ՀԱՆՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

13.03.2018, Հայոց աշխարհ

Մարտի 13-14-ը Ազգային ժողովում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստը։

   Նիստի ծրագրում նախատեսված է «Եվրասիական ինտեգրացիան եւ հանրային դիվանագիտությունը» հարցի քննարկումը, որի վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես է գալու ձեր խոնարհ ծառան։ Չեմ թաքցնի, որ խիստ մեծ է համընդհանուր ընդունված սխեմայով զեկույցը կազմելու գայթակղությունը, այն է՝ պատմել Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների մասին, օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ արտաքին առեւտրի ոլորտում, իսկ այդպիսիք, անկասկած, կան։ Կամ էլ ընթերցողներին ծանոթացնել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի՝ փետրվարի 20-ին ՀՀ-ում տեղի ունեցած 18-րդ նիստի նյութերին, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։

    Միաժամանակ՝ որոշել հանրային դիվանագիտության ոլորտի կոնկրետ խնդիրները, որոնք նպատակ ունեն այս ամենը դարձնել մեր երկրների բնակչության լայն շերտերի սեփականությունը։ Կամ էլ՝ կարելի էր հատկապես առանձնացնել Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերը, որոնց մեկնարկը տրվեց 2017թ. նոյեմբերի 15-ին Տրետյակովյան պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։

   Սակայն արդի աշխարհում, այնպիսի պայմաններում, երբ միջազգային իրադրությունը բնութագրվում է համաշխարհային քաղաքականության ուժի կենտրոնների միջեւ լուրջ հակասությունների մի ամբողջ համալիրով, երբ մեծ է լայնածավալ ռազմական հակամարտությունների սանձազերծման վտանգը, կարծում եմ, ԵԱՏՄ անդամ պետությունների ժողովրդական դիվանագիտության գլխավոր խնդիրը պետք է դառնա աշխարհի անվտանգության սպառնալիքների չեզոքացմանն ուղղված արդյունավետ համակարգի ստեղծումը։

   Միաժամանակ հարկ է ներգրավել միջազգային հարաբերությունների համակարգի ոչ պետական մասնակիցներին՝ տարբեր պետությունների հիմնական արտաքին քաղաքական գերակայությունները համատեղ սահմանելու նպատակով։ Կարծում եմ, որ աշխարհում ստեղծված իրողությունների համատեքստում Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանականները պետք է միավորեն ջանքերը՝ հիմնական միջազգային խորհրդարանական կազմակերպություններում փոխլրացնող մասնակցության նպատակով, իրենց արտաքին քաղաքական շահերի տարբեր տեսանկյունների եւ սեփական անվտանգության ապահովման համար։

   Ընդ որում, կարեւոր է, որ մեր հետագա համատեղ աշխատանքում մենք ելակետ ունենանք ՆԱՏՕ-ի գործունեության հետագա ակտիվացման կայուն միտման ըմբռնումը, այն, որ դաշինքը փորձում է ամրապնդել իր առաջատար դերը եվրատլանտյան տարածքում, ադապտացնել ՆԱՏՕ-ի նոր անդամներին, շարունակել վերակողմնորոշել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Բալթյան պետություններին դեպի Արեւմուտք։

   Միաժամանակ կարեւոր է մանրակրկիտ վերլուծել Հայաստանի հանրային դիվանագիտության հնարավորությունները, որը, ՀԱՊԿ անդամ լինելով, ներառված է ՆԱՏՕ-ի առանձին ծրագրերում՝ մասնակցություն խաղաղարար գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ինչպես նաեւ առանձին հրամանատարաշտաբային զորավարժանքներին, որոնք անցկացվում են Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ մտնող տարբեր երկրներում։

   Կարծում եմ, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ չթուլացող լարվածության պայմաններում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսության հաստատման՝ թեկուզ Հայաստանի միջոցով միջնորդավորված, ամեն հնարավորություն կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության մեղմման վրա։ Ընդ որում՝ հարկ է ելնել այն անվիճելի ճշմարտությունից եւ իրողությունից, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ողջ քաղաքական, պաշտպանական եւ տնտեսական դոկտրինը հիմնված է ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին ինտեգրացիայի վրա։

   Միաժամանակ չարժե տարվել ավելորդ լավատեսությամբ այս հարցում, այլ հարկավոր է ելնել այն բանից, որ ԱՄՆ ռազմաքաղաքական ուղեգիծը Եվրոպայում ուղղվելու է այստեղ նրա դիրքերի պահպանմանն ու ամրապնդմանը՝ եվրոպական անվտանգության նոր համակարգի ստեղծման ֆոնին, որի գլխավոր բաղադրիչն է դառնալու ՆԱՏՕ-ն։ Վերլուծելով վերջին ամիսներին ընդունված փաստաթղթերի բովանդակությունը՝ կարելի կլինի պնդել, որ Եվրոպայում իր արտաքին քաղաքական ծրագրերի իրագործման ԱՄՆ ուղեգիծն էլ ավելի կխստացվի՝ գլխավորապես եվրոպական խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ազդեցության թուլացման նպատակներով։

   Ընդ որում՝ հանրային դիվանագիտության հիմնական ուղղությունները լիարժեք պատկերացնելու համար նպատակահարմար կլինի որոշ մեջբերումներ կատարել վերոնշյալ փաստաթղթերից։ Այսպես, ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ նշվում են այդ երկրի անվտանգության երեք գլխավոր սպառնալիքները. «Մեր առջեւ կանգնում է մարտահրավերների երեք գլխավոր լրակազմ՝ Չինաստանի եւ Ռուսաստանի ռեւիզիոնիստական ջանքերը, վտարյալ երկրներ Իրանը եւ Հյուսիսային Կորեան եւ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք նպատակաուղղված են ակտիվ գործողությունների Միացյալ Նահանգների դեմ»։ Ամերիկյան ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի՝ ԱՄՆ Սենատին ուղղված զեկույցում (2018թ. մարտի 6) 34 հիշատակություն կա Ռուսաստանի «ապակառուցողական, ԱՄՆ-ի դեմ ուղղված» դերի մասին։ Այսպես, զեկույցում, մասնավորապես, նշվում է. «Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակելու են ընդլայնել իրենց ազդեցությունը եւ խափանել ԱՄՆ ազդեցությունը քաղաքական եւ տնտեսական մեթոդներով, մանավանդ այն տարածաշրջաններում, որտեղ ԱՄՆ-ը չի կարող լիարժեք կատարել իր պարտավորությունները դաշնակիցների հանդեպ...

   Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակելու են գլոբալ սպառնալիք լինել ԱՄՆ շահերին երկարատեւ հեռանկարում... Ռուսաստանը լինելու է ԱՄՆ ամենավտանգավոր սպառնալիքը 2018թ.՝ նկատի ունենալով կիբեռհարձակումների սակավռիսկային, բայց բավական արդյունավետ միջոցների կիրառումը...»։ Հարկ չկա ներկայացնել Ռուսաստանից բխող «սպառնալիքների» ողջ ցանկը։ Ասենք միայն, որ Զեկույցում նաեւ նշված է. «Ռուսաստանը կշարունակի վերահսկել Վրաստանի «օկուպացված» տարածքները, ինչպես նաեւ հանդես գալ որպես դատավոր Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հարցում, որտեղ լուրջ ռազմական հակամարտության ռիսկ կա։ Ադրբեջանը կարող է մարտական գործողություններ նախաձեռնել արդեն 2018 թվականին՝ օգտվելով այդ թվում Ռուսաստանից նոր սպառազինությունների մատակարարումներից»։

   Որպեսզի պատկերն ամբողջական լինի եւ որպես համարժեք պատասխան ԱՄՆ նշյալ հիմնարար փաստաթղթերին «անվտանգության գլոբալ սպառնալիքների» առումով՝ որոշ մեջբերումներ կատարենք ս.թ. մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձից։

   Ընդհանրացնելով կատարված աշխատանքը Ռուսաստանի պաշտպանության ոլորտում՝ նախագահ Վ.Պուտինն ասել է.

   «Հույս ունեմ, որ այն, ինչ ասվեց այսօր, կսթափեցնի ցանկացած պոտենցիալ ագրեսորի, ինչպես նաեւ թշնամական քայլերը Ռուսաստանի հանդեպ, ինչպիսին են ՀՀՊ համակարգի տեղադրումը, ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի մոտեցումը մեր սահմաններին եւ նման այլ բաներ, ռազմական տեսակետից անարդյունավետ են դառնում, ֆինանսական տեսակետից՝ չարդարացված ծախսատար եւ վերջնարդյունքում՝ պարզապես անիմաստ նրանց համար, ովքեր նախաձեռնում են դրանք եւ անում... Հատկապես ընդգծեմ. Ռուսաստանի աճող ռազմական հզորությունը ոչ մեկին չի սպառնում, մենք չենք ունեցել եւ չունենք այդ պոտենցիալը հարձակողական, առավել եւս՝ ագրեսիվ նպատակներով օգտագործելու պլաններ... Մեր քաղաքականությունը երբեք չի հիմնվի բացառիկության նկրտումների վրա, մենք պաշտպանում ենք մեր շահերը եւ հարգում մյուս երկրների շահերը, ղեկավարվում ենք միջազգային իրավունքով, անխուսափելի ենք համարում ՄԱԿ-ի հանգուցային դերը»։

   Ուզում եմ հուսալ, որ վերոնշյալ բոլոր փաստաթղթերի խոր ընկալումը պետք է դրվի հանրային դիվանագիտության համատեղ ծրագրի մշակման հիմքում ԵԱՏՄ մասնակից երկրների, ՀԱՊԿ անդամ պետությունների համար։ Միաժամանակ հարկ է ելակետ ունենալ այն, որ արտաքին քաղաքականության վարումը ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամի զարգացման շահերից ելնելով՝ ազգային անվտանգության հարցերում ռազմավարական ինքնուրույնության պահպանմամբ, պետք է լինի հանրային դիվանագիտության միջազգային գործունեության գլխավոր բովանդակությունը։

   Նման մոտեցումն, ըստ իս, շատ բանով կնպաստի ԵԱՏՄ կայացմանը՝ որպես գլոբալ տնտեսության առաջատար կենտրոններից, ինչպես նաեւ համաշխարհային քաղաքականության ուժի ազդեցիկ կենտրոններից մեկի։

  

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր