ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ
29.03.2011, Հայոց Աշխարհ
Վերջին ժամանակներս հհշական լրատվամիջոցներում ավելի ու ավելի շատ են հայտնվում սադրիչ բնույթի, ռուսատյացությամբ լի հոդվածներ։ Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ի որոշակի հատվածին հանգիստ չեն տալիս բեկումնային այն նախաձեռնությունները, որոնցով ռուս-հայկական հարաբերություններում հագեցած էր անցած մեկուկես տարին։
Դրանց գագաթնակետը դարձավ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական առաջին այցը Հայաստան, այցի ընթացքում վեց պայմանագրերի ստորագրումը, որոնց թվում կարեւորագույն արձանագրությունը, ըստ որի՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը երկարաձգվել է 49 տարով։
Այս ֆոնին, երբ կարդում ես Հայաստանում ՌԴ դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի հասցեին հերթական զազրախոսությունը, կոպիտ զրպարտանքը, ակամա հիշում ես վերջին երկու տասնամյակի նրա բոլոր «մեղքերը»։
Լեւոնականներին հանգիստ չի տալիս այն, որ Վ.Կրիվոպուսկովի անմիջական նախաձեռնությամբ է ստեղծվել Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը, որի շնորհիվ հայ գիտնականների 15 ինովացիոն նախագիծ արտադրության ուղեգիր են ստանում։ ՀԱԿ-ը, մի կողմից, քննադատում է երկրում տիրող սոցիալական վիճակը եւ միաժամանակ զրպարտում Կրիվոպուսկովին, որի նախաձեռնությամբ «Ռոսսոտրուդնիչեստվոն» միջազգային հումանիտար օգնություն է իրականացնում «դպրոցական նախաճաշեր» համաշխարհային պարենային ծրագրի շրջանակում, որն ընդգրկում է 50 հազ. հայ դպրոցականի։ Այդ ծրագրի իրագործման համար Ռուսաստանը 8 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել։
Հավանաբար, Միջտարածաշրջանային համագործակցության Ռուս-հայկական շատ խոստումնալից համաժողովի նախօրեին, որը տեղի է ունենալու ապրիլի երկրորդ տասնօրյակում Երեւանում, նրանք շատ են ուզում փչացնել ռուս դիվանագետների տրամադրությունը։ Գուցե հույս ունեն, թե այդ նույն օրերին բացվելիք արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային ցուցահանդեսում անկյուն կհատկացվի առանձնապես աչքի ընկած ռուսատյացների ու զրպարտիչների համար՝ իրենց հակառուսական գործերը ներկայացնելու հնարավորություն տալու նպատակո՞վ։
Լեւոնականներին հավանաբար շփոթության մեջ է գցել այն տեղեկատվությունը, թե այդ համաժողովների աշխատանքին անմիջական մասնակցություն են ունենալու ռուսական բիզնես-էլիտայի ներկայացուցիչները եւ ՌԴ մարզերի ղեկավարությունը։ Նրանք հիանալի հասկանում են, որ տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության նախանշված ծրագրերի իրագործմամբ մեզանում կխթանվի փոքր ու միջին բիզնեսի զարգացումը։ Կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր, նոր զարգացում կստանան կոոպերացիան, մեր ձեռնարկությունների տեխնիկական վերազինումը, ձեռնարկությունների եւ ընկերությունների ինովացիոն զարգացման լավ հնարավորություններ կբացվեն, ինչը, իր հերթին, կապահովի հայաստանյան ապրանքների մրցունակությունը։
Գուցե Վիկտոր Կրիվոպուսկովին Լեւոնը եւ նրա քարոզիչները ոչ մի կերպ չեն կարողանում ներել նրա գործունեությունը 90-ական թվականների սկզբին։ Նա գործուղվել է Ղարաբաղ՝ որպես ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ։ Նրան լավ ճանաչում եւ նրա հետ սերտորեն համագործակցում էին ղարաբաղյան ընդհատակի ղեկավարները։ Այդ հիշարժան օրերից 20 տարի անց, այսօր արդեն կարելի է բացահայտ ասել, որ Վ.Կրիվոպուսկովը ինքն էլ փաստորեն ղարաբաղյան ընդհատակի անդամ էր։ Նրան եւ իր ենթակայության ներքո գտնվող ԽՍՀՄ ՆԳՆ այլ սպաներին (գնդապետներ Գուդկով, Շեւելյով, Տկաչ, Կուզնեցով, գեներալներ Կովալյով, Վորոնով, Նեկռիլով, Ստարիկով եւ շատ ուրիշներ) բնորոշ կամային հատկանիշների եւ համարձակ ու արդարացի գործողությունների շնորհիվ, այն բուռն իրադարձությունների ականատեսների վկայությամբ, մահից եւ ադրբեջանցիների անարգանքից փրկվեցին հարյուրավոր ղարաբաղցիներ, տասնյակ ու տասնյակ ազատամարտիկներ, որոնք հետագայում կազմեցին Ղարաբաղի ու ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ-ի Ինքնապաշտպանության բանակի միջուկը։
Անկեղծ ասած, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդալով Վիկտոր Կրիվոպուսկովի դեմ ուղղված զրպարտչագիրը, ինձ թվաց, թե դրա հերքմամբ հանդես կգա Լ.Տեր-Պետրոսյանը, որը 1991թ. անձամբ էր խնդրել Վիկտոր Կրիվոպուսկովին գնալ Լեռնային Ղարաբաղ՝ խիստ դժվար, բայց բացառապես ազնիվ մի առաքելությամբ, որը նա հաջողությամբ իրագործեց։
Այն, որ հհշական լրատվամիջոցների թիրախն է դարձել Վ.Կրիվոպուսկովը՝ ռուս սպա-դիվանագետը, «Խռովյալ Ղարաբաղ» գրքի հեղինակը, շատ բանի մասին է խոսում։ Սակայն եթե ոմանք հույս ունեին, թե Ռուսաստանի արժանավոր ներկայացուցիչներին սեւացնելն ու զրպարտելը կսասանի նրանց վերաբերմունքը Հայաստանի եւ հայերի նկատմամբ, ապա նրանք պարզապես սխալվել են։
Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ վստահությունը մարդիկ են ստեղծում, որոնց թվում արժանի տեղ է զբաղեցնում Վ.Կրիվոպուսկովը
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ