ԵՐԲ ՀԵՐՈՍ Է ԴԱՌՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ ՅԱԼԱՆՉԻՆ
01.10.2010
Օրերս հետաքրքրությամբ ծանոթացա քաղաքագետ Իգոր Մուրադյանի «Բաքվի երկնագույն էքսպանսիան» հոդվածին
Լուրջ փորձագետին ներհատուկ բծախնդրությամբ Իգոր Մուրադյանը փաստերով հիմնավորում է, թե որքան է հարեւան Ադրբեջանի վերնախավում տարածված եղել եւ է արվամոլությունը, որը շատ եւ շատ արվամոլ քաղաքական գործիչների հնարավորություն է տվել քաղաքական երկարակեցություն ապահովել:
Ուշագրավ է, որ ճիշտ այդ օրերին առանձնահատուկ ակտիվություն դրսեւորեց մեկ հոգուց բաղկացած ոչ անհայտ Հմայակ Հովհաննիսյանը: Չթաքցնեմ` երկակի զգացում ունեցա. արդյո՞ք սա Հմայակի կողմից հայտ էր համալրելու ադրբեջանցի արվամոլների էլիտար ակումբը` ավանսային կարգով նրանց ծառայություն մատուցելու եղանակով: Այն է` լուտանքներ թափել երկրի նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի վրա:
Կուսակցություն, որը 2008թ. թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ, թե՛ դրանից հետո հրապարակավ պաշտպանել է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրային դրույթները, վերջին երկու տարիներին շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում իրականացվող արտաքին քաղաքականությունը` միաժամանակ մատնանշելով իր անհամաձայնությունը տնտեսական քաղաքականության առանձին դրսեւորումների նկատմամբ:
Զգացումներիս երկակիության մյուս մասը պայմանավորված է Հմայակի բացահայտ եւ անթաքույց ցանկությամբ` սեպ խրել ՀՀ գործող նախագահի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Այո՛, պնդելով սա, ես մտքի սայթաքում թույլ չտվեցի: Քաղաքական հայտնի յալանչու հաշվարկը պարզ է. մարտի 1-ի ողբերգական դեպքերի համար ամբաստանելով ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հմայակը հաշվարկել էր, որ, լինելով պատվախնդիր քաղաքական ուժ, ՕԵԿ-ը կանդրադառնա «մարտի 1»-ի դեպքերին, մասնավորապես մեջ բերելով նույն Հմայակի գնահատականները` ուղղված ՀՀ երկրորդ նախագահի դեմ:
Մտահոգիչ է այն իրողությունը, որ մեզանում շարունակում են գլուխ բարձրացնել բացահայտ անբարոյական նկարագիր ունեցող անձինք, որոնց այսօրվա գերխնդիրն է քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող բոլոր ուժերին արատավորել, մրոտել, միմյանց դեմ հրահրել, կասկածամտության մթնոլորտ ձեւավորել:
Վերջին իր հոդվածներում Հմայակը փորձում է տողատակով հակադրել կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին: Եվ դա անում է ճիզվիտական եղանակով, միաժամանակ վարկաբեկելով բոլորին: Դատեք ինքներդ` յալանչին գրում է. «Վարկածը, թե ՀՀԿ-ն խնդիր ունի ԲՀԿ-ի համար, ստեղծելով զոհի կամ հալածյալի կերպար, արտոնյալ պայմաններ ստեղծել բողոքավոր ընտրազանգվածի ձայները տնօրինելու համար, իրական չեմ համարում, քանզի գողական փոխհարաբերություններին բնորոշ կանոնները դա թույլ չեն տալիս»: Ասել կուզի, որ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը ենթարկվում են ոչ թե իրենց գաղափարական դավանանքին, այլ գողական օրենքներին:
Իսկ հիմա մեկ անգամ եւս ընթերցողին հիշեցնեմ իմ գործընկերոջ` «Ազգային միաբանություն կուսակցության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանի «Յալանչի Հմայակ Հովհաննիսյանի անփառունակ ֆիասկոն» վերտառությամբ հոդվածից (տպագրվել էր ընթացիկ տարվա փետրվարին` հայաստանյան մամուլում): Ինչո՞ւ ենք կարեւորում այս հոդվածը:
Աարգիս Մուրադխանյանի բերած փաստերը այնքան առարկայական եւ համոզիչ են, որ պարկեշտություն ունեցող ցանկացած մարդ (անկախ սեռական պատկանելությունից) պետք է պարզապես պապանձվեր: Սակայն Հմայակը, որի համար ապրուստի միջոց է դարձել քաղաքական գործիչներին պատվերով արատավորելը, փորձեց դատի տալ գործընկերոջս` Սարգիս Մուրադխանյանին, գոնե դրանով շեղելու մարդկանց ուշադրությունն իր վարկաբեկված կերպարից, շեղելու բարոյականից դատաիրավական ոլորտ: Քննչական մարմնին Սարգիս Մուրադխանյանի կողմից հոդվածում բերված փաստերը ճանաչվեցին համոզիչ այնքանով, որ հիմք ծառայեցին յալանչու դատական հայցը մերժելու համար:
Իսկ ի՞նչ էր գրել Ս.Մուրադխանյանն իր հոդվածում: Դրանց ծաղկաքաղը համառոտ շարադրեմ. «Իսկ արդյոք կան խորքային պատճառներ, որ Հ.Հովհաննիսյանը ԱՄԿ անունը լսելիս, ասես, ընկնում է ցնցումների մեջ: Եթե կան այդպիսիք, ապա որոնք են դրանք: Եվ այսպես. 2003 թվականին Հմայակը ԱՄԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր: Նա առաջին ամիսներին հլու-հնազանդ կատարում էր «Ազգային Միաբանության» բոլոր որոշումները: Սակայն 2003 թվականի նոյեմբերից նրա քննադատության թիրախը ուղղված էր ոչ այնքան իշխանություններին, որքան իշխանական կոալիցիայի առանցքային դերակատարություն չունեցող կուսակցություններից մեկի դեմ:
Հմայակի նման դիրքորոշումների պատճառները շատ շուտ պարզվեցին, երբ նույն թվականի նոյեմբերի 27-ին կառավարությունն ընդունեց «Գույք` օտարելու մասին» N 1857-Ն որոշումը, որով «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը քաղաքի կենտրոնում` Մոսկովյան 33ա հասցեի առաջին հարկի (ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մինչ այդ զբաղեցրած) 437.4 քառակուսի մետր տարածքը, քառակուսի մետրը 50 դոլարի հաշվարկով, տրամադրվել էր Հմայակի գլխավորած, գոյություն չունեցող ասոցիացիային:
Դրան հաջորդել էր մեկ այլ` 2004թ. փետրվարի 12-ի N84-Ն 255 «ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 27-ի N1857-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը: Ուշագրավ է, որ դրա առաջին կետի ա) ենթակետում ուղղակիորեն գրված է. «Որոշման 3.1-ին կետում «437.4» թիվը փոխարինել «455.4» թվով, իսկ «դրա վարձակալ «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը» բառերը փոխարինել «հայտնի գնորդ Հմայակ Հովհաննիսյանին (անձնագիր` AA 0420273, տրված` 001-ի կողմից)» բառերով»:
Եվ այսպես. ՀՀ կառավարությունը երեք ամսվա ընթացքում երկու անգամ անդրադառնում է «հայտնի գնորդ» Հմայակ Հովհաննիսյանի անձնական հարցերի լուծմանը, այն էլ` հիրավի թագավորական շռայլությամբ: Նվազագույնը երկու միլիոն դոլար արժեք ունեցող տարածքը նրան է նվիրվում ավելի քան քառասուն անգամ էժան գնով, կրկնում եմ` շուկայականից ավելի քան 40 անգամ էժան գնով:
Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում, կարծում ենք, սա եզակի դեպք է, երբ «ընդդիմադիր» քաղաքական գործչի նկատմամբ իշխանությունները դրսեւորում են այդպիսի շռայլություն: Իհարկե, թալանի տեսակետից նման բազում փաստեր արձանագրվել էին Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության ալան-թալանի տարիներին:
Կամ հաջորդ փաստը. «2005թ. նոյեմբերի 15-ին վավերացվեց կառավարության 2005թ. հոկտեմբերի 13-ին N1809-Ն որոշումը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N879-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»: Արդեն իսկ այդ որոշման համաձայն` ք.Վաղարշապատի Էջմիածին-Մարգարա խճուղուն հարող տարածքում, քեզ` Հմայակ Հովհաննիսյանիդ եւ Հակոբ Հովհաննիսյանին «Արդյունաբերական նշանակության օբյեկտների կառուցման եւ սպասարկման համար» հատկացվեց 30 հազար քառակուսի մետր հողամաս:
Դու մեզանից լավ գիտես, թե ո՞ւմ ես այդ «նվեր ստացած» հողամասը ծախել եւ ի՞նչ գնով: Այնպես որ բացահայտված դավաճանի համբավ ունեցողդ աբուռ էլ չունեցար, որ գոնե հետո պապանձվեիր»:
Ինչու այս մեջբերումներն արեցի. իշխանությունները ավելի քան շռայլորեն են վարձահատույց եղել Հմայակին իր խառնակիչ գործունեության համար: Տաքացրել են այս օձին իրենց ծոցում: Բայց ապերախտ սողունը հիմա էլ ինչ-ինչ վաճառական պատվիրատուների հրահանգով խնդիր է դրել քաղաքական դաշտի բոլոր ուժերին միմյանց դեմ հանել:
Իրավամբ մնում ես զարմացած, թե ինչ աստիճանի կարող է մարդն անպարկեշտ լինել, որ հիմա բարբաջի 2004թ. ապրիլի 12-13-ի դեպքերի մասին, դրանք օրինակ ծառայեցնի եւ հակադրի 2008թ. «մարտի 1»-ի դեպքերին, երբ ինքը` Հմայակ Հովհաննիսյան տարրը, մինչեւ 2004թ. ապրիլ ամիսը արդեն իսկ հուդայական ծառայությունների համար ստացել էր իր 2 մլն դոլարի արծաթ կշռող վարձաբաժինը:
Հիրավի ծանր ժամանակներ ենք ապրում, երբ հայաստանյան առանձին լրատվամիջոցների հերոսն է Հմայակ Հովհաննիսյան հայտնի յալանչին:
«Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ ԱԼԵՔՍԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ