ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է

08-09.09.2010

Առանց չափազանցության կարելի է ասել, որ անցած երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էին գտնվում օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետություն կատարած Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցի շուրջ քննարկումները: ՌԴ նախագահի պետական այցի արդյունքը հանդիսացավ հինգ պայմանագրերից բաղկացած փաստաթղթերի փաթեթի ստորագրումը. «ՌԴ կառավարության և Հայաստանի կառավարության միջև Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցելու մասին», «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև առևտրային ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնելու մասին» համաձայնագրեր, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի իրականացման կարգի մասին» կիրարկման արձանագրությունը, «Հայաստանի Հանրապետության տարածքում՝ արտոնագրված ծառայությունների կենտրոնների և ռազմական տեխնիկայի ու տեխնիկական սպասարկման ու վերանորոգման համատեղ ձեռնարկությունների ստեղծման բնագավառում համագործակցության հարցերի մասին» փոխըմբռնման հուշագիրը: Սակայն, կասկածից վեր է, որ ՌԴ նախագահի պետական այցի արդյունքում ստորագրված ամենամեծ հնչեղություն ստացած փաստաթուղթը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու վերաբերյալ երկու երկրների պաշտպանության նախարարների՝ Անատոլի Սերդյուկովի և Սեյրան Օհանյանի կողմից ստորագրված, այսպես կոչված, № 5 արձանագրությունն էր: Նշենք, որ խնդրո առարկայի վերաբերյալ գործող պայմանագիրը ստորագրվել էր 1995 թ. մարտին և ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել 1997 թ.: Առավել սուր քննարկումները տեղի ունեցան ՌԴ-ի և ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հենց այդ արձանագրության շուրջ: Ընդ որում, դրանից զատ, բազում քննարկումների առարկա դարձավ այդ արձանագրությամբ նախատեսված մայր Պայմանագրի հոդված 3-ի նոր խմբագրությունը, որի համաձայն՝ «Ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի Դաշնության հետաքրքրությունների պաշտպանությունից, Հայաստանի Հանրապետության զինուժի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»: Հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հակառակորդներն այդ փաստաթուղթն ընդունեցին որպես ՀՀ-ին ուղղված վտանգ, որը, իբր, Հայաստանին սպառնում է ինքնիշխանության կորստով, ավելին՝ ՀՀ իշխանություններին մեղադրեցին «ազգային շահերի դավաճանության մեջ», «անկախության կորստի», «Ռուսաստանի վեհապետական նկրտումներին Հայաստանի ազգային շահերի ոտնահարման գնով նպաստելու» և մահացու այլ մեղքեր գործելու համար: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի և Հայաստանի միջև համակողմանի զարգացման կողմնակիցները, ասես թե, վախվորած ջանում էին մեր հասարակայնությանը բացատրել, որ դա այնքան էլ այդպես չէ: Ծանոթությունը խնդրո առարկայի շուրջ տպագրված բազմաթիվ հրապարակումների հետ կարող էր երկակի տպավորություն ձևավորել. մի կողմից, գիտակցելով մեր տարածաշրջանում միջազգային ուժի կենտրոնների դերակատարության կշիռը, կարծես թե, պետք է ինքնին հասկանալի դառնար այն իրողությանը, որ դժվար է գերագնահատել ՌԴ նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերի նշանակությունն առաջիկա շուրջ 50 տարիների ընթացքում ՀՀ-ի անվտանգության երաշխիքների ապահովության գործում: Մյուս կողմից՝ ծավալված քննարկումների ընթացքում երևան եկավ տարակուսանք առաջացնող այնպիսի երևույթ, երբ պաշտոնական տեսակետ հայտնող հայաստանյան առանձին գործիչներ, չգիտես ինչու, սկսեցին արդարանալ ստորագրված փաստաթղթերի համար: Նման անընդունելի, արհեստականորեն և նրբին կերպով դրսից մեր հասարակությանը պարտադրված երկու երկրների միջև կայացած պայմանավորվածությունների այսպիսի մեկնաբանությունն առաջացրեցին երկակիության զգացողություն՝ ստեղծված իրավիճակի գնահատման առումով:

Ահա հենց այս անհանգստացնող իրողությունը մեզ դրդեց առանձին վերլուծությամբ հանդես գալու համար՝ խնդիր ունենալով անկողմնակալ գնահատել ստորագրված փաստաթղթերի նշանակությունը մեր երկրի ազգային անվտանգության համար: Սակայն, մինչ դրան անցնելը, համառոտ անդրադարձ կատարենք, թե վերջին շրջանում ինչպիսին է Հարավային Կովկասում ձևավորվող իրավիճակը:

 

Եվ այսպես, 2008 թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-հարավօսական պատերազմից ճիշտ չորս ամիս անց՝ 2009 թ. հունվարի 9-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը և Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստորագրեցին «ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիա»: Դրա 2-րդ մասում, մասնավորապես, գրված է. «Խոստովանելով, որ աշխարհում խաղաղությանն ու կայունությանը վտանգ է սպառնում, ի գիտություն ընդունելով այն պարտավորությունը, որը հետևում է Վրաստանի և Ռուսաստանի միջև կրակի դադարեցման շուրջ  օգոստոսի 12-ին (2008 թ. - Ա.Գ.) կնքված համաձայնագրից, ԱՄՆ-ն և Վրաստանը նախատեսում են ընդլայնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության ծրագրերը՝ նպատակ ունենալով վերացնել այդ սպառնալիքները և նպաստել խաղաղությանն ու կայունությանը: ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը և գործընկերությունը օգտակար է ինչպես երկու պետությունների, այնպես էլ տարածաշրջանի համար»: Ուշագրավ է, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո մամուլի համար արած հայտարարության մեջ Կոնդոլիզա Ռայսն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն պաշտպանել և միշտ պաշտպանելու է Վրաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև՝ «նրա ձգտումը եվրոատլանտյան ինտեգրմանը»: Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն էլ իր հերթին նշել էր, որ ստորագրված փաստաթղթի բովանդակությունը քննարկվել էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի հետ: Այսպիսով, այս փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն ստանձնում է մեր հարևան Վրաստանի անվտանգության ապահովումը:

Հիշենք նաև, որ ս. թ. օգոստոսի 16-ին Ադրբեջան կատարած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցի ընթացքում այդ երկու երկրների ղեկավարները ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության ու փոխօգնության պայմանագիր: Այդ պայմանագրի համաձայն Թուրքիան ստանձնում է Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխավորի պարտավորությունը: Ի դեպ, դեռևս 1999 թ. գարնանը Թուրքիայի և Ադրբեջանի միջև սկզբունքային պայմանագիր էր կնքվել ռազմավարական գործընկերության մասին, որում ներառված էր երկու էական գործոն: Առաջին. Ադրբեջանն առանց Թուրքիայի համաձայնության չի կարող որոշում կայացնել ռազմական գործողությունների սկսման մասին: Երկրորդ. Թուրքիան երաշխավորում է Ադրբեջանի անվտանգությունը՝ նրա դեմ ուղղված ցանկացած ագրեսիայից, նրան ցույց տալով ռազմական և քաղաքական օգնություն: Այս կապակցությամբ հիշենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլի ողջ ընթացքում՝ 1992-1994 թթ., Թուրքիան անթաքույց օգնում էր Ադրբեջանին ինչպես զինտեխնիկայով, այնպես էլ ռազմական գործի բազմաթիվ հրահանգիչներ և խորհրդատուներ գործուղելով այնտեղ: Այսպես, թուրքական “Hurriet” ազդեցիկ թերթը 1999 թ. հունվարի 17-ի համարում հրապարակել էր Ադրբեջանում գտնվող թուրքական բարձրաստիճան զինվորականների թվաքանակը, այն է՝ 256 զինծառայող: Տպավորիչ է նաև այդ ժամանակաշրջանում Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելի և Ղրիմի թաթարների շարժման առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևի (Ջեմիլօղլու) միջև կայացած երկխոսությունը, որը տեղի էր ունեցել Ուկրաինա կատարած Թուրքիայի նախագահի պաշտոնական այցի ժամանակ՝ 1994 թ. մայիսին: Զրույցի ընթացքում Դեմիրելը, մասնավորապես, ասել էր. «Ազերիները նույնպես պետք է հյուսեն իրենց հերոսական էպոպեան (հավանաբար, նա ի նկատի ուներ այն, որ ազերիներն էլ պետք է իրականացնեն Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության գենոցիդը. - Ա.Գ.): Մենք Ադրբեջանում արել ենք այն ամենը, ինչ հնարավոր է: Կան միջոցառումներ, որոնց մասին ես չեմ կարող խոսել, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանում տեղի ունենա քրիստոնեության և իսլամի բախում: Ես ավանտյուրիստ չեմ և թույլ չեմ տա, որ իմ երկիրը ներքաշվի ավանտյուրայի մեջ: Դա ձեռնտու կլիներ այն ուժերին, որոնք պահանջում էին խառնվել (ադրբեջանաղարաբաղյան ռազմական հակամարտությանը. - Ա.Գ.), բայց ես նրանց պատասխանում էի՝ եթե գնանք, ապա կբախվենք Ռուսաստանի հետ»: Այս կապակցությամբ ավելորդ չէ նշել և այն, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իրականացվող ռազմական գործողություններում թուրքական և օտարերկրյա մասնագետների, նաև՝ վարձկանների զինվորագրման համար օգտագործվել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության տարածքը: Հենց Հյուսիսային Կիպրոսից են բրիտանական և թուրքական այդ վարձկանները տեղափոխվել Ադրբեջան: Այո, ես չվրիպեցի, թուրքականից զատ, նաև բրիտանական վարձկանները, ինչի մասին ժամանակին խոր համոզվածությամբ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը: Բրիտանական ազդեցիկ “The Independent” թերթին հղած նամակում (այն տպագրվել էր թերթի 1994 թ. հունվարի 24-ի համարում) նա մեջբերում էր արել բրիտանական արտաքին գերատեսչության բարձրաստիճան չինովնիկի հետ իր ունեցած զրույցից, որտեղ բարոնուհու հարցին՝ արդյո՞ք բրիտանական վարձկաններ կան Լեռնային Ղարաբաղում, արտգործնախարարության պաշտոնյան պատասխանել էր. «Ոչ մի երկիր չի հետաքրքրվում ուրիշ երկրի ճակատագրով, յուրաքանչյուրն ունի իր շահերը: Ադրբեջանում մենք ունենք նավթային շահեր»: Լորդերի պալատի փոխխոսնակը թերթին հղած նամակն ավարտել էր հետևյալ խոսքերով. «Ինձ համար երբեք այսքան ամոթ չի եղել բրիտանացի լինել»: Բարոնուհի Քոքսը թերթի խմբագրությանն ուղղած նամակում նաև նշել էր. «Եթե այսպես շարունակվի, ինձ համար շատ ամոթ կլինի, որ իմ թոռներն ու ծոռներն իմանան, որ մեր պետությունը մարդու իրավունքներին գերադասել է առևտրային շահերը և նպաստել հայերի ոչնչացմանն իրենց պատմական հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում»:

Այս ամենի հետ նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո՝ ս. թ. հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ասես թե, առաջնորդվելով ռուսական իշխանություններին նեղացնելու պարզունակ ձգտմամբ, աշխատանքային այցով ժամանեց Վրաստան՝ Բաթումի: Ի. Ալիևի հետ ունեցած բանակցություններից հետո Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին հայտարարել էր. «Մենք խոսել ենք այն մասին, որպեսզի ստեղծենք մշտապես գործող խումբ, որը կաշխատի Միջին Ասիայից և Հյուսիսային Չինաստանից Վրաստանով ու Ադրբեջանով անցնող տրանսպորտային միջանցքի հարցերով»: Այլ կերպ ասած՝ խոսք է գնացել մեր տարածաշրջանում տարանցիկ նոր միջանցքի ստեղծման մասին, որը, ինչպես և Բաքու - Ախալքալաք - Կարս երկաթուղային գիծը, ծրագրվում է կառուցել՝ շրջանցելով Հայաստանի Հանրապետության տարածքը: Ավելին, այդ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, բնութագրելով Ադրբեջանի և Վրաստանի միջև ձևավորված փոխհարաբերությունները, հայտարարել էր Ադրբեջանի հետ համադաշնային հարաբերությունների ստեղծման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ Վրաստանի նախագահի, «ադրբեջանա- վրացական կապերը ռազմավարականից վերաճել են ինչ-որ շատ ավելի մեծ բանի»: Օրեր անց  Մ. Սահակաշվիլին իր այդ հայտարարությունը կրկնել էր Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, որին էլ հաջորդել էր այդ երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի լրագրողներին տված տեղեկատվությունը, ըստ որի՝ «Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու վերաբերյալ Վրաստանը տեխնիկապես արդեն իսկ տվել է իր համաձայնությունը»:

Ավելորդ չի լինի հիշել և այն մասին, որ Ադրբեջանը, բացի այն, որ գնալով ամրապնդում է ռազմավարական հարաբերություններն իր մերձավոր հարևանների՝ Թուրքիայի և Վրաստանի հետ, նաև ռազմատեխնիկական սերտ համագործակցության հիմքեր է ստեղծում Իսրայելի հետ: Այսպես, 2009 թ. հունիսի 28-29-ին Ադրբեջան կատարած Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի պաշտոնական այցից 2 ամիս անց Իսրայելի պաշտպանական զենք արտադրող “Elbit Systems” ընկերությունն Ադրբեջանում բացել է իր ներկայացուցչությունը: Հետագայում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը իսրայելական “Aeronautics” ընկերության հետ ստորագրել էր համաձայնագիր (այդ ընկերությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում աշխարհում ճանաչվել է առաջատար), որի համաձայն՝ մեկնարկել է այդ սարքերի արտադրությանն ուղղված համատեղ ադրբեջանաիսրայելական նախագծի մշակումը: Նշենք նաև, որ այդ ընկերության կողմից ստեղծված “Tec SAR” արբանյակը (որի կիրառման վերաբերյալ ձեռք է բերվել երկկողմ պայմանավորվածություն) հագեցած է ռադարային այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս երկրի մակերեսը լուսանկարել եղանակային ցանկացած պայմաններում: Ըստ Ադրբեջանի ռազմական փորձագետների՝ դա անփոխարինելի համակարգ է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ ծավալելու համար, հատկապես, եթե հաշվի առնվի Լեռնային Ղարաբաղի լանդշաֆտը: Եվս մեկ համատեղ նախագիծ, որը քննարկվել էր Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև, Ադրբեջանում իսրայելական մոդիֆիկացիայի ԲՄՊ զինտեխնիկայի  արտադրության կազմակերպումն էր: Էլ չենք խոսում այդ ընթացքում ստորագրված մի շարք գործարքների մասին, որոնցով առաջիկայում Ադրբեջանին կվաճառվի մի քանի հարյուր միլիոն դոլարի արժողությամբ իսրայելական տեխնիկա և զինամթերք:

Շատ էական ենք համարում համառոտ անդրադառնալ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին: Դրանց մակարդակն առավել ընդգրկուն բնութագրվել էր 2008 թ. փետրվարին «Ադրբեջանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները և դրանց ազդեցությունը Եվրասիայի վրա» թեմայով   կայացած համաժողովում: Ելույթ ունենալով այդ համաժողովում՝  Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը, մասնավորապես, հայտարարել էր. «Մեր երեք երկրները (Թուրքիան, Ադրբեջանը և ԱՄՆ-ն. - Ա.Գ.), որոնք ներկայացված են այս համաժողովում, գիտեն, որ մեր եռակողմ հարաբերությունները կարևորագույն ռազմավարական գործոն են ողջ տարածաշրջանի համար: Թուրքիան մեր հին բարեկամն ու դաշնակիցն է, մենք միասին անցել ենք շատ ճգնաժամերի միջով… Տարածաշրջանի համար ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի գործընկերության մեջ հսկայական առավելություն և մեծ նվաճում կլինի, եթե դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման Հարավային միջանցքի զարգացումը ֆիզիկական և տնտեսական արտացոլում գտնի: Դրա համար կպահանջվի, որպեսզի    ԱՄՆ-ն, Ադրբեջանը և Թուրքիան փոխհամագործակցեն Թուրքմենիայից ու Ղազախստանից գազամատակարարում ապահովելու համար: Արդյունքում կստեղծվեն շատ ավելի ամուր հիմքեր՝ տարածաշրջանի երկարաժամկետ բացության և Արևմուտքի հետ նրա կապի ամրապնդման գործում»: Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի խոսքում և ոչ մի բառ չկա տարածաշրջանային այդ խոշոր նախագծերում Հայաստանի ներգրավման վերաբերյալ: Ավա՜ղ, Հարավային Կովկասի պետությունների տնտեսական զարգացմանը միտված ուղղություններում նման մոտեցումը համահունչ է նաև Եվրամիության քաղաքականությանը, որը նույնպես հաշտվել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Վրաստանի լուռ համաձայնությամբ, տարածաշրջանում իրականացվող տնտեսական ցանկացած նախագծերից Հայաստանի դուրսմղման քաղաքականության հետ:  Ուշագրավ է նաև այն, որ տարածաշրջանում տնտեսական, հատկապես էներգետիկ խոշոր ծրագրերն իրագործվել և իրագործվելու են կամ Արևմուտքի անմիջական մասնակցությամբ, կամ նրա լռակյաց հավանության պարագայում:

Վերցնենք, թեկուզև, Բաքու - Թբիլիսի - Ախալքալաք - Կարս երկաթուղային միջանցքի կառուցման մասին 2007 թ. փետրվարի 7-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված համաձայնագիրը: Այն իր մեջ ներառում է Կարս (Թուրքիա) - Ախալքալաք (Վրաստան) 98 կմ երկարությամբ երկաթուղու կառուցումը, որից 68 կմ՝ Թուրքիայի և 30 կմ՝ Վրաստանի տարածքով: Հայաստանը մշտապես դեմ է եղել այդ նախագծի իրականացմանը, արդարացիորեն մատնանշում կատարելով այդ համաձայնագրի քաղաքական ենթատեքստի վրա՝ հայտարարել է, որ տարածաշրջանի պետությունները կարող են անարգել երկաթուղային փոխադրումներ կատարել արդեն իսկ գոյություն ունեցող Գյումրի - Կարս երկաթուղով: Պաշտոնական Երևանի այդ դիրքորոշումը, կարծես թե, հավանության էր արժանացել Եվրամիության կողմից, որն իր հերթին եվրոպական բանկերին կոչ էր արել ձեռնպահ մնալ ադրբեջանա - թուրքա - վրացական այդ նախագծի ֆինանսավորումից: Ցավոք, դրանով ամեն ինչ սահմանափակվեց, քանզի Եվրամիության կողմից գործնական ոչ մի այլ արգելակող միջոց չձեռնարկվեց այդ շինարարությունը դադարեցնելու համար: Արդյունքում երկաթուղու շինարարությունը շարունակվում է և, վերջերս, Բաքու կատարած իր պաշտոնական այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շահագրգիռ բոլոր կողմերին կոչ արեց համախմբել ուժերը՝ խնդիր ունենալով 2012 թ. ավարտել այդ երկաթուղու շինարարությունը: Կրկին անդրադառնալով Դենիել Ֆրիդի վերը հիշատակած ելույթին, նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված նրա մոտեցումներն առավել որոշակիացան նրա ելույթի հետևյալ տողերում. «Հարավային Կովկասը չի կարող ամբողջովին բացահայտել իր ներուժն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Այնքան ժամանակ, որքան Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ, այդ տարածաշրջանում հնարավոր չէ իրագործել բարգավաճման և ազատության ընդհանուր հայեցակարգ, նշանակում է նաև՝ կայունություն ապահովել: Եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին համաձայնագիր մշակելու ժամանակը»: Ողջ աշխարհին է հայտնի, որ Թուրքիան և Ադրբեջանն արդեն շուրջ 20 տարի է, ինչ իրականացնում են Հայաստանի շրջափակումը, մինչդեռ այդ նույն ժամանակաշրջանում Արևմուտքի անվրդով հավանության կամ անմիջական մասնակցության պայմաններում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրականացվում են տնտեսական խոշորածավալ նախագծեր: Եվ, որքան էլ տարօրինակ է, այդ պարագայում ամերիկացի մեր բարեկամներն ու գործընկերները խիստ մտահոգվում ու զայրանում են հայտարարելով, որ «Այնքան ժամանակ, որքան Հայաստանը գտնվում է մեկուսացման մեջ, այդ տարածաշրջանում հնարավոր չէ իրագործել բարգավաճման և ազատության ընդհանուր հայեցակարգ»: ԱՄՆ-ի հանրապետական վարչակազմի վերը ներկայացված նման մոտեցումը, ավա՜ղ, շարունակում է նաև ԱՄՆ-ի ներկայիս դեմոկրատական վարչակազմը՝ այն չենթարկելով որևէ փոփոխության, իսկ Միացյալ Նահանգների ղեկավարությամբ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված նախաձեռնությունը, որը, անշուշտ, եթե հաջողվեր, կվերացներ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, պաշտոնական Անկարայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով մտավ փակուղի: Թուրքիան, ըստ էության, արհամարհեց 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի և Եվրամիության հովանու ներքո, Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ կնքված արձանագրություններով իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

Բնական է, որպեսզի մենք առավել ընդգրկուն և համակողմանի պատկերացնենք Հարավային Կովկասում ձևավորվող իրավիճակը, անհրաժեշտ է հակիրճ անդրադառնալ այն զարգացումներին, որոնք վերջին շրջանում ընթացել են մեր հարավային հարևանի՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ: Այսպես, ս. թ. հունվարի վերջին, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթաքին, երբ պաշտոնական այցով Երևանում էր, հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հետագայում՝ ապրիլի 7-ին, նա հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին առաջարկություններ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Իսկ ապրիլի 19-ին Իրանի լրագրողների համար Թեհրանում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Իրանը խիստ անհանգստացած է այդ հակամարտության շարունակությամբ… Այդ պրոբլեմները բեռ են Կովկասի համար: Նման հակամարտությունները շատ վատ են անդրադառնում տարածաշրջանային նախագծերի, տարածաշրջանի երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների վրա: Մենք հավատում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Թեհրանն իր հարևաններին խաղաղություն է ցանկանում և այդ հակամարտության արդարացի լուծման համար պատրաստ է անել ամենը: Մենք մեր առաջարկություններն ուղարկել ենք ադրբեջանական և հայկական կողմերին: Բաքուն ընդունել է մեր առաջարկները, Երևանից դեռ պատասխան չի ստացվել»: Հետագայում պաշտոնական Երևանը շատ նրբորեն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում, դրանով, ըստ էության, մերժել էր Իրանի միջնորդական նկրտումները: Սակայն Հարավային Կովկասի տարածաշրջանային գործերում Իրանի հնարավոր մասնակցությունը տեսնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում միջնորդական առաքելության իրագործման մեջ, կլիներ խնդրո առարկայի շուրջ պարզունակ մոտեցման դրսևորում: Այստեղ, կարծում եմ, իմաստ ունի հիշել, որ Իրանի ազգաբնակչության մեջ էթնիկ ադրբեջանցիները կազմում են թվով երկրորդ խոշոր խումբը, և վերջիններս շատ ուշադիր են Ադրբեջանում բնակվող իրենց ցեղակիցների ճակատագրի նկատմամբ: Այս հանգամանքն իր հերթին պարտադրում է Իրանի քաղաքական ղեկավարությանը որդեգրել ակտիվ դիրքորոշում Ադրբեջանին վերաբերող ցանկացած խոշոր իրադարձության դեպքում, առավել ևս այն հարցերում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին: Պաշտոնական Թեհրանը մշտապես հայտարարում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ իր քաղաքականության մասին:  Իրանը չի ընդունում պատմական փաստերի վրա հիմնված տարածքային պահանջատիրությունը: Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Իրանը հետևողականորեն վարում է այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ռազմական բախումների հնարավորության բացառմանը: Մի կողմից՝ Իրանը զգուշանում է, որ ռազմական գործողությունները կարող են ներթափանցել իր հյուսիսային տարածքը, որը հիմնականում բնակեցած է էթնիկ ադրբեջանցիներով: Մյուս կողմից՝ շատ լավ գիտակցում է, որ իր հյուսիսային սահմանների մոտ պատերազմի սանձազերծումը հղի է մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայումով: Հանգամանք, որը, Իրանի իշխանությունների կարծիքով, սպառնալիք կդառնա Իրանի անվտանգության համար: Դրա հետ մեկտեղ պաշտոնական Թեհրանը զգուշանում է, որ պատերազմական գործողությունները կարող են հանգեցնել Իրանին սահմանակից ադրբեջանական շրջաններից մեծ թվով փախստականների ներխուժմանն իր տարածք: Հարկ է նշել, որ ներկայումս Իրանն արդեն իսկ ապաստան է տվել Աֆղանստանից և Իրաքից ավելի քան 4 մլն փախստականների (ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր կոմիսարիատի տվյալներով 1992 թ. վերջին Իրանն օթևանել էր 4 մլն 150 հազ. 700 փախստականների. UN HCR. The State of the world’s refugees 1993: The Challenge for Protection, New York. Penguin Books 1993):  Այս կապակցությամբ տեղին է նաև ասել, որ Իրանի իշխանությունները որոշակի ջանքեր գործադրեցին, որպեսզի դեռ 1993 թ. սեպտեմբերին արգելափակեն Ադրբեջանից փախստականների ներհոսքը Իրանի տարածք, երբ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում բռնկվեցին մարտեր: Այն ժամանակ շուրջ 150 հազար ադրբեջանցիներ փորձում էին անցնել Իրանի սահմանը: Այդ օրերին Իրանի նախագահ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին մամուլի համար արել էր ուշագրավ մի հայտարարություն. «Մենք փախստականներին (Ադրբեջանի Հանրապետությունից. - Ա. Գ.) վերաբերվում ենք այնպես, ինչպես կվերաբերվեինք մեր սեփական փախստականներին (որոնք տեղահանվել էին 1990-1998 թթ. իրաքյան ներխուժման արդյունքում. - Ա.Գ.), սակայն գերադասում ենք, որպեսզի նրանք մնան Ադրբեջանի տարածքում՝  սեփական նպատակներին ավելի արագ հասնելու համար»: Հարկ է նաև ընդունել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը Իրանի կողմից իրականացվող միջնորդական քաղաքականության նպատակներից մեկն է: Իրանը հանդես չի գալիս ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմնակից: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում քաջատեղյակ լինելով, որ վերջինս տարածքային պահանջների նկրտումներ ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի ադրբեջանական բնակությամբ հյուսիսային շրջանների նկատմամբ: Կրկնենք, Իրանի քաղաքականությունը միտված է Ադրբեջանի ու Հայաստանի միջև հավասարակշռության պահպանմանը: Եվ, վերջապես, Իրանի փորձագետների կարծիքով, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտում է Իրանին լիարժեքորեն օգտվել այն հնարավորություններից, որոնք բացվում են տարածաշրջանում իրականացվող էներգետիկ խոշոր ծրագրերով: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասում Իրանի ակտիվացումը, ի թիվս այլ խնդիրների լուծման, կսահամանափակի տարածաշրջանում ուժգնացող թուրքական ազդեցության գործոնը:

Շոշափելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա Իրանի դերակատարությունը, անհրաժեշտ է նշել, որ 2010 թ. հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը (դրա համաձայն նոր պատժամիջոցներ են կիրառվելու Իրանի նկատմամբ՝ վերջինիս կողմից ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքները դադարեցնելու պահանջին տված բացասական պատասխանի արդյունքում) Իրանին կմղի ավելի հետևողական քաղաքականություն իրականացնել մեր տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ամեն կերպ բացառել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելը, ինչը, կրկնեմ, հղի է մեր տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայումով: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևին կողմ են քվեարկել ԱԽ-ի մշտական բոլոր անդամները այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, մինչդեռ Թուրքիան և Բրազիլիան քվեարկել են դեմ, իսկ Լիբանանը՝ ձեռնպահ:

Իսկ ի՞նչպիսին է Թուրքական Հանրապետության դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Թուրքիայի չափավոր իսլամական ղեկավարության կողմից Հարավային Կովկասում և Մեծ Մերձավոր Արևելքում իրականացվող նեոօսմանական քաղաքականության մասին շատ է գրվել: Մեր ընթերցողին միայն հիշեցնենք, որ ժամանակակից Թուրքիայի իշխանությունների անհագուրդ նկրտումները ստեղծել համաթուրքական համաշխարհային վեհապետություն՝ Մեծ Թուրան, որը կտարածվի Բալկաններից մինչև Հիմալայներ, իր մեջ ներառելով Ալթայը, Վոլգայի մեծ ջրավազանը և Կովկասը, այսօր էլ կասեցվում են  Հայկական սեպի առկայության փաստով, որը, ասես թե, խրվել է նոր օսմանների երազած տարածքի սիրտը: Եվ ներկայումս միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիայի կառավարության արտաքին քաղաքականության ցանկացած նախաձեռնություն Հարավային Կովկասում, վերջին հաշվով, հետապնդում է գեթ մեկ նպատակ՝ վերածնել նեոօսմանական կայսրությունը:

Միջազգային հարաբերությունների այս համապատկերում էլ ահա օգոստոսի 19-20-ին կայացավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում Երևանում ստորագրված փաստաթղթերը ևս մեկ նոր, համոզիչ վկայությունն են պաշտոնական Մոսկվայի վճռականության մասին՝ իր հարավային սահմաններում պահպանել կայունություն, նրա անդրդվելի կամքի՝ ամեն կերպ կանխել ցանկացած գործողություն, որը կարող է ապակայունացնել իրավիճակը մեր տարածաշրջանում: Ահա այս պատճառով էլ խիստ օրինաչափ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության մոտեցումները մնացել են անփոփոխ: Ինչպես ի սկզբանե, այնպես էլ հիմա Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված է հետևյալ գերակայության վրա. հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, ըստ որում՝ հակամարտող կողմերի փոխադարձ համաձայնության պայմաններում: Նման պարագայում հակամարտող կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների երաշխավորի դերակատարությունը Ռուսաստանի Դաշնությունը վերցնում է իր վրա: Խնդրո առարկայի շուրջ մնացած բոլոր դրսևորումներին անհրաժեշտ է մոտենալ ըմբռնումով և արժանապատվորեն: Ռուսաստանի Դաշնության գործընկերային, բարեկամական հարաբերություններն Ադրբեջանի Հանրապետության հետ, որոնց, համոզված եմ, դրական նոր լիցք հաղորդվեց վերջերս՝ սեպտեմբերի 2-3-ին ՌԴ-ի նախագահ Դ. Մեդվեդևի այդ երկիր կատարած այցի արդյունքում ևս, ինչպես նաև վերջին շրջանում նկատվող ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը միանգամայն բացատրելի և հասկանալի են: Դա է Real politic ասվածը գործողության մեջ, և դա է «հայկական կոմպլեմենտարիզմի քաղաքականության» ինքնատիպ սկզբունքների կիրառումը ռուսական հողի վրա:  Անվիճելի է այն իրողությունը, որ Ռուսաստանի վարած նման քաղաքականությունը զգալիորեն ամրապնդում է նրա դիրքերը Հարավային Կովկասի անհանգիստ տարածաշրջանում՝ որպես խաղաղության հուսալի երաշխավորի: Նորից ու նորից իմաստավորելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքները, ակամայից հիշողությանդ են գալիս հայ մեծ լուսավորիչ, հայ նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Խաչատուր Աբովյանի մարգարեական մտքերը, որ նա գրել է իր «Վերք Հայաստանի» գրքում դեռ 1841 թ.: Այնտեղ մեծ հումանիստն արտաբերել էր հետևյալ խոսքերը. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»: Իսկապես, իմաստուն մարդ էր Խաչատուր Աբովյանը: Իրավամբ, օրհնված էր էն սհաթը…

Վերջաբանի փոխարեն

Այս հոդվածի հրապարակմամբ, պատկերացնում եմ, թե ինչ ցնցումների մեջ կընկնեն Մեծ լեռան այն կողմից ֆինանսավորվող ռուսատյացներն ու այլ նվնվացողները, որոնք Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական ապագան, մեր երկրի մասնակցությունը ՀԱՊԿ ռազմաքաղաքական միության մեջ, չգիտես ինչու, հանկարծ սկսեցին պայմանավորել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող C-300 «Ֆավորիտ» զենիտահռթիռային համակարգի վաճառքի, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ռազմակայանի գտնվելու ժամկետը 49 տարով երկարացնելու հետ: Հարկավ, նրանց գործերը վատ են, նրանք գլուխ չեն հանում դրսից ստացված տնային հանձնարարությունից: Ուստի, մեծահոգի գտնվենք և նրանց խորհուրդ տանք ժամանակավորապես հանգիստ թողնել Գյումրիի ռուսական № 102 ռազմակայանի հետ կապված հարցերը և այդ ընթացքում մտորել Եվրոպայում ԱՄՆ-ի տեղակայած 350, Արևելյան Ասիայում՝ 175, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Ասիայում՝ 13, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում տեղակայած 6 ռազմակայանների ճակատագրով: Չէր խանգարի, որ հետաքրքրվեին, թե ինչպես են այդ ռազմակայանների առկայության պարագայում իրենց զգում բրիտանացիները, գերմանացիները, իտալացիները, թուրքերը, բուլղարները, ռումինացիները, հարավ կորեացիները, ճապոնացիները, ֆիլիպինցիները, կանադացիները և այն բոլոր ազգերը, որոնց երկրներում տեղակայված են ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները: Ավելին, չէր խանգարի, որ ճշտեին, թե այդ պետությունների ղեկավարներից (որտեղ կան ամերիկյան ռազմակայաններ) ով է տվյալ երկրի դատարանի կողմից մեղադրվել ազգային շահերի դավաճանության, երկրի ինքնիշխանության կորստի համար:

Բոլոր ընդդիմախոսներիս օգնելու նպատակով հուշեմ, որպեսզի աշխարհով մեկ սփռված ԱՄՆ-ի ռազմական ուժերի տեղակայման մանրամասներին առավել տեղեկացված լինելու համար ընթերցեն հետևյալ փաստաթուղթը՝ Department of Defens Base Structure Report, Fiscal Year 2007 Base line, http://www.defenselink.mil/pubs/BSR_2007_Baseline.pdf

Արտաշես Գեղամյան

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր