ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՎԱԾ Է, ՀԱՂԹԱՆԱԿԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է

18.09.2009

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում սեպտեմբերի 17-ին նախագահ Սերժ Սարգսյանի և կուսակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ «Ազգային միաբանության» նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ունեցած ելույթի հիմնական թեզերը

Հետևություն առաջին. Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից հետո առաջին դեպքն է, երբ ուժի միջազգային կենտրոնները` ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը, միահամուռ և լիովին հավանություն են տվել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացներին: Հետևություն երկրորդ. Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտությունը, գիտակցելով ուժի միջազգային կենտրոնների նման հետաքրքրությունն ու շահագրգռությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, հետևողականորեն փորձեր են կատարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները ամեն գնով պայմանավորել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, և հակառակը: Սա խիստ ուշագրավ է, որովհետև բացահայտում է կարևոր մի իրողություն, այն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացներում ուրվագծվում են լուծումներ, որոնք չեն կարող գոհացնել թե Ադրբեջանին և թե Թուրքիային, հակառակ պարագայում նրանք չէին դրսևորի այդպիսի շտապողականություն և անթաքույց անհանգստություն: Դրանից ելնելով է, որ Թուրքիայի իշխանությունները փորձում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը միջազգային հանրությանը ներկայացնել որպես իրենց կողմից կատարվող մեծ զիջում, ակնկալելով, անգամ իսկ Հայաստանի Հանրապետությունից պահանջելով շոշափելի զիջումներ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում:

Ահա նման հարցադրումից բխում է երրորդ հետևությունը. Արցախի հիմնահարցը այսօրվա մեր դիվանագիտության զինանոցում հաղթական առավելություններից է, թերևս հիմնականներից: Եվ բնավ պատահական չի կարելի համարել, որ դրսից ղեկավարվող տեղական հեղափոխականների քարոզչության հիմնական սլաքները ուղղված են Ղարաբաղի իշխանությունների, ժողովրդական լայն զանգվածի շրջանում շփոթության իրավիճակ ստեղծելուն, ավելին՝ անվստահության մթնոլորտ սերմանելուն Հայաստանի իշխանությունների նկատմամբ: ՀԱԿ-ի կողմից հետևողականորեն իրականացվում է հակաքարոզչություն, որն առայժմ բարեբախտաբար ձախողվել է: Հետևություն չորրորդ. Չնայած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման շուրջ ուժի համաշխարհային կենտրոնների դրական արձագանքներին, հիշատակված կենտրոնները մեր տարածաշրջանում ունեն իրարից խիստ տարբերվող հետաքրքրություններ:

Այդ իրողությունը հայ դիվանագիտությունից պահանջում է առավել շրջահայացություն և ճկունություն: Արտաքին քաղաքականության առանցքում պետք է դրվի Հարավային Կովկասում և, ինչու ոչ, Կենտրոնական Ասիայում գերհզոր երկրների կողմից հետապնդվող նպատակների և շահերի համադրումը մեր ազգային նպատակների դիտանկյունից: Այլապես Հայաստանի Հանրապետությունը կարող է ներքաշվել փորձություններով հագեցած գործընթացների մեջ, որոնք դրական և ոչ մի բան չեն խոստանում հայոց պետականության և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ճակատագրի առումով: Հետևություն հինգերորդ. Նախաստորագրված արձանագրություններից հետո ակնհայտ դարձավ, որ ՀՀ իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը բխում էր մեր պետության շահերից (գոնե հիմնական իր ուղենիշով), ինչը ստիպեց ադրբեջանա-թուրքական լոբբիստական կազմակերպություններին փոխել իրենց մարտավարությունը: Մասնավորապես հայտնի կենտրոնների կողմից ֆինանսավորվող մեզ քաջածանոթ ուժերի շրջանում որոշիչ դերակատարություն ունեցող պարագլուխները 10 օրվա ընթացքում հրապարակեցին գրեթե իրարամերժ երկու հայտարարություններ: Ուշագրավ է, որ վերջին հայտարարության մեջ հիմնական թիրախ է ընտրված Հայաստանի Հանրապետության նախագահը` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հիմնական նախաձեռնողը: ՀԱԿ-ի առանձին գործիչների կողմից հանրապետության նախագահի դեմ որդեգրված նման շեշտադրումը թերևս գալիս է ապացուցելու, որ նախագահի հրապարակային հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, խիստ անընդունելի են թուրք-ադրբեջանական կողմի, բնականաբար նաև վերջիններիս կողմից ֆինանսավորվող լոբբիստական ուժերի և նրանց տեղական վարձկան-գործակալների համար: Հետևություն վեցերորդ Ստեղծված պայմաններում առանցքային խնդիրներից է դառնում Հայաստանի, Արցախի, ինչպես նաև համասփյուռ հայության միաբանությունը հանուն հայոց պետականության, Արցախի անկախությանը հասնելու նպատակով միասնական ճակատի ստեղծումը: Խնդիր, որի լուծումն առավել քան արդիական է: Այստեղ անփոխարինելի դերակատարություն կարող են ունենալ մեր ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի Հայկական համագումարը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Կարծում եմ, տեղին է նշել ՀՅԴ-ի որդեգրած այս պահի ընկալումով հայանպաստ քաղաքականությունը, որն արտահայտվում է ստեղծված իրավիճակում նախագահի ինստիտուտի անսասանության ապահովման գիտակցմամբ:

Հետևություն յոթերորդ. Առանձնահատուկ կարևորություն և նշանակություն են ստանում Հայաստանի Հանրապետության ներքին կայունության ապահովման խնդիրները, հատկապես ճգնաժամի հետևանքով առավել ծանր կացության մեջ հայտնված խավերի հրատապ խնդիրների կարգավորումը: Այս պարագայում առավել կարևոր է, որ գործադիր իշխանությունները կարողանան մեր ազգաբնակչությանը հստակ, հասկանալի լեզվով բացատրել ձեռնարկվելիք քայլերից սպասվող արդյունքները, և ոչ թե` Հայաստանի Հանրապետությունը ճգնաժամից դուրս գալու գլխավոր միջոց մատնանշեն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի տնտեսության մեջ նկատվող դրական տեղաշարժերը, և դրանից բխող տրանսֆերտների աճի հեռանկարի ակնկալումը: Նման քաղաքականությունը երբեք ազգը համախմբող ներուժ չի կարող ունենալ: Ավելին՝ նման մոտեցումը կարող է սերմանել հուսահատություն, անվստահություն սեփական ուժերի և գործող իշխանությունների հանդեպ: Հայաստանի Հանրապետությունն իր նորագույն պատմության մեջ թևակոխել է մի այնպիսի բախտորոշ, ճակատագրական փուլ, երբ անսահման մեծ է պատասխանատվությունը, որն ընկնում է յուրաքանչյուր կուսակցության վրա, անկախ նրանից՝ իշխանական է, թե ընդդիմադիր, յուրաքանչյուր հասարակական կազմակերպության, յուրաքանչյուր անհատի, անգամ իսկ քաղաքականությունից օտարված յուրաքանչյուր քաղաքացու վրա: Առանց չափազանցության կարելի է ասել, որ մեր երկրի ոչ միայն ներկան, այլև հայոց պետականության ապագան կերտողները մենք ենք, համայն հայությունը: Կարծում ենք, պահի բախտորոշ լինելու ճիշտ նման գիտակցումով էլ պետք է հաջողություններ մաղթենք Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, մեզ բոլորիս: Գեթ մեկ անգամ ազգովին գիտակցենք` պարտությունը այս հարցում բացառված է, իսկ հաղթանակը բոլորինս է լինելու:

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր