ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒՐ ՈՐ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԱՆՁԱԶԵՐԾԻ

Եվ դա կասկած չի հարուցում

29.09.2018, Հայոց աշխարհ

Հարավկովկասյան տարածաշրջանում անցնող շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ավելի ու ավելի են հակում այն մտքին, որ Ադրբեջանն ուր որ է՝ նոր ռազմական ագրեսիա է սկսելու Արցախի Հանրապետության դեմ։

   Այսքան կտրուկ սկիզբ ունեցող հոդվածը, բնականաբար, ընթերցողների մեջ կարող է որոշակի կասկածներ առաջացնել ներկայացվող նյութի օբյեկտիվության առումով, քանզի ցանկացած խուճապարար հայտարարություն նման պայթյունավտանգ իրավիճակում, որը ստեղծվում է Սիրիայի եւ Իրանի շուրջ, չի կարող որեւէ մեկին անտարբեր թողնել տարածաշրջանում լարվածության նոր օջախի ծագման հնարավորության հանդեպ։

Ինչպես տեղեկացնում է ԱԶԵՐԹԱՋ տեղեկատվական գործակալությունը, սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Միլի մեջլիսի հանդիսավոր նիստին, որը գումարվել էր ադրբեջանական խորհրդարանի 100-ամյակի առիթով, ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա որեւէ կարգավիճակ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս։ Ադրբեջանցի ժողովուրդը եւ պետությունը երբեք թույլ չեն տա, որ իրենց բնիկ, պատմական, իրավական հողն առանձնացվի Ադրբեջանից։ Հայաստանը չպետք է ապրի նման անուրջներով։ Եթե երկիրը 20 տարվա ընթացքում կառավարել է քրեական խունտայի ռեժիմը, խոսքը 26 տարի անկախություն ունեցող պետության մասին է, ապա ուրիշ էլ ի՞նչ կերպ կանվանես պետությունը։ Միայն անհաջող»։

   Ի դեպ, ուշադրություն դարձրեք ափշերոնյան սուլթանի զառանցական գնահատականներին «քրեական խունտայի ռեժիմի» քսանամյա կառավարման մասին, որոնք մեկ շաբաթ անց, ավելի մեղմ ձեւով, կրկնեց Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանը, ընդ որում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ամբիոնից։

   «Կցանկանայի հակիրճ անդրադառնալ ավտորիտար իշխանության նկատմամբ մեր տարած հաղթանակին,- ահա այսպես...- Այսօր խորհրդարանը շարունակում է աշխատել, բայց այն չի ներկայացնում մեր ժողովրդի կամքը... Ինչո՞ւ։ Պատասխանը կարճ է՝ քանի որ այն ընտրվել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումներով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի եւ ճնշումների գործադրմամբ»:

   Հայաստանի վարչապետի նման գնահատականներից հետո արդեն միանգամայն այլ կերպ են ընկալվում ափշերոնյան սուլթանի՝ հուլիսի 9-ին ասած խոսքերը Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում. «Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ Հայաստանում եղել է կոռուպցիոն խունտայի վարչակարգ։ Հիմա դա կրկնում է հայ ժողովուրդը։ Ես ասում էի, որ դա արյուն ծծող, գողական, քրեական ռեժիմ է։ Հիմա դա կրկնում է հայ ժողովուրդը...

   Հայկական պետականությունն արդեն փլուզվել է։ Միեւնույն ժամանակ, հաղթանակել է արդարությունը, արնախումների խունտան թողել է իշխանությունը։ Այստեղ մենք էլ մեր դերն ենք ունեցել։ Չեմ ուզում հիմա դա ուռճացնել»,- Ալիեւին մեջբերում է oxv.az պարբերականը։ Հազիվ եմ զսպում ինձ, որ չբացականչեմ. ցնծա՛, հայ ժողովուրդ, ոչ այլ ոք, քան մասամբ ինքը՝ Ադրբեջանի նախագահն է ազատել քեզ «քրեական խունտայի ռեժիմի» կապանքներից։

   Իհարկե, այլ հարց էլ է ծագում. իսկ ո՞ւմ ձեռքերով է ազատել մեզ։ Սակայն սա միանգամայն այլ վերլուծության թեմա է, որը Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարի՝ ամեն գնով խորհրդարանը ցրելու համառության պարագայում երկար սպասել չի տա։

   Այսպիսի ոչ այնքան մեծ ներածությունից հետո որոշ նկատառումներ հայտնեմ։ Եվ այսպես, սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Բաքու՝ կարճ աշխատանքային այցով, որի ընթացքում նախատեսվում էին երկկողմանի հանդիպում Ի.Ալիեւի հետ, մասնակցություն ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովի IX լիագումար նիստին եւ այցելություն ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակչին։ Ընթերցողը կարող է հարցնել՝ իսկ ի՞նչ արտասովոր բան կա սրանում։ Դե, ուրեմն, նշենք, որ Վ.Պուտինի Բաքու կատարելիք այցից մեկ-երկու օր առաջ ափշերոնյան սուլթանությունում լայնորեն գովազդվող հակառուսական քարոզչական հիստերիկա էր ծավալվել։

   Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, ս.թ. սեպտեմբերի 24-ին հասարակական գործիչների մի խումբ, հիմնականում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, կլոր սեղան անցկացրեց՝ նվիրված ՌԴ նախագահ Վ.Պուտինի Ադրբեջան կատարելիք այցի նշանակության գնահատմանը։ Հավանաբար Ադրբեջանի իշխանությունները շատ էին ցանկանում Ռուսաստանի նախագահի այցի նախօրեին Ի.Ալիեւի ապարատի կողմից վերահսկվող անձանց միջոցով հնչեցնել որոշ մտքեր, որոնք Ի.Ալիեւն ինքը վախենում է բարձրաձայնել։ Եվ ձեռքի հետ էլ, հանրայնացնելով ադրբեջանական ընդդիմության ռուսատյաց զառանցանքները, այնպիսի հերոս երեւալ, որը, հակառակ «նշանավոր ընդդիմադիր գործիչների» ճնշմանը, անձնուրացաբար պայքարում է ադրբեջանա-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացման համար։

   Ուրեմն ի՞նչ տեղեկացրին պաշտելի ժողովրդին այդ պատմական կլոր սեղանի մասնակիցները։ «Ռուսաստանը շարունակում է սատարել ադրբեջանական հողի օկուպացիային՝ միաժամանակ Ադրբեջանը մեկուսացնելով Կրեմլի աշխարհաքաղաքական նկրտումներին հակասող միջազգային ուժերից... Ադրբեջանցի քաղաքական գործիչները տարածաշրջանի երկրներին եւ հասարակություններին կոչ են անում համախմբվել ռուսական էքսպանսիայի սպառնալիքի դեմ, պաշտպանել իրենց պետությունների անկախությունը՝ հենվելով անվտանգության միջազգային համակարգերի վրա։ Նրանք հիշեցնում են Ռուսաստանի ուղղակի պատասխանատվության մասին՝ Հայաստանի կողմից ադրբեջանական հողի օկուպացիայի համար...»։

   Կարծում եմ, որ Ադրբեջանի հարեւանները՝ հանձինս Թուրքիայի եւ Իրանի, միասին ինշալլահ կբացականչեն եւ հնազանդորեն կընդունեն ադրբեջանցի ընդդիմադիրների խրատները, ի մեծ դժբախտություն որոնց՝ Վրաստանը պատմական այս կլոր սեղանից (որը զուգադիպել էր Վլադիմիր Պուտինի այցին) դեռեւս մի քանի տարի առաջ էր արդեն կատարել իր աշխարհաքաղաքական ընտրությունը։

   Հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի զարգացման տարավեկտոր սցենարները միանգամայն այլ իմաստ են ստանում, եթե դրանք դիտարկում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ունեցած ելույթի համատեքստում։

   Այո, այո, ես չսխալվեցի, Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահի ունեցած ելույթի համատեքստում։ «Իրանի առաջնորդները քաոս են սերմանում, մահ եւ ավերածություն,- իր ելույթում ասաց ամերիկյան նախագահը,- նրանք չեն հարգում ոչ իրենց հարեւաններին, ոչ այլ երկրների ինքնիշխան իրավունքները։ Դրա փոխարեն Իրանի առաջնորդները թալանում են երկրի պաշարները հանուն սեփական շահի, նաեւ Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից շատ հեռու ցնցումների պատճառ են հանդիսանում... Մենք չենք կարող թույլ տալ աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորին տիրապետել ամենավտանգավոր զենքին»։

   Իրանի հետ դիմակայությունում Վաշինգտոնի դիրքորոշման կոշտացման մասին այս խոսքերից հետո առանձնակի ակտուալություն է ստանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Արցախի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու 100 կիլոմետրանոց սահմանի առկայությունը (նշենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանը ԻԻՀ-ի հետ 35 կմ է)։ Սա նկատի ունենալով՝ հիշենք, որ սեպտեմբերի 21-ին Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առիթով, միեւնույն ժամանակ, մասնավորապես նշել է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաեւ նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տեւական խաղաղ լուծում գտնելու շուրջ»:

   Դե, ուրեմն, հիանալի է, կմտածի ընթերցողը։ Իսկ հիմա մեջբերում կատարենք Դոնալդ Թրամփի՝ Իլհամ Ալիեւին Հանրապետության օրվա եւ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով հասցեագրված շնորհավորանքից։ Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է. «Առաջիկա ամիսները հնարավորություն կստեղծեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար, իսկ դա էլ ավելի լավ պայմաններ կստեղծի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության համար։ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անկեղծորեն ցանկանում է համագործակցել Ձեզ հետ այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կայուն լուծելու համար»։

   Ուրեմն, ինչի՞ վրա է հույս դնում Իլհամ Ալիեւը, երբ ելույթից ելույթ կոշտացնում է իր ռազմաշունչ հռետորաբանությունը։

   Միանգամայն անտեղի են թվում «ժողվարչապետ» Ն.Փաշինյանի ելույթի տոնայնությունը եւ որոշ հղումները ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։ Վերցնենք թեկուզ նրա գանգատավոր անցումը՝ «Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե ինչ-որ մեկը Արցախի հողն է ուզում՝ առանց արցախցու, դա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն է»։

   Այդ ո՞ւմ ողորմածության եւ արդարամտության վրա է հույս դնում վարչապետը, որը չի ցանկանա թույլ տալ «հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը»։ Մի՞թե նա իր հույսը կապում է նրանց հետ, ովքեր աչք անգամ չթարթեցին, երբ Ադրբեջանում հերոսացրին Ռամիլ Սաֆարովին, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի գծով ուսումնական դասընթացների անցկացման օրերին սպանել էր Հայաստանի Զինված ուժերի քնած սպային։ Իսկ գուցե Ն.Փաշինյանը հույս է կապում այն արդարամիտների ու արդարասերների հետ, ովքեր այդպես էլ իրենց բողոքի եւ դատապարտման ձայնը չբարձրացրին, երբ Բաքվի պետական համալսարանի կայքում տեղադրվեց ադրբեջանցի բաշիբոզուկներին պատկերող զազրելի տեսահոլովակը, որում վերջինները՝ ժպիտը սֆաթներին, ցուցադրում էին 2016թ. ապրիլին գերի ընկած հայ զինվորի կտրված գլուխը։

   Գիտակցությանս մեջ կասկածներ են սողոսկում, որ վերջին 5 ամիսներին Հայաստանում չհանդարտվող զզվելի տեղեկատվական վակխանալիան խաղաղ ժամանակներում սխալանք թույլ տված Արցախի հերոսների շուրջ իրականացվում էր հեռուն գնացող նպատակներով, որոնց, ուզում եմ հավատալ, տեղյակ չէ «ժողովրդի» վարչապետը։ Հիմա արդեն բոլորովին այլ լույսով է ներկայանում նաեւ Ն.Փաշինյանի եւ զինակիցների անզուսպ ձգտումը՝ ցրել Ազգային ժողովը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ նրանց գիտակցված ընտրությունը՝ ցանկացած գնով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, հասնել հայ հասարակության պառակտման։

   Այստեղ ընթերցողների ուշադրությունը հրավիրենք եւս մեկ՝ ոչ պակաս կարեւոր հանգամանքի վրա։ Ի.Ալիեւը բնավ պատահականորեն չէ, որ խոսում է Հայաստանում «քրեական խունտայի ռեժիմի» հենց քսանամյա կառավարման մասին։ Այսինքն՝ անկախ Հայաստանի գոյության առաջին յոթ տարիներին, Ադրբեջանի նախագահի տրամաբանությամբ՝ բոլորովին էլ «արյունալի խունտայի ռեժիմը» չի կառավարել։ Պարադոքս է, չէ՞։ Չէ՞ որ այդ տարիներին է նվաճվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իհարկե՝ հայ ժողովրդի տասնյակ հազարավոր արժանավոր որդիների եւ դուստրերի կյանքի գնով, անասելի, բայց եւ միաժամանակ Հայաստանի քաղաքացիների կողմից գիտակցված զրկանքների գնով։

   Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ ափշերոնյան սուլթանին, որը Հայաստանի այն բազմաբովանդակ եւ քաջարի տարիների ղեկավարին «վեհանձնորեն» չի դասում «կոռուպցիոներների» եւ «հայ ժողովրդի արյունը ծծողների» շարքին։ Գուցե պատճառը ՀՀ առաջին նախագահի եւ նրա թիմի հստակ արտահայտված դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մոտեցումներում, որոնք ըստ էության, վերջին հաշվով հանգեցվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի ողորմածությանը հանձնելուն։

   Դե ինչ, գովելի է, որ Իլհամ Ալիեւը մինչեւ օրս հիշում է ՀՀ առաջին նախագահի այդ «կառուցողական» մոտեցումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ուստի, բնավ պատահական չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցները, անխնա քննադատելով Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, անդավաճան հարգանքով, անգամ երանությամբ են հիշատակում Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը՝ հաճախ նրա անվանը կցելով փաղաքուշ իմաստուն մակդիրը։

 Հետգրության փոխարեն. Երբ Հայրենիքը վտանգի մեջ է, հանցավոր է հասարակությունը բաժանել «սպիտակների» եւ «սեւերի», հանցավոր է առանց դատարանի վճռի անվանարկել եւ վիրավորական պիտակներ փակցնել Արցախի ազգային-ազատագրական պատերազմի հերոսներին՝ իսպառ չեղարկելով նրանց անգնահատելի դերը Արցախի ազատագրման գործում։

   Այո, անփոխարինելի առաջնորդներ չկան, բայց կա Արցախի պատերազմի շատ ու շատ հերոսների չխամրող սխրանքը, ովքեր օր օրի, ժամ առ ժամ աչքի առաջ մահն ունենալով՝ ծառայել են Հայրենիքին՝ Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հանուն տասնյակ եւ հարյուր հազարավոր ղարաբաղցիների կյանքի փրկության, որպեսզի նրանց էլ բաժին չընկնի Նախիջեւանի հայ բնակչության ճակատագիրը։ Ինչպիսին էլ որ լինի վերաբերմունքս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Արթուր Աղաբեկյանի, Վիտալի Բալասանյանի եւ Արցախի շատ ու շատ հերոսների հանդեպ, կարեւորն այն միտքն է, որ նրանց ամենալայն ներգրավումը Ղարաբաղյան հակամարտության դեռեւս դիվանագիտական կարգավորմանը այսօր, ինչպես երբեք, ակտուալ է, եւ սա շատ ավելի վատ է Ադրբեջանի համար, քան Մինգեչաուրի ջրամբարտակի պայթեցումը։

   Այո, Ադրբեջանն ուր որ է պատերազմ կսանձազերծի, որը ափշերոնյան հանրապետության համար պետականության կորստի կվերածվի։ Եվ սա ճշմարիտ է։

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ ԱԺ պատգամավոր

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր