ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԽՏՈՐՈՇ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
05.11.2011, Հայոց աշխարհ
Այս օրերին Հայաստանի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են երկրում իրականացվող կադրային փոփոխությունները:
Ցավոք, բազմաթիվ հրապարակումներում, վերլուծություններում ու մեկնաբանություններում հիմնականում այդ փոփոխությունները բացատրվում են ինչով ասես, ստվերում թողնելով դրանց առանցքային նշանակությունը: Մինչդեռ եթե ընթացող գործընթացներին նայես երկրի ապագայով մտահոգվածի աչքերով, ապա չես կարող չտեսնել, չգիտակցել կատարվածի հեռահար նպատակներն ու կարեւորությունը: Եվ այսպես:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոստումն առ այն, որ ԱԺ առաջիկա ընտրություններն իրենց ազնվությամբ, թափանցիկությամբ եւ ժողովրդավարությամբ լինելու են աննախադեպ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ, անգամ թերհավատների մեջ այլեւս որեւէ կասկած չպետք է հարուցեն:
Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությունը այս հարցում հատկապես տպավորիչ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին հարեւան Ադրբեջանում ընթանում են բուռն քննարկումներ այդ երկրի հաջորդ նախագահի իշխանական թեկնածուի ընտրության շուրջ: Այստեղ խնդիր է դրված կամ հերթական անգամ «ընտրել» Իլհամ Ալիեւին, կամ նրա կնոջը` Մեհրիբան Ալիեւա-Փաշաեւային:
Եթե խորհրդարանական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրն իրագործվի (իսկ վերջին շրջանում նախագահի կատարած քայլերը հույս են ներշնչում, որ այդպես էլ լինելու է), ապա ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի ուժեղացած դուրս կգա:
Դա իր հերթին դրական ազդեցություն կգործի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի Լազուրի ափին G20-ի շրջանակում հանդիպելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին, անթաքույց խնդրել է օգնել Թուրքիային՝ անդամակցելու Եվրամիությանը, ինչպես նաեւ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված գործընթացներին։
Եթե սրան հավելենք նաեւ այն, որ ԵԱՀԿ նորընտիր գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին նոյեմբերի 1-ին թուրքական Today”s Zaman պարբերականին տված հարցազրույցում կարեւորել էր Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում ընթացող գործընթացներում, շեշտադրելով, որ այդ երկիրը սահմանակից է երկու երկրների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Միաժամանակ կոչ էր արել թուրքերին` «պայմաններ ստեղծել երկխոսության զարգացման համար» Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, ապա պատկերը ամբողջական կդառնա:
Ուստի ժողովրդավարությունը խորացնող ընտրությունների անցկացումը Հայաստանում եւ ավտորիտարիզմը ամրապնդող գործընթացները Ադրբեջանում կարող են որոշիչ դերակատարություն ունենալ ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված էին Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրում: Չէ՞ որ բացառված է, որ միջազգային միջնորդները նպաստեն Ադրբեջանի ավտորիտար վարչակազմին միջազգային իրավունքի նորմերին հակառակ ճնշումներ գործադրել ժողովրդավարության ուղին նախընտրած Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ:
Երկրորդ դիտարկումը, որը նույնպես վկայում է Ազգային ժողովի ընտրությունները եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացնելու իշխանությունների ցանկության մասին, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականին հաջորդած՝ News.am-ին տրված հարցազրույցն էր, որտեղ նա, մասնավորապես, ասում է. «Հանրապետության նախագահը տրամադրված է լավագույն ընտրությունների անցկացման: Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագան նայող»:
Այստեղ, կարծում եմ, տեղին է մեջբերել նաեւ նոյեմբերի 2-ին «Ազատություն» ռադիոկայանին Հովիկ Աբրահամյանի տված հարցազրույցից մի հատված. «Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է, որ 2012 թվականի ընտրությունները լինեն արդար, թափանցիկ, ազնիվ: Սա մեզ համար քննություն է, քանի որ մենք` ե՛ւ նախագահը, ե՛ւ բոլորս, բազմաթիվ առիթներով ասել ենք, որ մեր գերակա խնդիրն է եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Հայաստանի իշխանությունները եվրոպական կառույցների` Եվրամիության, Եվրախորհրդարանի, միջազգային կազմակերպությունների հետ հիմա շատ ակտիվ համագործակցում են, եւ սա մեզ համար փորձաքար է»:
Թե որքանով էր լիազորված պարոն Հ.Աբրահամյանը ՀՀ-ի արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակության հայտարարություններ անել, այն է` նախագահի՝ մեր երկրի պատմության մեջ Ռուսաստանի Դաշնություն կատարած առաջին պետական այցից հետո, այն էլ Հայաստանի համար շատ արդյունավետ այցից հետո, եւ ինչ նպատակների էր դա կոչված ծառայելու, այլ քննարկման թեմա է:
Այստեղ հարկ է շեշտել, որ նախընտրական շտաբի առջեւ դրված գերխնդիրը մեկն է` անցկացնել իր ժողովրդավարությամբ եւ թափանցիկությամբ բացառիկ արդար խորհրդարանական ընտրություններ, որովհետեւ դա խիստ անհրաժեշտ է Հայոց պետականության ամրապնդման, Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորման համար: Եվ օրինաչափ էր, որ հենց այս հարցերը կարեւորեց Միքայել Մինասյանն իր հարցազրույցում:
Ի դեպ, նրա մասնակցությունը Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբում յուրովի մի ազդակ էր՝ ուղղված մեր երկրի երիտասարդությանը, երիտասարդ ընտրողներին: Մի բան է, երբ ժողովրդավարության մասին խոսում են ավագ սերնդի ներկայացուցիչները, մեկ այլ բան, երբ դա ասում է երիտասարդ գործիչը, որն իր ուսումնառության ընթացքում Եվրոպայի սրտում եղել է իրական ժողովրդավարական գործառույթների մասնակիցը:
Կարծում եմ, որ Միքայել Մինասյանի այդ հարցազրույցը նաեւ ազդակ էր ՀՀ-ում գործող կուսակցությունների երիտասարդական թեւերի համար, որ միավորվեն, համախմբվեն, համագործակցեն հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի եւ այս գործում, ավագները, եթե ազնիվ են եւ նվիրյալ երկրի, մեր պետականության ամրապնդման գաղափարին, պետք է խրախուսեն եւ աջակցեն երիտասարդներին: Եվ նման հարցադրումների պարագայում արդեն իսկ անհեթեթ եւ ճղճիմ կերեւան բոլոր այն մարդիկ, ովքեր այս օրերին հիմնական հարցերի շուրջ խորհելու փոխարեն զբաղված են զանազան հիմնազուրկ գուշակություններով՝ ով ինչու հրաժարական տվեց, ով ում ընկերն ու բարեկամն է...
Ակնհայտ է, որ առաջիկա հանրապետական ընտրությունները բախտորոշ նշանակություն կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի համար, ապահովելով մեր հանրապետությունների դերակատարության շեշտակի կարեւորումը թե տարածաշրջանում, թե Մերձավոր Արեւելքում: Ուրեմն տեր կանգնենք մեր եւ մեր երեխաների ապագային, ապավինենք մեր սեփական հավաքական ուժին, եւ հաջողությունը կլինի անխուսափելի:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ
«Հյուսիսային հեռանկար» ՀԿ վարչության նախագահ