ԼԵՎՈՆ, ԴՈՒ ՄԻՇՏ ԷԼ ՕՏԱՐ ԵՍ ԵՂԵԼ

27.10.2010

Հազվադեպ է մեջս ցանկություն առաջանում դրվատանքի խոսք ասել Լ.Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենայի հասցեին: Սակայն երեկ տերպետրոսյանապաշտ թերթերից մեկն ինքն իրեն գերազանցեց: Լեւոնի վկաներին հանգիստ չի տալիս ս.թ. հոկտեմբերի 20-ին «Հայոց Աշխարհ»-ում «COSA NOSTRA-Ն Այնտեղ չէ, ուր փնտրում եք, պարոնայք» խորագրի ներքո տպագրված Արտաշես Գեղամյանի հոդվածը:

Իսկ դրվատանքի խոսքեր ասելու ցանկությունս պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին. լեւոնապաշտ թերթերը եւ նրանց տերերը դեռ վերջնականապես չեն կորցրել իրենց ինքնասիրությունը եւ փորձում են (ճիշտ է` շատ անհաջող) ինչ-որ կերպ արդարանալ իրենց եւ իրենց դրսից ու ներսից ֆինանսավորողների հասցեին հնչած առարկայական քննադատության առնչությամբ:

Երկրորդ. այս անգամ արդեն ուրախալի փաստն այն է, որ նրանք 4 արտատպելով Արտաշես Գեղամյանի դեռ 2005 թվականին գրված հոդվածը, որտեղ լուրջ քննադատության էին ենթարկված այն ժամանակվա գործող իշխանությունները, ակամայից ընթերցողին մտածելու հնարավորություն են տալիս. կնշանակի այդ ի±նչ աստիճանի վտանգ էր ներկայացնում իրենից Լ.Տեր-Պետրոսյան դեւի վերադարձը իշխանություն, որ «Ազգային Միաբանություն կուսակցությունը» 2008թ. նախագահական ընտրություններին արեց իրենից կախված ամենը, որ խոչընդոտի մեր երկրին սպառնացող այդ վերահաս վտանգի գալուստը:

Անգամ իսկ հաշվի առնելով այն իրողությունը, որ, այո, մեր կուսակցության թե’ առաջնորդ Արտաշես Գեղամյանը, թե’ նրա բոլոր զինակիցներս մշտապես սուր քննադատության էինք ենթարկում ՀՀ նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը, այս առիթով հարկ եմ համարում շնորհակալություն հայտնել լեւոնապաշտ թերթերին` Արտաշես Գեղամյանի նախկինում գրած հոդվածները, որ առանձին գրքերով լույս են տեսել, ինչպես նաեւ վերլուծությունները իրենց ընթերցողների շրջանում մասսայականացնելու համար:

 

Լեւոնապաշտ թերթերում Արտաշես Գեղամյանին նվիրված հոդվածաշարերը ունեն մի ընդհանրական հատկանիշ, այն է` նրա արտահայտած եւ ոչ մի միտք ամբողջությամբ չմեջբերելով, փորձում են ընթերցողի ուշադրությունը շեղել բուն թեմայից: Դա ցայտունորեն դրսեւորվեց, երբ լեւոնականները անդրադարձան վերը հիշատակված հոդվածին:

Իսկ հոդվածի առանցքն այն էր, որ վերջին շրջանում ադրբեջանա-թուրքական ագիտպրոպին միանալով՝ տերպետրոսյանական քարոզչամեքենան տիեզերական աղմուկ է բարձրացրել ԱՄՆ-ում մեքենայությամբ 35 մլն դոլարի յուրացման մեղադրանքով ձերբակալված հայազգի մարդկանց մասնակցությամբ խմբավորման շուրջ: Լեւոնականների գծուծ ատելությունը հասել է այն աստիճանի, որ ոտնահարելով անմեղության կանխավարկածը, իրար հերթ չտալով, փորձում են աշխարհով մեկ հայտարարել, որ ձերբակալվածները ոչ այլ ոք են, քան «Հայկական միջազգային մաֆիա», «Հայ հանցագործներ», «Քրեական աշխարհի հայ հեղինակություններ», որոնք կապված են ՀՀ իշխանությունների հետ:

Բայց, եթե դատարանն ապացուցեց, որ նրանք հանցավոր են, ապա նույնքան հանցավոր է նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը: Չէ± որ ձերբակալված 45 հայազգի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը, որոնց թվում էին ճարտարագետներ, մանկավարժներ, արհեստավարժ մասնագետներ, սովից, ցրտից, մթից, զանգվածային պետական ռեկետից, չբացահայտված մի քանի տասնյակ սպանություններից հարկադրված էին բախտ որոնել օտարության մեջ:

Այո, նրանցից ոմանք էլ բռնեցին անօրինականության ճանապարհը, որը, ինչ խոսք, խիստ դատապարտելի է: Այստեղ նույնպես գայթակղիչ էր Տեր-Պետրոսյանի օրինակը` ութ տարի շարունակ կեղեքել ժողովրդին, այնուհետեւ տասը տարի սեւ դղյակում եւ Ամերիկա¬Ֆրանսիա ու այլ տեղերում վայելելով թալանածը, մեկ էլ հանկարծ, ամբաստանյալի աթոռին հայտնվելու փոխարեն, կրկին հավակնում է նախագահի աթոռին: Էդ անցյալով էլ հանդգնում է ժողովրդի գլխին բարոյականության քարոզներ կարդալ: Խելքի աշեցեք:

Ինչ խոսք, վերջերս ԱՄՆ-ում բացահայտված խոշոր չափերի հասնող մեքենայությունները, կրկնում եմ, դատապարտելի են, պատիվ չեն բերում մեր ժողովրդին: Սակայն երիցս դատապարտելի են այն մարդիկ, ովքեր սեփական քաղաքական նկրտումներին հասնելու համար պատրաստ են ծառայել անգամ իսկ հայատյաց թուրք-ադրբեջանցիներին: Եթե դու իրապես երկրի նախագահի հոգեբանությամբ օժտված լինեիր, Լեւոն, ապա Ամերիկայում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին կվերաբերվեիր միանգամայն այլ կերպ` ինչպես ծնողը իր մոլորված զավակին: Այլ ոչ թե շնչակտուր, չսպասելով անգամ իսկ դատարանի վճռին, ասես թե ուղղորդեիր ԱՄՆ արդարադատությանը` մոտենալ ձերբակալվածներին որպես «միջազգային մասշտաբի գանգստերների»: Այստեղ էլ դիմակդ պատռվեց:

Լեւոն, դու միշտ էլ օտար ես եղել մեր ժողովրդին, իսկ հիմա դրան գումարվեց նաեւ քո անթաքույց ատելությունը հայերիս հանդեպ: Նման եզրակացության գալուն օգնեցին քո դամքյաշ լրատվամիջոցները:

ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԽԱՆՅԱՆ

«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր