ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ, ՈՉ ԹԵ ԽՆԴՐՈՒՄ       

24.12.2016, Հայոց աշխարհ

Օրերս տեղի ունեցած ՀԱԿ համագումարից հետո ուզում ենք հարցնել. «դուք գոնե հասկանու՞մ եք, թե ինչ եք անում եւ ինչ եք խոսում»: Եթե չեք հասկանում՝ շատ վատ է ձեզ համար, եթե հասկանում եք՝ շատ ավելի վատ է բոլորիս համար:

«Ուզո՞ւմ են ականջալուր լինել մեր կարծիքին՝ շատ լավ, չե՞ն ուզում՝ մեղքը իրենց վիզը»,- ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սա, ժողովրդական լեզվով ասած, նշանակում է. «մուտիտը գցեցինք, քաշվեցինք մի կողմ»:

Իսկ ո՞րն է ձեր կարծիքը, հարցնենք մենք՝ դեռ չանդրադառնալով այն մեծամիտ ու ցինիկ դիրքավորմանը, որը որդեգրել եք դուք եւ որն անընդհատ առատորեն շաղ եք տալիս աջ ու ձախ: Որպես օրինակ, դուք 1920 թվականի մեծ հայրենասերների գործունեությունը անվանարկում եք որպես արկածախնդրություն, իսկ մերօրյա, թերեւս, ամենապահանջված ազգ-բանակ գաղափարախոսությունը բնորոշում որպես անհեթեթ, ձախորդ, վտանգավոր ծրագիր, եւ կամ այլոց կարծիքներն անվանում եք «տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության տոնահանդես»:

Դուք ձեզ այդ ո՞ւմ տեղն եք դրել՝ մեսիայի՞, իր «երկրորդ գալստյան» ակնկալիքով, որի շրջապատի «առաքյալները» իրեն չեն զիջում՝ ամբարտավանորեն ասելով, թե «մեսիայի» խոսքը «միջին ուղեղների համար չէ»:

Հիմա ձեր կարծիքների մասին:

Դուք, որ մեր ազգի միակ հպարտություն համարում եք Հենրիկ Մխիթարյանին (որն, անտարակույս, արժանի է դրան), բա ո՞նց եք նայելու Ռոբերտ Աբաջյանի, Ադամ Սահակյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի ու մյուս հարյուրավոր հայ հերոսների ծնողների ու մեր ազգի աչքերին: Մոռացա՞ք էդ տղաներին: Թե՞ չեք էլ լսել նրանց մասին: Մինչդեռ մեր ողջ ազգն է հպարտանում ու հիանում նրանցով ու նրանց սխրանքով:

Իսկ Արթուր Ալեքսանյանի արածը հերոսություն չէ՞ր, երբ նա, ի տես ամբողջ աշխարհի, փառաբանեց մեր հերոսին՝ նրա նկարը ցուցադրելով իր չեմպիոնական կրծքին, չվախենալով անգամ, որ դրա համար իրեն կարող են զրկել մեր ողջ ազգի երկար փափագած օլիմպիական տիտղոսից:

Իսկ Միհրան Հարությունյանի արհամարհանքը ձեր կողմից շատ սիրված միջազգային (այս դեպքում՝ սպորտային) կառույցների նկատմամբ, երբ այդ տղան, ի պատիվ իրեն, ամբողջ աշխարհին ի ցույց դրեց դրանց ծախվածությունը: Մեր ազգն իրականում սիրել, գնահատել, հպարտանալ գիտի ու «դուխ» էլ ունի, չհաշված որոշ թեթեւ բացառությունները:

«Դուխի» մասին: Ուզում եմ հարցնել՝ դուք պատանի հասակում ի՞նչ խաղեր եք խաղացել, եթե ընդհանրապես խաղացել եք: Ով չգիտի կամ չի հիշում՝ հիշեցնեմ: Շատ տարածված խաղ կար տղաների մեջ, կոչվում էր «ղայիշ-լախտի»: Տղաները, երկու խմբի բաժանված, իրարից փախցնում էին գոտիները (ղայիշները), ընթացքում էլ միմյանց ոտքերին բավականին ցավոտ հարվածներ հասցնում դրանցով: Տղաներ էին դաստիարակվում, որոնց մտքով երբեք չէր կարող անցնել, թե «մեր ուժը մեր թուլության մեջ է»:

Երկու խոսք ձեր պատմական մտավարժանքների մասին: Պատմությանը հայտնի են ոչ թե ձեր նշած երեք, այլ շատ օրինակներ, երբ ամբողջ ժողովուրդը մոբիլիզացվում էր ռազմական նպատակների հասնելու համար, սկսած Հին աշխարհից (օրինակ՝ Սպարտան), Միջին դարերի բազմաթիվ օրինակներով մինչեւ 20-րդ դար, երբ Գերմանիան, 1933թ. մոբիլիզացնելով իր ողջ ներուժը (միջոցների ու նպատակների մասին չենք խոսում), կարողացավ աննախադեպ տնտեսական վերելք ապահովել, իսկ Սովետական Միությունն իր մոբիլիզացիայի շնորհիվ կարողացավ գութանով ընդունած երկիրը հասցնել մինչեւ տիեզերք։ Էլ չասենք, որ կարողացավ Հայրենական մեծ պատերազմում, ըստ էության, ողջ Եվրոպայի ներուժը կենտրոնացրած Գերմանիային տապալել, երբ ամենագլխավոր լոզունգն ու գործողությունների ուղղվածությունն էր. «Ամեն ինչ Հայրենիքի, ամեն ինչ ռազմաճակատի համար»:

Ի՞նչ պարտադրանքից է թելադրված ազգ-բանակ գաղափարը: Պարտադրանքը մեկն է. խաղաղություն պարտադրելը: Եվ այդ գաղափարախոսության նշանաբանը պիտի լինի. «Հայրենիքը քո մայրն է, սովորիր պաշտպանել նրան» կոչը:

Ի՞նչ խնդրի լուծմանն է ուղղված ազգ-բանակ գաղափարախոսությունը, հարցնում եք: Այն դառնալու է երկրի զարգացման առանցքը, առաջընթացի կարեւոր շարժիչ ուժը ամենատարբեր բնագավառներում՝ կրթադաստիարակչականից մինչեւ տեխնոլոգիական:

Իսկ «որքա՞ն ռեսուրսներ են պահանջվում դրա համար» հարցն ունի շատ պարզ պատասխան,- որքան պետք է, այնքան էլ պիտի կենտրոնացնենք: Իրականում ռեսուրսները ցանկության դեպքում կարող են անսահմանափակ լինել, կարեւորը դրանք օգտագործելու եւ կենտրոնացնելու ձեւերն ու մեթոդներն են: Ի վերջո, ով ուզում է որեւէ բան անել, միջոց է փնտրում, իսկ ով չի ուզում՝ պատճառ է գտնում:

Հիմա անդրադառնանք Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ձեզ այդքան հոգեհարազատ փուլային տարբերակին ու դրա ծուղակներին:

Նախ, եկեք իրերն անվանենք իրենց անուններով: Ոչ թե Ղարաբաղյան հարցի լուծում (որն իրականում մենք արդեն վաղուց արել ենք), այլ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերացում: Այդ ագրեսիային մենք պատասխանել ենք մեր հողերի մի մասի ազատագրմամբ, ու Ադրբեջանը ստիպված է եղել զինադադար խնդրել: Բա, պարոն մեծահոգի, ինչո՞ւ այդ նույն ժամանակ կապիտուլյացիայի պահանջ չէիք ներկայացնում, այլ սոսկ՝ զինադադարի: Այժմ էլ, արդեն որերորդ անգամ կոչ եք անում ինչ-որ փոխզիջման: Իսկ դուք գիտե՞ք Ադրբեջանի իրական մտադրությունների մասին: Մեզ եք մղում փոխզիջման, կարծես թե մենք ենք առճակատում հրահրողները:

Դե, ուրեմն, հիմա ուշադիր լսեք.

Առաջին.- Ցանկացած փոխզիջում՝ ի դեմս շրջանների վերադարձի, առանց վերջնական խաղաղության պայմանագրի, բերելու է մերձավորարեւելյան իրավիճակի- անվերջ հողային պահանջներ ու բռնություններ:

Երկրորդ.- Ոչ թե փոխզիջման այլընտրանքը պատերազմն է, ինչպես դուք եք ասում. այլ այդ, այսպես կոչված, փոխզիջման շարունակությունն է պատերազմը:

Երրորդ.- Մենք չունենք տարածքային վեճ Ադրբեջանի հետ:

Չորրորդ.- Ադրբեջանն, ի վերջո, պարտադրված է լինելու նստել բանակցությունների Արցախի հետ՝ սահմանների դեմարկացիայի հարցով:

Հինգերորդ.- Խաղաղությունը հարկավոր է պարտադրել ագրեսորին, այլ ոչ թե առաջարկել կամ խնդրել, որպես թե դա մեր միակ փրկությունն է:

Վեցերորդ.- Եթե դուք ուզում եք հերթական անգամ հետողորմյա տրտնջալ, թե. «դե, թուրքը դիվանագետ է, էլի խաբեց», պիտի պատասխանեմ նույնպես ժողովրդի լեզվով. «թուրքը մնում է թուրք», երբեք մի մոռացեք»:

Յոթերորդ.- Մենք ականատեսն ենք, թե ինչպես է ամեն Աստծո օր խախտվում ու կամայական կերպով մեկնաբանվում միջազգային իրավունք ասվածը (ի դեպ, ձեր վկայակոչած Թեմպ Դեւիդից հետո էլ կռիվն այնտեղ չավարտվեց):

Ութերորդ.- Յուրաքանչյուր ստորագրված միջազգային պայմանագրի ապահովման երաշխիքը ամուր ու մարտունակ բանակի առկայությունն է:

Իններորդ.- Եվ ուրեմն, «ազգ-բանակ» գաղափարախոսությունն այլընտրանք չունի:

Իսկ դուք ձեր կեղծ պացիֆիզմով ու պարտվողականությամբ մի՛ փորձեք հերթական անգամ կոտրել մեր ժողովրդին:

  

   ԱՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

   «Ազգային Միաբանություն կուսակցության» փոխնախագահ

Վերջին տեսանյութեր

Նոր գրքեր