանները, պետություններ, որոնք տարբերվում են տնտեսական զարգացման մակարդակով, հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի տեսակով։ Ընդ որում՝ մենք ականտեսն ենք դառնում զուգահեռ ընթացող տեխնոլոգիաների բարձր արտադրողականություն ունեցողներով փոխարինելու և արդիականացնելու գործառույթների։ Տեխնոլոգիաների արդիականացումը անմիջականորեն հանգեցնում է նյութական արտադրության ոլորտում ընդգրկված մարդկանց թվաքանակի էական նվազման։ Ավելին, հետինդուստրիալ երկրներում տնտեսությունը հասել է այնպիսի որակի, երբ արտադրության մեջ զբաղված աշխատողների մեծամասնության համար հրատապ է դառնում համեմատաբար բարձր կրթական մակարդակ ունենալու անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ հարկ է նշել, որ Արևմուտքի առաջատար երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրամիության բնակչության զգալի մասի բարեկեցությունը վերջին երեք տասնամյակում այնքան է բարձրացել, որ ինտելեկտուալ աճը և պրոֆեսիոնալ ու ստեղծագործական ունակությունների կատարելագործումն էլ ավելի կարևոր տեղ են գրավում հասարակության արժեքային սանդղակում։ Դա, իր հերթին, բերեց նրան, որ մարդիկ, որոնց նյութական հիմնական պահանջմունքները բավարարված են և որոնք զբաղված են մտավոր աշխատանքով, սկսում են էլ ավելի մեծ պահանջարկ ներկայացնել սպասարկումներին։ Հարկ է նաև նշել, որ որակյալ աշխատանքի բաժնի ավելացումը ոչ միայն զգալիորեն արդիականացրեց աշխատողների որակավորման մակարդակի բարձրացման հարցը, այլև հանգեցրեց հասարակության կառուցվածքի փոփոխությանը։
Այնուհետև, աշխատանքի միջազգային բաժանման զարգացման արդյունքում, մեր աչքերի առջև տեղի է ունենում արտադրության աստիճանական կենտրոնացում այն տարածաշրջաններում, որոնք առավել շահավետ են մրցակցային գործունեություն իրականացնելու համար։ Ավելի բարձր շահույթ ստանալու համար պայքարը անդրազգային գլոբալ մոնոպոլիաներին (կորպորացիաներին) ստիպեց արտադրությունները տեղակայել այն տարածաշրջաններում, մասնավորապես՝ Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում, որոնք ապահովում են իրենց արտադրած ապրանքների մրցակցային առավելությունները՝ ցածր ինքնարժեքի շնորհիվ։ Ընդ որում՝ արտադրության արդյունքը, այդ թվում և շահույթը, շարունակում են պատկանել մայր ընկերություններին և դառնում են սպասարկումների ոլորտի սպառման ու զարգացման հավելյալ աղբյուր այն երկրներում, որտեղ գտնվում են դրանց կենտրոնատեղիները, այն դեպքում, երբ արտադրական ստորաբաժանումները տեղակայված են այլ երկրներում։ Մենք ականատեսն ենք դառնում այն բանի, որ հետինդուստրիալ երկրներում տեղի է ունենում սպառման կառուցվածքի աստիճանական փոփոխություն։ Այստեղ, իրենց բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով կայուն կերպով ապահովելուց հետո, սկսվում է սպասարկումների սպառման առաջանցիկ աճ` ապրանքների սպառման աճի համեմատ։ Դա, իր հերթին, հանգեցնում է արտադրության համամասնության և բուն տնտեսության կառուցվածքում զբաղվածության համապատասխան փոփոխության։ Միևնույն ժամանակ, ինդուստրիալ նոր երկրները, որոնք մրցակցային այնպիսի առավելություններ ունեն, ինչպիսիք են էժան աշխատուժն ու հարկային ավելի ցածր բեռը, դեպի իրենց տարածք են գրավում  արդյունաբերության նորանոր ճյուղեր։ Գլոբալիզացիային ուղեկցող այդ գործընթացներն արդեն հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել արդյունաբերական արտադրության գլոբալ տեղաշարժ դեպի Չինաստան և Հարավարևելյան Ասիայի երկրներ։ Այս տարածաշրջանի շատ պետություններում և զարգացող մյուս երկրներում բնութագրական առանձնահատկություն է դարձել և այն, որ անդրազգային գլոբալ մոնոպոլիաները նախընտրում են ստեղծել ոչ լրիվ ցիկլի արտադրություններ, որոնք կիսաֆաբրիկատներ են արտադրում կամ էլ իրականացնում են պատրաստի արտադրանքի հավաքում ներմուծվող մասերից։
Դեպի Չինաստան և Հարավարևելյան Ասիա ընդարձակ տարածաշրջան կապիտալի այդ մեծ տեղաշարժի արդյունքում Արևմուտքի առաջատար երկրները տարեցտարի ավելի ու ավելի շատ են կախյալ դառնում ներմուծումից։ Այսպես, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով (www.cia.gov/library/publikations/the-world-factbook/ranKorder/ 2187rank.html), 2010 թ. արդյունքներով ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 470 մլրդ 200 մլն դոլար, Իտալիայինը՝ 67 մլրդ 940 մլն, Իսպանիայինը՝ 63 մլրդ 650 մլն, Մեծ Բրիտանիայինը՝ 56 մլրդ 190 մլն, Ֆրանսիայինը՝ 54 մլրդ 400 մլն, Կանադայինը՝ 48 մլրդ 500 մլն, Թուրքիայինը՝ 48 մլրդ 420 մլն, Հունաստանինը՝ 19 մլրդ 890 մլն, Լեհաստանինը՝ 15 մլրդ 900 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ Եվրամիությունում առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը կազմել է 11 տրլն 70 մլրդ դոլար։ Ընդ որում՝ սկզբունքորեն կարևոր ենք համարում նշել, որ ԳԴՀ-ն 2010 թվականը փակել է՝ առևտրային հաշվեկշռի 188 մլրդ 400 մլն դոլարի դրական սալդո ունենալով (դա երկրորդ արդյունքն է Չինաստանից հետո, որի առևտրային հաշվեկշռի դրական սալդոն կազմել է 305 մլրդ 400 մլն դոլար, Ճապոնիան ունի երրորդ արդյունքը՝ 166 մլրդ 500 մլն դոլարով, Ռուսաստանինը չորրորդն է՝ 71 մլրդ 130 մլն դոլար, անցած տարվա արդյունքներով Ադրբեջանում առևտրային հաշվեկշռի դրական սալդոն կազմել է 15 մլրդ 40 մլն դոլար. դա 19-րդ արդյունքն է)։
Արևմուտքի առաջատար երկրների արտաքին առևտրի առևտրային հաշվեկշռի պահպանվող հսկայական դեֆիցիտի այս միտումը, բնականաբար, ենթադրում է արտաքին փոխառություններ իրականացնելու անհրաժեշտություն։ Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների դեպքում դրանց ազգային արժույթները՝ դոլարը և եվրոն (եվրագոտու պետությունների համար), կատարում են ոչ միայն արժեքի չափի, շրջանառության, վճարամիջոցի և կուտակման այլև շատ կարևոր մեկ այլ գործառույթ, այն է՝ համաշխարհային պահուստային արժույթի գործառույթ։ Վերոնշյալ երկրների կառավարությունները, առևտրային հաշվեկշռի հսկայական դեֆիցիտը ծածկելու համար ստիպված են թողարկել պետական փոխառություններ (ԱՄՆ-ի դեպքում՝ ԱՄՆ-ի կառավարության գանձապետական պարտատոմսեր) կամ եվրոպական արժեթղթեր, որոնք էլ բաշխվում են աշխարհի շատ երկրներում։ Ամերիկյան արժեթղթերի առավել խոշոր տնօրինողներ են Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանը։ Պետական արժեթղթերի թողարկման գործընթացն ուղեկցվում է դոլարի և եվրոյի խոշորածավալ թողարկումներով, ինչն իր հետևից բերում է էմիտենտ երկրների արտաքին պարտքի ամենամյա մեծացման։ Ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար, թե ինչ ծավալի թողարկման մասին է խոսքը, բերենք որոշ տվյալներ։ Այսպես, 2011 թ. նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի պետական արտաքին պարտքը կազմել է 15 տրլն 33 մլրդ 607 մլն դոլար, ինչը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 100 %-ը։ ԱՄՆ-ում բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին պարտքը կազմել է 50 հազար դոլար։ Եվրամիության արտաքին պարտքը 2010 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 14 տրլն 120 մլրդ դոլար կամ ԵՄ ՀՆԱ-ի 93%-ը։ ԵՄ երկրներում բնակչության մեկ շնչին ընկնող արտաքին պարտքն ընդհանուր առմամբ կազմել է 27.886 դոլար։ Համեմատության համար ասենք, որ Ռուսաստանի պետական արտաքին պարտքը կազմում է 519 մլրդ 359 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 35 %-ը, իսկ Ռուսաստանի Դաշնության բնակչության մեկ շնչին ընկնող պետական արտաքին պարտքը 2611 դոլար է։ Չինաստանի պետական արտաքին պարտքը 2010 թ. հունվարին կազմել է 347 մլրդ 100 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 7 %-ը, իսկ բնակչության մեկ շնչի հաշվով՝ 260 դոլար։
Փաստորեն, ԱՄՆ-ը և Եվրամիության 16 երկրները (բացի ԳԴՀ-ից, Շվեդիայից, Դանիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Բելգիայից, Լյուքսեմբուրգից, Հունգարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Լիտվայից), ներառյալ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, արտաքին առևտրի հաշվեկշռի հսկայական բացասական սալդո և այդ երկրների ՀՆԱ-ին հավասար ու այն գերազանցող պետական արտաքին պարտքի ծանր բեռ ունենալով, մոտ ապագայում, անկասկած, կհայտնվեն ֆինանսական միանգամայն բարդ դրության մեջ։ Իսկ նոր փոխառությունները՝ ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կառավարությունների հավելյալ արժեթղթերի թողարկման ճանապարհով ու դրանց բաշխման հաշվին ստացված փողերի հետագա օգտագործումն իրենց երկրների սպառողներին, այսինքն՝ միջին դասին վարկավորելու համար, ինչը թույլ կտա բարձր մակարդակի վրա պահել սպառողական պահանջարկը, հնարավոր չի թվում։ Իրադարձությունների զարգացման նման ընթացքը կարող է ներսից պայթեցնել Արևմուտքի, նշանակում է՝ նաև աշխարհի ֆինանսական ողջ համակարգը։ Ներկայումս իրադրությունը բարդանում է և նրանով, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է պետք ձեռնարկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վերահաս երկրորդ ալիքը կանխելու համար։ Այս առումով քաղաքական գործիչների և փորձագետների մեծամասնության լռությունը առանձնահատուկ բնույթ է կրում։ Մարդիկ, բնականաբար, հարց են տալիս. կանխատեսելի էր, թե՞ ոչ 2007-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, այն ավարտվել է, թե՞ առաջիկայում մենք կդառնանք ճգնաժամի երկրորդ ալիքի ականատեսը։ Եթե ճգնաժամը կանխատեսելի էր, ուրեմն ներկայումս ի՞նչ պետք է անել համաշխարհային ֆինանսատնտեսական նոր ճգնաժամի հնոցում հայտնվելու հնարավորությունից խուսափելու համար։ Եթե այն կանխատեսելի էր, ապա արդյո՞ք տեղի ունեցածն ապացույցը չէ այն բանի, որ արդեն ոչ ոք չի կարող վերահսկել համաշխարհային ֆինանսական համակարգը։ Ակնհայտ է, որ պետական հսկայական արտաքին պարտքի և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի պայմաններում դոլարի և եվրոյի կայուն փոխարժեքի պահպանման համար անհրաժեշտ է դրսից ֆինանսական կապիտալի մշտական հոսք, որը, ինչպես վերը նշվեց, կներդրվեր ԱՄՆ-ի և Եվրամիության երկրների կառավարությունների արժեթղթերում, նախևառաջ դրանց պարտքային պարտավորություններում։ Իսկ դեպի ԱՄՆ և ԵՄ (որոնց արտադրությունը պակաս շահութաբեր է, քան Չինաստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում) կապիտալի մեծ հոսքի կարելի կլիներ հասնել միայն «անկայունության արտահանման» ռազմավարության իրականացման ճանապարհով, երկրագնդի բոլոր մյուս երկրներում և տարածաշրջաններում իրադրության ապակայունացմամբ։ Միայն համընդհանուր անկայունության պայմաններում ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպայի երկրներն աշխարհի զարգացող երկրների կողմից կարող են ընկալվել որպես ֆինանսական կապիտալի ծավալուն ներդրման իդեալական վայր՝ դրանց առավելագույն հուսալիության տեսակետից։
Վերլուծելով համաշխարհային տնտեսության առկա իրավիճակը՝ կարելի է եզրակացնել, որ արդի կապիտալիզմի հիմնական գծերից մեկը անդրազգային գլոբալ մոնոպոլիաների, կորպորացիաների տիրապետությունն է։ Ընդ որում՝ մենք վկան ենք դառնում այն բանի, որ կապիտալի արդի ռազմավարությունը փորձում է որքան հնարավոր է զսպել աշխատավարձի ավելացումը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է ինչպես հասարակության ստորին խավերի, այնպես էլ միջին դասի համեմատական աղքատացմանը։ Հանուն արդարության նշենք, որ վերջին երեք տասնամյակում միջին դասի կենսամակարդակը կայուն և համեմատաբար բարձր մակարդակի վրա պահելու համար ֆինանսական խոշոր կապիտալը ստիպված մշտապես վարկավորում էր նրան։ Բայց դա արվում էր ոչ թե բարի նպատակներից ելնելով, այլ գնողների, այսինքն՝ տնային տնտեսությունների  վճարունակ սպառողական պահանջարկի բարձրացման համար, որոնց երկար ժամանակ հնարավորություն էր տրվում վարկով փող վերցնել իրենց պահանջմունքները բավարարելու համար։ Այսինքն՝ վարվում էր պահանջարկի խթանման քաղաքականություն, ինչը ձեռք էր բերվում ոչ թե գնողունակության բարձրացմամբ, այլ մատչելի վարկով։ Օրինակ, ԱՄՆ-ում այդ միտումները նկատելիորեն սաստկացան 1990-ական թվականներին՝ շնորհիվ վարկավորման ավելի ու ավելի շահավետ հնարավորությունների բացման (0 %-ին մոտ տոկոսադրույքներ)՝ լիովին անտեսելով փոխառուների վճարունակությունը ։ Աշխատավարձերի՝ գնողական պահանջարկի իջեցման տանող կրճատումը, ինչպես վերը նշվեց, փոխհատուցվում էր վարկային մեքենայի պտույտների ավելացմամբ։ Այստեղից էլ սկսվեց ամերիկյան տնային տնտեսությունների հսկայական պարտքի ավելացման գործընթացը, որոնք երկար տարիներ սպառում էին ավելին, քան վաստակում էին։ Եվ դա տեղի էր ունենում այն պայմաններում, երբ այդ երկրի բնակչության 17 %-ը զրկված էր սոցիալական ամեն տեսակ պաշտպանությունից։ Ամերիկյան տնային տնտեսություններն այժմ երկու անգամ ավելի շատ պարտք ունեն, քան ֆրանսիականները, և երեք անգամ ավելի շատ, քան իտալականները։
Ֆինանսական շուկայի չկարգավորվածության գաղափարախոսությունն էլ հենց ծնեց ամերիկյան գերպարտքը, ինչպես մինչ այդ այն առաջ էր բերել մեքսիկական (1995 թ.), ասիական (1997 թ.), ռուսաստանյան (1998 թ.) և արգենտինական (2001 թ.) ճգնաժամերը։ Մյուս կողմից՝ գլոբալացումն ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ խոշոր ճգնաժամերն անխուսափելիորեն տարածվում են մոլորակի մասշտաբով՝ իրենց ճանապարհին դիմադրության չհանդիպելով։ Հենց այդ հանգամանքներից ելնելով էլ` ամերիկյան ճգնաժամն այդքան արագ դիպավ եվրոպական շուկաներին՝ սկսած վարկերի շուկայից, և՛ ամերիկյան, և՛ եվրոպական տնտեսությունները հասցնելով ռեցեսիայի շեմին։ Այստեղ միաժամանակ հարկ է նշել, որ անդրազգային գլոբալ մոնոպոլիաները, կորպորացիաներն այն երկրներում, որտեղ գտնվում են դրանց արտադրական հզորությունները, հետևողականորեն ուժեղացնում էին իրենց դիրքերն այդ պետություններում, ավելին՝ ֆինանսական հիվանդ համակարգի պայմաններում այնտեղ տեղի էր ունենում ազգային և անդրազգային կապիտալի քաղաքական ու տնտեսական շահերի սերտաճման գործընթաց։ Անդրազգային գլոբալ կորպորացիաների գործառնության պայմաններում մենք միաժամանակ դառնում ենք ավանդական ազգային պետականության հիմքերի սասանման վկաները։
Եվ հենց այս միանգամայն բարդ պայմաններում, երբ աշխարհը հայտնվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր՝ երկրորդ ալիքի վտանգի առջև, երբ ճոխ գույներով ծաղկում է լիբերալ կեղծավորության հին սկզբունքը՝ եկամուտների յուրացում վնասների ընդհանրայնացման պարագայում, 2011 թ. հոկտեմբերի 4-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը «Իզվեստիա»-ում հրապարակեց «Նոր ինտեգրացիոն նախագիծ Եվրասիայի համար. ապագա, որը ծնվում է այսօր» վերնագրով հոդվածը։ Դրա հրապարակման հաջորդ օրն իսկ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե Արևմուտքի մեդիատարածքը ներսից պայթել է։ Համաշխարհային առաջատար պարբերականները, ասես, առաջնորդվելով գլոբալ գաղափարախոսի «անտեսանելի ձեռքով» (բնականաբար, ոչ այն ձեռքով, որի մասին խոսում էր Ադամ Սմիթը), մեկը մյուսի խոսքը կտրելով փորձում էին ահաբեկել Արևմուտքի՝ վերջին տարիներին առանց այդ էլ մոլորված շարքային քաղաքացուն։ Այսպես, “The Guardian” հեղինակավոր պարբերականը շտապեց հայտարարել. «Նախագահի պաշտոնին իր վերադառնալու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց Պուտինն առաջ քաշեց վիթխարի գաղափար, որի նպատակն է միության գիրկը վերադարձնել ԽՍՀՄ գծով Ռուսաստանի նախկին հարևաններին։ Եվրասիական միություն ստեղծելու առաջարկը ռուսաստանյան վարչապետի կայսերական հավակնությունների նշանն է»։ Վերլուծաբան Ալեքս Սպիլիուսը “Daily Telegraph”-ում վերլուծելով Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ եկել է այն եզրահանգման, որ «ռուսաստանյան վարչապետի նպատակը՝ նախկին ԽՍՀՄ տարածքում վերականգնել ազդեցության գոտին Եվրասիական միության օգնությամբ, ձախողման է դատապարտված»։ Նույն պարբերականում «Չաթեմ հաուս» վերլուծական կենտրոնի մասնագետ Ջեյմս Նիկին «կարեկցում» է և նշում, որ «նոր միությունը հազիվ թե կարողանա հաջողություն ունենալ, քանի որ դրան հասնելու համար անհրաժեշտ է այլ երկրների հետ փոխըմբռնում և բարեկամություն ունենալ, իսկ դրանով Ռուսաստանը պարծենալ չի կարող»։ “Frankfurter Allgemeine zeitung”-ն իր ընթերցողներին տեղեկացրեց. «... Եվրոպայում հաջող ինտեգրման համար նախադրյալ դարձան նախ՝ մեծ երկրների միջև օրինակելի հավասարակշռությունը և երկրորդ՝ հարգանքը Արևմտյան Եվրոպայի փոքր երկրների հանդեպ։ Ոչ մեկը, ոչ մյուսը ամենևին չեն նկատվում Եվրասիական միությունում»։ Խիստ «դյուրազգաց», իհարկե, գաստրոնոմիական երանգով, Վլադիմիր Վլադիմիրովիչի հոդվածին արձագանքեց լեհական “Dziennik”-ը, չգիտես ինչու ստանձնելով նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ակնկալիքների և խոհերի մունետիկի ու արտահայտողի դերը. «Նա (Վ.Վ. Պուտինը – Ա.Գ.) այն (Եվրասիական միությունը – Ա.Գ.) տեսնում է մասշտաբային ինտեգրման նախագծի մեջ՝ Եվրոպական միության օրինակով։ Սակայն նման կազմավորումը երբեք չի ստեղծվի, որովհետև նախկին ԽՍՀՄ ժողովուրդներն ընդհանուր արժեքներ և նպատակներ չունեն, իսկ Մոսկվան չափազանց թույլ է՝ նրանց դրանք պարտադրելու համար։ Պուտինի հայտարարությունը միավորման ոչ թարմ տորթը գլազուրապատել է նշանակում, որը ոչ ոք, Մոսկվայից բացի, իրականում ուտել չի ուզում»։ Ավստրիական “Die Presse” թերթի կարծիքով էլ՝ Խորհրդային Միության փլուզումից 20 տարի հետո Վ.Պուտինն ավելի ակտիվ, քան առաջ, փորձում է ստանձնել տարանջատված հետխորհրդային տարածքի ինտեգրատորի դերը։ Ինչպես կարծում է թերթի մեկնաբան Էդուարդ Շտայները, «ի տարբերություն նախկին փորձերի, ներկա պահին իրական շանսեր կան հաջողությամբ իրականացնելու վերինտեգրումն առանձին պետությունների հետ»։  Ֆրանսիական “Le Figaro”-ի տեսաբան Պիեռ Ռուսելենը, մեկնաբանելով Եվրասիական միություն ստեղծելու մասին Վ.Պուտինի գաղափարը, կարծիք հայտնեց, թե խոսքը ոչ թե խորհրդային կայսրության վերականգնման, այլ, ավելի շուտ, Կենտրոնական Ասիայում Չինաստանի հետ մրցակցության հակազդեցության մասին է։ Եվ, բնականաբար, այս կապակցությամբ չէր կարող չարտահայտվել Արևմուտքի առաջատար վերլուծաբաններից մեկը՝ Զբիգնև Բժեզինսկին։ «Ներկայումս Ռուսաստանը ապագայի վերաբերյալ պատմական ոչ մի տեսլական չունի»,– վերջերս հայտարարեց նա՝ հանդես գալով Վաշինգտոնում կայացած «Ուկրաինան հասուն ազգային պետականության ճանապարհին» համաժողովում: Զ. Բժեզինսկին նշեց, որ Մոսկվան կցանկանար Ուկրաինային ներքաշել տնտեսական դաշինքի մեջ՝ հասկանալի պատճառներով, «բայց միևնույն ժամանակ դա կհամադրի եվրասիական Ռուսաստանի, Եվրասիական միության աբսուրդային հայեցակարգի հետ, ինչն իսկապես ստիպում է մտածել այն մասին, թե որքան իրական են Պուտինի արտաքին քաղաքական հայացքները», – ավելացրել է վերլուծաբանը։
Ամենևին էլ պատահաբար չէր, որ ներկայացրի արևմտյան մամուլի առավել բնութագրական արձագանքները Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ Եվրասիական միություն կազմավորելու հայտարարության վերաբերյալ։ Չէ՞ որ դեռ 2007 թ. փետրվարին Վ.Վ. Պուտինը, հանդես գալով Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված միջազգային համաժողովում, միանգամայն ըմբռնելի ձևով հասկացրեց, որ Ռուսաստանն այսուհետ մտադիր չէ հանդուրժել միաբևեռ աշխարհի թելադրանքը։ Բնականաբար, Ռուսաստանի նախագահի այդ հայտարարությունից հետո, որը ցնցել էր Արևմուտքի իշխող դասին, պետք է հետևին համապատասխան գործողություններ Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք երկար սպասել չտվեցին։ Դրա հետ մեկտեղ, Վ.Վ. Պուտինի հայտարարությունը, իմ կարծիքով, ռեզոնանսային էֆեկտ ունեցավ նաև այն պատճառով, որ հնչեցվեց մի ժամանակաշրջանում, երբ հայտնի շատ փորձագետներ էլ ավելի համառորեն են խոսում այն մասին, որ մոտենում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը։ Ընդ որում՝ նրանք նշում են գործազրկության բարձր աստիճանն ու ցածր սպառողական ակտիվությունն ԱՄՆ-ում, ինչպես այն, որ 2007-2009 թթ. ճգնաժամից հետո լրիվ չափով չի գործում այս երկրի բնակարանային շուկան։ Փորձագետները նաև նշում են ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների բյուջեների դեֆիցիտի ավելացումն ու մեծ պարտքի հետ կապված խնդիրները, պարենի, էներգակիրների և այլ հումքի համաշխարհային գների բարձրացումը։ Այս բոլոր երևույթների ամբողջությունը կարող է սոցիալ-քաղաքական լարվածություն ստեղծել և դանդաղեցնել Արևմուտքի երկրների տնտեսական աճը։ Ռեցեսիայի հնարավոր կրկնության մասին վերջերս հայտարարեց տնտեսության գծով Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Ջոզեֆ Սթիգլիցը։ Իր կարծիքը նա հիմնավորեց նրանով, որ Եվրամիության երկրների կառավարությունները ժամանակից շուտ են կրճատել պահանջարկի խթանման ճանապարհով տնտեսական ակտիվությանն աջակցելու ծախսերը՝ նախապատվությունը տալով բյուջեի դեֆիցիտների կրճատմանը։ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, որը ժամանակին կանխատեսել էր 2007-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, գտնում է, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև Ճապոնիան ու ԵՄ-ի շատ երկրներ սպառել են իրենց զինանոցը և հիմա անպաշտպան են ռեցեսիայի կրկնվելու առջև։ Ըստ Ն. Ռուբինիի՝ ի հաշիվ պահանջարկի խթանման քաղաքականության տնտեսության մասշտաբային աջակցության հետագա հնարավորությունները դարձել են սահմանափակ, իսկ որոշ դեպքերում՝ արդեն անիրականանալի։ Նրա կարծիքով՝ ոչ ոք արդեն չի կարող ժխտել, որ զարգացած երկրների տնտեսությունները, ինչպես ցույց տվեց ճգնաժամը, պատրաստ չեն ինքնազարգացման, քանի որ դրանք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո արմատական բարեփոխումների չեն ենթարկվել։ Այսպես,  անփոփոխ է մնացել տնտեսության արևմտյան մոդելի պարտքային բնույթը, պարտքերը մարվում են ավանդական սխեմայով՝ ի հաշիվ նոր փոխառությունների, իրական տնտեսության և տնային տնտեսությունների բանկային վարկավորումը կրճատվում է, իսկ վարկավորման պայմանները կոշտանում են։ Բնութագրական է այն, որ հստակ ուրվագծվում է առևտրային բանկերի հետճգնաժամային քաղաքականությունը, որոնք նախընտրում են վարկավորել ոչ թե փոքր և միջին բիզնեսը (տնտեսական զարգացման շարժիչը), այլ զբաղվել դերիվատիվների ու վարկային դեֆոլտային սվոքների վաճառքով, ինչը նրանց քիչ շահույթ չի բերում։ Կամ էլ փողի հիմնական զանգվածը մեր օրերում էլ գնում է դեպի ապրանքային բորսաներ՝ ուռճացնելով «հումքային պղպջակները», որոնք արդեն բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության զարգացման վրա՝ առաջ բերելով դրա անկայունությունն ու դանդաղումը։ Արևմուտքի առանձին երկրների տնտեսությունում վերջին ամիսներին նկատվող աննշան աճն ու թույլ աշխուժացումը, հեղինակավոր փորձագետների կարծիքով, ընդամենն ակնկալվող երևույթներ են, որոնք գրեթե միշտ հաջորդում են խոր և երկարատև անկմանն ու ամենևին չեն բացառում ռեցեսիայի կրկնությունը։
Հետաքրքիր է նաև տնտեսության գծով Նոբելյան մեկ այլ մրցանակակրի՝ Միլթոն Ֆրիդմանի կարծիքը 20-րդ դարի 30-ական թվականներին ԱՄՆ-ն ճարագած ճգնաժամի մասին։ Պրոֆեսոր Մ. Ֆրիդմանը, որը մակրոտնտեսությունում մոնետար ուղղության հիմնադիրն է, պնդում էր, որ համաշխարհային ճգնաժամը հարկավոր էր հեղեղել բանկային համակարգը փողերի զանգվածային ներարկմամբ։ Նա քննադատում էր ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) այն բանի համար, որ դա չի արել 1930-ական թվականներին, որի հետևանքը դարձավ Մեծ դեպրեսիան։ Այս առնչությամբ դեռ իր կենդանության օրոք խիստ են արտահայտվել Մ. Ֆրիդմանի քննադատները՝ նրան հիշեցնելով ասացվածքն այն մասին, որ «գեներալնեևը միշտ պատրաստվում են անցյալ պատերազմին»։ Արդի պայմաններում այս ասացվածքը տեղին է ու արդարացի և՛ տնտեսագետների, և՛ ֆինանսիստների համար։ Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ 2007-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո ԱՄՆ իշխանությունները, հետևելով Մ. Ֆրիդմանի խորհուրդներին, ճգնաժամը հաղթահարելու նպատակով ուղղել էին տրիլիոնավոր դոլարներ, բայց առայժմ ցանկալի դրական արդյունքը՝ երկրի տնտեսության իրական առողջացման տեսքով, չստացան։ Այո, շնորհիվ հսկայական արտարժութային ներարկումների փրկվեցին ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի համակարգակերտ բանկերը, այո, դրանց հասանելի էին էժան դրամական միջոցները, դրամական հոսքերը, որոնք շռայլորեն «տպագրվում» էին ԴՊՀ-ի և Եվրոպական Կենտրոնական բանկի կողմից։ Սակայն, ավա՜ղ, փողային առատ անձրևն այդպես էլ չլուծեց համակարգային տնտեսական հիմնախնդիրները։
Այս իրադարձությունների համապատկերում Եվրասիական միություն ստեղծելու մասին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հայտարարությունը, որն արժանացավ Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի և Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի միահամուռ հավանությանը, ձեռք բերեց վառ արտահայտված աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բովանդակություն, իսկ Հայաստանի Հանրապետության համար՝ բախտորոշ նշանակություն։ Չէ՞ որ ոչ մի կասկած չի հարուցում այն, որ ներքին դիմակայությունը Սիրիայում, որը մեր աչքերի առջև փոխակերպվում է քաղաքացիական արյունալի պատերազմի, ի վիճակի է ապակայունացնել իրավիճակը (ոչ առանց արտաքին օգնության) նաև Հայաստանի հարևան Իրանում։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել խաղաղարար ուժերի տեղակայման Իրանի հյուսիսային սահմանի երկյանքով` ադրբեջանաղարաբաղյան դիմակայության գոտում։ Կասկած չկա, որ եթե այդպես պատահի, դրանից անմիջապես կօգտվի Թուրքիան՝ Ադրբեջանին մղելով ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի դեմ։ Այդ պայմաններում Հայաստանն ակամա պատերազմի մեջ կներքաշվի, որը, անշուշտ, կավարտվի հայկական զինված ուժերի ջախջախիչ հաղթանակով, բայց մեզ չի հաջողվի խուսափել մարդկային զոհերից։ Արդեն հարկ չկա խոսելու այն մասին, որ չափազանց բարդ իրավիճակի պայմաններում, որն ստեղծվում է Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայում, Իրանում, ինչպես նաև պահպանվող լարվածությունն ադրբեջանահայկական դիմակայության գոտում, մենք կարող ենք դառնալ նեոօսմանիզմի նոր դրսևորումների վկան։ Բավական է ծանոթանալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին շրջանի ելույթներին՝ համոզվելու համար արդի Թուրքիայի կայսերական նկրտումների մեջ, որոնք կարող են առանց տատանվելու ռազմական ամենաակտիվ գործողություններ սկսել իրենց հարևանների հանդեպ` ընդհուպ մինչև այդ երկրների ներքին գործերին միջամտելը։ Բնականաբար, իրադարձությունների զարգացման նման սցենարը կանխելու գործում Ռուսաստանի դերը վճռորոշ, իսկ նրա ձայնը՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների վերջին հայտարարության հենքի վրա, էլ ավելի ծանրակշիռ կլինի։
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը առաջիկա մեկուկես-երկու տասնամյակում պետք է ձերբազատվի Եվրամիության անդամ դառնալու պատրանքից, մանավանդ «Արևելյան գործընկերության» ծրագրի պահանջների իրականացման միջոցով։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական դասի շատ ներկայացուցիչներ, ընդ որում՝ քաղաքական գործիչներ ինչպես իշխող կոալիցիայից, այնպես էլ ընդդիմությունից, դրա հետ չարդարացված մեծ հույսեր են կապում։ Կարծում ենք, որ ոչ միայն երկրի զարգացման, այլև մեր երկիր անկայունության արտահանման ավերիչ հետևանքներից խուսափելու հեռանկարների բազմակողմ, հավասարակշռված վերլուծությունը Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի առջև միանգամայն կոնկրետ խնդիր է դնում. հայոց պետականության պահպանման համար կա՞ արդյոք այլընտրանք ձևավորվող Եվրասիական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը։ Հարցի պատասխանը մենք ներկայացրել ենք 1997 թ.՝ «Ազգային Միաբանություն կուսակցության» հիմնադրման օրվանից, նրա ծրագրային փաստաթղթերում, և այն միանշանակ է։ Քաղաքական արդի տերմինաբանության մեջ այն կունենա հետևյալ ձևակերպումը. Եվրասիական միությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանման երաշխավորն է։
Վերջաբանի փոխարեն. «Դարձեալ տեսայ արեգակի ներքոյ, որ ասպարէզը վազողներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստութիւնը՝ հանճարներինը եւ ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլորին էլ կը պատահի նոյն դիպուածը» (Ժողովող, 9.11)։ Ուզում ենք հավատալ, որ մեր օրերում «ժամանակը և դիպվածը», որքան հնարավոր է, նպաստավոր են Հայաստանի համար ...

 


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ,
«Հյուսիսային հեռանկար» հասարակական
կազմակերպության վարչության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր