ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

23.11.2010

Հարցազրույց «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ հետ

-Պարոն Գեղամյան, ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի նոյեմբերի 9-ի հանրահավաքում Լ.Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, թե «նժդեհական, ցեղապաշտական կամ ցեղակրոնական գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմ»:

-Տեր-Պետրոսյանի այդ ձեւակերպմանն անդրադառնալուց առաջ նախ պետք է գնահատական տալ նրա ելույթին ամբողջությամբ, որպեսզի ավելի պարզ դառնա, թե որո՞նք էին ցեղակրոնական գաղափարախոսությունն այդ աստիճան խեղաթյուրելու բուն պատճառներն ու նպատակները:

Եվ այսպես. ի՞նչ էր ուզում «ավետել» եւ ո՞ւմ էր հասցեագրված Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 9-ի ելույթը: Հանրահավաքի նրա խոսքը բացառապես հասցեագրված էր Ռուսաստանի Դաշնությանը, ԱՄՆ-ին, Եվրամիությանը եւ էքսքլյուզիվ իրավունքով` Թուրքիային ու Ադրբեջանին:

Ընթերցողը կարող է տարակուսել. չէ՞ որ նրա ելույթում բառ անգամ չկա Ռուսաստանի վերաբերյալ: Եվ այդ դիտարկումը միանգամայն ճիշտ է: Սակայն ելույթում թաքնված ճիզվիտություններից մեկն էլ հենց այստեղ է:

Տեր-Պետրոսյանի կողմից Ռուսաստանի անունը չհիշատակելն ամենեւին պատահական չէ: Այսպես. հանրահավաքից մի քանի օր հետո «Ա1+»-ի հյուրն էր ՀԱԿ-ին անդամակցած հիմնական կուսակցություններից մեկի առաջնորդը, որը ասես խնդիր ուներ անպայման շեշտել, որ Տեր-Պետրոսյանը ընդգծված ռուսամետ քաղաքական գործիչ է, իրեն հակառակ: Բանախոսը եթերում խոստովանեց, որ ինքը դավանում է արեւմտամետ կողմնորոշումներ, հանգամանք, որը իբր Տեր-Պետրոսյանի հետ իր սկզբունքային միակ տարաձայնությունն է:

Դրան հաջորդեց Ռուսաստանի հեղինակավոր REGNUM տեղեկատվական գործակալությունում Տեր-Պետրոսյանի ռուսամետ լինելու մասին հոդվածը, որտեղ ուղղակիորեն գրված է. «Դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, Լեւոն Զուրաբյանի Մոսկվա կատարած այցերից, ռուսաստանյան մամուլի հրապարակումներից` կարելի է պնդել, որ ՀԱԿ-ը միանգամայն ռուսամետ կազմակերպություն է: Տեր-Պետրոսյանը ասում էր, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալիները Ռուսաստանի ձեռքում են, որ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է ինտեգրված լինի Ռուսաստանի հետ»:

Հարց է ծագում. արդ, ինչպիսի մեծ շահագրգռություն պետք է լիներ, որպեսզի Տեր-Պետրոսյանը, որը հանրահավաքային նախորդ ելույթում ռուսաց թագավորներին հավասարեցրեց Օսմանյան կայսրության արյունարբու սուլթաններին, եւ որի անմիջական վերահսկողության ներքո գտնվող թերթերն օրնիբուն հակառուսական քարոզչությամբ, ռուսատյացությամբ են զբաղված, ներկայացվեր որպես ռուսամետ քաղաքական գործիչ:

 

Կրկին անդրադառնալով նոյեմբերի 9-ի հանրահավաքի ելույթին` նշենք, որ Տեր-Պետրոսյանը, չհիշատակելով ՌԴ-ն, անտարակույս, իր համար նահանջի տեղ է թողել, այն է` քաղաքական որոշակի զարգացումների պարագայում հաջողությամբ կարող է արդարանալ, թե ինչու չի տալիս Ռուսաստանի անունը: Իրեն հատուկ ցինիկությամբ Տեր-Պետրոսյանը, կասկածից վեր է, կարդարանա, ասելով (իհարկե, եթե դրսից պահանջեն), որ երբ հարցը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ապա Ռուսաստանին ապավինելն անիմաստ է, քանզի ՌԴ-ն էլ այդ ոլորտներում անելիքներ շատ ուներ:

-Այնուամենայնիվ, ի՞նչ դրդապատճառներից ելնելով Տեր-Պետրոսյանը նույնացրեց նժդեհականությունը եւ ռասիզմը:

-ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործում մեր երկրի դիվանագիտության անվիճելի կռվաններից է հիմնահարցի ծագման բուն դրդապատճառների բացահայտումը, դրդապատճառներ, որոնք միջազգային իրավունքի տեսակետից, անշուշտ, դրա անաչառ եւ անկողմնակալ կիրառման պարագայում, Հայաստանին հնարավորություն են ընձեռում անխոցելի դարձնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հիմնավորումները:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը իշխանություններին մեղադրելով ռասիզմ դավանելու մեջ, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում խարխլում է հայկական կողմի այն զորեղ հիմնավորումները, որ արցախյան ազատագրական պայքարը եղել է արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների իրականացրած ռասիզմի, ռասայական խտրականության քաղաքականության դեմ ուղղված ընդվզում: Ավելինª ՀՀ իշխող կուսակցությանը մեղադրելով ռասիզմի մեջ` նա անգնահատելի ծառայություն է մատուցում թե’ Ադրբեջանին եւ թե’ նրա շահերը միջազգային ատյաններում լոբբինգի ենթարկող ուժերին, հատկապես 1915-1923թթ. Հայոց ցեղասպանություն իրագործած Օսմանյան Կայսրության իրավահաջորդ Թուրքիային:

Մեր երկրի դեմ վերջիններիս փաստարկն այսուհետ հիմնվելու է այն դրույթի վրա, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը չի կարելի դիտարկել, բնորոշել որպես ռասիզմի դեմ պայքար: Քանի որ նրանք, վկայակոչելով Տեր-Պետրոսյանին, կարող են հայտարարել, որ ռասիստական գաղափարախոսություն դավանող Հայաստանի Հանրապետությունը չի կարող, անտրամաբանական է, եթե մեղադրում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականություն իրագործելու համար:

Ցավոք, այս պարագայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում հայ դիվանագիտության համար արդեն խիստ դժվար կլինի գտնել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1965թ. դեկտեմբերի 21-ին ընդունված եւ 1969թ. հունվարի 4-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված հիմնավորումներ: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջիկա զարգացումներին ընդառաջ էր Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցվել ռասիզմի մեջ ՀՀ իշխանություններին ամբաստանումը:

Եվ միանգամայն սպասելի էր, որ դրանից շտապեցին օգտվել նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կազմակերպիչներից ոմանք, որոնք «21-րդ դարի ընդհանուր մարտահրավերների համատեղ դիտարկում» փաստաթղթում փորձ էին արել նշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հռչակված երեք սկզբունքներից միայն մեկը: Ավա¯ղ, խոսքն ամենեւին էլ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին չէր, այլ հակամարտող կողմերի տարածքային ամբողջականության վերաբերյալ էր:

Ինչեւէ. արդեն իսկ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթը ուժի միջազգային կենտրոնների կողմից ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի դեմ իրականացվող համակարգված քաղաքականության մեջ ճնշման շատ կարեւոր մի նոր գործոն դարձավ:

- Պարոն Գեղամյան, դուք անդրադարձաք օրերս Լիսաբոնում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ինչպե՞ս կգնահատեք դրա աշխատանքներին չմասնակցելու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:

- Նախ հիշեցնեմ, որ 2009 եւ 2010 թթ. G-8-ի շրջանակում անցկացվող գագաթաժողովների ժամանակ իտալական լ’Աքվիլայում եւ կանադական Մոսքոկում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներ Դ.Մեդվեդեւը, Բ.Օբաման եւ Ն.Սարկոզին հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված համատեղ հայտարարությամբ, որտեղ հատուկ հիշատակված էին այն երեք հիմնական սկզբունքները, որոնց շրջանակում պետք է ընթանան բանակցությունները, եւ խնդրո առարկայի վերաբերյալ ընդունվի վերջնական պայմանագիրը:

Այդ սկզբունքներն են. ԼՂՀ-ի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է ապահովվեն տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները: Եվ հիմա հանկարծ փորձ է արվում հրապարակ բերել մի փաստաթուղթ, որում անտեսված են այդ սկզբունքներից երկուսը:

Այստեղ հարկ է վերստին հիշել, որ ս. թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական 7-րդ հանդիպման ժամանակ ընդունված համատեղ հայտարարության մեջ շեշտը դրված էր հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլերի վրա: Այդ հանդիպումն արժանացել էր պաշտոնական Վաշինգտոնի, Փարիզի եւ Բրյուսելի դրական գնահատականին: Այս պարագայում, ահա, Լիսաբոնյան գագաթաժողովի շրջանակում ընդունված փաստաթղթերից մեկում, ինչպես վերը հիշատակեցի, փորձ էր արվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ամրագրել այնպիսի դրույթ, որը, ըստ էության, ի չիք էր դարձնում ոչ միայն 2008թ. Մայնդորֆի, 2009թ. լ’Աքվիլայի, 2010թ. Մոսքոկի, այլեւ 2010թ. Աստրախանի հռչակագրերը:

Իսկ թե ինչու էր փորձ արվել ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովում ադրբեջանանպաստ ձեւակերպումով փաստաթուղթ ընդունել` պարզից էլ պարզ է: ՆԱՏՕ-ի որոշ շրջանակներ ադրբեջանական իշխանություններին ասես թե դրանով փորձելու էին գայթակղել, հրապուրել հնարավոր այն հեռանկարներով, որոնք կբացվեն Ադրբեջանի առջեւ, եթե վերջինս ինտեգրվի Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե միակողմանիորեն որոշում կայացնի հօգուտ Ռուսաստանի տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերին մրցակից NABUCCO գազատարի: Ընդ որում` նաեւ հասկացնելով, որ եթե Ռուսաստանի ջանքերը մեր տարածաշրջանում հիմնականում ուղղված են խաղաղության պահպանմանը, հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության հաստատմանը, ապա իրենք պատրաստակամություն են հայտնում երաշխավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` «հաշվի չառնելով» անգամ G-8-ի շրջանակում նախագահներ Օբամայի եւ Սարկոզիի արտահայտած կարծիքը: Կարծում եմ, այս հարցերը առաջիկայում լուրջ ուսումնասիրության առարկա կդառնան, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների համար:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի` Լիսաբոն չմեկնելու իմ գնահատականին, ապա այդ որոշումը վերստին վկայում է ՀՀ քաղաքական իշխանությունների վստահելի գործընկեր լինելու, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի վերը հիշատակված հռչակագրերի ոգուն բարեխղճորեն հետեւելու, ինչպեսեւ Դ.Մեդվեդեւի նախաձեռնությամբ ընդունված Մայնդորֆի ու Աստրախանի հայտարարությունների դրույթներին հավատարմության մասին:

Միաժամանակ դա նաեւ զգուշացում էր, որ ս. թ. դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանը կօգտվի «վետոյի», ԵԱՀԿ գագաթաժողովի կողմից փաստաթուղթ ընդունելու արգելափակման իր իրավունքից եւ չի ստորագրի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, որը չի բխի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների վերը հիշատակած համատեղ հայտարարությունից: Բնականաբար հարկ է նկատի ունենալ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հայտնի երեք սկզբունքների կատարման երաշխավորումը. ԼՂՀ անկախության ճանաչում, անվտանգության երաշխավորում եւ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ սահմանի ապահովում: Սկզբունքներ, որոնց մասին քանիցս պաշտոնապես հայտարարել են ՀՀ նախագահը եւ արտգործնախարարը:

Ավարտելով ձեր տված հարցի պատասխանը, նկատենք, որ Սերժ Սարգսյանի որոշումը` չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, ծառայեց իր նպատակին: Այսպես. նոյեմբերի 20-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին` ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում, պատասխանել էր, որ չի պատկերացնում, թե այդ հարցի լուծման համար ի՞նչ կարող է անել ՆԱՏՕ-ն: Ասել կուզի` ադրբեջանաթուրքական լոբբինգը` ներքաշել ՆԱՏՕ-ն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ոլորտ, այն էլ ադրբեջանանպաստ դիրքերից, տապալվեց:

-Պարոն Գեղամյան, դուք հիշատակեցիք ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ ընդունելու հնարավորության մասին. ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինի այն:

-Իրավամբ մեր երկիրը կանգնած է բախտորոշ լուծումներ ընդունելու շեմին: Այսօր լուրջ քննություն պետք է բռնի ՀՀ քաղաքական դասը, ներկա ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ի զորու է լրջագույն քայլ կատարել Ազգային միաբանության` վաղուց ի վեր պահանջած ճանապարհին:

Կարծում եմ, առանձին բացառություններով հանդերձ, որոնց մասին արդեն իսկ ասվել է, մեր երկրի բոլոր կուսակցությունները` լինեն իշխանական թե ընդդիմադիր, հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը, հատկապես արեւմտյան երկրների եւ միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող (որպեսզի թոթափեն դրսի թելադրանքով գործելու մեղադրանքը), մեր մտավորականությունը պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող համազգային հռչակագրով: Կարծում եմ, այդ փաստաթուղթը կստորագրեն նաեւ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում ազատազրկված Արցախյան ազատամարտի մասնակիցները, բոլոր նրանք, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ թե աշխարհագրական անվանումներ են, այլ հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենամեծ ու նշանակալի ձեռքբերումը:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր