ԱԿԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՏԱԿ
05.10.2010
Ազգային ժողովը այսօր ձեռնամուխ կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրենքի նախագծի քննարկմանը: Օրենսդրական սույն նախաձեռնությունը պատկանում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությանը, որը, դիրքավորվելով որպես ընդդիմադիր խմբակցություն, օգտվեց ԱԺ կանոնակարգի ընձեռած հնարավորությունից եւ այդ հարցը մտցրեց խորհրդարան՝ արտահերթ քննարկման:
Թվում է, վաղուց ժամանակն էր, որ Հայաստանն աներ դա: Չէ՞ որ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ահա արդեն 20 տարի դե ֆակտո անկախ պետություն է՝ ժողովրդավարական պետությանը բնորոշ բոլոր հատկանիշներով: Ինչո՞ւ, ուրեմն, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած եւ խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂՀ-ի՝ մեր Արցախի անկախության այդքան պատվավոր առաքելությունը թողնում է «Ժառանգությանը»:
Ճանաչումն այն անկախության, որ ձեռք է բերվել հազարավոր արցախցիների, հայաստանցի եւ սփյուռքահայ կամավորների թանկ արյան, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ հարյուր հազարավոր քաղաքացիների զրկանքների գնով: Արյան, որ հեղվել է Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդին Ադրբեջանի պարտադրված պատերազմի ընթացքում: Որպես հօգուտ ԼՂՀ անկախության ճանաչման փաստարկ բերվում է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը Խորհրդակցական եզրակացություն է կայացրել առ այն, որ Կոսովոյի անկախության ճանաչումը չի հակասում Միջազգային իրավունքին:
Այս եզրակացության ընդունումից, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության ու մի քանի այլ երկրների կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո, առաջին հայացքից, կարող է տպավորություն ստեղծվել, թե արտաքին բարենպաստ պայմաններ են ստեղծվել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: Ըստ էության, այս փաստարկներն էլ բերում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները: Ընդ որում, ակնհայտ է նրանց ձգտումը՝ շեղել մեր երկրի հասարակության ուշադրությունը ոչ միայն Հայաստանի, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար վտանգավոր այն հետեւանքներից, որոնք կլինեն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:
Իսկ հիմա փոքր-ինչ հանգամանալի դիտարկենք, թե ի՞նչ է իրականում թաքնված այս՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջին հայացքից հայրենասիրական թվացող նախաձեռնության հետեւում: Որպեսզի մեր վերլուծությունը կանխակալ չլինի, հակիրճ վերհիշենք վերջին տարիների առավել նշանակալի իրադարձությունները, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, եւ դիտարկենք, թե դրանք ինչ հետեւանքներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Եվ այսպես. 2008թ. օգոստոսին վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում չափազանց շիկացավ: Այդ նույն օրերին` 2008թ. օգոստոսի 11-ին, Թուրքիայի վարչապետ եւ միաժամանակ «Արդարություն եւ զարգացում» իշխող իսլամամետ կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հանդես գալով հօգուտ ԼՂՀ հիմնախնդրի շուտափույթ լուծման, հայտարարեց «Կովկասյան դաշինքի» տիպի մի ինչ-որ միության ստեղծման հնարավորության մասին՝ այդ կառույցում նաեւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներգրավմամբ: Երկու օր անց նա այս գաղափարը հնչեցրեց Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած իր պաշտոնական այցի ընթացքում:
Այնուհետեւ 2008թ. օգոստոսի 20-ին ի հայտ եկավ նաեւ դաշինքի պաշտոնական անվանումը՝ «Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ»: Ռ. Էրդողանի խոսքերով` «Առաջին հերթին պլատֆորմը պետք է աշխարհագրական հիմք ունենա ...հետապնդի տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման, տնտեսական համագործակցության եւ էներգետիկ անվտանգության ապահովման նպատակը: Սույն պլատֆորմը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա»:
Այնուհետեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ Մայնդորֆում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ ստորագրեցին Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությունը Հռչակագրի ստորագրման արարողությանը հիմնավորապես վերջակետ դրեց Մինսկի խմբի «վախճանի» մասին ադրբեջանական կողմի տարբեր տեսակի կոնյունկտուրային շահարկումներին:
Ընդ որում, շատ կարեւոր է, որ ներկայացնելով Հռչակագիրը՝ Դմիտրի Մեդվեդեւը ասաց. «Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներն առաջին կետ են հայտարարում, որ կնպաստեն Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով՝ Միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրա»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո Մայնդորֆյան հռչակագիրը վերջին 14 տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված միակ փաստաթուղթն էր, որում խոսվում է այդ հակամարտության կարգավորման մասին բացառապես քաղաքական ճանապարհով:
Ավելի ուշ, 2009թ. հուլիսի 10-ին, իտալական Ակվիլա քաղաքում, այնուհետեւ 2010թ. հունիսի 26-ին կանադական Մոսկոկում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները Համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս երկու փաստաթղթերում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները հաստատել են իրենց պարտավորությունները՝ աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ ավարտին հասցնելու հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումը: Դրանք են. Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կապահովի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը՝ բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման ճանապարհով, ներքին տեղահանվածների եւ փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադարձի իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները, ներառյալ խաղաղարար միջամտությունը:
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու անգամ Համատեղ հայտարարություն ընդունելով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների առաջնորդները փաստորեն հավաստեցին, որ հնարավոր է միայն հակամարտության քաղաքական կարգավորում, իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման միակ ձեւաչափը հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Այս հայտարարությունը սկզբունքային նշանակություն ունի մի քանի պատճառով: Մի կողմից՝ այն, անշուշտ, սառեցրեց ապշերոնյան քաղաքական գործիչների ռազմատենչ բռնկումները, որոնք, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւից սկսած, վերջացրած արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներով, Միլլի մեջլիսի պատգամավորներով, չեն դադարում հայտարարել, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը հասել են Հայաստանի պետական բյուջեի մակարդակին, ամենաարդիական ՆԱՏՕ-ական սպառազինությամբ ադրբեջանական բանակի վերազինման, Իսրայելի հետ ռազմատեխնիկական սերտ համագործակցության, ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իրենց բանակի լիակատար պատրաստության մասին:
Մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները հասկանալ են տալիս Ադրբեջանի ղեկավարությանը, ինչպես նաեւ այդ երկրի շահերը լոբբինգի ենթարկող միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը, նույն այդ Թուրքիային, ինչպես նաեւ առանձին պետությունների, որոնք էներգետիկ շահեր ունեն մեր տարածաշրջանում, որ միակ հարթակը, որտեղ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է:
Հենց այս ֆոնին էլ արժե դիտարկել այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քննարկմանը Ադրբեջանի կողմից ներկայացված «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւը վեհաժողովի 117-րդ լիագումար նիստի օրակարգ մտնելուց հետո հաջորդ իսկ օրը՝ ս.թ. սեպտեմբերի 9-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, հանվեց քննարկումից:
Ասվածին հարկ է ավելացնել, որ վերջին երկու տարում, հիմնականում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բարձր մակարդակի 6 հանդիպում է տեղի ունեցել:
Պատկերն ամբողջական լինելու համար նշենք, որ 2009թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի գագաթաժողովում ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը սկզբունքային առումով կրկնում էր հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ղեկավարների Համատեղ հայտարարության հիմնական սկզբունքները:
Այս շարքում թերեւս շատ կարեւոր նշանակություն ունեն վերջին երկու ամիսների իրադարձությունները: Նախ՝ 2010թ. օգոստոսի 19-20-ը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան: ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդյունքը դարձավ հինգ փաստաթղթից բաղկացած փաթեթի ստորագրումը. Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման գործում համագործակցության, առեւտրային փոխադարձ ներկայացուցչությունների հաստատման, ռեադմիսիայի մասին եւ հուշագիր ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ:
Սակայն պետական այցի գագաթնակետը դարձավ ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարների՝ Անատոլի Սերդյուկովի եւ Սեյրան Օհանյանի ստորագրած թիվ 5 Արձանագրությունը Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որի համաձայն՝ բացի նրանից, որ ամրագրված է Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարացնելու որոշումը, նշվում է նաեւ, որ «Ռուսական ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ, բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթի իրականացումից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:
Հարկ է կարեւոր նշանակություն տալ նաեւ ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պաշտոնական այցին, որը տեղի ունեցավ ս.թ. սեպտեմբերի 2-3-ը: Այդ այցի արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում ադրբեջանցի լրագրողի «Ադրբեջանական հասարակությունը հասկանալի պատճառով հետաքրքրված է Ձեր՝ վերջերս Հայաստան կատարած այցելությամբ եւ Գյումրու ռուսական ռազմակայանի մասին Պայմանագրում փոփոխություններ մտցնելու մասին այնտեղ ստորագրված Արձանագրությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա» հարցին Դմիտրի Մեդվեդեւը պատասխանել է. «Անշուշտ, Ռուսաստանի համար շատ կարեւոր է այստեղ՝ Կովկասում կայունության պահպանումը: Հենց դրանից էլ մենք ելնում ենք մեր մերձավորագույն հարեւանի եւ բարեկամի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելիս: Ուստի մենք շահագրգռված ենք, որ այստեղ խաղաղություն եւ կարգուկանոն լինի: Հենց այս առումով էլ հարկ է դիտարկել այն որոշումը, որ կայացվեց Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, այն է՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնվելու մասին համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետի երկարացումը: Ստորջրյա կամ որեւէ այլ ոչ մի նկատառում գոյություն չունի»:
Ընդ որում, նշենք, որ դրանից երկու շաբաթ առաջ Հայաստան կատարած պետական այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հարց տրվեց ռուսական ռազմակայանի հնարավոր գործողությունների մասին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում, նա մեկ անգամ եւս հավաստեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության, խաղաղ լուծման այլընտրանք չլինելու մեջ իր համոզվածությունը, բայց միաժամանակ նշեց, որ մյուս բոլոր հարցերը կարգավորվում են ինչպես երկկողմանի պայմանագրերով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններով եւ ընդգծեց, որ Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին:
Վերն ասվածից կարելի է հետեւություն անել, որ «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագիծը պայթյունավտանգ իրավիճակ կստեղծի ոչ միայն Հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ վտանգավոր լարվածություն կառաջացնի Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ: Լուրջ բարդություններ կծագեն նաեւ ռուս-թուրքական հարաբերություններում:
Իրադարձությունների զարգացման նման ընթացքը միանգամայն հնարավոր է, քանի որ համաշխարհային հանրությունը Հայաստանի նման քայլը (նկատի ունենք ԼՂՀ անկախության ճանաչումը) կարող է ընկալել ոչ այլ կերպ, քան որպես իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ նախապես համաձայնեցված գործողություն: Այսպես կընկալվի՝ չնայած նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հայտարարում է այս հարցի վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշման մասին:
Մինչդեռ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում բազմիցս հնչեցվել է ՌԴ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի կողմից, եւ դրա էությունն այն է, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն քաղաքական ճանապարհով, ընդ որում՝ հակամարտության կողմերին չպարտադրելով դեղատոմսեր դրսից, ելնելով այն բանից, որ հակամարտության կարգավորման ուղու վերջնական ընտրության համար պատասխանատվությունը պետք է պատկանի իրենց՝ ադրբեջանցիներին եւ հայերին:
Եվ ուրեմն, Աստված մի արասցե, եթե Ազգային ժողովն ընդունի այդ որոշումը, դրանով իր ռազմավարական դաշնակցին ու գործընկերոջը՝ Ռուսաստանին կդնի ծայրահեղ բարդ վիճակի մեջ: Կարծում եմ, իրադարձությունների զարգացման այսօրինակ ընթացքը խիստ տհաճ անակնկալ կլինի նաեւ ինչպես Ֆրանսիայի եւ ընդհանրապես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի համար: Ըստ էության, ուժի միջազգային կենտրոնների աչքում ՀՀ-ն անպատասխանատու գործընկեր կերեւա, որի նման գործողությունները տարածաշրջանը կմղեն պատերազմի:
Դա տհաճ անակնկալ կլինի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության համար, քանի որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը տվյալ փուլում կնշանակի բանակցային գործընթացի ավարտ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում եւ անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի կողմից անմիջապես Իրանի սահմանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սանձազերծելուն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հավատարիմ մնալով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Համատեղ հայտարարությունների տառին եւ ոգուն, որ արել են նրանց առաջնորդները լ’Ակվիլայում եւ Մոսկոկում, չի բացառվում, որ խաղաղարար ուժեր մտցնեն հակամարտության գոտի, այդ թվում եւ Իրանի հետ 120 կիլոմետրանոց սահմանի երկայնքով, որն այսօր վերահսկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:
Նշենք, որ ներկայումս Իրանը, որի հետ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի, բավական բարդ իրավիճակում է հայտնվել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվով չորրորդ` 2010թ. հունիսի 9-ի թիվ 1929 բանաձեւի լույսի ներքո, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում ուրանի հարստացման աշխատանքները դադարեցնելուց հրաժարված Իրանի նկատմամբ, ցանկացած անկայունություն այդ երկրի սահմաններին կընկալվի որպես իր հասցեին ուղղված թշնամական գործողությունների դրսեւորում, ինչն անհապաղ առաջ կբերի նրա հզոր հակազդեցությունը: Մեր հարավային հարեւանի այսօրինակ գործողությունների հնարավորությունը չպետք է աչքաթող անել: Չէ՞ որ ՄԱԿ-ի ԱԽ այս փաստաթղթի օգտին, հիշեցնեմ, հանդես են եկել Անվտանգության խորհրդի մշտական անդամները, այդ թվում եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Միաժամանակ, Թուրքիան եւ Բրազիլիան դեմ են քվեարկել, Լիբանանը ձեռնպահ է մնացել:
Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ ս.թ. սեպտեմբերի 20-ին Իրանի՝ խորհրդարանական հարցերով փոխնախագահ Սեյիդ Մոհամեդռզա Միրթաջադինին, ելույթ ունենալով իրանա-ադրբեջանական «Ադրբեջանի Հանրապետություն. նախկին փորձը եւ գալիք հեռանկարը» կոնֆերանսում, հայտարարեց. «Մենք միշտ աջակցել ենք Ադրբեջանին եւ դատապարտել Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումը»: Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ վերջերս` 2010թ. սեպտեմբերի 2-ին, Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին, բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները, նշել է. «Արտաքին քաղաքականության մեջ Իրանը մեծ ուշադրություն է հատկացնում հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը, եւ այս համատեքստում Հայաստանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում... Վերջին տարիներին Երեւանի եւ Թեհրանի փոխհարաբերությունները զարգանում են ե°ւ քաղաքական, ե°ւ մշակութային բնագավառներում: Հայ-իրանական փոխհարաբերություններում, մասնավորապես տնտեսական ոլորտում, լուրջ առաջընթաց է գրանցվել»:
Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում միայն Ադրբեջանը եւ Թուրքիան հմտորեն քողարկած գոհունակությամբ կընդունեն այդ որոշումը: Դեպքերի նման զարգացումը ի չիք կդարձնի ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին բոլոր աշխատանքները, ինչպես նաեւ կվտանգի այդ մարմնի ամենախոշոր նվաճումը` Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության պայմաններում, ավելի քան 16 տարիների ընթացքում խաղաղության պահպանումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թեթեւացած շունչ կքաշի ու միաժամանակ հարկ կհամարի հիշեցնել միջազգային հանրությանը դեռ 2004թ. մարտի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբին տված իր գնահատականները: Դեռ այն ժամանակ Ի.Ալիեւը բացասական գնահատականի էր արժանացրել այդ կազմակերպության տասներկուամյա գործունեությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Ես չեմ կարող դա դրական գնահատել, քանի որ այս ժամանակաշրջանի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից, կարելի է ասել, չէր ձեռնարկվել գեթ մեկ դրական քայլ՚,- հայտարարել էր Իլհամ Ալիեւը:
Ավելին, դեպքերի նման զարգացումը կարդարացնի միջազգային հանրությանը վերջերս ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում նշված էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում առկա ստատուս-քվոյի պահպանման անթույլատրելիության, ինչպես նաեւ այդ խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին, ըստ որում, Ադրբեջանի կողմից առաջարկվող պայմաններով:
Այստեղ հարկ է հատուկ նշել եւ այն, որ ԼՂՀ անկախության ճանաչման դեպքում Թուրքիան կհայտնվի բացարձակ շահեկան դրության մեջ: Քանի որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Արձանագրություն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին» զույգ փաստաթղթերի ստորագրումից հետո այդ երկրի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ այս արձանագրությունները Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կողմից կվավերացվեն միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջ քաշված պայմաններով կարգավորման դեպքում:
Իսկ ԼՂՀ անկախության ճանաչումից հետո պաշտոնական Անկարային հոյակապ առիթ կտրվի հետին թվով արդարացնել իր ոչ կառուցողական դիրքորոշումը, ինչը փակուղի մտցրեց հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման գործընթացը: Թուրքերը, անշուշտ, կհիշեն վարչապետ Ռեջեփ Էրդողանի խոսքերը, որ ասել է 2010թ. ապրիլի 9-ին Վաշինգտոն մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ. «Ղարաբաղյան հարցի լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբին էլ ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ: Անցած շաբաթ ես պարոն Սարկոզիին ասացի. լուծեք Ղարաբաղյան հիմնախնդիրը, միասին կնստենք ավտոմեքենա եւ կհատենք հայ-թուրքական սահմանը»:
Այսպիսով Թուրքիային հնարավորություն կտրվի զգալիորեն ակտիվացնել ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորելու ուղղությամբ իր գործողությունները, ընդ որում, հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքում գործնականության բացակայության վրա, որը չկարողացավ կանխել Հայաստանի գործողությունները` ուղղված ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչմանը:
Այս ֆոնի վրա ոչ մի քննադատության չեն դիմանում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության բերած փաստակներն այն մասին, թե ներկայումս աշխարհում բարենպաստ պայմաններ են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնականորեն խաղաղ կարգավորելու համար` Հայաստանի կողմից նրա անկախությունը ճանաչելով: Ընդ որում բացարձակապես համոզիչ չեն նրանց հիմնավորումներն առ այն, որ հղում են կատարում Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի Խորհրդատվական Եզրակացությանը` որպես նախադեպ, ըստ որի Կոսովոյի անկախության մասին դեկլարացիան չի հակասում Միջազգային իրավունքին: Առավել եւս հեղեղուկ են հղումներն այդ դատարանի նախագահ Խիսաշի Օվադայի հայտարարությանը, այն մասին, որ Միջազգային իրավունքը «չի արգելում անկախություն հռչակելը»:
Սակայն հանուն արդարության նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում այդ հարցը լսելու ժամանակ էլ ավելի կոշտ հայտարարություն արեց Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը, ասելով, որ Միջազգային իրավունքը ոչ միայն չի արգելում անկախություն հռչակելը, այլեւ դրա համար չի պահանջում թույլտվություն որեւէ մեկից:
Ավա¯ղ, որպեսզի ցրենք նման պատրանքները, հիշեցնենք Ազգային ժողովի պատգամավորներին որոշ մանրամասներ այդ պատմությունից: Եվ այսպես. 2008թ. աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձեւ` Սերբիայի առաջարկած եւ Ռուսաստանի կողմից պաշտպանություն գտած: Այդ փաստաթուղթը հարցում էր բովանդակում` ուղղված ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանին, խնդրանքով՝ վճիռ կայացնել Կոսովոյի կողմից անկախության ինքնահռչակումը Միջազգային իրավունքի նորմերին համապատասխանելու մասին: Այդ բանաձեւի ընդունման օգտին քվեարկեց 77 երկիր, 6-ը՝ դեմ, իսկ 76 պետություն` ձեռնպահ: Ընդ որում` վերջինների թվում էին ԵՄ երկրների մեծամասնությունը, իսկ ԱՄՆ-ը դեմ հանդես եկավ: Քվեարկության ավարտից հետո Սերբիայի արտգործնախարար Վուկ Իերեմիչը շնորհակալություն հայտնեց բանաձեւը պաշտպանող երկրներին: Նրա խոսքերով, նրանց քայլն ուղղված էր Միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների պաշտպանությանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին չէր խանգարի լրջորեն մտածել, թե ինչո՞վ այս ամբողջ էպոպեան ավարտվեց, եւ, քանի դեռ հնարավորություն կա, հետ կանչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը Ազգային Ժողովի հերթական նիստում քննարկումից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը կարող է ինքը այդ որոշումը բողոքարկել Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում, նախապես ունենալով «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» անդամ երկրների, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում նավթագազային հետաքրքրություններ ունեցող ու Ադրբեջանի շահերը Միջազգային ասպարեզում պաշտպանող երկրների լոբբինգն այս հարցում: Իսկ այն, որ Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ընդունման վրա մեծ ազդեցություն ունեն նախապես կայացված քաղաքական վճիռները, կարծում եմ, լրացուցիչ բացատրությունների կարիք չունի:
Մնում ես զարմացած, երբ մտածում ես՝ քաղաքական կարճատեսությա՞ն, թե՞ հանցավոր պատվերակատարությամբ է «Ժառանգություն» խմբակցությունը հանդես եկել նման ծայրաստիճան վտանգավոր օրենսդրական նախաձեռնությամբ: Նախաձեռնություն, ինչը կարող է Հայաստանի Հանրապետությանը հրել Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի վտանգավոր արահետ: Ընդ որում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններից եւ ոչ մեկը, անգամ մեր ռազմավարական դաշնակից եւ ամենահուսալի գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը, չեն արդարացնի պաշտոնական Երեւանի նմանօրինակ գործողությունները:
«Ժառանգության» գործունեության ողջ ճիզվիտականությունը եւ բյուզանդականությանը ներհատուկ նենգությունն այն է, որ “Heritage”-«Ժառանգություն» խմբակցությունը, ներկայացնելով ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծ, քաջ գիտակցում է, որ դրա ընդունման դեմ ստիպված կլինեն քվեարկել իշխող` Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները, որի ակնառու ներկայացուցիչներից շատերը արիաբար կռվել են Արցախի անկախությունը նվաճելու համար, իսկ շատերն էլ ընկել են հերոսի մահով: Հիշենք, որ Արցախի ազատագրական պատերազմի հերոսների թվում են եղել Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանը, որը հետագայում ողբերգաբար զոհվեց ահաբեկիչների կողմից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գործող նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը:
Հ. Գ.- Մնում է հանելուկ, թե ինչո՞ւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հայրենասիրական զգացումներով առաջնորդվելով՝ տասը տարի առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացավ, հրաժարվելով ԱՄՆ-ի քաղաքացիությունից, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի այդպիսի վտանգավոր գործողությունների դեմը չի առնում, գործողություններ, որոնք ուղղված են Հայաստանը մեկուսացված պետությունների շարքը գլորելուն: Չես ուզում հավատալ, որ քաղաքական այս գործչի այսպիսի կերպարանափոխությունը անցած տարվա չորսամսյա ստաժավորման հետեւանք է բրիտանական կենտրոններից մեկում, ասենք այսպես, ուր մասնագիտացած են ԱՊՀ երկրների հատուկ առաջ հրած պատգամավորների ուսուցման (կարելի է ենթադրել` ինչ նպատակով) մեջ:
Առավել քան համոզված եմ, որ այս հոդվածի ընթերցողները կօգնեն պատասխաններ գտնել այս հարցերին:
Հ.Գ. - Երբ հոկտեմբերի 4-ին հոդվածը հանձնվել էր «Հայոց Աշխարհ՚-ի խմբագրություն, դեռ հույսեր էի փայփայում, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, այնուամենայնիվ, հարցը կհանեն Ազգային ժողովի օրակարգից: Սակայն պարոն Ր.Հովհաննիսյանը առաջարկեց հարցը տեղափոխել հաջորդ քառօրյա: Այլ կերպ ասած, նա time out վերցրեց:
Ուշադիր ունկնդրելով հարցի քննարկումը՝ ակամայից հիշեցի մեծն ֆրանսիացի Շարլ դը Գոլի թեւավոր դարձած խոսքերը. «Քաղաքականության մեջ երբեմն ստիպված ես դավաճանել կամ քո երկրին, կամ քո ընտրողներին: Ես գերադասում եմ երկրորդը»: Կարծում եմ, Շարլ դը Գոլի այս իմաստնությանը հետամուտ լինելը դառնում է օրակարգային խնդիր, եւ ոչ միայն «Ժառանգության» պատգամավորների համար:
Հակառակ պարագայում նրանք վերստին կհիմնավորեն նույն դը Գոլի մարգարեական ասացվածքը. «Քաղաքականությունը չափից ավել լուրջ գործ է, որպեսզի այն վստահվի քաղաքական գործիչներին»:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ