ՀԱՆԳՉԵՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ։ ԱՄԵՆ
01.02.2011, Հայոց աշխարհ
Այն, որ «Ազգային Միաբանություն կուսակցության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի «Ռուսաստանի մասնատման ռազմավարությունը մտնում է թե՞ժ փուլ» հոդվածը, որ տպագրվել էր հունվարի 14-ին «Հայոց Աշխարհ» օրաթերթում, մեկ օր անց Ռուսաստանի Regnum Դաշնային լրատվական գործակալության կայքում, Մոսկվայում հրատարակվող «Նոյեվ Կովչեգ»-ում, այնուհետեւ հունվարի 20-ին` «Գոլոս Արմենիի» թերթում, բացառիկ լայն արձագանք է ունենալու, ի սկզբանե, կասկածից վեր էր:
Ըստ որում, ուշագրավ է, որ Ա.Գեղամյանի վերլուծականում բարձրացված հարցերին անդրադարձան երեք տասնյակից ավելի ռուսաստանյան էլեկտրոնային կայքեր, բազմաթիվ բլոգերներ: Հոդվածին տրված ընդհանուր, գերիշխող գնահատականը, բացառությամբ մեկ-երկուսի, նույնն էր` Ա.Գեղամյանի արծարծած հարցերը խիստ արդիական են։ Եվ հույս էր հայտնվում, որ դրանք կարժանանան Ռուսաստանի, նաեւ ԱՊՀ երկրների պետական մարմինների մանրակրկիտ ուսումնասիրմանը, ինչին էլ, ըստ արձագանքների, պետք է հաջորդի գործնական քայլերի ձեռնարկումը: Հակառակ պարագայում` ազգամիջյան հարաբերությունների սրման հետեւանքով թե՛ ՌԴ-ն, թե՛ Հայաստանը, թե՛ ԱՊՀ երկրները կարող են լուրջ փորձությունների ենթարկվել` դառնալով արյունալի բախումների թատերաբեմ:
Եվ ահա այս համապատկերում, Ա.Գեղամյանի հոդվածի հրապարակումից տասնհինգ օր անց` անցած շաբաթ օրը, օտարների խոսափողի համբավ ունեցող թերթերից մեկում լույս տեսավ Ռիչարդ Գիրագոսյանի աշակերտ Սարո Սարոյանի հոդվածը: Դե ինչ, պարոն Գիրագոսյանն իր հիմնական առաքելությունը Հայաստանում, ճիշտ է, ձախողել է, սակայն ազդեցության գործակալին հատուկ առանձին հմտություններ դեռ չի մոռացել: Մասնավորապես նա լավ ուսումնասիրել է, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» երբեք չի արձագանքում քաղաքական աղբանոցում հանգչող դիակներից գարշահոտություն տարածող զանազան գրավոր բարբաջանքներին: Չի արձագանքում անգամ իսկ այն պարագայում, երբ լեւոնապաշտ էլեկտրոնային առանձին կայքերում օտարի ձեռքում դհոլի դեր ստանձնած Լեւոնի կերպարը սոցհարցումներով, այնուամենայնիվ, ներկայացվում է որպես քաղաքական կատեգորիա:
Սակայն այս անգամ ռիչարդ գիրագոսյան- սարո սարոյան հեղինակի հոդվածում կան «ուշագրավ», հետն էլ վտանգավոր հարցադրումներ, որոնք ոչ միայն խորհելու տեղիք են տալիս, այլեւ բացահայտում են Հայաստանում բուն դրած ռուսատյացության, մեր երկրի ռազմաքաղաքական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, հայ-ռուսական դարավոր բարեկամության դեմ կատաղի պայքար մղողների հեռահար նպատակները: Դրանք պատռում են այդ մարդկանց դիմակները, ի ցույց դնում այդ գործի հիմնական դերակատարներին ու նրանց հասցեները: Ուստի համառոտ անդրադառնանք սեփական հուսահատությունը հաստատող նրանց դրույթներին:
Այս օրերին, երբ միջազգային հանրությունը գոհունակությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնային ժողովի երկու պալատների, այնուհետեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վավերացրած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքած CHB- 3 պայմանագիրը, հանկարծ Հայաստանում իրեն ԱՄՆ-ի իշխանական շրջանակներին իբր մոտ կանգնած դիրքավորվողներից մեկը` Ռ.Գիրագոսյանը, թաքնվելով իր իսկ ստեղծած դհոլ-վուվուզել` Սարո Սարոյանի թիկունքում, հերթական անգամ հանդես է գալիս ռուսատյացությամբ, այս պարագայում նաեւ հայատյացությամբ լի հոդվածով: Դրանով իսկ համոզիչ կերպով ապացուցում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հռչակած ու ՌԴ-ի հետ հետեւողականորեն իրականացվող վերաբեռնավորման քաղաքականությունն անթաքույց հակառակորդներ ունի ոչ միայն հենց ԱՄՆ-ում (իրողություն, որին անդրադարձել էր նաեւ Ա.Գեղամյանն իր հոդվածում, դա բնութագրելով որպես «վերաբեռնավորման» ստվերային կողմ), այլեւ, ավա՜ղ, նաեւ Հայաստանում` ի դեմս սարոսարոյանների թիկունքում թաքնված առանձին մամուլի բնութագրմամբ լրտես-ձախողակների:
Եվ ցավ ես ապրում, որ Հայաստան-ԱՄՆ բարեկամական հարաբերությունները, որոնք երկար տարիների պատմություն ունեն ու առաջիկայում էլ զարգացում են ապրելու` նաեւ շնորհիվ ՌԴ-ԱՄՆ ձեւավորվող ռազմավարական հարաբերությունների, լաքոտվում են քաղաքականության մեջ գյադա-գյուդաների համարում ունեցողների կողմից:
Որ նրանք իրապես պատվեր կատարողներ են, ակնհայտ է դառնում թեկուզ այն հանգամանքից, որ «սուր» քննադատության են ենթարկում Արտաշես Գեղամյանի հիշատակած հոդվածի այն դրույթը, որտեղ անդրադարձ կա Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու դպրոցների բացման խնդրին: Խնդիր, որի մասին Ա.Գեղամյանը խոսել է դեռ 2010թ. մայիսին:
Միայն այն հանգամանքը, որ սարոգիրագոսյան հոդվածագիրը Ա.Գեղամյանի վերլուծականից հետո այն աստիճան է կորցրել ինքնատիրապետումը, որ ուշքի է եկել եւ դրան արձագանքել երկու շաբաթ անց, ինքնին խոսուն փաստ է: Ավելին, հոդվածագիրն իրեն դնում է ռետինե խողովակի կարգավիճակում, երբ միայն 2011թ. հունվարի 29-ին է «ջախջախիչ» քննադատության ենթարկում դեռ 2010թ. մայիսի 19-20-ին «Հայոց Աշխարհում» եւ ռուսերեն մայիսի 26-ին Regnum Ռուսաստանի Դաշնային գործակալության կայքէջում Ա.Գեղամյանի տպագրած «Դպրոցը մեզ պատրաստում է կյանքի` այն աշխարհում, որը գոյություն չունի», «ԸՐՎ'վրՍՈ' ՔՍՏսՈ չՏՑՏՉՌՑ Ս ՋՌջվՌ, ՍՏՑՏՐՈ' վպ րցքպրՑՉցպՑ» հոդվածների դրույթները:
Ի՞նչ է սա~ ո՞ւշ միացում, թե՞ պատվերն է նոր իջեցվել: Իսկ միգուցե օտարալեզու դպրոցների թեմային միտումնավոր են անդրադարձել, որպեսզի, աղավաղելով խնդրո առարկայի վերաբերյալ Ա.Գեղամյանի գնահատականները, հետաքրքրություն առաջացնեն իրենց խղճուկ հոդվածի երկրորդ` հիմնական մասի նկատմամբ:
Ռիչա՛րդ սարոեւիչ եւ սարո՛ ռիչարդովիչ, հանգստացե՛ք, դուք ու մեր կուսակցության առաջնորդը` Արտաշես Գեղամյանը, քաշային տարբեր դիրքերից եք գործում: Դուք դրսի ուժերի պատվերն եք կատարում, որը հակասում է մեր պետական ու ազգային շահերին, իսկ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» եւ նրա առաջնորդը հանդես են գալիս հայոց պետականության անսասանությունն ապահովելու դիրքերից:
Սթափության կոչով էլ չենք դիմում ձեզ, քանզի գիտենք, որ այսուհետ համալրելու եք քաղաքական դիակների աղբանոցը: Հանգչեք խաղաղությամբ: Ամեն:
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության»
փոխնախագահ