ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԽԶՈՒՄՆ Է

29.10.2018, Հայոց աշխարհ

Ինձ նորից գրիչ վերցնել ստիպեց հոկտեմբերի 25-ին Հայաստան եւ, առհասարակ, Հարավկովկասյան տարածաշրջան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ առաջին հայացքից, ոչնչով չառանձնացող այցից առաջացած տագնապի զգացողությունը։

Առանձնակի ի՞նչ կար, ուրեմն, Հարավկովկասյան տարածաշրջան նրա կատարած այցի ժամանակ։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որոշ մեջբերումներ կատարեմ Ջ.Բոլթոնի հարցազրույցից «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության տնօրեն Հ.Թամրազյանին։ Այսպես, հարցին, թե՝ «չէի՞ք պատմի, թե ինչ եք քննարկել (վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի հետ- Ա.Գ.) եւ ինչ տպավորություն եք ստացել նոր կառավարությունից», Ջոն Բոլթոնը պատասխանել է այսպես (կրճատումներով- Ա.Գ.). «Ես վարչապետին ասացի, որ, հասկանալի է, մեծ ոգեւորությամբ ընդունեցի գարնանը Հայաստանում կատարված փոփոխությունները (ո՞վ էլ կասկածեր, չէ՞ որ դրանք պատրաստվում էին դեռեւս 2008 թվականից, այսպես ասենք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մեր ամերիկյան գործընկերների կողմից- Ա.Գ.), ինչպես նաեւ մոտեցող դեկտեմբերյան ընտրությունները։ Երբ տեղի են ունենում նման, ըստ էության՝ հեղափոխական փոփոխություններ, միշտ հնարավորություն է առաջանում լուծելու այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մինչ այդ անլուծելի էին թվում։ Իհարկե, մենք շատ խոսեցինք Լեռնային Ղարաբաղի մասին... Անկասկած այդ ճանապարհը առանց դժվարությունների չի լինի, սակայն մենք զգացինք, որ վարչապետը շատ լավ դիրքեր ունի Հայաստանում, իսկ ընտրություններից հետո դրանք, ավելի շուտ, էլ ավելի կամրանան, որպեսզի ցույց տան լիդերի իր հատկանիշները»։

Իսկ խնդիրն ի՞նչ է՝ կարող է հարցնել ընթերցողը։ Այն, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը համոզված է, որ ս.թ. դեկտեմբերին անպայման տեղի են ունենալու ԱԺ ընտրությունները։ Այո, անշուշտ, ամերիկյան կողմը գիտե, որ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը ԱԺ հերթական նիստում երկրորդ անգամ «կտապալի» վարչապետի պաշտոնին իր սեփական սիրելի անձի ընտրությունները, ինչն էլ ԱԺ ինքնալուծարման օրինական հիմքեր կտա։ Բայց եւ, միաժամանակ, հարց տանք, թե ինչո՞ւ Ջ.Բոլթոնը մտքով անգամ չի անցկացնում, որ, օրինակ, Հայաստանի այդ նույն Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի հատուկ նիստում չի առաջադրի վարչապետի իր թեկնածուին։

   Փառք Աստծո, ՀՀԿ խմբակցությունում կան տասնյակ արժանավոր թեկնածուներ, ովքեր իրենց պրոֆեսիոնալ հատկանիշներով, կենսափորձով շատ ավելի բարձր են վարչապետի գործող պաշտոնակատարից։ Էլ չեմ ասում ՀՀԿ այն արժանավոր թեկնածուների մասին, ովքեր այսօր աշխատում են խորհրդարանից դուրս։

   Ինձ կարող են առարկել, թե, իբր, պայմանավորվածություն կա քաղաքական ուժերի եւ Ն.Փաշինյանի միջեւ առ այն, որ խորհրդարանական խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի։ Բայց, կներեք, չէ՞ որ երկու ամիս առաջ կոնսենսուս էր ձեռք բերվել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2019թ. ապրիլ-մայիսին։ Եվ այդ պայմանավորվածությունը խախտեց ոչ այլ ոք, քան «ժողվարչապետը»։

   Ավելին՝ տառացիորեն օրերս Սահմանադրական դատարանը հանկարծ վերցնի ու միակ արդարացի եզրահանգումը տա այն մասին, որ «Ազգային ժողովի Կանոնակարգի մասին» Սահմանադրական օրենքում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքը լիովին համապատասխանում է սահմանադրությանը, ինչը սահմանադրական իրավունքի մասնագետների կողմից կասկածի չի էլ ենթարկվում։ Չէ՞ որ այս դեպքում Հայաստանի նոր վարչապետի ընտրությունը խորհրդարանի հատուկ նիստում շատ ավելի քիչ ենթակա կլինի Ն.Փաշինյանի մոլի կողմնակիցների՝ ավելի քան 80 հասարակական կազմակերպությունների ակտիվիստների շանտաժին, որոնք ահա արդեն ոչ մեկ տասնամյակ է՝ ֆինանսավորվում են Սորոսի հիմնադրամից ու դրա նմաններից։

   Նրանց նպատակը, ընդ որում՝ միակ նպատակն է՝ տարատեսակ բարեհունչ կարգախոսների ներքո, որոնք լոկ խափանման գործիք են, խարխլել հայոց պետականության հիմքերը։ Այստեղ չմոռանանք «Կյանքի խոսք» ագրեսիվ տոտալիտար կրոնական աղանդի եւ, իհարկե, Հայաստանի բավական կայտառ ու արկածախնդիր ԼԳԲՏ հանրույթի մասին, որոնց այդքան նուրբ պահում-պահպանում է Ն.Փաշինյանը (բայց այդ մասին՝ մի փոքր ավելի ուշ)։

   Ուրեմն ինչո՞ւ Ջ.Բոլթոնը բնավ հաշվի չի առնում Հայաստանում իրավիճակի զարգացման նշված բոլոր եւ միանգամայն հնարավոր տարբերակները։ Որտեղի՞ց է վերցնում իր տեղեկությունները, թե ԱԺ ընտրություններից հետո Ն.Փաշինյանի դիրքերն «ավելի շուտ՝ էլ ավելի են ամրանալու»։ Եթե Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներն են նրան այդ վստահությունը տալիս, ապա հիշեցնենք, որ ընտրողների ավելի քան 53%-ը այդպես էլ չի մասնակցել քաղաքապետի ընտրություններին։ Կարծում եմ, որ այդ ընտրություններին չմասնակցած մեր համաքաղաքացիները բնավ էլ գործող իշխանության կողմնակիցները չէին։

   Իսկ գուցե Ջ.Բոլթոնի վստահությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ժողովրդին մանիպուլացնելու լայնորեն կիրառվող տեխնոլոգիաները ԱԺ ընտրությունների պարագայո՞ւմ էլ անխափան կգործեն եւ ընտրողների կեսն այդպես էլ չի գնա ընտրությունների։ Ավաղ, իրենց այս պարտվողական վարքագծով միայն գործող իշխանություններին իրենց բողոքն արտահայտող մեր ընտրողները չար կատակ կխաղան հայոց պետականության հետ։

   Այո, հարգելի ընթերցող, այս բոլոր հարցերն ունեն գոյության իրավունք, բայց եւ այնպես, բաց է մնում գլխավոր հարցի պատասխանը. իսկ որտե՞ ղ է թաղված շան գլուխը։ Եվ այս հարցի պատասխանը պետք է փնտրել բոլորովին այլ հարթությունում։ Այսպես, Ն.Փաշինյանի կողմից դեկտեմբերին ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը հնչեցնելու հենց հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը Միլի մեջլիսի ընտրություններին այդքան սեւեռուն ուշադրություն չի հատկացնում, որքան ՀՀ ԱԺ ընտրություններին, իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ մեծ հույս ունի, թե ԱԺ ընտրություններից հետո, վերջապես, կգտնվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը։

   Կարճ ժամանակ անց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն, իր հերթին, EVNReport պորտալին տված հարցազրույցում ասաց. «Երբ ես եկել էի այստեղ (Հայաստան- Ա.Գ.), ինձ համար շատ անսպասելիորեն պարզեցի, որ իմ հանդիպած հայերի մեծ մասը կտրականապես դեմ է գրավյալ տարածքները վերադարձնելուն՝ բանակցային գործընթացի շրջանակներում։ Բանակցային գործընթացը տարիներ շարունակ հասկացվում էր այնպես, որ այդ տարածքները սկզբում գրավվել էին, որպեսզի հետագայում օգտագործվեն «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձեւի շրջանակներում»։ Այսինքն՝ Իլհամ Ալիեւի կիսատ ասածը բացահայտեց դեսպան Ռ.Միլզը, կրկնենք, «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» կարճ բանաձեւով։

   Իսկ այս թեման ավելի նուրբ ձեւով, այլաբանորեն հոկտեմբերի 25-ին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց Ջ.Բոլթոնը, որը հեռուստաալիքներից մեկի թղթակցի «եթե սկսվեն բանակցությունները (Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ- Ա.Գ.), ո՞վ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ Ադրբեջա՞նը։ Եվ ի՞նչ փաստաթուղթ է լինելու սեղանին, եթե նկատի ունենանք, որ մինչ այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ իր կարճ ժամկետով գտնվելու ընթացքում Ռիչարդ Հոգլանդը (որը ԵԱՀԿ ՄԽ-ում ներկայացնում էր ԱՄՆ-ը- Ա.Գ.) ասել էր, որ ներկա պահին բանակցությունների սեղանին ոչ թե Կազանի փաստաթուղթն է, ոչ թե Մադրիդյան սկզբունքները, այլ մի ինչ-որ նոր բան (համարձակվում եմ ենթադրել՝ փաստաթուղթ, որը հանգեցնելու է «հողեր խաղաղության դիմաց» ձեւակերպմանը- Ա.Գ.)։ Ի՞նչ փոփոխություններ են եղել» հարցին պատասխանեց այսպես. «...Եթե վարչապետն այդ ընտրություններում անցնի եւ նրա կուսակցությունը ստանա այդ մանդատը (մեծամասնություն խորհրդարանում- Ա.Գ.), ապա դա լավ հնարավորություն է, որպեսզի վճռական եւ որոշիչ քայլեր արվեն Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու համար։ Եթե նման պատրաստվածություն լինի, ապա մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույնպես համապատասխան արձագանք լինի»։

   Ալիեւ-Միլզ-Բոլթոնի հայտարարությունների ողջ տրամաբանությունը հանգում է մի բանի՝ վերսկսել Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» կարգախոսի ներքո։ Չէ՞ որ գաղտնիք չէ, որ ինչպես Կազանի փաստաթղթից (2011թ. մարտի 5-ին Սոչիում ներկայացվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ, որը մեկ ամիս անց, Կազանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ բանավոր համաձայնեցվեց Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ- Ա.Գ.), այնպես էլ Մադրիդյան սկզբունքներից, որոնք տեղ են գտել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հինգ համատեղ հայտարարություններում, հրաժարվել է հենց Ի.Ալիեւը։

   Մի խոսքով՝ «Ղարաբաղյան կարգավորման հարցում բեկման հասնելու Ն.Փաշինյանի ձեռնարկելիք վճռական քայլերի» բովանդակության ընկալումներում ադրբեջանական եւ ամերիկյան կողմերը միասնական են, իսկ նրանց մոտեցումների միասնականությունը հանգում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւին։ Ընդ որում՝ նկատենք, որ ոչ մի՝ անգամ ամենաանսկզբունքային քաղաքական գործիչ, որը ժամանակ առ ժամանակ, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, պատրաստ է ամենաանամոթ ձեւով, աչքն իսկ չթարթելով, արմատապես փոխել իր դիրքորոշումը Հայաստանի եւ Արցախի համար բախտորոշ հարցերում, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը նախաձեռնելու հարցից ընդհուպ մինչեւ Ադրբեջանին «եթե կուզեք՝ օկուպացված տարածքների...» հանձնման վերաբերյալ («եւ մենք, որ պետք է լինենք այս երկրի (Հայաստանի- Ա.Գ.) տերը, մերը թողած ուզում ենք տեր լինել ուրիշին» (Ադրբեջանի- Ա.Գ.) (մեջբերում Ն.Փաշինյանի 2001թ. մայիսի 22-ի՝ «Հայկական ժամանակ» թերթում տպագրված հոդվածից), թույլ չի տա իրեն ներքաշվել անվտանգության գոտու տարածքների հանձնման բացահայտ դավաճանական արկածախնդրության մեջ, ընդ որում՝ առանց Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի, նրա անվտանգության ապահովման մասին հստակ պայմանավորվածությունների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարություններին համապատասխան։

   Բայց Ն.Փաշինյանի հարցում մենք միանգամայն այլ դեպք ունենք։ Նա հիանալի գիտակցում է, որ անդրօվկիանոսյան իր հովանավորներին Լեռնային Ղարաբաղի հանձնման մասին նախապես տված իր բոլոր խոստումները (ընդ որում, եթե ոչ ուղղակիորեն, ապա իր հարցազրույցների եւ հրապարակային ելույթների միջոցով, ինչի մասին ավելի վաղ գրել եմ) քաղաքական կամիկաձեի դերի հայտ ներկայացնելու համար չեն, այլ մի շատ ավելի վատ բանի։

   Միեւնույն ժամանակ, Ն.Փաշինյանը գիտակցում է, որ իր կուրատորների առջեւ ավելի վաղ ընդունած պարտավորությունները նա նույնպես չի կարողանալու կատարել, եւ ահա ընտրություն է կատարել, իսկ ավելի շուտ՝ քաղաքական ուղեվարները նրան հուշել են, թե ինչ անի հետո։ Իսկ անելու է հայ հասարակության պառակտման, այն հեղափոխականների եւ «հակահեղափոխականների», «սեւերի» ու «սպիտակների» բաժանելու ամենաստոր քաղաքականության միջոցով։ Ընդ որում, նա անպատկառություն ունեցավ փորձելու պետականության հիմքերի խարխլման քաղաքականություն վարել նաեւ Արցախի Հանրապետությունում։ Սակայն, ինչպես եւ պետք էր սպասել, Ն.Փաշինյանի այս մտադրությունը շռնդալից տապալվեց՝ Արցախի բնակչության խորաթափանցության շնորհիվ (որն ահա արդեն 24 տարի հրադադարի համաձայնագրի կնքումից հետո ամեն օր, ամեն ժամ չի կորցնում իր զգոնությունը՝ քաջ գիտենալով Ադրբեջանի նենգությունը)։

   Արդյունքում՝ «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարը հայտնվեց իր իսկ լարած ծուղակում, ուստի եւ բնավ պատահական չէ, որ երկրում լարվածության թեժացման գլխավոր գործող անձը դարձել է հենց ինքը՝ Ն.Փաշինյանը։ Չէ՞ որ չի կարող խորհրդարանը, որը «համերաշխ» կողմ է քվեարկում ՀՀ կառավարության ներկայացրած բոլոր օրինագծերին, ապակայունացման աղբյուր լինել երկրում։

   Իսկ ինչ վերաբերում է ԱԺ Կանոնակարգում փոփոխություններ մտցնելու օրենքին, ապա այն ի ցույց դրեց Ն.Փաշինյանի գործողությունների ողջ հակասահմանադրականությունը, էլ չեմ ասում «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարի անթաքույց դիկտատորական պահվածքի մասին։ Պարզ է, որ երկիրն ընկղմելով կառավարելի քաոսի մեջ՝ «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարը ստեղծում է պարարտ հող ադրբեջանական ներխուժման համար, որին ափշերոնյան սուլթանությունում պատրաստվում են ամբողջ թափով։  

   Վերադառնալով Ջ.Բոլթոնի հարցազրույցին եւ մամուլի ասուլիսին՝ նշենք նաեւ առանձին լուսավոր պահերի մասին, որ տեղ են գտել նրա ասածներում։ Այսպես՝ «Ինձ թվում է, որ նրա (Ն.Փաշինյանի) հավանության արժանանալու վարկանիշը շատ բարձր է» հարցին Ջ.Բոլթոնը պատասխանել է. «Ես նրան հարցրի, թե որն է գաղտնիքը։ Նա հրաժարվեց տեղեկացնել։ Գուցե ընտրություններից հետո՞ ասի»։

   Իհարկե, Ջ.Բոլթոնի այս կատակը չի կարող հիացմունք եւ խանդաղատանք չառաջացնել, ինչպեսեւ Ն.Փաշինյանի արձագանքը, որը համեստաբար լռում էր եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին չէր տեղեկացնում իր հաջողության գաղտնիքի մասին։ Ում՝ ում, բայց «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարին լավ հայտնի է, որ ապրիլ-մայիսին նա օրինակելիորեն հետեւում էր Ջին Շարփի «ուսումնական ձեռնարկի» հանձնարարականներին՝ նախատեսված պետականությունը խարխլողների համար, որի վերնագիրն է՝ «Ոչ բռնի գործողությունների 198 մեթոդ» (198 METHODS OF NON VIOLENT ACTION from The Politics of Noviolent Action by Gene Sharp, Boston, Porter Sargent, 1973)։ Կամ էլ օգտվել է ամերիկացի վերլուծաբան, քաղաքական հրապարակախոս, փիլիսոփա եւ տեսաբան Ավրամ Նոամի Խոմսկու հանձնարարականներից, խորհուրդներից, որը ձեւակերպել է ժողովրդին մանիպուլացնելու 10 միջոց։

   Եթե մանրամասն վերլուծենք «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարի գործունեությունը, կարող ենք առանձնացնել նրա գործողությունների տարբերակիչ գծերը, որոնք նույնությամբ պատճենում են Ա.Խոմսկու սահմանումները։

   Այսպես, Ն.Փաշինյանը, երկրի տնտեսական զարգացման կարեւոր խնդիրները լուծելու, կոռուպցիայի դեմ պայքարը ինստիտուցիոնալ հիմունքներով կարգավորելու, Հայաստանի ներդրումային գրավչության համար պայմաններ ստեղծելու փոխարեն իր հրահրիչ ելույթներով հասարակության ներսում ստեղծում է լարվածության եւ անկանխատեսելիության, վախի, շանտաժի եւ փողոցի կողմից ուղղակի սպառնալիքների մթնոլորտ, իսկ հետո էլ ձեւացնում է, թե ինքն էլ լուծում է այդ խնդիրները։

   Նման մոտեցումը, այսպես ասենք, Ավրամ Նոամովիչը (ի դեպ, 1980-1992թթ. կենդանի գիտնականներից ամենամեջբերվողն է եւ ութերորդը առհասարակ մեջբերումների համար որպես աղբյուր օգտագործման հաճախականությամբ) նշում է որպես Միջոց N1՝ Ուշադրության շեղում եւ Միջոց N2՝ Ստեղծել խնդիրներ, իսկ հետո առաջարկել դրանց լուծման միջոցներ։

   Միջոց N3-ը՝ Աստիճանական կիրառման միջոցը, նույնպես ներառված է Ն.Փաշինյանի զինանոցում։ Օրինակ, հոկտեմբերի 24-ին, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն հարցին, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը Հայաստանում նոյեմբերին «ԼԳԲՏ համաժողովի» անցկացմանը, «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարը պատմել է բավական «հուզիչ» պատմություն այն մասին, որ երբ ինքը Ֆրանսիայում սուրճ է պատվիրել հյուրանոցի համարում, այն բերել է մի երիտասարդ, որը, սենյակ մտնելով, հիացական ասել է. «Օ, բարեւ ձեզ, պարոն վարչապետ», ինչին ի պատասխան Փաշինյանը հարցրել է. «դու հա՞յ ես», եւ ի պաասխան լսել՝ «այո», իսկ այն հարցին, թե չի՞ մտածում արդյոք այդ երիտասարդը վերադառնալ հայրենիք «հեղափոխությունից» հետո, այս անհայտ սեռի սուբյեկտը պատասխանել է, որ «հազիվ է փախել Հայաստանից»։

   Այնուհետեւ «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարը պարզաբանել է, որ նա (այդ մատուցողը- Ա.Գ.) Ֆրանսիայում ապրում է իր ընկերոջ հետ, որն այդ նույն հայկական քաղաքից է։ Համաձայնեք, խորհրդանշական զուգադիպություն է։ Ահա այսպիսի բաներ։ Հետո Ն.Փաշինյանին բնորոշ դեմագոգիան սկսվեց՝ «կառավարությունն առայժմ կխուսափի այդ հարցից, բայց 10-20-30 տարի հետո կլինի մի կառավարություն, որը դեմ առ դեմ կհայտնվի այդ խնդրի հետ»-ի տիպի։ «Եվ այդ կառավարությունը պետք է որոշի՝ արդյո՞ք տանկեր է հանում եւ «նրանց բոլորին ճզմում», թե՞ ընդունում է այդ մարդկանց (ԼԳԲՏ հանրույթի- Ա.Գ.) գոյությունը Հայաստանում»։

   Այս պարագայում մենք Ավրամ Նոամ Խոմսկու միանգամից երկու հանձնարարական ունենք. Միջոց N3՝ Աստիճանական կիրառման միջոց եւ Միջոց N4՝ Կատարման հետաձգում։ Կարելի է շարունակել Ն.Փաշինյանի կողմից փորձարկվող՝ ժողովրդի մանիպուլացման եղանակների մանրամասն նկարագրությունը, դիցուք՝ շեշտն ավելի շատ դնել հույզերի, քան խորհրդածությունների վրա, մարդկանց պահել տգիտության մեջ՝ սերմանելով միջակություն, քաղաքացիներին դրդել հիանալ միջակությամբ եւ այլն։

   Սակայն, կարծում եմ, դրա անհրաժեշտությունը չկա, բայց դրանից, այնուամենայնիվ, չի դադարում հանելուկ մնալ այն, թե՝ մի՞թե Ջ.Բոլթոնն իրականում չգիտեր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ավրամ Նոամ Խոմսկու այս տեխնոլոգիայի գոյության մասին։ Իսկ եթե գիտեր, մի՞թե ցանկանում էր իր համար պարզել՝ արդյոք վարչապետի պաշտոնակատարը գիտի՞ այն մասին, որ Ն.Փաշինյանի քաղաքական ուղեվարները նրան սնում են Նոամ Խոմսկու՝ ժողովրդին մանիպուլացնելու պոպուլյար տեխնոլոգիայով։

   Այժմ, ըստ իս, ամենաէականի մասին, որը տեղի է ունեցել Ջ.Բոլթոնի եւ Ն.Փաշինյանի բանակցություններում, ինչը դուրս է սպրդել Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիոյի Հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված բացառիկ հարցազրույցում։ Այսպես, կարծում եմ, որ հարգելի ընթերցողը, իմանալով Ջ.Բոլթոնի պատասխանը Հ.Թամրազյանի՝ «Մենք գիտենք, որ, նորից, Ռուսաստանը խոշոր խաղացող է անվտանգության առումով։ Բայց ինչպիսի՞ն են այլընտրանքները տարածաշրջանի երկրների համար։ Դա անդամակցությո՞ւնն է ՆԱՏՕ-ին։ Ի՞նչ է դա։ Ավելի սերտ հարաբերություններ ՆԱՏՕ-ի, թե՞ ռազմական համագործակցություն ԱՄՆ-ի հետ։ Որո՞նք են այլընտրանքները» հարցին, առանց ուղեղը լարելու կհասկանա, թե որն է մեր ամերիկյան գործընկերների վերջնախնդիրը, որի կատարումը դրվել է «ժողովրդի վարչապետի» պաշտոնակատարի վրա։

   «...Եվ ինչպես ասացի վարչապետին, եթե խոսքը ռուսական ռազմական տեխնիկայի, թե ամերիկյանի գնման մասին է, ապա մենք կնախընտրեինք վերջինը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը։ Ուստի ցանկանում ենք դիտարկել նման հնարավորությունը։ Եվ կարծում եմ, որ դա մեծացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ նա ամբողջովին կախված չէ մեկ խոշոր տերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքն ու այս ամենի պատմական համատեքստը։ Բայց կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է լավատես լինել այն իմաստով, որ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ»։

   Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Եվ այսպես, Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության վարչապետի պաշտոնակատարը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ քննարկում է ամերիկյան զենքի գնման հարցեր, ավելին՝ նա եւ Ընկ-ը առանց համապատասխան արձագանքման են թողնում Ջ.Բոլթոնի՝ «մեկ խոշոր տերությունից ամբողջովին կախված չլինելու», այլ ԱՄՆ-ից փափուկ կախվածությունն ինքնակամ ընդունելու ձգտումը։ Եվ որքան անպատկառ են հնչում նրա խոսքերը Հայաստանի լավատեսության մասին «այն առումով, որ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ»։ Ակամա տարակուսում ես եւ ցանկանում հարցնել. իսկ ո՞վ է խանգարում ԱՄՆ-ին «հուշել» մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով իր մերձավոր դաշնակից Թուրքիային, որպեսզի բացի սահմանները Հայաստանի հետ։

   Այստեղ ցանկանում եմ հիշեցնել ԱՄՆ հարգարժան հյուրին, որ Հայաստանի անկախության տարիներին նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի ավելի քան 1500 չվերթերով մեր հանրապետություն են հասցվել սպառազինություն եւ ռազմատեխնիկա։ Չէ՞ որ այս տեղեկատվությունը պետական գաղտնիք չէ։ Այս ամենը գրանցվում է արբանյակներով, այդ թվում՝ ԱՄՆ արբանյակներով, տիեզերքից, ընդհուպ մինչեւ, օրինակ, թուրք սպաների ուսադիրների աստղերը։ Ընդ որում՝ նկատենք, որ այդ զենքը Հայաստանի Հանրապետությունը գնում էր ներռուսաստանյան գներով, ավելին՝ ռուսական վարկերով, իսկ ավիափոխադրումներն իրականացվում էին միանգամայն խորհրդանշական, չնչին վճարով։

   Անվիճելի է, որ սրանում զգալի դեր է խաղացել նաեւ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համոզվածությունն իրենց դաշնակիցների հուսալիության հարցում՝ հանձինս Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ, իհարկե, Սերժ Սարգսյանի, որը, հիշեցնենք, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նորագույն պատմության ամենապատասխանատու շրջանում եղել է նաեւ հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարը։ Մինչդեռ իր հայտնություններով Ջ.Բոլթոնը, պարզամտության բերումով, թե միտումնավոր, բացահայտում է վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցությունների մանրամասները, որոնք, արդեն կասկածելու հարկ չկա, ուղղված էին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության մեջ սեպ խրելուն։

   Նա սա անում է՝ հիանալի տեղեկացված լինելով, որ ներկայում իր ուղերձը պարարտ հող կգտնի Հայաստանում, որովհետեւ այսօր ՀՀ ղեկավարության ղեկին «իրենց տղան» է։ Դրա համար էլ «իրենց տղան» սեփական ապահովագրության համար չի դադարում տեղի-անտեղի, հրապարակավ ու խորամանկաբար հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր առանձնակի լավ հարաբերությունների մասին (իր գինն է բարձրացնում ամերիկացի մեր գործընկերների աչքում), բայց եւ բնավ չի շտապում ազատվել իր մերձավոր շրջապատում աշխատող ռուսատյաց ու ցինիկ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այս մասին արդեն գրել եմ։

   Կարծում եմ, որ վերջին օրերի իրադարձությունների սույն հանգամանալի նկարագրությունն անհրաժեշտ էր, քանի որ իր ամբողջության մեջ այն կասկածներ չի թողնում, որ ամբողջ թափով ընթանում է «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» դավաճանական մտահղացումն իրագործելու պատրաստությունը։ Եվ հենց այս համատեքստում է պետք դիտարկել վարչապետի բազմակի հայտարարություններն այն մասին, որ վերջին ժամանակներս սահմանին ադրբեջանական կողմը շատ ավելի քիչ է գնդակոծում Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու Արցախի Հանրապետության տարածքը։ Ի՞նչ է սա։ Երգող սիրենաների համատեղ իրագործվող նենգության հայկական արդի տարբերա՞կ, սիրենաներ, որոնք թմրեցնում են սահմանամերձ բնակչության զգոնությունը, ավելին՝ նրանց մեջ արթնացնում կեղծ տպավորություն Ղարաբաղյան կարգավորման իբր նշմարվող հեռանկարների մասին, ինչի վերջնանպատակն է բնակչության կամքի թուլացումն ու ամեն գնով հայրենի հողի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու նրանց վճռականության խափանումը։

   Կարելի է տասնյակ օրինակներ ներկայացնել՝ ի հաստատումն այն բանի, որ մեր ամերիկյան գործընկերները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ լինելով, լրջորեն սեւեռվել են Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական դաշինքը խզելու, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու (հենց դրան էր ուղղված Հայաստանի ղեկավարությունում քեռի Սեմի հայտնի դրածոների անշնորհք, ըստ էության՝ անտաշ վարմունքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդեպ), ռուսական 102-րդ ռազմակայանը եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Էրեբունի» թռիչքակայանը, ինչպես նաեւ Հայաստանում Ռուսաստանի Ազգային դաշնային ծառայության սահմանապահ վարչության սահմանապահների ջոկատը Հայաստանից հանելու վրա։

   Իսկ Հայաստանի եւ Արցախի համար կործանարար այս սցենարի իրագործման համապատասխան հող պետք է ապահովի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ «տարածքներ (հողեր) խաղաղության դիմաց» բանաձեւով։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Հետգրության փոխարեն.- Հայաստանում մայիսյան (2018թ.) պետական հեղաշրջումից հետո անցած ժամանակաշրջանում ինձ անընդհատ տանջում է նույն հարցը. մի՞թե այն, ինչ տեղի ունեցավ, անխուսափելի էր։ Միաժամանակ ես, բնականաբար, ուշադրության եմ առնում բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրները, որոնք կուտակվել են Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին, բազմաթիվ դեպքերում օբյեկտիվ դժգոհությունը, որը տարիներ շարունակ հասունացել է հայ հասարակության մեջ, ինչն էլ փողոց դուրս բերեց մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, եւ այս հանգամանքից շատ հմտորեն օգտվեցին հայտնի ուժերը։

   Եվ չգիտես ինչու, այս տանջալից հարցի պատասխանի փնտրտուքն ավարտելով՝ հակվում եմ այն մտքին, որ եթե այն ժամանակ Սերժ Սարգսյանն այլ որոշում կայացներ, ապա Երեւանի փողոցներում անպայման արյուն կհեղվեր, ինչն, անշուշտ, մտնում էր քաղաքական ուղեվարների եւ նրանց կողմից առաջնորդվող, այսպես կոչված «թավշյա հեղափոխության» լիդերների հնարավոր սցենարների մեջ։ Չէ՞ որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո պետական հեղաշրջում իրականացնելու անհաջող փորձը նրա կազմակերպիչների կողմից հենվում էր հենց արյունահեղություն սադրելու վրա։

   Եվ հենց այս պատճառով այսօր այդ ողբերգության մեղավորները արդարության հաստատման կողմնակիցների պատմուճան են հագել։ Իսկ ավելի պարզ ասած՝ նրանց ընկալմամբ, տեղի ունեցած ողբերգության պատասխանատվության իրենց անձնական բաժինը փորձում են դնել այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա։ Ինչո՞ւ եմ օգտագործում «մեղավորներ» տերմինը, որովհետեւ դատարանի արդարացնող վճիռ ինչպես Հայաստանում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդպես էլ չի եղել։

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր