ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

30.07.2011, Հայոց աշխարհ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթներին եւ քաղաքական հայտարարություններին արձագանքելը ժամանակի հետ ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում։ Եվ ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ դրանցում իմպուլսիվություն, առավել եւս՝ խանդավառություն չկա։ Ամենեւին ոչ։ Ավելի շուտ՝ նույնիսկ հակառակը։ Էրդողանը ձանձրալի է այն պատճառով, որ չափից ավելի կանխատեսելի է։

Նա արդեն անհետաքրքիր է հենց իր կանխատեսելիությամբ, թեեւ ամբողջ ուժով ջանում է ներկայանալ որպես արտասովոր քաղաքական գործիչ, թուրքական պետության առաջնորդ, որը չնայած հեռու է գերտերություն լինելուց, բայց ամեն կերպ փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային գերտերություն, ինքնատիպ կամուրջ Արեւմուտքի եւ Արաբական Արեւելքի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ։

Միաժամանակ, Էրդողանի քաղաքական ծրագրերը շատ ավելի տարածական/ծավալուն են եւ հավակնոտ, քան Բոսֆորի կամ սուլթան Մեհմեթ Ֆաթիհի կամուրջների երկարությունն ու գեղեցկությունը, էլ չենք ասում Մարմարայի երկաթուղային թունելի մասին, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2012 թվականին։

2009թ. սեպտեմբերի 19-ին Ստամբուլում վարչապետ Էրդողանը հայտարարեց. «Մեր նպատակը բոլոր երկրների հետ խաղաղ ապրելն է եւ ներկայիս Թուրքիային Օսմանյան կայսրության հզորությունը վերադարձնելը։ Կարծում եմ, որ այս խնդրի լուծմանը մենք կհասնենք։ Ես արդեն հանձնարարել եմ ծնելիությունը խրախուսող ծրագիր պատրաստել եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր թուրքական ընտանիքում պետք է երեք երեխայից պակաս չլինի, եւ մենք հավատում ենք Թուրքիայի լավագույն ապագային, կոչ ենք անում բոլորին՝ հավատալ դրան»։

Կարելի էր Թուրքիայի վարչապետից եւ արտգործնախարարից տասնյակ ուրիշ մեջբերումներ անել Օսմանյան կայսրության հզորության վերածննդի վերաբերյալ։ Աշխարհի համար վտանգավոր նպատակ, որը, որպես պետական գաղափարախոսություն, որպես նեոօսմանիզմի գաղափարախոսություն, որդեգրվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից։

Իսկ հոդվածը գրելու շարժառիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Էրդողանի տված «ցասումնալի պատասխանը»՝ կապված նախագահ Սարգսյանի՝ Ծաղկաձորում հուլիսի 23-ին հայոց լեզվի, գրականության ու հայագիտության վերաբերյալ Համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթի հետ։ Որպեսզի ընթերցողներն ամբողջությամբ պատկերացնեն հոդվածում նկարագրվող խնդրի էությունը, փոքր-ինչ մանրամասն ներկայացնենք, թե ինչով է «զայրացրել» նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Էրդողանին։

Այսպես, վերոնշյալ հանդիպման ժամանակ, պատասխանելով ուսանողի այն հարցին, թե ինչ սահմաններ կունենա ապագա Հայաստանը, կվերադարձվե՞ն Արեւմտյան Հայաստանը եւ Արարատ լեռը, նախագահն ասել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր Հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը, պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն  ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը։

Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել»:

Ամենեւին էլ պարտադիր չէ քաղաքագետ լինել՝ եզրակացություն անելու համար. ի տարբերություն Էրդողանի «մեր իսկական նպատակը Օսմանյան կայսրության հզորությունը (ասել է թե՝ դրա արյունալի ավանդույթները- Ա.Գ.) վերադարձնելն է» ռազմաշունչ պնդման, Հայաստանի նախագահի ելույթը դասական արտահայտությունն է խորքային քրիստոնեական արժեքների, որոնք հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի առանձնահատուկ գիծն են եղել։

 

Այստեղ կարեւոր է այլ բան, այն, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն այնքան է հավատացել Օսմանյան կայսրության հզորության վերածննդին, որ իրեն առանձնաշնորհյալ է համարում «արմատախիլ անելու» հայ ժողովրդի՝ իրեն այնպիսի ժողովուրդ համարելու իրավունքը, որը, ինչպես իր այդ նույն ելույթում Հայաստանի նախագահն է արտահայտվել, փյունիկի պես հառնում է. «Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»։

Եվ ինչպե՞ս արձագանքեց Ռեջեփ Էրդողանն ի պատասխան ՀՀ նախագահի այս խոսքերի։ Պատկերի ամբողջականության համար հարկ է բառացիորեն մեջբերել Թուրքիայի վարչապետի խոսքերը՝ ամբողջական կարծիք ունենալու համար այն վտանգի մասին, որ բխում է Թուրքիայի ներկայիս ղեկավարությունից։

«Հայ երիտասարդության ապագան մութ կլինի, այն մշտապես այդ իրադարձություններին կնայի սեւ ակնոցով (ըստ երեւույթին, Էրդողանի պատկերացմամբ՝ 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը, որը մեկուկես միլիոն հայերի բնաջնջմանը հանգեցրեց, պետք է նայել վարդագույն ակնոցով- Ա.Գ.)։ Ղարաբաղը զավթված է, եւ զավթիչը հայտնի է։ Սա ասում ենք ոչ միայն մենք, այլեւ ՄԱԿ-ը։ Հակամարտության կարգավորմանը սխալաբար մոտենալը բնորոշ է Հայաստանին։ Կարո՞ղ է նման մոտեցում լինել։ Ի՞նչ է դա նշանակում,- հարց է տալիս Էրդողանը։- Հայաստանը կարող է նույնիսկ ցանկացած ժամանակ պատերազմ սկսել Թուրքիայի դեմ, կարո՞ղ է այսպիսին լինել պետական գործիչը» (հասանք նրան, եղբա՛յր հայեր, որ Թուրքիայի վարչապետն անհանգստանում է հայ նախագահի համբավի մասին։ Քիչ է մնում` շնորհակալություն հայտնենք մեր նախագահին գովազդելու համար- Ա.Գ.),- ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել Թուրքիայի վարչապետը։

«Սարգսյանը մեծ սխալ է արել, նա պետք է ուղղի այն, ներողություն խնդրի»,- շարունակում է Թուրքիայի վարչապետը։ Էրդողանի՝ առաջին հայացքից դատարկ թվացող բառավարժանքում բազմաթիվ քաղաքական թերասություններ կան։ Ի՞նչ ենք հասկանում նրա այս պնդումից։

Միանգամայն գովելի է, որ Հայաստանի նախագահին «պարսավելիս» նա հղում է կատարում ՄԱԿ-ին։ Դրա համար շնորհակալ ենք նրան։ Սակայն նախքան կանխակալ կերպով ՄԱԿ վերաբերմունքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հղում կատարելը՝ Թուրքիայի վարչապետին չէր խանգարի հիշել ինքնիշխան Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացման մասին։ Եվ այդ դեպքում պարոն Էրդողանի՝ ՄԱԿ-ին հղումներն այլ կերպ, քան քաղաքական ցինիզմ չես անվանի։

Բա նրա լացուկոծը Լեռնային Ղարաբաղի հետ կապված. «Իմ հարգելի եղբոր (նկատի ունի Իլհամ Ալիեւին- Ա.Գ.) հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ մենք հնարավորություն ունեցանք հանգամանալիորեն դիտարկել երկկողմանի կապերն ու տարածաշրջանային հարցերը... Բայց, իհարկե, ամենագլխավորը՝ մենք հնարավորություն ունեցանք կրկին քննարկել Լեռնային Ղարաբաղի թեման։ Մեր դիրքորոշումը, մտքերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի թեմայի հետ, այսպիսին են. ինչպես Լեռնային Ղարաբաղի թեման արնածոր վերք է Ադրբեջանի համար, այնպես էլ հարկ է, որ իմանաք, այն արնածոր վերք է նաեւ մեզ համար։ Մենք այլ կարծիք ունենալ չենք կարող։ Մենք հետամուտ ենք այս հարցին եւ հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ»։

Իհարկե, նման բան ասելով՝ Էրդողանը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում։ Նախ՝ աչքի է զարնում այն, որ շատ է ուզում խաղաղարարի պատմուճան հագնել։ Չէ՞ որ մարդը, որ հավակնում է Իսլամական աշխարհի նորահայտ առաջնորդի դերին, «արնածոր վերք» բառերից հետո պետք է որ իր հավատակիցներին ջիհադի կոչ աներ... Բայց չէ՜։ Այս անգամ «պլստաց», պարոն Էրդողանը մտադիր է միայն հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, այնպես որ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կարող են հանգիստ շունչ քաշել. Թուրքիան առայժմ խաղաղ է տրամադրված։

Երկրորդ հասցեատերն Ադրբեջանն է։ Հաշվարկը պարզ է. թող նրա ադրբեջանցի եղբայրը, ասել է թե՝ Իլհամ Ալիեւը, ստույգ իմանա, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ճակատագիր, մեկ ընդհանուր «արնածոր վերք» ունեն՝ Լեռնային Ղարաբաղը։ Մի խոսքով՝ Էրդողանը հասկանալ է տալիս Իլհամ Հեյդարովիչին, որ վայել չէ ձգձգել ՆԱԲՈՒԿԿՈ նախագծին Ադրբեջանի ռեալ միանալու հարցի լուծումը, բնականաբար այն պայմաններով, որոնք կթելադրի ավագ եղբայրը՝ Թուրքիան։ Մանավանդ որ նրանց երկրների միջեւ միջպետական բարձր հարաբերությունների պայմաններում Ադրբեջանին սազական չէ սակարկել Թուրքիայի հետ գազի մատակարարման գնի շուրջ։ Ինչպես վաճառում էին 1000 խորանարդ մետրը 120 դոլարով, այդպես էլ պետք է վարվեն այսուհետ։ Չի կարելի, չէ՞, ի վերջո, որ Ադրբեջանը Թուրքիան համեմատի Ռուսաստանի հետ, որին 1000 խորանարդ մետրը կրկնակի թանկ գնով են տալիս։

Միաժամանակ Թուրքիայի վարչապետի կայսերական-ազգայնական դատողություններից քաղված գլխավոր դասն այն է, որ նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, նոր Օսմանյան կայսրության վերածննդի քաղաքականությունը մեր օրերում հետեւողականորեն կենսագործվում է։ Դրա համար բավական է հիշել թուրք վարչապետի վերջին 3-4 ամիսների ելույթներն ու հայտարարությունները, որ արել է Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ծավալված իրադարձությունների հետ կապված։

Այս քաղաքական գործիչն այնքան ցինիկ է եւ լպիրշ, որ ՀՀ նախագահի՝ երիտասարդությանն ուղղված «ակտիվ, աշխատասեր, օգտակար լինելու» միանգամայն խաղաղ հորդորները բնութագրում է պետական գործչին անվայել։ Չգիտես ինչու Հայաստանի նախագահի վերջին շրջանի ելույթներն առաջ են բերում ինչպես թուրք վարչապետի, այնպես էլ Ադրբեջանի նախագահի անթաքույց կատաղությունը։

Միաժամանակ հատկանշական է, որ երիտասարդության հետ Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման առաջին հակազդեցությունը եղավ ս.թ. հուլիսի 26-ին, այսինքն՝ նրա ելույթից երեք օր հետո։ Առաջին հակազդեցությունը Թուրքիայի արտգործնախարարության մամլո քարտուղար Սելջուկ Ունալի հայտարարությունն էր։ Ըստ թուրքական Հանրային հեռուստատեսության՝ նա ասել է. «Մենք դատապարտում ենք նախագահ Սարգսյանի պատասխանը Հայաստանում հուլիսի 25-ին կազմակերպված (իրականում՝ հուլիսի 23-ին- Ա.Գ.) հայոց լեզվի եւ գրականության մրցույթի մասնակցի հարցին։ Ժողովուրդների միջեւ թշնամանքի սերմանումը, երիտասարդության եւ ապագա սերունդների մեջ ատելության ձեւավորումը չափազանց անպատասխանատու վերաբերմունք է։ Սարգսյանի արտահայտությունները, որոնցից նա հարկ չի համարում խուսափել, ընդ որում՝ այն ժամանակ, երբ թափ են հավաքում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը (նրանց տրամաբանությամբ՝ Հայաստանի շրջափակումը խաղաղության հաստատման լավագույն ճանապարհն է- Ա.Գ.), ցույց են տալիս, որ նա մտադիր չէ աշխատել հաշտեցման ուղղությամբ։ Մենք վստահ ենք, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում են տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանը եւ կայունությանը, անհրաժեշտ եզրակացություններ կանեն մեզ համար այս դառը, անփառունակ արտահայտություններից»։

Բնականաբար հարց է ծագում. իսկ ինչո՞ւ պաշտոնական Անկարան հանկարծ բուռն եւ անհամարժեք կերպով արձագանքեց Հայաստանի նախագահի խիստ կշռադատված եւ խաղաղասեր ելույթին։ Ընդ որում, ինչպես վերը նշվեց, սկզբում եղավ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, իսկ մեկ օր հետո թեմային անդրադարձավ նաեւ վարչապետը։ Ի՞նչ կարող էր նշանակել սա։

Պատասխանը շատ պարզ է։ Այսպես, ս.թ. հուլիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը Ստամբուլում էր՝ մասնակցելու համար Լիբիայի գծով շփման խմբի նիստին, Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի, վարչապետ Ռ.Էրդողանի, արտգործնախարար Ա.Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ շոշափել է Հայաստանի հետ այս երկրի հարաբերությունների թեման։ Միաժամանակ, ինչպես հայտարարել է նրան ուղեկցող բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչը, ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Միացյալ Նահանգներում ցանկանում են տեսնել երկու երկրների (այսինքն՝ Թուրքիայի եւ Հայաստանի- Ա.Գ.) հարաբերությունների կարգավորումը»։ Հայտարարվել է նաեւ այն մասին, թե «մենք կարծում ենք, որ դա պատմական նախագիծ կլինի»։

Հատկանշական է նաեւ այն, որ թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարների հետ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման ժամանակ նա կրկին անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հարցին։ Ընդ որում՝ թուրքական տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին ավելի շատ զարմացրել է ԱՄՆ պետքարտուղարի հարցն այն մասին, թե ինչու է թուրքական ընդդիմությունն ընդդիմանում հայ-թուրքական ստորագրված Արձանագրություններին։

«Թուրքիայի իշխանություններն ինձ ասում են, որ ստորագրված հայ-թուրքական Արձանագրությունների հարցը խորհրդարան չի մտցվում, քանի որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը դեմ է հանդես գալիս»,- նշել է Հիլարի Քլինթոնը։ Ինչին ի պատասխան, կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն զարմացել է՝ ընդգծելով, թե իշխանությունները խորհրդարանում մեծամասնություն են եւ ցանկացած պահի կարող են վավերացնել այդ Արձանագրությունները։

Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի՝ հայկական կողմին հասցեագրված պահանջի կատարմանը Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի ելույթի հետ կապված, ապա այս հարցում, կարծում ենք, հայկական կողմը ստիպված կլինի հիասթափեցնել նրան։ Ամբողջ խնդիրն այն է, որ Էրդողանից ներողություն խնդրելու հերթը, ավաղ, այդպես էլ մեր նախագահին չի հասնի։ Չէ՞ որ, Էրդողանի սահմանած ժամանակագրության համաձայն, թուրք վարչապետի սեւեռուն այս գաղափարի իրականացման «հերթի մեջ են» Ասիայի, Եվրոպայի, Լատինական Ամերիկայի երկրների ավելի քան երկու տասնյակ ղեկավարներ, ԱՄՆ տարբեր նահանգների մոտ քառասուն նահանգապետեր, միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, որոնք, ի հեճուկս Էրդողանի, ճանաչել եւ դատապարտել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Էլ չեմ խոսում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին, որոնք միանգամայն մատչելի ձեւով բացատրել են Թուրքիային, որ այդ երկիրը Եվրամիությունում տեղ չունի։ Առավել եւս՝ էլ չենք խոսում ՄԱԿ-ի բոլոր անդամների մասին, բացի իրենից՝ Թուրքիայից, որոնք այդպես էլ չանսացին Թուրքիայի աղերսանքներին, իսկ երբեմն էլ՝ նախազգուշացումներին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ճանաչման մասին։

Կուզենայինք սույն հոդվածն ավարտել խաղաղ նոտայով՝ խնդրելով Ռեջեփ Էրդողանին հուլիսյան այս անտանելի շոգին, որ հաստատվել է Մեծ Մերձավոր Արեւելքում, էլ ամպագոռգոռ քաղաքական հայտարարություններ չանել։ Չէ՞ որ շատ վերլուծաբաններ, մանավանդ՝ պետությունների առաջնորդներ, ծանոթանալով դրանց, կարող են պարզապես հիասթափվել Թուրքիայի վարչապետից։ Ուղղակի ասեմ, մենք Հայաստանի Հանրապետությունում նույնպես կուզենայինք, հանձին Թուրքիայի Հանրապետության վարչապետի, լուրջ պետական գործչի տեսնել։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ, «Հյուսիսային հեռանկար» հասարակական կազմակերպության վարչության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր