2016. ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՅՍԻ ՏԱՐԻ
Դիտարկումներ ՀԱԿ համագումարում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ
20.12.2016, Հայոց աշխարհ
Ներկայումս ներքին եւ արտաքին մարտահրավերների, ավելին` սպառնալիքների ժամանակաշրջանում Հայաստանին հասցեագրվող քաղաքական յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր նկրտում կամ դիրքորոշում` արտահայտված քիչ թե շատ նկատելի ամբիոնից, արտաբերված հավակնոտ, ընդգծված կամ էլ թեկուզ քողարկված, անկարելի է թողնել անարձագանք:
Պարզեմ միտքս: Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ի համագումարում ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոստովանեմ, նրա ելույթը հակասական զգացումներ հարուցեց: Մի կողմից, թվում է, բավական հավասարակշիռ գնահատականներ` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրների հետ, մյուս կողմից, այդ ամենի հետ մեկտեղ, խնդրո առարկային վերաբերող այնպիսի դատողություններ եւ առաջարկություններ, որոնք, ըստ իս, ուղղակիորեն խրախուսում են Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական քաղաքականությունը: Դատեք ինքներդ:
Արդ` առաջին: Ինչպես պնդում է հռետորը, «անտեսանելին, 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է, այլ կերպ ասած` Ղարաբաղյան ստատուս քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը»:
Բայց չէ՞ որ ճիշտ այդ ռազմավարության շնորհիվ էր, որ ս.թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ հարցի վերաբերյալ ընդունեցին համատեղ հայտարարություն, ուր մասնավորապես ասված է. «Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաեւ համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց եւ փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր եւ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն: Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել կողմերի հետ, եւ մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` որպես միջնորդների օժանդակությունից»:
Հատկանշական է, որ Համբուրգում ընդունված այդ հայտարարությանն իր հավանությունն է տվել նախագահ Սերժ Սարգսյանը, մինչդեռ պաշտոնական Բաքուն միտումնավոր կերպով աղավաղել է սույն փաստաթղթի բովանդակությունը` այդպես էլ չարտահայտելով հստակ դիրքորոշում:
Ինչ խոսք, նման դիրքորոշումը Ապշերոնից միանգամայն սպասելի էր, քանի որ ճիշտ նույն այդ հայտարարության մեջ հստակ գնահատականներ են հասցեագրված 1994-95 թվականների հրադադարի Համաձայնագրերը ներկայումս խախտող կողմին. «Մենք նաեւ տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձեւակերպումներով»:
Մեր հասարակայնությանը քաջ հայտնի են այն հիմնավոր, ցասումնալից ելույթները, որոնք հնչեցվել էին մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ, ԵԽ ԽՎ-ի նստաշրջաններում հայկական պատվիրակությունների անդամների կողմից: Թե ասվածի լույսի ներքո ինչ գնահատական կարող է տրվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ պնդմանը՝ թողնում ենք ընթերցողի եզրահանգմանը:
Արդ` երկրորդ: Ինչ խոսք նրա ելույթի այն հատվածը, որը վերաբերում է «ազգ-բանակ» գաղափարի յուրովի մեկնաբանմանը, պիտի խոստովանեմ` զուտ պատմական-ճանաչողական տեսակետից ուշագրավ է: Սակայն որեւէ քննադատության չի դիմանում նրա կարծիքը, թե «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդօրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը»:
Շարունակելով այս միտքը՝ հռետորը նկատում է. «Անխտիր բոլոր հարեւան արաբական պետություններից համակեցության մերժում ստանալով` Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին եւ հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաեւ հետագա պատերազմներում»:
Չեմ ցանկանում այլ մեջբերումներ եւս կատարել Տեր-Պետրոսյանից, պարզապես հիշեցնեմ. ս.թ. ապրիլի 14-15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, ուր Թուրքիային որպես հյուրընկալող կողմի հաջողվեց քննարկվող հարցերի շրջանակում կենտրոնական թեմաներից մեկը դարձնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը։ Դրա արդյունքում ընդունվեց հստակ բանաձեւ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Ավելին՝ այդ հիմնախնդրի առնչությամբ գագաթաժողովն ստեղծեց հատուկ աշխատանքային խումբ, որը կոչված է լինելու մշտական հիմունքով աջակցել Ադրբեջանին:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ստամբուլյան գագաթաժողովն իր հարկի տակ հավաքել էր 56 պետության պատվիրակների, այդ թվում՝ 24 երկիր ներկայացված էր պետությունների նախագահների մակարդակով, որոնց թվում էին Սաուդյան Արաբիայի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի ղեկավարները, ինչպես նաեւ 9 երկրի կառավարության ղեկավարներ, 6 երկրի խորհրդարանների խոսնակներ:
Անցնելով այս հարցին, «թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը», կարծում եմ՝ սպառիչ պատասխան է տալիս վերոհիշյալ գագաթաժողովի բանաձեւը: Պարզից էլ պարզ է, որ հիմքից զուրկ է Լեւոն Տեր-Պետրոսյանի այն պնդումը, թե «ազգ-բանակ» գաղափարի պահանջվածությունը Իսրայելում եւ Հայաստանում ոչ մի ընդհանուր եզր չունի:
Արդ` երրորդ: Ոչ պակաս մտահոգիչ է առաջին նախագահի այն տեսակետը, թե «չպետք է անկարեւոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցաբերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջափակումից բացի, Հայաստանի դեմ որեւէ այլ թշնամական գործողություն չի ձեռնարկել...»:
Ի պատասխան սրա` երկու մեջբերում. այսպես, ս.թ. ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայաստանյան պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հրավիրած մամլո ասուլիսում նկատեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտում Թուրքիայի հայտարարությունները՝ ի պաշտպանություն Ադրբեջանի, անընդունելի են. «Դրանք կոչեր էին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Դրանք կոչեր էին հակամարտության լուծման ուժային եղանակի օգտին»: Ավելին` նա նաեւ նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը հակասում է միջազգային հանրության մոտեցումներին՝ ավելացնելով. «Մենք, արդեն, ցավոք, վարժվել ենք ներկայիս թուրքական ղեկավարության հնարախոսություններին»:
Հիշատակեմ նաեւ ադրբեջանական ագրեսիայի թեժ պահին` ապրիլի 3-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում ելույթ ունենալով Թուրք-ամերիկյան մշակույթի եւ քաղաքակրթության կենտրոնի բացման արարողությանը, հայտարարել էր. «Մենք պաշտպանելու ենք Ադրբեջանին մինչեւ վերջ... Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները հաղթեն այդ բախումներում հնարավորինս քիչ զոհերով: Թող Ալլահը օգնի մեր ադրբեջանցի եղբայրներին»: Այդ օրերին բովանդակ քաղաքակիրթ աշխարհը խաղաղության կոչ էր անում, իսկ Էրդողանը` պատերազմի: Տեր-Պետրոսյանը մի՞թե այս ամենը դիտարկում է որպես «այլ թշնամական գործողությունների» բացակայություն («շրջափակումից բացի»- Ա.Գ.):
Արդ` չորրորդ: Բնավ էլ մտադիր չեմ հակադրվել Տեր-Պետրոսյանի բոլոր ասածներին: Օրինակ, նա արդարացի նշում է. «Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերը, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը: Ընդ որում, արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարումն այդ հարցում»: Դժվար է վիճարկել այս եզրակացությունը: Սակայն ինչո՞վ բացատրել, որ ես` ձեր խոնարհ ծառան, հարազատ մնալով Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնային հարաբերությունների ոգուն, այն եզակի պատվիրակն էի, որը 2015 թվականին Հելսինկիում դեմ քվեարկեց հակառուսաստանյան բազում բացասական ձեւակերպումներով տառապող ԵԱՀԿ ԽՎ-ի կողմից ընդունված դեկլարացիային` արժանանալով պարոն Տեր-Պետրոսյանի գովքն անող լրատվամիջոցների կատաղի հարձակումներին, այն վայնասունի ու պիտակավորման տարափին, որի հնարավորությունն իր սույն ելույթի առիթով պայծառատեսորե՛ն կանխատեսում ու մերժում է մեր հռետորը:
Գուցե թե ես հրաժարվեի այս փաստը հիշատակելուց, եթե նույն երեւույթը դարձյալ ստորաբար չկրկնվեր 2016 թվականի հուլիսին, երբ ես կրկին դեմ քվեարկեցի (ռուսաստանյան երեք պատվիրակների հետ) Թբիլիսիում ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում ընդունված հակառուսական դեկլարացիային: Ի դեպ նշեմ, որ դեմ քվեարկելով խորհրդարանական այդ հարթակում` ես, բնականաբար, կյանքի եմ կոչել հայ-ռուսական դաշնային հարաբերությունների խնդրում մեր հանրապետության նախագահի սկզբունքային ուղեգիծը, որին մշտապես համամիտ եմ եղել՝ ի տարբերություն ոմանց...
Մինչեւ վերջ արդարացի լինելու համար նշեմ, որ խնդրո առարկա ելույթը պարունակում է նաեւ իմ կողմից միանգամայն ընդունելի հարցադրումներ, միայն թե մի վերապահումով. եթե դրանք դիտարկելու լինենք ելույթի ընդհանուր ուղղվածությունից եւ էությունից անջատ: Այս հանգամանքը չափազանց կարեւոր է, քանզի հռետորի հնչեցրած մի ամբողջ շարք հոռետես եզրահանգումների ու պնդումների վտանգը, ըստ իս, քողարկվում է բարեհունչ ցանկությունների շղարշով, որը շա՛տ թափանցիկ է ադրբեջանաթուրքական կողմի համար որպես անթաքույց մեսիջ առ այն, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում կարող եք շարունակել ձեր ապակառուցողական, մերժողական քաղաքականությունը, քանի որ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` թունելի վերջում լույս չի երեւում...
Խոսքս, հարգելի ընթերցող, «գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր», ինչպես իր ելույթի ավարտին հավաստիացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ այն անվերպահ համոզմունքի վերահաստատումը, որ հայ ժողովրդի ուրախության ու հպարտության այսօրյա մարմնավորումն են հենց ապրիլյան հերոսամարտի, մեր «ազգ-բանակի» անվեհեր զորականները:
ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
ԱԺ պատգամավոր Հանրապետական կուսակցությունից,
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ