ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԱՐԳԻՆԱԼՆ ՈՒ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾԸ

17.03.2011, Հայոց Աշխարհ

Աշխարհի հետախուզություններում չգրված օրենք է. երբ գործակալը բացահայտվում է, ապա տիրոջ կողմից հետ է կանչվում:
Լինում են նաեւ դեպքեր, երբ գործակալները տեւական ժամանակ օտարության մեջ գտնվելու հանգամանքից հոգնած, բեզարած լինելով կամ էլ կանխազգալով իրենց ծավալած լրտեսական գործողությունների մոտալուտ ձախողումը, միտումնավոր ինքնաբացահայտվում են: Ահա նման մի իրավիճակի ականատես դարձանք Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդի (խոսքը Ռիչարդ Առյուծասրտի մասին չէ) մեր Կիրակոսյանի պարագայում:
Վերջինս առանձնահատուկ հիվանդագին է ընդունում «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի հրապարակումները: Պատճառը մեկն է. Ա.Գեղամյանի բերած փաստերին ու գնահատականներին եւ ոչ մի բան չկարողանալով հակադրել, պարոն Ռիչարդը քաջ գիտակցում է, որ իր բազմաթիվ ասուլիսներում ասվածները հօդս են ցնդում:
Եվ ահա պարոն Ռիչարդը, մոռանալով, որ ինքը օտարերկրացի է, իրեն իրավունք է վերապահում, քիթը խոթել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, «Ազգային Միաբանություն կուսակցությանը» անվանարկելով «առավել քան վարկաբեկված ու մարգինալ», իսկ նրա նախագահության անդամ, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր ընտրված Արա Սիմոնյանի ընտրությունը պայմանավորում է նրանով, որ «մարդիկ են ծեծվում, արդյունքներ են կեղծվում...»:
Երբ ծանոթացանք մեր հասցեին արված նրա այս բարբաջանքի հետ, սկզբում մտածեցինք չարձագանքել, չկարեւորել օտարերկրացու զառանցանքը, սակայն, երբ խորացանք նույն այդ Ռիչարդի մեկ այլ «սենսացիոն բացահայտման» մեջ, ապա մեր պարտքը համարեցինք տալ որոշ գնահատականներ:
Այսպես, երեկ՝ մարտի 16-ին, «Ժամանակ» թերթին «ԱՄՆ-ում Սարգսյան-Գյուլ գաղտնի հանդիպում է նախատեսված» խորագրով հարցազրույցում ուստա Ռիչարդը լրագրողի այն հարցին, թե. «Մի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտը իր զեկույցում սուր քննադատում է ՀՀ իշխանություններին, մյուս կողմից` Օբաման հրավիրում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոն՝ մասնակցելու ինչ-որ միջոցառման: Սա մտրակի ու քաղցրաբլիթի քաղաքականության դրսեւորում չէ՞»- տալիս է յուրօրինակ մի պատասխան. «Այստեղ թվում է, թե հակասություն կա, սակայն իրականում այն չկա: Սերժ Սարգսյանը հրավիրվել է Վաշինգտոն, բայց ոչ Սպիտակ տուն: Թեեւ նա մասնակցելու է Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովին, սակայն հրավերի իրական պատճառներն այլ են:
Նախ` դա կապ ունի Իրանի հետ. ԱՄՆ-ում փորձելու են համոզել, որ այս անգամ Հայաստանն Արեւմուտքի հետ միասին լինի Իրանի դեմ: Երկրորդ գաղտնի պատճառն այն է, որը ես բացառիկության կարգով կասեմ, որ ԱՄՆ-ում գաղտնի հանդիպում է նախատեսված Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ»:

Բա՛, սիրելի ընթերցող, բանից պարզվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերը` Սերժ Սարգսյանին ապրիլի 11-ից 13-ը ԱՄՆ պաշտոնական այց կատարելու մասին, պետք չէ ընկալել որպես Սպիտակ տան հրավեր... քանի որ դրա մասին նախապես իրազեկված չի եղել Ռիչարդ Կիրակոսյանը: Սա մի հանգամանք:
Հանգամանք երկրորդ. ուստա Ռիչարդը, լինելով ԱՄՆ քաղաքացի, ժամանակին տված հարցազրույցում, ըստ էության, անգնահատելի նվեր է մատուցում Իրանի հատուկ ծառայություններին` «գաղտնազերծելով», թե իրականում ինչու համար են Սերժ Սարգսյանին հրավիրել Վաշինգտոն («որ այս անգամ Հայաստանը Արեւմուտքի հետ միասին լինի Իրանի դեմ»): Խելքիդ ձյուն գա, Ռիչարդ Կիրակոսյան, ումից փող ստանաս, ում համար աշխատես...
Հանգամանք երրորդ. Եթե ի դեմս ուստա Ռիչարդի ունենք այն աստիճանի իրազեկված մեկը, որը քաջատեղյակ է նախագահ Օբամայի կողմից գաղտնի հանդիպումների կազմակերպմանը եւ դրանց օրակարգին, ավելին հակված է դրանք գաղտնազերծել, ապա արդյոք ժամանակը չէ՞, որ մեր իշխանությունները, հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները, այս վտանգավոր դարձած բացբերանի նկատմամբ համապատասխան վերաբերմունք դրսեւորեն:
Ելքերից մեկը, թերեւս, այն է, որ տարիներ առաջ մեր երկրին ԱՄՆ-ի կողմից մատուցված Ռիչարդ Կիրակոսյան անուն ազգանունով նվերը հետ ուղարկեն իր մշտական բնակության վայր: Հակառակ դեպքում մեկ էլ տեսար ուստեն ոգեւորվեց ու ԱՄՆ վարչակարգի հույժ կարեւոր այլ գաղտնիքներ էլ բացահայտեց։
Այս ամենից հետո, պարոն Ռիչարդ Կիրակոսյան, «մարգինալը», «վարկաբեկվածը» ով է` դո՞ւ, թե՞ քո ով լինելդ բացահայտողները:

 

ԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր