ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱԽՏՈՐՈՇԵԼ ՆՐԱ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿԸ
23.09.2010
Սեպտեմբերի 22-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2010թ. հունվար-օգոստոսին»:
Համաձայն այդ փաստաթղթի, ս.թ. անցած ութ ամիսներին, նախաճգնաժամային 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ համադրելի գներով, այն է` դոլարային արտահայտությամբ, արձանագրվել է ՀՆԱ-ի 24%-ի անկում: Այդ թվում` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի անկումը կազմել է 18%, արդյունաբերական արտադրանքի ծավալի անկումը` 18,1%, անկում է արձանագրվել շինարարությունում` 50,6%, ծառայությունների ծավալը կրճատվել է 12,2%-ով:
Տնտեսության մեջ արձանագրված այս տագնապահարույց իրավիճակն արդյոք պատահականությո՞ւն է, անակնկա՞լ: Իհարկե ոչ, այս ամենը կանխատեսելի էր: Պարզապես անհրաժեշտ էր, որ կառավարության ֆինանսատնտեսական հատվածի պատասխանատուները մանրակրկիտ վերլուծության ենթարկեին մեր երկրի տնտեսական ոլորտի կազմակերպությունների ամփոփ ֆինանսական արդյունքներն ըստ գործունեության տեսակների ու համապատասխան ճյուղային նախարարությունների հետ ձեռնարկեին անհրաժեշտ միջոցառումներ:
Եթե ուշադիր վերլուծության ենթարկեին անցյալ տարի առավել խոշոր վնասով աշխատող ոլորտները, ապա դրան պետք է հաջորդեր համապատասխան միջոցների ձեռնարկումը, մասնավորապես գյուղատնտեսության, որսորդության ու անտառային տնտեսության ոլորտում, որտեղ վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ 2009թ. արդյունքում կազմել էր 33,3%: Հետեւողական աշխատանքներ պետք է կատարվեին հանքարդյունաբերության ավելի արդյունավետ գործունեության համար, որտեղ վնասով աշխատող ձեռնարկությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել էր 55,6%: Ըստ որում, ուշագրավն այն է, որ այս ոլորտի արտադրանքի շահութաբերությունը, ԱՎԾ պաշտոնական տվյալների համաձայն, անցյալ տարի կազմել էր 31,7%:
Հարկ էր նաեւ պարզաբանել, թե ո՞րն էր պատճառը, որ արտադրանքի շահութաբերություն գրանցած մշակող արդյունաբերությունում ձեռնարկությունների 39,5%-ը 2009թ. աշխատել է վնասով: Վնասով է աշխատել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ոլորտի ձեռնարկությունների 66,7%-ը: Կարծում եմ, տեղին կլիներ պարզություն մտցնել այն իրողության հարցում, որ հյուրանոցների ու ռեստորանների 27%-ը անցյալ տարին փակել է վնասով, դա էլ այն պարագայում, երբ ոլորտի ծառայությունների շահութաբերությունը կազմել էր 26,9%:
Նմանատիպ երեւույթներ են արձանագրվել նաեւ շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում: Այսպես, 2009թ. շինարարությունում շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի մեջ կազմել էր 73,5%, դա էլ այն դեպքում, երբ շինարարության արտադրանքի շահութաբերությունը կազմել էր 16,6%: Իսկ տրանսպորտի եւ կապի ոլորտներում 2009թ. շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել էր 67,5%, դա էլ այն պարագայում, երբ այդ ոլորտների կողմից մատուցվող ծառայությունների շահութաբերությունը հասել էր 28,8%-ի:
Հումորի յուրահատուկ զգացում է ներհատուկ անշարժ գույքի հետ գործառույթներ իրականացնող, վարձակալում եւ սպառողներին ծառայություններ մատուցող թե՛ կազմակերպությունների ղեկավարներին, թե՛ նրանցից հաշվետվություններ ընդունողներին: Եվ ահա թե ինչու: Այսպես, այս բնագավառում 2009թ. արդյունքում վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել էր 20,8%: Եվ սա այն պայմաններում, երբ նրանց մատուցած ծառայությունների շահութաբերությունը կազմել էր 26,5%: Այլ կերպ ասած` այս ոլորտի յուրաքանչյուր հինգերորդ կազմակերպություն, հանուն մեր ազգաբնակչությանը համապատասխան ծառայություններ մատուցելու վեհ գաղափարի, պատրաստ է տարիներ շարունակ վնասով աշխատել: Կարծում եմ, սա ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրների համար առանձնահատուկ, նմանը չունեցող դրսեւորում է: Ահա թե որն է իրական բարեգործությունը:
Թող տպավորություն չստեղծվի, որ խոսքը միայն այս ոլորտին է վերաբերում, վերը նշված բոլոր բնագավառներին էլ այս կամ այն չափով կարելի է սա վերագրել:
Իսկ ի՞նչ եզրակացություններ կարելի է անել այս ամենի վերաբերյալ: Ակնհայտորեն գործ ունենք կամ համապատասխան մարմինների անիրազեկության, իրենց գլխավորած ոլորտներում համապատասխան միկրոտնտեսագիտական վերլուծություններ կատարելու անընդունակության կամ էլ դրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առաջն առնելու անկարողության հետ: Իհարկե, առանձին դեպքերում էլ չի կարելի բացառել այդ երեք գործոնների միաժամանակյա առկայությունը:
Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ շատ կարեւոր մի հանգամանքի եւս: Այսպես. 2009թ. արդյունքում հանքագործական արդյունաբերության համախառն շահույթը կազմել էր 28 մլրդ 238,9 մլն դրամ, իսկ բնագավառում ընդհանուր առմամբ արձանագրվել էր 11 մլրդ 534,5 մլն դրամի զուտ վնաս, մշակող արդյունաբերությունում 54 մլրդ 762,9 մլն դրամի համախառն շահույթի դեպքում գրանցվել էր 22 մլրդ 543,5 մլն դրամի զուտ վնաս, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ոլորտներում գրանցված էր 236 մլրդ 816,5 մլն դրամի համախառն շահույթ եւ 42 մլրդ 852 մլն դրամի զուտ վնաս:
Այս երեւույթները նույնպես պետք է ենթակա լինեին միկրոտնտեսագիտական լուրջ վերլուծության: Ակնհայտ է, որ եթե վերը հիշատակված ոլորտներում (բացի էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման ճյուղերից, որտեղ ստեղծված վիճակը ենթակա է հատուկ ուսումնասիրության) անհապաղ համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա անխուսափելի կլինի այստեղ գործող միջին բիզնեսի ձեռնարկությունների կլանումը խոշորների կողմից, նոր օլիգոպոլիաների առաջացումը, դրան զուգահեռ վնասով աշխատող փոքր եւ միջին ձեռնարկությունների լուծարումը:
Եթե այս ամենի հետ ըստ ոլորտների ներկայացվի, թե ինչ ծավալ են կազմում վերը նշված ճյուղերի հիմնական միջոցները, ինչպիսին են նրանց ոչ ընթացիկ եւ ընթացիկ պարտավորությունները (հետաձգված հարկային պարտավորություններ, երկարաժամկետ ու կարճաժամկետ վարկային պարտավորություններ, կրեդիտորական պարտքեր բյուջեին, կրեդիտորական պարտքեր պարտադիր սոցիալական ապահովության գծով եւ այլն), ապա պատկերն էլ ավելի կամբողջանա: Նման ուսումնասիրությունների արդյունքում, անտարակույս, շատ ավելի հրատապ կդառնա կառավարության կողմից անհապաղ գործնական միջոցառումների իրականացման խնդիրը: Հակառակ դեպքում առաջիկայում մենք ականատես կլինենք մեծաթիվ ձեռնարկությունների սնանկացման ու լուծարման, դրանից բխող սոցիալական վտանգավոր զարգացումների երեւան գալուն:
Բերված իրողությունների առկայության պայմաններում, երբ ծանոթանում ենք կառավարության նիստերի, ֆինանսատնտեսական, ճյուղային նախարարությունների կոլեգիաների օրակարգերին, նրանց ընդունած որոշումներին, ապա տեսնում ենք, որ ամենատարբեր, երբեմն ճգնաժամի պայմաններում անհեթեթ հնչեղություն ունեցող հարցերի լիության պայմաններում իսպառ բացակայում են առանձին ոլորտների կազմակերպությունների գործունեությանը վերաբերող միկրոտնտեսագիտական վերլուծությունները, վիճակը շտկելուն ուղղված անհրաժեշտ երաշխավորությունների ու միջոցառումների մշակումը, դրանց արդյունքում համապատասխան որոշումների ընդունումը:
Այս է պատճառը, որ կառավարության ու ֆինանսատնտեսական ոլորտների ղեկավարների հայտարարությունները եւ կանխատեսումները ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին, ՀՆԱ-ի իբր աճի եւ մակրոտնտեսական այլ ցուցանիշների դրական շարժընթացի վերաբերյալ ժամանակի ընթացքում հօդս են ցնդում (այս երեւույթի մասին գրել եմ իմ նախորդ հոդվածում. տե՛ս «Հայոց Աշխարհ», 2- 3 սեպտեմբերի, 2010թ.):
Թերեւս նման վերլուծությունների բացակայությունն ու դրանից բխող անհրաժեշտ գործառույթների չիրականացումն էր հիմնական պատճառներից մեկը, որ 2009թ. կառավարության ու ֆինանսատնտեսական ոլորտի անբավարար աշխատանքի հետեւանքով, երկրի պետական արտաքին պարտքի 1,88 անգամ ավելանալու պայմաններում, ՀՀ տնտեսությունը ս.թ. հունվար-օգոստոսին նախաճգնաժամային 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ համադրելի գներով (դոլարային արտահայտությամբ) արձանագրել է ՀՆԱ-ի 24% անկում:
Ամփոփելով վերը շարադրվածը, կարելի է հանգել այն եզրակացության, որ մինչ օրս հանրապետության գործադիր իշխանությունների իրականացրած պետական կառավարման մակարդակը խիստ անարդյունավետ է եղել: Նրանց գործունեության մեջ բացակայում է (անգամ իսկ պարզ տրամաբանությունից բխող) աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված չափանիշների մշակումն ու դրանցով աշխատանքի կազմակերպումը, ընդունված որոշումների նպատակահարմարության գնահատումը` սոցիալական հնարավոր հետեւանքների կտրվածքով:
Երբ վերլուծության ես ենթարկում կառավարությունում, նախարարություններում քննարկման առարկա դարձած հարցերը, ապա ակնբախ է դառնում, որ ի սկզբանե դրանց հեղինակներն իրենց չեն ծանրաբեռնել ցանկացած խնդրի քննարկմանը նախորդող անհրաժեշտ հարցադրումներով: Մասնավորապես. որքանո՞վ են քննարկվող խնդիրներն ու դրանց լուծումները համապատասխանում հասարակության հարաճուն կարիքների բավարարմանը, երկրի հեռանկարային զարգացումների համար անհրաժեշտ միջավայրի ձեւավորմանը:
Պետական կառավարման մարմինների աշխատանքի հիմնական թերություններից է նաեւ այն, որ նրանց ընդունած որոշումներում, որպես կանոն, բացակայում են տարրական այնպիսի հարցերի հստակ պատասխանները, ինչպիսիք են` որո՞նք են այն խնդիրները, որ պետք է առաջնահերթ կարգով լուծումներ գտնեն, ո՞ր չափով է դա անհրաժեշտ անել, արվածն ի՞նչ կտա հասարակությանը, դրանք բացասական ինչպիսի՞ հետեւանքներ կարող են առաջացնել:
Գործադիր իշխանությունների գործունեության մեջ նման մոտեցումների բացակայությունը մեծ մասամբ հետեւանք է այն բանի, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրական վիճակը համակողմանի վերլուծելու փոխարեն, որպես կանոն, նրանք կառչում են մակրոտնտեսական առանձին ցուցանիշների դրական շարժընթացի մասին խոսող թվերից, բացարձակապես չխորանալով տնտեսական եւ ֆինանսական խորքային այն գործընթացների մեջ, որոնք արձանագրված այդ «առաջընթացի» հիմնական պատճառն են հանդիսացել:
Այսպես, համաշխարհային շուկայում սեւ, գունավոր ու թանկարժեք մետաղների գնի բարձրացումը դրական ազդեցություն է ունեցել մեր երկրի ՀՆԱ-ի, արտահանման ցուցանիշների վրա, մինչդեռ գործադիրը դա ներկայացնում է իբրեւ սեփական ջանքերի արդյունք: Սակայն ինքնին հասկանալի է, որ այս հարցում նրա կատարած աշխատանքը զրոյական է: Դրա հետ, գործադիրի կողմից բացարձակ անուշադրության է մատնվում այն իրողությունը, որ, ինչպես վերը նշեցինք, 2009թ. արդյունքում հանքարդյունաբերությունում, համաձայն ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների, վնասով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել էր 55,6%:
Կամ էլ ոգեւորված խոսում են այն մասին, որ ս.թ. հունվար-օգոստոսին ՀՀ-ում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցվել է մանրածախ առեւտրաշրջանառության 100,3%-ի, մատուցվող ծառայությունների ծավալի 107,2%-ի աճի տեմպ, դրանից եզրակացնելով, որ այն պայմանավորված է ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմամբ: Անտեսվում է այն իրողությունը, որ այդ աճը մեծապես կապված է ոչ առեւտրային նպատակով մեր ազգաբնակչությանը դրսից ուղարկված մասնավոր տրանսֆերտների աճով: Ավելին, չգիտես ինչու, անտեսվում է, որ դրանց որոշակի մասը, ավա՜ղ, կլանում է գնաճը, որի մակարդակն այս տարվա ութ ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 107,7%:
Էլ չենք խոսում այն մասին, որ պետական կառավարման մարմիններն իրենց գործունեության մեջ ամենեւին հաշվի չեն առնում սոցիալական առանձին շերտերի, խավերի հանապազօրյա պահանջները: Հակառակ պարագայում գործադիրի կողմից կձեռնարկվեին նպատակային միջոցառումներ, որոնք նպատակաուղղված կլինեին, օրինակ, գյուղացիական տնտեսությունների աշխատանքի համար նվազագույն պայմանների ապահովմանը: Չանտեսելով շուկայական տնտեսության ընձեռած հնարավորությունները` կարելի կլիներ ձեւավորել մրցակցային դաշտ, մասնավորապես, պարարտանյութի ներկրման ու սպառման ոլորտում, թեկուզեւ պետության մասնակցությամբ: Կարծում եմ, որ գործին չէր վնասի ոռոգման ջրի տնտեսագիտորեն արդարացված, ֆերմերների համար մատչելի գների սահմանումը, ինչպես նաեւ բազում այլ հարցերի կարգավորմանն ուղղված խնդիրների լուծումը:
Թերեւս պետական կառավարման գործում նման մոտեցումների բացակայության հետեւանքով ստիպված եղանք արձանագրել, որ 2009թ. գյուղատնտեսության ոլորտում վնասով էր աշխատում յուրաքանչյուր երրորդ տնտեսություն: Միանգամայն օրինաչափ է, որ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ այդ ոլորտում գրանցվել էր 18%-ի անկում, որը բացատրել միայն անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, սխալ կլիներ:
Գյուղատնտեսության անկման հիմնական պատճառներից է կառավարության ինքնահեռացումը գյուղացիական տնտեսությունների համար անհրաժեշտ բիզնես միջավայրի ձեւավորման հարցերի լուծումից, ինչի հետեւանքով հազարավոր գյուղացիական տնտեսություններ հայտնվել են ֆինանսական շատ ծանր վիճակում` չկարողանալով ոչ միայն մարել նախորդ տարիներին առեւտրային բանկերից վերցրած վարկերը, այլեւ գյուղմթերքների արտադրության ծավալները պահպանել: Իսկ այն, թե սոցիալական ինչպիսի՞ վատթարագույն հետեւանքների կարող է այդ ամենը հանգեցնել, առանձին քննարկման նյութ է:
Պետական կառավարման մարմինների ապաշնորհ եւ անարդյունավետ աշխատանքների բացասական այլ արդյունքների թվարկումը կարելի է անվերջ շարունակել: Սակայն ասվածից էլ հանգում ես այն հետեւությանն ու հրամայական պահանջին, որ ՀՀ գործադիր իշխանությունները պետք է անհապաղ հիմնովին վերակառուցեն իրենց աշխատաոճը` մշակեն պետական կառավարման, այն է` սեփական գործունեության արդյունավետության չափանիշները, խնդիր ունենալով երկրում ստեղծել այնպիսի մթնոլորտ ու պայմաններ, որոնք կնպաստեն մեր հանրապետության համակողմանի զարգացմանը:
Սա է ժամանակի հրամայականը:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ