ԻՆՉՊԵՍ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

01.02.2018, Հայոց աշխարհ

Եվ այսպես. 2018թ. հունվարի 25-ին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2017թ. դեկտեմբերին» մամուլի հաղորդագրությունը։

   Առաջին հայացքից՝ հրապարակված տվյալները կարող են լավատեսություն ներշնչել։ Այսպես. 2017թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. նույն ժամանակամիջոցի համեմատ կազմել է 107,7%, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 112,6%, առեւտրի ծավալինը՝ 114,0%, ծառայությունների ծավալինը (առանց առեւտրի)՝ 114,4%, արտաքին առեւտրային շրջանառության ծավալի աճը՝ համապատասխանաբար 126,9%։

   Հատկապես տպավորիչ են 2017թ. դեկտեմբերի ցուցանիշները, եթե դրանք համեմատելու լինենք նույն թվականի նոյեմբերի ցուցանիշների հետ։ Այսպես. 2017թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նոյեմբերի համեմատ կազմել է 121,8%, արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը՝ 110,2%, գյուղատնտեսական արտադրանքինը՝ 111,1%, շինարարությանը՝ 183,4%, առեւտրինը՝ 135,1%։ Սոցիալ-տնտեսական զարգացման նման տպավորիչ ցուցանիշները, հատկապես անցած տարվա դեկտեմբերին, հրատապ են դարձնում հարցը. իսկ ինչի՞ հաշվին է ապահովվել այդքան բուռն աճը։

    Այս առնչությամբ մտաբերում եմ Awara Group-ի բավական հետաքրքիր հետազոտությունը ՀՆԱ իրական աճի մասին, որը որոշվում է պետական պարտքի հանմամբ։ Մինչ վերլուծելը, թե ինչպիսին է Հայաստանի պարտքային բեռնվածության եւ ՀՆԱ աճի հարաբերակցությունը՝ կուզենայի նշել, որ արտաքին փոխառությունների հակառակորդ չեմ։ Եվ դրա համար ծանրակշիռ պատճառներ կան. ոչ ոք չի փոխարինի պետությանն այն ոլորտների ֆինանսավորման մեջ, ուր սովորաբար չի հոսում մասնավոր կապիտալը։ Դրանք են՝ սոցիալական օբյեկտները, տրանսպորտային ենթակառուցվածքը եւ կապը, ռազմարդյունաբերական համալիրը եւ ինովացիոն տնտեսության առանձին՝ խոշոր ներդրումներ պահանջող ճյուղերը, որոնք կարող են փոխհատուցվել երկարաժամկետ հեռանկարում։ Ավելին՝ աշխարհում չկան պետական պարտք չունեցող երկրներ։ Էլ չեմ ասում այն մասին, որ պետական ֆինանսական փոխառությունները տնտեսական աճի անհրաժեշտ ռեսուրս են, որոնք թույլ են տալիս արագացնել կարեւորագույն ազգային խնդիրների լուծումը։

   Բայց պետական պարտքը նաեւ ռիսկեր է ձեւավորում ապագա զարգացման համար, ինչն անհրաժեշտ է անպայման նկատի ունենալ յուրաքանչյուր նոր արտաքին փոխառության ժամանակ։ Գործնականում այս հանգամանքը թույլատրվում է վարկային բոլոր գործողությունների (այդ թվում՝ այս կամ այն երկրի կառավարության կողմից իրականացվող) համար պարտադիր պայմանը կատարելու պարագայում. փոխառու ռեսուրսների արժեքը պետք է ցածր լինի տնտեսական այն էֆեկտից, որը կարող է ձեռք բերվել տնտեսությունում դրանց օգտագործման արդյունքում։ Այս պահանջները հաշվի առնելով՝ վերլուծենք, թե ինչպես է վիճակը ՀՀ տնտեսությունում։

   Այսպես. ԱՎԾ 2015թ. տվյալներով՝ ՀՆԱ-ն (շուկայական գներով) կազմել է համապատասխանաբար՝ 5 տրլն 47 մլրդ 486,9 մլն դրամ, 2016թ. ՀՆԱ-ն՝ 5 տրլն 67 մլրդ 868,2 մլն դրամ, այսինքն՝ ՀՆԱ աճի տեմպը կազմել է 100,4%։ Այդ նույն ընթացքում ՀՀ պետական պարտքը աճել է՝ 5 մլրդ 77 մլն 693 հազ. դոլարից (2016թ.) հասնելով 5 մլրդ 934 մլն 776 հազ. դոլարի 2017թ. վերջի դրությամբ, այսինքն՝ պետական պարտքի աճի տեմպը կազմել է 116,9%։

   Նման պատկեր է ձեւավորվել նաեւ արտաքին պարտքի հետ կապված։ Օրինակ, եթե 2015թ. ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմում էր 3 մլրդ 839 մլն 882 հազ. դոլար, ապա 2016թ. արդյունքներով այն կազմել է 4 մլրդ 293 մլն 604 հազ. դոլար, այսինքն՝ աճի տեմպը կազմել է 111,2%։ Ցավոք, ՀՆԱ աճի տեմպի նկատմամբ պետական պարտքի աճի առաջանցիկ տեմպի միտումը պահպանվել է նաեւ 2017թ.։ Այսպես, 2017թ. ՀՀ ներքին եւ արտաքին պարտավորություններն ավելացել են 832 մլն դոլարով, ընդ որում՝ այդ գումարից 736 մլն դոլարը բաժին է ընկել Հայաստանի կառավարությանը, որը տարեվերջի դրությամբ ուներ 4 մլրդ 858,8 մլն դոլարի արտաքին պարտք, իսկ կառավարության պարտքային պարտավորությունների աճի տեմպը 2017թ., 2016թ. համեմատությամբ, կազմել է 113,1%։

   Այս համատեքստում 2017թ. տնտեսական ակտիվության 107,7% ցուցանիշն արդեն ընկալվում է շատ ավելի քիչ լավատեսությամբ։ Ի դեպ, էլ չեմ ասում այն մասին, որ միայն 2017թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության արտաքին պարտքն ավելացել է 358 մլն դոլարով։

   Վերադառնալով Awara Group-ի վերոնշյալ հետազոտությանը՝ ուշադրություն դարձնենք նրանց որոշ եզրահանգումներին, այն է՝ տարիներ շարունակ ՀՆԱ իրական աճը, հանած կուտակված փոխառությունները, արեւմտյան երկրներում եղել է բացասական։ Եվ միայն ի հաշիվ պարտքային բեռի կենտրոնացված ավելացման են նրանք կարողացել թաքցնել իրերի իսկական դրությունը եւ հետաձգել իրենց երկրների տնտեսությունների վերահաս խոր ճգնաժամը։ Ինչպես ցույց է տալիս Awara Group-ի հետազոտությունը, իրական ՀՆԱ-ն Արեւմուտքի երկրներում պատկառելի չափերի վնասներ է թաքցնում։

   Ասվածը կարելի էր հաստատել կոնկրետ վիճակագրությամբ, որը ներկայացվում է հետազոտության մեջ, բայց կարեւորը եզրակացությունն է. համընդհանուր ընդունված մեթոդիկայով հաշվարկված ՀՆԱ-ն չի արտացոլում տնտեսության իսկական իրավիճակը, եւ միայն այն պարագայում, երբ այդ ցուցանիշից հանվում է կուտակված պարտքը, հենց այդ ժամանակ ենք մենք ստանում իրական ՀՆԱ ցուցանիշը՝ պետական պարտքը հանած։

   Հետազոտության հեղինակները կոնկրետ օրինակներով համոզիչ բացատրում են, որ ՀՆԱ աճի ցուցանիշները, որպես այդպիսին, ոչինչ չեն ասում այս կամ այն երկրի տնտեսության դինամիկայի մասին, եթե այդ նույն ժամանակ չի տրվում այն հարցի պատասխանը, թե այդ աճի որ մասն է հնարավոր դարձել նոր փոխառությունների շնորհիվ։

   Հատկանշական է, որ «Հռոմի ակումբի»՝ 2017թ. նոյեմբերին ներկայացված «Come On! Կապիտալիզմը, կարճատեսությունը, բնակչությունը եւ մոլորակի կործանումը» հոբելյանական զեկույցում նշվում էր նաեւ, որ Զեկույցի հեղինակները չեն ընդունում ՀՆԱ այն դերը, որը հատկացվում է նրան։ Խոսքն այն մասին է, որ ՀՆԱ կառուցվածքում դրված է ցանկացած գնով միայն անսահմանափակ աճի հասնելու ձգտումը։ Ավելին՝ հոբելյանական զեկույցի հեղինակների կարծիքով՝ միակ բանը, որը չափում է ՀՆԱ-ն, այն արագությունն է, որով փողը շարժվում է տնտեսությունում։ Այս մասին արդեն գրել եմ «Արտաշես Գեղամյան. «Իմաստնության որոնումը հակադրությունների հարթման միջոցով եւ հավասարակշռությունը Հայաստանի բարգավաճման չափանիշներն են» հոդվածում։

   Կարծում եմ, վերն ասվածի համատեքստում, հաշվի առնելով ՀՀ արագ աճող պետական պարտքի պարագան, հարկ է մանրազնին վերլուծել, թե արտաքին փոխառությունների որ տոկոսն է ուղղվում ներդրումներին, որ տոկոսն է ուղղվում Հայաստանի տնտեսության վնասները ծածկելուն եւ, ըստ էության, ծախսվում ներկայիս սպառման բարձր մակարդակը պահելու վրա, որը, ցավոք, մեր երկրի տնտեսությունն իրեն թույլ տալ չի կարող։

   Այս առնչությամբ կուզենայի ուշադրություն հրավիրել հետեւյալ փաստին։ Արդեն երկար ժամանակ գոյություն ունի ամուր հաստատված մի գործելակերպ, երբ ՀՆԱ ցուցանիշները ճշգրտվում են գնաճի ցուցանիշներին համապատասխան, ինչի արդյունքում որոշվում է այսպես կոչված «իրական ՀՆԱ-ն»։

   Հաշվի առնելով այս հանգամանքը՝ միանգամայն օրինաչափ կլինի նաեւ այս մեթոդը կիրառել ՀՆԱ աճի ցուցանիշները որոշելիս, որը ճշգրտված է նոր փոխառությունների ավելացման ազդեցության հաշվառմամբ, ինչը վերջնարդյունքում կտա «իրական ՀՆԱ աճի ցուցանիշը՝ պարտքը հանած»։ Նման մոտեցումը թույլ կտա ժամանակին պարզել երկրի ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի համար առաջացող ռիսկերը, որոնք կապված են այնքան էլ չկշռադատված կերպով ներգրավվող եւ օգտագործվող արտաքին փոխառությունների աճի հետ։

   Միեւնույն ժամանակ, մտահոգիչ են նաեւ այն միտումները, որոնք նկատվում են Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրում։ Այո, անշուշտ, լավ է, երբ 2017թ., 2016թ. համեմատ, արտաքին առեւտրային շրջանառության աճի տեմպը կազմել է 126,9%, այն դեպքում, երբ արտահանման աճի տեմպը կազմել է 125,2%։ Սակայն այս ֆոնին չգիտես ինչու լռության է մատնվում այն, որ ներմուծման աճի տեմպը այդ նույն ժամանակամիջոցում կազմել է 127,8%, իսկ 2017թ. առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը, 2016թ. համեմատ, ավելացել է 430,3 մլն դոլարով, եւ սա՝ այն պայմաններում, երբ առեւտրային հաշվեկշռի սալդոն 2017թ. եղել է բացասական եւ կազմել (մինուս) - 1 մլրդ 939 մլն 800 հազ. դոլար։

   Այսինքն՝ ՀՀ արտաքին առեւտուրը, որն առեւտրային հաշվեկշռի այդքան պատկառելի դեֆիցիտ ունի, խորացնում է արժութային միջոցների անբավարարությունը, դառնում երկրից արժույթի արտահոսքի աղբյուր եւ անխուսափելի է դարձնում նոր արտաքին փոխառությունների պահանջարկը՝ դրանով իսկ էլ ավելի մեծացնելով ճնշումը երկրի վճարային հաշվեկշռի վրա։ Նման իրավիճակն ակտուալացնում է արտահանվող ապրանքների արտադրության խթանման խնդիրը։ Ընդ որում՝ արտահանման խթանումը, օրինակ, ապրանքների իրացման փուլում, կարող է իրականացվել գների վրա ազդեցության ճանապարհով (արտահանողներին հարկային, վարկային արտոնությունների տրամադրում, արժույթի փոխարժեքի փոփոխություն եւ այլն)։

   Միեւնույն ժամանակ, արտահանողների համար ապրանքների արտահանման եւ արտաքին շուկաների յուրացման երկարաժամկետ շահագրգռություն ստեղծելու նպատակով կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ միասին կարող էր ընդլայնել նպատակային վարկերի տրամադրման, նրանց տնտեսական ու քաղաքական ռիսկերից ապահովագրելու, ֆինանսավարկային արտոնություններով ապահովելու պրակտիկան՝ որոշակի արտահանական ծրագիր իրականացնելու պարտավորության դիմաց։ Բայց սա առանձին վերլուծության թեմա է։

   Իսկ այստեղ կրկին նշենք, որ ՀՆԱ աճի ցուցանիշները, որպես այդպիսին, չեն տալիս տնտեսության դինամիկայի օբյեկտիվ պատկերը, եթե միեւնույն ժամանակ չվերլուծենք հարցը, թե այդ աճի որ մասն է հնարավոր դարձել նոր փոխառությունների շնորհիվ։ Ուստի շատ կարեւոր է, որպեսզի կառավարությունը, հրապարակելով ՀՆԱ աճի ցուցանիշները, արդյունաբերության, առեւտրի, ծառայության ոլորտի աճի դինամիկան, միաժամանակ նաեւ ցույց տա, թե ինչպես է այդ աճը հարաբերակցվում պետական պարտքի աճի հետ։

   Եվ ամփոփելով կուզենայի նշել, որ 2017թ. Հայաստանի պետական պարտքի էական աճի պայմաններում, որը ֆինանսների նախարարության տվյալներով՝ տարեվերջին կազմել է 6 մլրդ 774 մլն դոլար՝ մեկ տարում ավելանալով 832 մլն դոլարով (այդ գումարից 736 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է), հրատապ է դառնում, որպեսզի կառավարության ֆինանսատնտեսական հատվածն իր գործելակերպում ընդգրկի տնտեսական այնպիսի վերլուծություն իրականացնելը, որը հաշվի է առնում փոփոխությունները երկրի վճարային հաշվեկշռում, որում առավել ամբողջական են արտացոլվում երկրի տնտեսությունում եւ ֆինանսներում տեղի ունեցող գործընթացները, տնտեսության շուկայական եւ պետական կարգավորման հարաբերակցությունները, տնտեսության՝ ապրանքների, կապիտալի եւ ծառայությունների արտահանման եւ ներմուծման տարբեր հնարավորությունները որոշող կառուցվածքային դիրքորոշումները։

   Կարծում եմ, որ նման մոտեցումը էապես կնվազեցնի տնտեսությունը եւ ֆինանսները վտանգող՝ Հայաստանի պարտքային բեռով պայմանավորված ռիսկերը։

 

   ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

   ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,

   «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր